Սոֆյա Ալեքսանդրովնա Վելիկայա (ռուս.՝ Со́фья Алекса́ндровна Вели́кая, հունիսի 8, 1985(1985-06-08), Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս սուսերամարտիկ, 2012 և 2016 թվականների Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր անհատական առաջնություններում, աշխարհի յոթակի և Եվրոպայի 11-ակի չեմպիոն, Ռուսաստանի բազմակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։

Սոֆյա Վելիկայա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝Սոֆյա Ալեքսնադրովնա Վելիկայա
Ազգություն՝ռուս
Մասնագիտացում՝սուսերամարտիկ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 8, 1985(1985-06-08) (39 տարեկան)
Ծննդավայր՝Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ակումբ՝CSKA Moscow?
Մարզիչ(ներ)՝Դմիտրի Գլոտով
Հասակ՝174 սմ
Քաշ՝70 կգ

Կենսագրություն

խմբագրել

Սոֆյա Վելիկայան ծնվել է 1985 թվականի հունիսի 8-ին Ալմա Աթայում։ Մայրը Նատալյա Ալեքսանդրովնան է։ Ունի երկու եղբայր՝ Գրիգորին և Տրոֆիմը։ Նատալյա Վելիկայայի առաջին մարզիչը եղել է Վալերի Դիակոկինը։ Սուսերամարտում է աջ ձեռքով։ Ավարտել է Ռուսաստանի ֆիզկուլտուրայի, սպորտի, երիտասարդության ու զբոսաշրջության պետական համալսարանը։

Ռուսաստանի հավաքականի կազմում Սոֆյա Վելիկայան հանդես է գալիս 2002 թվականից։ 2003 թվականին Ֆրանսիայի Բուրժ քաղաքում Ռուսաստանի հավաքականի կազմում առաջին անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Հաջորդ տարի Կոպենհագենում կրկնել է այդ հաջողութունը։ Նույն թվականին Նյու Յորքում իր 19-ամյակից մի քանի օր անց դարձել է աշխարհի չեմպիոն թիմային առաջնությունում։ 2005 թվականին Սոֆյան Լայպցիգում անցկացվող աշխարհի առաջնությունում արժանացել է երկու արծաթե մեդալների անհատական և թիմային առաջնություններում։ Նույն արդյունքն է գրանցել նաև Զալաեգերսեգում անցկացվող Եվրոպայի առաջնությունում։ 2006 թվականին Սոֆյա Վելիկայան երկու ոսկե մեդալներ է վաստակել Իզմիրում անցկացվող Եվրոպայի առաջնությունում, իսկ Թուրինում անցկացվող աշխարհի առաջնությունում թիմի հետ արժանացել է բրոնզե մեդալի։

2008 թվականին Կիևում Սոֆյա Վելիկայան հինգերորդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, բայց այս անգամ անհատական առաջնությունում։ 2009 և 2010 թվականների Եվրոպայի առաջնություններում արժանացել է երեք արծաթե մեդալների։ 2010 թվականին Փարիզում վաստակել է իր երկրորդ մեդալը աշխարհի անհատական առաջնություններում՝ գրավելով երրորդ տեղը։ Ռուսաստանի հավաքականն այդ առաջնության եզրափակչում հաղթեց ուկրաինացիներին՝ արժանանալով ոսկե մեդալի և դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն։ Հաջորդ տարի Կատանիայում անցկացված աշխարհի առաջնությունում Սոֆյա Վելիկայան առաջին անգամ ոսկե մեդալ նվաճեց անհատական առաջնությունում և երրորդ անգամ դարձավ ոսկե մեդալակիր թիմային առաջնությունում։ 2012 թվականի գարնանը Կիևում Ռուսաստանի հավաքականը կրկին հաղթեց աշխարհի առաջնությունում, իսկ հունիսին Իտալիայում թիմը հերթական անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Օլիմպիական խաղերին Սոֆիա Վելիկայան առաջին անգամ մասնակցել է 2008 թվականին Պեկինում։ Անհատական առաջնությունում նա վստահորեն անցնում է առաջին երեք փուլերը՝ քառորդ եզրափակչում 15:9 հաշվով հաղթելով Աթենքի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն չինուհի Տան Սյուեին։ Կիսաեզրափակչում Սոֆյա Վելիկայան հանդիպում է ամերիկացի Սադա Ջեքոբսոնին և պարտվում 11:15 հաշվով։ Բրոնզե մեդալի համար պայքարում Սոֆյա Վելիկայան հանդիպում է ամերիկացի (Վելիկայայից բացի եզրափակիչ դուրս էին եկել երեք ամերիկուհիներ) Ռեբեկա Ուորդի հետ և պարտվում 14:15 հաշվով։ Թիմային առաջնությունում Ռուսաստանի հավաքականը քառորդ եզրափակչում 34:45 հաշվով պարտություն է կրում Ուկրաինայի հավաքականից, որն էլ հետագայում դառնում է այդ Օլիմպիական խաղերի չեմպիոն։ 2010 թվականին Սոֆյա Վելիկայան Փարիզում հաղթում է աշխարհի թիմային առաջնությունում, ինչից հետո խոստովանում է, որ իր գլխավոր նպատակը 2012 թվականին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերում հաջող ելույթ ունենալն է[1]։

 
Սոֆյա Վելիկայան 2015 թվականի աշխարհի առաջնության մեդալների հանձնման արարողության ժամանակ

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Սոֆյա Վելիկայան, հաղթելով Ալժիրի, Վենեսուելայի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչներին, կիսաեզրափակչում 15:12 հաշվով զիջել է 2008 թվականի Օլիմպիական խաղերի թիմային առաջնության չեմպիոն ուկրաինուհի Օլգա Խառլանին։ Եզրափակչում Սոֆյան 9:15 հաշվով պարտվել է կորեացի սուսերամարտիկ Կիմ Ջի Յոնին։

Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո Սոֆյա Վելիկայան որոշակի ժամանակով դադար է առել[2]։ Որդու ծնունդից հետո նա մեծ սպորտ է վերադարձել 2014 թվականի մարտին՝ Անթալիայում մասնակցելով աշխարհի գավաթի առաջնությանը, որտեղ երկրորդ փուլում պարտվել է հունգարացի Աննա Վարհելիին[3]։ Եվրոպայի առաջնությունում թիմի հետ արժանացել է ոսկե մեդալի։ 2015 թվականին հաղթել է Եվրոպայի ու աշխարհի թիմային ու անհատական առաջնություններում։ Այդպիսով՝ 2003 թվականից հետո Սոֆյա Վելիկայան վաստակել է 17 մեդալ Եվրոպայի առաջնություններում և 12 մեդալ աշխարհի առաջնություններում։

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Օլիմպիական խաղերում Սոֆյա Վելիկայան, անհատական առաջնությունում հաղթելով Լեհաստանի ներկայացուցչին և Ֆրանսիայի երեք ներկայացուցիչներին, անցել է եզրափակիչ, որտեղ 14:15 զիջել է իր հայրենակցին՝ Յանա Եգորյանին։

Անձնական կյանք

խմբագրել

Սոֆյա Վելիկայան ամուսնացած է 2004 թվականի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի չեմպիոն Ալեքսեյ Միշինի հետ։ Նրանք ունեն երկու երեխա։

Պարգևներ

խմբագրել
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշանի մեդալ (13 օգոստոսի, 2012 թվական) - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, 2012 թվականին Լոնդոնի (Մեծ Բրիտանիա) XXX Օլիմպիական խաղերում ունեցած սպորտային մեծ հաջողությունների համար[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Гибадиева В. (11 ноября 2010). «Софья Великая: о Лондоне-2012 думаю ежедневно». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. Софья Великая: моя пауза должна пойти девчонкам только на пользу. allsportinfo.ru (ռուսերեն). 2013 թ․ հունիսի 24.
  3. КМ-2014. Софья Великая – на дорожке, Юлия Гаврилова – на пьедестале. Russian Fencing Federation (ռուսերեն).
  4. «Указ Президента Российской Федерации от 13 августа 2012 года № 1165 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Էջը Ռուսաստանի սուսերամարտի ֆեդերացիայի կայքում
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Վելիկայա» հոդվածին։