Բացել գլխավոր ցանկը

Սլովակիայի հանրապետություն (1939-1945)


Սլովակիայի հանրապետություն (սլովակ.՝ Slovenská republika) կամ պատմական գրականության մեջ նաև` Սլովակիայի առաջին հանրապետություն (սլովակ.՝ prvá Slovenská republika), պետություն, որ գոյություն է ունեցել 1939-1945 թվականներին ժամանակակից Սլովակիայի տարածքում (բացառությամբ` հարավային ու արևելյան շրջանների, որոնք, համաձայն Վիեննայի առաջին արբիտրաժի, Սլովակա-հունգարական պատերազմի արդյունքում անցել են Հունգարիային), Նացիստական Գերմանիայի հաճախորդ պետություն: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Սլովակիայի անկախությունը ճանաչել են միայն Առանցքի ուժերը և հարևան չեզոք երկրները, մինչև 1941 թվականը` նաև ԽՍՀՄ-ը:

Սլովակիայի հանրապետություն
մարտի 14, 1939 - ապրիլի 4, 1945  
File:Slovak Republic (1942).svg
Coat of Arms of the First Slovak Republic.svg

Նշանաբան
սլովակ.՝ «Verní sebe, svorne napred!» («Հավատարիմ ինքն իրեն, միասին առաջ...»)

Քարտեզ
Slovak Republic (1942).svg
Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Բրատիսլավա
Ազգություն սլովակներ
Կրոն կաթոլիկություն
Հիմն «Հե՜յ, սլովակներ»
Արժույթ սլովակյան կրոնա
Իշխանություն
Պետական կարգ միակուսակցական խորհրդարանական երկիր
Պետության գլուխ նախագահ

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

«Սլովակյան Հլինկովյան կուսակցությունը» (սլովակ.՝ Hlinkova slovenská ľudová strana, HSĽS) համագործակցում էր Հիտլերի հետ մինչև Չեխոսլովակիայի անկումը` նպատակ ունենալով Սլովակիան դուրս բերել Չեխոսլովակիայի կազմից, այդ պատճառով գերմանացիները կուսակցությանը իրենց դաշնակիցն էին համարում:

1939 թվականի մարտի 9-ին չեխոսլովակյան բանակի որոշ մասեր, որ հավատարիմ էին Պրահայի կառավարությանը, զբաղեցնում են Սլովակիայի տարածքը` Սլովակիայի հանրապետության նախագահ Յոզեֆ Տիսոյին հեռացնելով իշխանությունից: 1939 թվականի մարտի 14-ին Սլովակիայի խորհրդարանը հռչակել է Սլովակիայի հանրապետության անկախությունը, իսկ գեմանական զորքերը օկուպացրել են Չեխիան: Մարտի 18-ին պետական ու քաղաքական գործիչ Վոյտեխ Տուկան սլովակյան ազգայնականների առաջնորդ Ֆերդինանդ Դյուրչանսկու հետ ստորագրել է Գերմանիայի ու Սլովակիայի հանրապետության հարաբերությունների մասին պայմանագիրը: Երեք օր անց Սլովակիան հարձակման է ենթարկվել հունգարական զորքերի կողմից: Բախումն ավարտվել է Հունգարիայի տակտիկական հաղթանակով և Սլովակիայի տարածքների մի մասը Հունգարիային հանձնումով (ծայր արևելյան մի հատված Ստաչկինի գծով` Սոբրանցե):

«Սլովակյան Հլինկովյան կուսակցության» չափավոր առաջնորդ Յոզեֆ Տիսոն դարձել է Սլովակիայի նախագահը, իսկ որպես հակակշիռ Գերմանիայի պնդումով վարչապետի ու ներքին գործերի նախարարների պաշտոնները զբաղեցրել են կուսակցության արմատական թևի առաջնորդները` Վոյտեխ Տուկան ու Ալեքսանդր Մախը:

Սլովակիայի հանրապետությունը դիվանագիտորեն ճանաչվել է Գերմանիայի, նրա դաշնակից մի շարք պետությունների ու չեզոք մի քանի երկրների կողմից` Իտալիա, Ճապոնիա, Խորվաթիա, Իսպանիա, ԽՍՀՄ (մինչև 1941 թվականը), Լիտվա, Էստոնիա, Շվեյցարիա, Սալվադոր և Վատիկան:

1939 թվականի սեպտեմբերի 1-ին` առավոտյան ժամը հինգին, սլովակյան «Բերնոլակ» բանակը Ֆերդինանդ Չատլոշի ղեկավարությամբ անցել է սահմանը և ռազմական գործողություններ սկսել Լեհաստանի երկրորդ հանրապետության զորքերի դեմ: Արդյունքում Սլովակիան վերադարձրել է տարածքներ, որոնք կորցրել էր 1920-ական և 1938 թվականներին: Հոկտեմբերի 7-ին հայտարարվել է «Բերնոլակի» դեմոբիլիզացման մասին:

 
Հունգարիային ու Գերմանիային զիջված տարածքներ

Երկու տարի անց կազմավորվել է Սլովակիայի էքսպեդիցիոն կորպուսը, որը հետագայում պատերազմի ժամանակ ուղարկվել է ԽՍՀՄ: Հետագայում այն վերակազմավորվել է Պահպանական երկրորդ, ապա` Արագ դիվիզիայի, որի մի մասը (մոտ 2.000 սլովակ զինվոր) 1943 թվականի հոկտեմբերի 30-ին Մելիտոպոլի մոտ անցել է խորհրդային կողմը: 1943 թվականին Պահպանական երկրորդ դիվիզիայի մի քանի ստորաբաժանումներ 1943 թվականի աշնանը Մինսկի շրջանում զենքով անցել են պարտիզանների կողմը և կռվել գերմանացիների դեմ:

1941 թվականի աշնանը սլովակա-հունգարական հարաբերությունները կարգավորվել են Գերմանիայի ճնշմամբ: Բեռլինում սլովակյան ու հունգարական կառավարությունների ղեկավարների` Վոյտեխ Տուկայի ու Լասլո Բարդոշիի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել գրանցելու սլովակյան ու հունգարական փոքրամասնությունների` նախկինում արգելված քաղաքական ու մշակութային կազմակերպությունները:

1942 թվականի մայիսի 15-ին Յոզեֆ Տիսոն հրաման է ստորագրել հրեաներին արևելք` մահվան ճամբարներ, վտարելու մասին:Այս օրենքը գործել է կես տարի: 1942 թվականին Սլովակիայից արտաքսվել է 57.628 հրեա, որոնցից որոշ տվյալներով կենդանի են մնացել միայն 280-800 մարդ:

1943 թվականի հունիսին Վատիկանում իր դեսպան Կարոլ Սիդորի միջոցով Սլովակիայի կառավարությունը հուշագիր է ուղղել ԱՄՆ-ին, որոով հաստատել է, որ Սլովակիան նախկինում ստիպված է եղել հետևելու Բեռլինից եկող հրամաններին, սակայն, դրանով հանդերձ, հույս ունի պահելու իր անկախությունը պատերազմից հետո հնարավոր է չեխերի ու լեհերի հետ դաշնության շրջանակներում:

 
Ապստամբների ավտոշարասյուն

1944 թվականին, Սլովակիայի սահմաններին կարմիր բանակի մոտեցումով պայմանավորված, երկրում ստեղծվել է արևելասլովակյան բանակը: Օգոստոսի 29-ին երկրում ապստամբություն է սկսվել նացիստական կառավարության դեմ, ինչի հետ կապված` երկիր են մտել Վերմախտի ուժերը: Նրանց հաջողվել է զինաթափել արևելասլովակյան բանակի ուժերի մի մասը, սակայն մոտ երկու հազար զինծառայող անցել է ապստամբների կողմը: Սկզբում գերմանացիներն այս շրջանում ունեին 40.000 զինվոր, սակայն ապստամբների բանակի աճի հետ ավելացրել են նաև իրենց բանակի զինվորների թիվը` հասցնելով 83.000-ի: Հոկտեմբերի 28-ին ապստամբությունը ճնշվել է, սակայն մոտ 20.000 սլովակ անցել է կարմիր բանակի կողմը: 1944 թվականի վերջերին Սլովակիան գրեթե ամբողջությամբ (բացառությամբ սահմանամերձ մի քանի շրջանների) անցել է Գերմանիայի տիրապետության տակ` գործնականում զրկվելով ինքնուրույնությունից:

1944 թվականի սեպտեմբերի 21-ին կարմիր բանակը Մեդզիլաբորցեի շրջանում անցել է Սլովակիայի սահմանը: 1945 թվականի ապրիլի 4-ին ազատագրվել է Բրատիսլավան. Սլովակիայի առաջին հանրապետությունը ընկել է, և Սլովակիան կրկին դարձել է Չեխոսլովակիայի մի մասը: 1945 թվականի մայիսի 8-ին Սլովակիայի առաջին հանրապետության վերջին վարչապետ Շտեֆան Տիսոն Կրեմսմյուստերի աբբայությունում ստորագրել է Սլովակիայի հանրապետության կապիտուլյացիայի ակտը: 1947 թվականի նոյեմբերին Բրատիսլավայի ժողովրդական դատարանը Շտեֆան Տիսոյին ենթարկել է 30 տարվա ազատազրկման: Նա չի ապրել մինչև իր պատժի վերջը և 1959 թվականի մարտի 28-ին մահացել է բանտում[1]:

1945 թվականի ապրիլին Յոզեֆ Տիսոն փախել է Բավարիա, որտեղ 1945 թվականի հունիսի 6-ին բռնվել է ամերիկյան բանակի կողմից և արտահանձնվել Չեխոսլովակիային: Հենց այնտեղ էլ 1947 թվականի ապրիլի 18-ին կախվել է պետական դավաճանության մեղադրանքով: Նրա հետ փախել է նաև նախկին արմատական վարչապետ Վոյտեխ Տուկան, սակայն նրան նույնպես բռնել են և հանձնել չեխոսլովակյան իշխանություններին: Բրատիսլավայի ժողովրդական դատարանը Տուկային դատապարտել է մահապատժի, սակայն նա մահացել է բանտում մինչև դատավճռի իրագործումը:

Վարչական բաժանումԽմբագրել

Երկրի տարածքը բաժանվել է ժուպաների (Župa).

  • Բրատիսլավայի ժուպա (Բրատիսլավա)
  • Տրենչինի ժուպա (Տրենչին)
  • Նիտրայի ժուպա (Նիտրա)
  • Տատրայի ժուպա (Ռուժոմբերոկ)
  • Պոգրոնի ժուպա (Բանսկա-Բիստրիցա)
  • Շարիշսկո-Զեմպլինի ժուպա (Պրեշով)

Պետական կարգԽմբագրել

Երկրի օրենսդիր մարմինը եղել է Սլովակյան երկրի Սեյմը (Snem Slovenskej krajiny), երկրի ղեկավարը` նախագահը (Prezident), գործադիր մարմինը` կառավարությունը (vláda), որ բաղկացած է եղել կառավարության նախագահից (predseda vlády) ու նախարարներից:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. А. О. Пеганов. Секретные переговоры Й. Тисо и М. Каллаи в контексте словацко-венгерских отношений в годы Второй мировой войны // Сборник научных статей молодых ученых ФМО БГУ. Минск, 2012. сс. 234—243 https://www.academia.edu/1249841/_._._1943_._-_

Արտաքին հղումներԽմբագրել