Սուրբ ծնունդ (մուլտֆիլմ)

«Սուրբ ծնունդ» (ռուս.՝ «Рождество»), ռուսական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որ պատմում է Հիսուս Քրիստոսի ծննդյան մասին։ Նկարահանվել է 1996 թվականին՝ Միխայիլ Ալդաշինի կողմից։ Բեմադրող նկարիչներն են Միխայիլ Ալդաշինն ու Զոյա Տրոֆիմովան։ Ֆիլմում չկան երկխոսություններ, հնչում է դասական երաժշտություն։ Այն արժանացել է մի շարք մրցանակների անիմացիոն կինոյի փառատոններում։

Սուրբ ծնունդ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրսուրբծննդյան ֆիլմ
ՌեժիսորՄիխայիլ Ալդաշին
ՍցենարիստՄիխայիլ Ալդաշին
ԵրաժշտությունԼյուդվիգ վան Բեթհովեն և Յոհան Սեբաստիան Բախ
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունՊիլոտ
Տևողություն14 րոպե
Թվական1996

Ըստ ռեժիսորի խոսքերի՝ ֆիլմում նա «ցանկացել է պատմել Սուրբ ծննդյան պատմությունը նույնքան սովորական, պարզ ու պարզասրտորեն, ինչպես այն կպատմեր երեխան, որի համար կարդացել են Ավետարանը, ցույց տալ աշխարհը, որ լուսավոր է նույնիսկ գիշերը, որտեղ ապրում են բարի գազաններն ու խիստ հրեշտակները, որտեղ հովիվները գինի են խմում ու կռվում, իսկ Սուրբ Կույսը սպիտակեղեն է լվանում։ Եվ որտեղ սկիզբ է առնում կյանք, որ ծնվել է երկնքից իջած սիրուց»[1][2]։

Սյուժե խմբագրել

Հրեշտակը Մարիամին հայտնում է, որ նա որդի կունենա։ Հովսեփն ու Մարիամն ուղևորվում են Բեթղեհեմ, որտեղ անցկացվում է մարդահամար։ Վերադարձի ճանապարհին նրանք չեն կարողանում գիշերելու տեղ գտնել քաղաքում, և կանգ են առնում գոմում, որտեղ պահվում է եզը։ Այնտեղ էլ ծնվում է Հիսուսը։ Երեք մոգերը, երկնքում տեսնելով լուսապայծառ աստղը, գնում են Հիսուսի մոտ՝ նրան տալու իրենց նվերները։ Այդ ժամանակ Հրեշտակը Աստծո որդու ծննդյան մասին հայտնում է կենդանիներին ու թռչուններին, լճի ափին գտնվող ձկնորսներին և ոչխարների հոտը հսկող հովիվներին։ Նրանք բոլորը գնում են երկրպագելու Նորածնին։

Պատմություն խմբագրել

1980-ական թվականների վերջին ու 1990-ական թվականների սկզբին նկարահանելով մի քանի կարամետրաժ անիմացիոն ֆիլմեր՝ Միխայիլ Ալդաշինը մի քանի տարի դադարեցրել է անիմացիայով զբաղվելն ու նկարահանել է գովազդ, սակայն «Սուրբ ծնունդ» ֆիլմի գաղափարի ծնվելուց հետո վերսկսել է աշխատանքն անիմացիայի բնագավառում։

Մուլտֆիլմի ստեղծման գաղափարը ռեժիսորի մոտ ծագել է այն բանից հետո, երբ նա «տեսել է ժամանակակից տեսակետից ու ընդհանրապես կրոնական արվեստի ընկալման համար գրեթե անհեթեթ մի քանի նկարներ վաղ միջնադարից կամ միջին միջնադարից», որոնք «ապշեցրել են իրենց պարզամտությամբ, թեթևությամբ, բացությամբ»։ Այդ որմնանկարների ու խորաքանդակների կերպարներում «եղել է... անորսալի ջերմ ու մի քիչ անհեթեթ ինչ-որ բան, ինչպես, ըստ էության, մենք բոլորս։ Մանկամտություն այդ բառի դրական իմաստով»[3][4]։

Ալդաշինը որոշել է ստեղծել արտադրության բարդ տեխնոլոգիա ունեցող և այդ պատճառով մեծ ֆինանսավորում պահանջող ֆիլմ («հարկադարսվածքներով էի ես ուզում անել, բազմահարկ հաստոց էր պետք դրա համար, ինչպես Նորշտեյնն է ստեղծում իր կինոն, ուզում էի ես գերազանցել Նորշտեյնին»)[4]։ Նախագծի համար միջոցներ չեն եղել, սակայն աշխատանքներն սկսելուց կարճ ժամանակ անց դրանք նվիրաբերել է ռեժիսորի ծանոթներից մեկը[3][4]։

Ֆիլմի ստեղծումն ավարտելուց հետո Ալդաշինն այն զգացումն է ունեցել, թե ֆիլմը չի ստացվել, ինչի պատճառով նա նույնիսկ դեպրեսիայի մեջ է ընկել։ Հանդիսատեսի հիացական արձագանքները մասամբ հանգստացրել են նրան, սակայն հետագայում նա խոստովանել է, որ իրեն չի հաջողվել ամբողջությամբ իրականացնել իր մտահղացումը, որովհետև արտադրության ընթացքում ստիպված է եղել իջեցնել որակի՝ նախապես սահմանած չափանիշը[3][4]։

Մուլտֆիլմը ձեռք է բերել մեծ ճանաչում, սակայն (առնվազն մինչև 2010 թվականի օգոստոս) ոչ մի անգամ չի ցուցադրվել հեռուստատեսությամբ[4]։

Մրցանակներ խմբագրել

  • 1997 — Անիմացիոն կինոյի II ռուսական բաց փառատոն Տարուսայում[5].
    • մրցանակ լավագույն ռեժիսորի համար (Միխայիլ Ալդաշին)
    • մրցանակ բեմադրող նկարչի լավագույն աշխատանքի համար (Զոյա Տրոֆիմովա)
    • առաջին տեղ վարկանիշում (433 միավոր)
  • 1997 — Ոչ խաղարկային և անիմացիոն կինոյի միջազգային փառատոն Լայպցիգում — «Ոսկե աղավնի» լավագույն անիմացիոն ֆիլմի համար (Միխայիլ Ալդաշին)[6]
  • 1997 — «Ուղերձ մարդուն» միջազգային կինոփառատոն Սանկտ Պետերբուրգում — լավագույն անիմացիոն ֆիլմի համար (Միխայիլ Ալդաշին)
  • 1997 — «Ոսկե ձկնիկ» մանկական անիմացիոն կինոյի փառատոն — մանուկների համար նախատեսված լավագույն ֆիլմ (Միխայիլ Ալդաշին)
  • 1997 — «КРОК» միջազգային փառատոն Կիևում,
    • ժյուրիի հատուկ մրցանակ (Միխայիլ Ալդաշին)
    • КРОК մամուլի մրցանակ (Միխայիլ Ալդաշին)
  • 2003 — Մինդելհայմի Սուրբ ծննդի թանգարանի Սուրբ Ղուկասի մրցանակ

Ցուցահանդեսներ խմբագրել

Ֆիլմի նկարները բազմիցս ներկայացվել են Միխայիլ Ալդաշինի ցուցահանդեսներում։ Այդ թվում՝ 2005 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2006 թվականի հունվարի 29-ն անցկացված «Սուրբ ծնունդ։ Մի ֆիլմի ցուցահանդես» տոնական ցուցահանդեսում, որ անցկացվել է Մոսկվայում՝ Սոլյանկայի պատկերասրահում[7][8]։ 2010 թվականի դեկտեմբեր-հունվարին ֆիլմին նվիրված ցուցահանդես է անցկացվել Սարովի պատկերասրահում[9], 2012 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2013 թվականի փետրվարի 17-ը «Սուրբ ծնունդ։ Գեղանկարչություն, անիմացիա» ցուցահանդես է անցկացվել Յարոսլավլի պատկերասրահում[10][11][12]։

Թողարկում DVD-ով խմբագրել

  • 2005 — Սուրբ ծնունդ։ Մուլտֆիլմերի հավաքածու (95 րոպե), ռեժիսոր՝ Միխայիլ Ալդաշին, շարք՝ Ռուսական անիմացիայի վարպետները, սկավառակում ընդգրկված ֆիլմեր՝ «Սուրբ ծնունդ», «Келе», «Букашки», «Որսորդը», «Ուրիշ կողմ», «Пумс»։

Գիրք մուլտֆիլմի հիման վրա խմբագրել

2008 թվականին «Арбор» հրատարակչությունը լույս է ընծայել գիրք մուլտֆիլմից նկարազարդումներով, որում ներկայացվում է նաև պատմություն մուլտֆիլմի վրա կատարված աշխատանքների մասին։ Գիրքն արժանացել է մրցանակի Գրահրատարակիչների ասոցիացիայի «2008 թվականի լավագույն գրքերը» մրցույթի «Հոգևոր և պատմա-կրոնական գրականության լավագույն հրատարակություն» անվանակարգում[13]. Впоследствии книга переиздавалась[1]։ Թողարկվել է նաև գրքի ընծայական հրատարակություն DVD-ի հետ միասին։ Նոր հրատարակություն է լույս տեսել 2012 թվականի դեկտեմբերի վերջին[14]։

Արձագանքներ խմբագրել

Ըստ Աննա Ռապոպորտի՝ «և՛ գիրքը, և՛ ֆիլմն ստեղծում են Սուրբ ծննդին լիովին համամասնակից լինելու, ապրումակցման մթնոլորտ։ Ասես Մարիամը, Հովսեփը քո հարևաններն են, և կատարված հրաշքը կարող է պատահել յուրաքանչյուրի հետ»[15]։

Սոլյանկայի պատկերասրահում Միխայիլ Ալդաշինի ցուցահանդեսի համառոտ բնութագրում նշվել է, որ նրա «ֆիլմը, որը սյուժեի տեսանկյունից չի խախտում կանոնական տեքստը, նրա վերարտադրման զգացմունքային տեսանկյունից կարելի է կոչել ֆանտազիա վաղ ապոկրիֆների թեմայով՝ պարզամիտ, բայց զուրկ եկեղեցական կենցաղի սառնությունից ու կանոնիկ դոգմաների ձանձրույթից»[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Рождество: с картинками Михаила Алдашина и Зои Трофимовой. М.: Любимая книга; Красный пароход, 2009. ISBN 978-5-88149-398-1
  2. «История одного рождественского мультфильма». // materinstvo.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Рождество» Михаила Алдашина (7 января, 2012)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 История успеха Михаила Алдашина (31/08/2010, Радио Финам. FM 99.6)
  5. «ИТОГИ (Таруса, 1997 г.)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
  6. 1997 | DOK Leipzig(չաշխատող հղում)
  7. 7,0 7,1 «Рождество» М.Алдашина в Галерее на Солянке
  8. Аниматор.ру — Новости — Выставка Михаила Алдашина — Рождество
  9. Целлулоидное «Рождество» (Саров. Net № 50 от 15 декабря 2010)
  10. Михаил Алдашин. Рождество. Живопись, анимация
  11. В Ярославском художественном музее открылась выставка известного художника-аниматора Михаила Алдашина
  12. ««Рождество»: С 25 декабря 2012 по 17 февраля 2013». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 25-ին.
  13. АСКИ :: Итоги конкурса «Лучшие книги 2008 года»
  14. Михаил Алдашин. Рождество / худож. М. Алдашин, З. Трофимова. М.: Любимая книга, 2012. ISBN 978-1-932525-88-5
  15. Анна Рапопорт. Образы Рождества. 19 декабря 2012

Արտաքին հղումներ խմբագրել