Բացել գլխավոր ցանկը

Սուրբ Թովմա առաքյալ վանք (Ագուլիս)

Ագուլիսի Սուրբ Թովմա առաքյալ վանք, ոչնչացված վանք Գողթն գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջան) Ագուլիս ավանի կենտրոնում[1]։ Ներկայումս վանքի տեղում մզկիթ է կառուցված :

Սուրբ Թովմա առաքյալ վանք
S Tovma Araqyal Agulis.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակոչնչացված, տեղում կառուցված է մզկիթ
Ճարտարապետական նկարագրություն
ՀիմնադիրԲարդուղիմեոս առաքյալ
Ճարտարապետական ոճհայկակաբ
Կառուցման սկիզբ4-րդ դար
Կառուցման ավարտ305 թ.
Հիմնադրված1-ին դար
Գմբեթ1
Կոորդինատներ: 38°55′10.999200100001″ հս․ լ. 45°59′11.000400100009″ ավ. ե. / 38.91972200002777527° հս․. լ. 45.98638900002777774° ավ. ե. / 38.91972200002777527; 45.98638900002777774

ՊատմությունԽմբագրել

 
Ագուլիսի Սուրբ Թովմա առաքել վանքը (Լուսանկարիչ՝ Մ. Փաձազյանց, «Արաքս» հանդես, 1893, Բ)

Ըստ ավանդության և Ս. Թովմա եկեղեցու արևմտյան մուտքի բարավորի չափածո արձանագրության, վանքը հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը և իր աշակերտ Կումսիին նրա առաջնորդ կարգել, իսկ 305 թվականին վանքը վերակառուցել է Գրիգոր Ա Լուսավորիչը։

Եղել է Գողթն գավառի հոգևոր կենտրոնը և վաղ միջնադարից մինչև 1838 թվականը՝ եպիսկոպոսանիստ։ Նրա վերաբերյալ վավերական հիշատակությունները հայտնի են 14-րդ դարից։ Որպես կրոնական, ուսումնական և մշակութային կենտրոն ծաղկում է ապրել 17-րդ դարում՝ վաճառաշահ Ագուլիսի տնտեսական բարգավաճման հետ։

Վանքի եկեղեցին և շինությունները խարխուլ լինելու պատճառով 1632–1633 թվականներին վանահայր Խաչատուր վարդապետը կառուցել է նոր պարիսպներ և շինություններ, իսկ 1634–1636թվականներին՝ եկեղեցու նոր շենքը։ 1668 թվականին Պետրոս վարդապետը, Վասպուրականից հրավիրած վարպետների ուժերով, շրջանաձև բուրգերով նոր պարիսպներ և դրանց կից 2–3-հարկանի նոր շինություններ է կառուցել սրբատաշ քարով, թրծված աղյուսով ու կրաշաղախով։

Վանքի եկեղեցին 1679 թվականի երկրաշարժից հավանաբար տուժել է, և 1694 թվականին հիմնովին նոր եկեղեցի է կառուցվել՝ սրբատաշ բազալտով և կարմրավուն ֆելզիտով՝ ներսից յոթանիստ խորանով, չորս խաչաձև մույթերով գմբեթավոր բազիլիկի հորինվածքով։ Արևմտյան ճակատի արձանագրություններում նշված են նոր եկեղեցու շինարարությանն աջակցած Գողթն գավառի 30-ից ավելի բարերարների անունները։ Արևմտյան մուտքի առջևի քառամույթ սրահ-զանգակատունը կառուցվել է 1825 թվականին, ամբողջովին վերակառուցվել 1831 թվականին և 1904 թվականին։ Համանման սրահներ 17-րդ դարին կառուցվել են հյուսիսային մուտքի առջև ու հարավային պատի մոտ, որը որպես տապանատուն է ծառայել։

Եկեղեցու ներսը 17-րդ դարի վերջին զարդարել է վանքի դպրոցի սան, ապա նրա ուսուցիչ և վանքի դպիր, նկարիչ Նաղաշ Հովնաթանը։ Գմբեթը և խորանի գմբեթարդը նկարազարդվել են որպես երկինք՝ կապույտ ֆոնի վրա փայլող աստղերով, μեմի անկյուններում պատկերված են չորս թևատարած հրեշտակներ, իսկ նրա մարմարե ճակատին՝ ս. Ստեփանոս Նախավկան։ Թաղերը, գմբեթակիր կամարները և առագաստները ծածկված են բազմերանգ բուսական զարդամոտիվներով, սափորների մեջ դրված ծաղկեփնջերով և նկարներով։ Եկեղեցու գլխավոր՝ արմևմտյան մուտքի ճակատակալ քարին «Ս. Թովմայի անհավատությունը» պատկերագրությամբ հարթաքանդակն է։ Քառանկյուն շրջանակի մեջ քանդակված են Քրիստոսը՝ խաչափայտը բռնած, և գեղարդով խոցված նրա կողը շոշափող, ծնկաչոք Թովմա առաքյալը։ Շրջանակից դուրս, վերևում Նաղաշ Հովնաթանը նկարել է Աստծուն, ձախում՝ Աստվածածնին, աջում՝ Մարիամ Մագթաղինացուն, իսկ նրանց գլխավերևում՝ արեգակ ու լուսին։ Պատկերաքանդակի և որմնանկարի միջև ներդաշնակություն ու միասնական հորինվածք ստեղծելու համար գունազարդել է նաև քանդակը։ Եկեղեցու հյուսիսային մուտքի բարավորին քանդակված է ողջ հասակով կանգնած Պողոս առաքյալը, իսկ հարավային մուտքին՝ Պետրոս առաքյալը՝ դրախտի բանալիները ձեռքին։ Արմ. մուտքի փայտե գեղաքանդակ, սադափով ու փղոսկրով զարդարված դուռը պատրաստվել է 1694-ին, Խոջա Սեթունի միջոցներով։

Վանքում XIV–XVIII դդ. գործել է գրչության կենտրոն, որտեղ ընդօրինակվել է մոտ 90 ձեռագիր։ Մեզ հասած հնագույնը Վարդան գրչի՝ 1375-ին ընդօրինակած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողμերգությանն» է։ Գրչության կենտրոնն ընդլայնել է գործունեությունը XV դ.՝ Հակոբ րաμունապետի ջանքերով։ 1425-ին Մատթեոս գրիչն ընդօրինակել է Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանցը», 1447- ին՝ մի «Տոնական», իսկ Թումա գրիչը 1432-ին՝ Միքայել Ասորու «Ժամանակագրությունը», ապա՝ Վարդան Արևելցու «Հավաքումն պատմության», Կիրակոս Գանձակեցու «Պատմություն Հայոց» աշխատությունները։ XVI դարից վկայություններ կան միայն ձեռագրերի նորոգման մասին, իսկ XVII դարից պահպանվել է ութ ձեռագիր։ Վանքի գրչության կենտրոնը 1752-ին կողոպտել են Ատրպատականի Ազատ խանի, 1789-ին՝ Մուստաֆա խանի հրոսակները։ Նրանք վանքի սպասքի հետ հափշտակել են նաև ձեռագրերը (դրանցից 1477-ի «Ճաշոցը» 3900 արծաթով հետ է գնել Պետրոս տիրացուն և վերադարձրել վանքին)։ Վանքում գրված 10 ձեռագիր պահվում է Մատենադարանում։ 1867-ին Ագուլիսի μնակիչների միջոցներով և գրող Պերճ Պռոշյանի նախաձեռնությամμ ու ջանքերով, կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հրամանով Ա. Ս. Թ. ա. վում բացվել է արական դպրոց՝ «Վերին Ագուլեաց Հայոց հոգևոր ուսումնարան» անունով, որը եղել է եռդասյան և ունեցել է նաև նախակրթարան։ Դպրոցի համար վանքում հվ-արմ. շինություններին հարկ է ավելացվել, հրավիրված ուսուցիչների համար բակում կառուցվել μնակարաններ։ Դպրոցն ունեցել է 150 աշակերտ, նրա կանոնադրության համաձայն՝ ընդունել են բնակչության բոլոր խավերի երեխաներին, դասավանդել են լեզուներ, պատմություն և աշխարհագրություն, թվաբանություն և երկրաչափություն, կենսաμանություն, գծագրություն ևն։

Վանքում պահվել են՝ 1821-ին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի նվիրած՝ Թովմա առաքյալի Աջը, Գայանեի մասունքը, Հակոբ Հայրապետի Աջը, 1657-ի ուրար՝ հրեշտակներով շրջապատված Հակոբ Նահապետն իր որդիների հետ ձեռագործ պատկերով, 1763-ի ուրար (այժմ՝ ՀՊՊԹ-ում), 1797-ի ոսկեթել վակաս։ 1918-ին թուրք. զորքերն ավերել են Ագուլիսը, կոտորել հայ բնակիչներին, կողոպտել վանքը, որը դրանից հետո լքվել է և ամայացել։

Վանքը ունի 13-19-րդ դարերին պատկանող գերեզմանատուն։ Գտնվում է համալիրից մոտ 250 մետր հյուսիս-արևելք։ Ըստ վկայության, այդտեղ կա հարթ, օրորոցաձև 38 տապանաքար։ 11 տապանաքարերի վրա կան արձանագրություններ։ Ըստ վկայության, տապանաքարերի մի մասի կեսից ավելին թաղված է հողի մեջ, արձանագրությունները քայքայված ու եղծված են[2]։

ԳրականությունԽմբագրել

  • Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893։
  • Լալայան Երևան, Օրդուբադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական շրջան կամ Գողթն, ԱՀ, գիրք 11–12, Թ., 1904–05։
  • Այվազյան Ա., Ագուլիս, Երևան, 1984։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 6, էջեր 6 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
  2. Արգամ Արարատի Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները (համահավաք ցուցակ) (խմբ. է. Դ. Շահնազարյան), Երևան— 9, Իսահակյան 28, «Հայաստան», 1986։

ԱղբյուրԽմբագրել

  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: