Սիմֆոնիա № 3 (Արամ Խաչատրյան)

Սիմֆոնիա № 3 («Սիմֆոնիա-պոեմ», C-dur ), հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի սիմֆոնիան է՝ գրված 1947 թվականին։ Սիմֆոնիա-պոեմը փողային գործիքների եռակի կազմով մեծ սիմֆոնիկ նվագախմբի, 15 մենակատար շեփորների և երգեհոնի համար գրված միամաս ստեղծագործություն է՝ նվիրված Հոկտեմբերյան հեղափոխության 30-ամյակին։

Սիմֆոնիա № 3 (Արամ Խաչատրյան)
Ձևերաժշտական գործ/ստեղծագործություն
ԺանրՍիմֆոնիա
ԿոմպոզիտորԱրամ Խաչատրյան
Մասերի քանակմեկ
Տևողություն25 րոպե
Ստեղծման տարեթիվ1947 թվական
Առաջնախաղի տարեթիվ1947 թվականի դեկտեմբերի 13
Առաջնախաղի վայրԼենինգրադի ֆիլհարմոնիա
Հրատարակման տարեթիվ1966 թվական
ՏոնայնությունC-dur
Երաժշտական տեմպAllegro moderato, maestoso․
Երաժշտական գործիքներերգեհոն

Սիմֆոնիա № 3 (հետագայում այսպես է Արամ Խաչատրյանը անվանել իր «Սիմֆոնիա-պոեմը») առաջին անգամ կատարվել է Լենինգրադում 1947 թվականի դեկտեմբերի 13-ին Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից, դիրիժոր՝ Եվգենի Մռավինսկու ղեկավարությամբ, իսկ դեկտեմբերի 25-ին՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կրկին անգամ Եվգենի Մռավինսկու ղեկավարությամբ, հռչակավոր երգեհոնահար Իսայ Բրաուդոյի մասնակցությամբ։

Սիմֆոնիայի պարտիտուրը հրատարակվել է Մոսկվայում «Երաժշտություն» («Музыка») հրատարակչությունում 1966 թվականին։  

Սիմֆոնիայի № 3 պարտիտուրի ձեռագիրը պահպանվում է Արամ Խաչատրյանի ընտանեկան արխիվում։

Պրեմիերա խմբագրել

Սիմֆոնիա № 3 (հետագայում այսպես է Արամ Խաչատրյանը անվանել իր «Սիմֆոնիա-պոեմը») առաջին անգամ կատարվել է Լենինգրադում 1947 թվականի դեկտեմբերի 13-ին Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից, դիրիժոր՝ Եվգենի Մռավինսկու ղեկավարությամբ,, իսկ դեկտեմբերի 25-ին՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կրկին անգամ Եվգենի Մռավինսկու ղեկավարությամբ, հռչակավոր երգեհոնահար Իսայ Բրաուդոյի մասնակցությամբ։

«Հոկտեմբերի 1-ին (1967 թվական) պիտի բացեմ Բեռլինի միջազգային փառատոնը։ Կատարելու եմ սիմֆոնիկ մեծ նվագախմբի, 15 շեփորների և երգեհոնի համար գրված Երրորդ սիմֆոնիան, այնուհետև թավջութակի կոնցերտ-ռապսոդիան և կոնցերտային արիաներ ձայնի և նվագախմբի համար»,– ֆրանսահայ մշակութային միության անդամ, հասարակական գործիչ Աղասի Դարբինյանին ուղղված նամակում գրում է Արամ Խաչատրյանը[1]։

 
Արամ Խաչատրյանի հեղինակային համերգի ազդագիր, 1970 թվական

Արամ Խաչատրյան Երրորդ սիմֆոնիան կատարվել է նաև 1970 թվականի դեկտեմբերի 1- ին Սովետական Հայաստանի 50-ամյակին նվիրված կոմպոզիտորի հեղինակայի համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, մասնակցությամբ երգեհոնահար Արթուր Ադամյանի։

Սիմֆոնիան էականորեն ազդել է կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության հետագա ընթացքի վրա և ժամանակի ընթացքում իր արժանվույն տեղն է զբաղեցրել համաշխարհային երաժշտական մշակույթի լավագույն նմուշների շարքում։

Սիմֆոնիա № 3–ը յուրօրինակ ստեղծագործություն է, այն հաճախ չի կատարվում՝ պայմանավորված մեծ և առանձնահատուկ գործիքային կազմով։

Սիմֆոնիայի գաղափարը խմբագրել

Կոմպոզիտորի խոսքերով. «Երրորդ սիմֆոնիան ստեղծվեց պատերազմից հետո, և, բնականաբար, նրանում գերակշռում են լուսավոր, հաղթական տրամադրությունը։ Այն ուրախության, վստահության, ապոթեոզ է, այն աշխատանքի հիմն է»[2]։

1947 թվականի դեկտեմբերի 27–ին Վասիլի Զոլոտարյովին ուղղված նամակում Արամ Խաչատրյանը գրում է․ «Չեք պատկերացնի, թե որքան ուրախացրիք ինձ Ձեր նամակով և իմ Սիմֆոնիա-պոեմ ստեղծագործության մասին ջերմ կարծիքով։ Ես շատ բարձր եմ գնահատում Ձեր՝ խոշոր երաժշտի, կոմպոզիտորի և մեծ, փորձառու մանկավարժի կարծիքը։ Ամենաբազմապիսի և անվերջ կարծիքների շարքում իմ այս աշխատանքի վերաբերյալ Դուք այնքան բարձր գնահատական եք տվել… Թեև այն չունի գրական ծրագիր, դուք գրեթե լիովին գուշակել եք դրա բովանդակությունը։ Ես գրել եմ տոնական, ցնծագին ստեղծագործություն, ձգտել եմ ցույց տալ և՛ մեր խանդավառությունը աշխատանքում, և՛ մեր հաղթանակը պատերազմում, և՛ մեր հպարտության զգացումը մեր հիանալի հայրենիքի նկատմամբ»[3]։

  Ես ուզում էի այս ստեղծագործության մեջ արտահայտել սովետական ժողովրդի ուրախության և հպարտության զգացումները իրենց փառահեղ և հզոր Հայրենիքի համար[4]։
- Արամ Խաչատրյան
 

Մի անգամ չէ, որ կոմպոզիտորը ասել է, թե ցանկանում է գրել մի մեծ, հերոսական–ռոմանտիկական օպերա, բայց ահա չի գտնում սյուժե, որը, ինչպես հարկն է, հրապուրեր նրան։ Նա խորհել է նաև ծրագրային բովանդակությամբ մոնումենտալ «ժողովրդա–դրամատիկական» սիմֆոնիայի մասին, համարձակ նորարարական, ինչպես կոմպոզիտորն էր արտահայտվում, ձևով «հանդուգն» և միաժամանակ հուզական ներգործության ուժով՝ իսկական մասսայական։ Կոմպոզիտորին գրավել էր ժամանակակից հաղթական սիմֆոնիայի խիզախ գաղափարը․ նա ցանկանում էր գովերգել սովետական ժողովրդի պայքարի հերոսականությունը, նրա անօրինակ սխրանքի վսեմությունը։ Արվեստագետի զգացողությամբ նա միայն հասկանում էր, որ իր «նոր խոսքը» պետք է հնչի ամբողջ ձայնով՝ ճշմարտացի, անկեղծ, համարձակ, որ այն պետք է պատասխանի ժողովրդի ընկալումներին և ժամանակակից արվեստի պահանջներին։ Հենց այստեղ անհրաժեշտ է նշել, որ ձևի նորույթի, արտահայտչամիջոցների էքսպրեսիայի իր ագահ ձգտման մեջ Խաչատրյանը կատարելապես հեռու է եղել ֆորմալիստական միտումներից։ Եվ նա ամենևին չի խաղացել այն ժամանակ նորաձև դարձած միտումների հետ, ինչի համար նրան հետագայում անարդարացիորեն մեղադրում էին։ Ընդհակառակն, նա համոզված դատապարտում էր արվեստում ֆորմալիզմը, հավասարապես և պարզունակացումը։ Այն ժամանակվա իր հոդվածներից մեկում, քննադատելով կոմպոզիտորների աշխատանքներում եղած թերությունները, Խաչատրյանը գրել է․ «Ոմանց պարզունակությունը, մյուսների վերացական ֆորմալիստական միտումները, ստեղծագործական մեթոդների հնացածությունը, ստեղծագործական խիզախության ձգտման բացակայությունը և ժամանակակից մեծ գաղափարների պրիմիտիվությունը՝ այս ամենը, ինչպես նաև շատ ու շատ այլ բաներ, դեռևս հաճախ մեր ստեղծագործական լուրջ անհաջողությունների պատճառն են դառնում»[5][6]։

Պատմություն խմբագրել

Սիմֆոնիա-պոեմը փողային գործիքների եռակի կազմով մեծ սիմֆոնիկ նվագախմբի, 15 մենակատար շեփորների և երգեհոնի համար գրված միամաս ստեղծագործություն է՝ նվիրված Հոկտեմբերյան հեղափոխության 30-ամյակին։

Սիմֆոնիա-պոեմի բեմական կյանքը դժվարին ճանապարհ է անցել։ 1948 թվականի հունվարին խորհրդային երաժշտության գործիչների խորհրդակցության ժամանակ կառավարության կողմից այն խիստ քննադատության ենթարկվեց. պատճառներից մեկը պարտիտուրում 15 շեփորների և երգեհոնի օգտագործումն էր։ Արամ Խաչատրյանը և ևս մի քանի կոմպոզիտորներ, այդ թվում՝ Դմիտրի Շոստակովիչը, Սերգեյ Պրոկոֆևը, Վիսարիոն Շեբալինը, Գավրիիլ Պոպովը, Նիկոլայ Մյասկովսկին և այլք, կոմունիստական կուսակցության կողմից մեղադրվում են որպես երաժշտության մեջ ֆորմալիզմի ենթադրյալ հետևորդներ։

1947 թվականի դեկտեմբերի կեսերին ագիտացիայի և քարոզչության բաժինը (հայտնի որպես ագիտպրոպ) Անդրեյ Ժդանովին ներկայացում է խորհրդային երաժշտության զարգացման գործընթացում թերությունների մասին մի փաստաթուղթ։

1948 թվականի հունվարի 10-13–ը Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Անդրեյ Ժդանովի ղեկավարությամբ արվեստի գործիչների մասնակցությամբ տեղի ունեցավ համագումար նիստ, որին ներկա էին 70 երաժիշտներ, կոմպոզիտորներ, դիրիժորներ և այլ գործիչներ։

Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն կարծում է, որ Հոկտեմբերյան հեղափոխության 30-րդ տարեդարձին ԽՍՀՄ Մեծ թատրոնի բեմադրած Մուրադելիի «Մեծ բարեկամություն» օպերան խնդրահարույց է թե՛ երաժշտական, թե՛ սյուժետային և հակագեղարվեստական աշխատանքի առումներով։ Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն կարծում է, որ Մուրադելիի օպերայի ձախողումը արդյունք է վերջինիս անցած ֆորմալիստական ուղու, որը կեղծ էր և կործանարար խորհրդային կոմպոզիտորի աշխատանքի համար։ Ինչպես ցույց է տալիս Խորհրդային միության կոմունիստական կուսակցության Կենտկոմում սովետական երաժշտության գործիչների ժողովը, Մուրադելիի օպերայի ձախողումը հատուկ դեպք չէ, բայց սերտորեն կապված է ժամանակակից սովետական երաժշտության անբարենպաստ վիճակի հետ՝ ֆորմալիստական ուղղվածության տարածմամբ սովետական կոմպոզիտորների շրջանում։

ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր արվեստի կոմիտեն՝ Միխայիլ Խրապչենկոյի ղեկավարությամբ և Խորհրդային կոմպոզիտորների միության կազմկոմիտեն՝ Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ, խորհրդային երաժշտության մեջ իրատեսական ուղղություն մշակելու փոխարեն, որի հիմքը դասականի ժառանգության հսկայական առաջադեմ դերի, հատկապես ռուսական երաժշտական դպրոցի ավանդույթների ճանաչումն է, այդ ժառանգության օգտագործումը և դրա հետագա զարգացումը, ըստ էության, խրախուսում էին ֆորմալիստական միտում՝ խորթ խորհրդային ժողովրդին։ Խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտկոմի հրամանագիրը.

  1. Դատապարտել խորհրդային երաժշտության ֆորմալիստական միտումը` որպես հակաժողովրդական, որը գործնականում տանում է երաժշտության վերացմանը։
  2. Առաջարկել Կենտրոնական կոմիտեի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի տնօրինությանը և Արվեստի հարցերով կոմիտեին շտկել իրավիճակը խորհրդային երաժշտության մեջ, վերացնել Կենտկոմի այս հրամանագրում նշված թերությունները և ապահովել խորհրդային երաժշտության զարգացումը իրատեսական ուղղությամբ։
  3. Սովետական կոմպոզիտորներին կոչ անել տոգորվել այն բարձր պահանջների գիտակցությամբ, որոնք սովետական ժողովուրդը դնում է երաժշտական ստեղծագործության առջև, և իրենց ճանապարհից դեն նետելով այն ամենը, ինչը թուլացնում է մեր երաժշտությունը և խոչընդոտում դրա զարգացմանը, ապահովել ստեղծագործական այնպիսի վերելք, որն արագորեն առաջ կտանի խորհրդային երաժշտական մշակույթը և կհանգեցնի ստեղծագործության բոլոր ոլորտներում խորհրդային ժողովրդին վայել լիարժեք, բարձրորակ երաժշտական ստեղծագործությունների ստեղծման։
  4. Հաստատել համապատասխան կուսակցական և խորհրդային մարմինների կազմակերպչական միջոցառումները` ուղղված երաժշտական գործերի կատարելագործմանը[7]

Արամ Խաչատրյանի մտորումները խմբագրել

«Ինչպե՜ս էինք բոլորս սպասում մեր սահմանադիր համագումարին։ Եվ հենց այստեղ, հենց այս ժամանակ անիրավացիորեն ու անարդարացիորեն հարվածեցին իմ գլխին... Ես ճնշված էի, ոչնչացված։ Լրջորեն մտածում էի մասնագիտությունս փոխելու մասին...», - տարիներ անց պատմում է Արամ Խաչատրյանը։

Խաչատրյանի պարագայում քննադատության օբյեկտ դարձավ իր Սիմֆոնիա-պոեմը, չնայած քննադատության թիրախ դարձան նաև Թավջութակի կոնցերտը, և անգամ Գայանե բալետն ու Երկրորդ սիմֆոնիան։ Սուր քննադատության ենթարկվեց նաև Արամ Խաչատրյանը որպես Խորհրդային կոմպոզիտորների միության կազմկոմիտեի ղեկավար։ Շատ ծանր փորձություններ նա ստիպված եղավ հաղթահարել։ Ի համեմամատություն շատերի՝ Արամ Խաչատրյանը ամենաքիչն էր պատրաստ նման վերաբերմունքի և քննադատության։ Նա բոլորովին այլ կերպ արձագանքեց այս իրադարձություններին. «Դրանք ինձ համար ողբերգական օրեր էին։ Ես 11 տարի եմ նվիրել Կոմպոզիտորների միության կազմակերպչական և կառավարման գործունեությանը»[8]։

  ՍՍՀՄ Կոմպոզիտորների միության Կազմկոմիտեում իմ աշխատանքը մի ամբողջ ժամանակաշրջան է իմ կյանքում  և սովետական երաժշտության պատմության մեջ։ Կազմկոմիտեն նաև իմ հիվանդագին հարցն է։ ….ՍՍՀՄ ԿՄ Կազմկոմիտեն ինձ համար կին էր, որի հետ ապրել եմ հետաքրքիր, սակայն տանջալի 11 տարի։ ՍԿՄ-ն ինձ շատ բան է սովորեցրել։ Ինձ համար սա երկրորդ կոնսերվատորիա էր։ Ես շարունակ շփվում և աշխատում էի այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Գլիերը, Մյասկովսկին, Պրոկոֆևը, Շեբալինը, շատ դեպքերում՝ Շոստակովիչը, Դունաևսկին և ուրիշներ։ Դա գերազանց դպրոց էր ինձ համար։ ՍԿՄ աշխատանքին ես 11 տարի եմ նվիրել։ Ամբողջ օրերով մնում էի այնտեղ։ Դա նշանակում է, որ հիմա մինուս 11 ստեղծագործություն ունեմ։ 1939 թվականին հիմնված ՍԿՄ-ն պետք է գիտակցում ձևավորել, թե ինչ բան է սովետական երաժշտությունը։ Հարկ էր հավաքել, ընկալել, հանրագումարի բերել մինչև 1939 թվականը գրված ամեն ինչ և սովետական երաժշտության զարգացման ուղիները նշել ապագայի համար։ Այն ժամանակ սովետական երաժշտական գեղագիտություն գոյություն իսկ չուներ։ Եվ դա պետք էր ստեղծել ու ստեղծվում էր այն տարիներին։ Վերջապես պետք էր ստեղծել ՍԿՄ նյութական հիմքը[9]։
- Արամ Խաչատրյան,
Մ.Գ. Հարությունյանին, 22 հուլիսի 1966 թվական, Մոսկվա, Սնիգիրի
 
  Ես սրտանց ցանկացել եմ Հոկտեմբերի 30-րդ տարեդարձին նվիրված մի ինչ-որ խոշոր, հանդիսավոր, արտասովոր բան գրել։ Իմ մեծ գաղափարների (ես այդպես էի կարծում) արտահայտման համար միջոցներ էի փնտրում։ Ցանկանում էի գրել այնպիսի ստեղծագործություն, որ ունկնդիրը առանց բացատրության զգար իմ չգրած ծրագիրը։ Ցանկանում էի այդ ստեղծագործության մեջ արտահայտել սովետական ժողովրդի երջանկության և հպարտության զգացումը իր մեծ և հզոր հայրենիքի հանդեպ։ Բայց, ըստ երևույթին, միջոցների ընտրության հարցում ես սխալվեցի։ Այստեղից էլ հանդես եկան իմ շեփորները մեծ քանակությամբ, դա ստիպեց ինձ դիմել երգեհոնին, ինձ համար հետաքրքրական էր երգեհոնը «հոգևոր» վիճակից փոխադրել աշխարհիկ վիճակի։ Մինչև այսօր գոյություն ունեցող բոլոր գործիքները ծառայել են մեր արվեստին, միայն երգեհոնը չի օգտագործվել այն պլանով, որի մասին ես վերևում խոսեցի։ Բայց, ըստ երևույթին, ինձ մոտ չստացվեց։ Ես հրապուրվեցի իրերի արտաքին տեսքով և չկարողացա ժամանակին պահպանել չափի զգացումը։ Ես այժմ վերհիշում եմ իմ Սիմֆոնիա-պոեմի ստեղծման ողջ գործընթացը և համոզվում դրանում։ Հավանաբար, եթե այս քննադատությունը ավելի վաղ լիներ, ես առավել խստությամբ կվերահսկեի ինձ…[10]։
- Արամ Խաչատրյան
 

Դառն խոստովանության այս խոսքերը հուզմունքով, բայց և արժանապատվությամբ հնչեցին կուսակցության Կենտկոմում սովետական երաժշտական գործիչների հիշարժան խորհրդակցությունում Խաչատրյանի արտասանած ելույթում։

1948 թվականի ամառը Արամ Խաչատրյանը անցկացնում է Ժելեզնավոդսկում և Կիսլավոդսկում։ Աստիճանաբար հասունանում է Հայրենիք մեկնելու որոշումը։ Սեպտեմբերի սկզբին Արամ Խաչատրյանը մեկնում է Երևան։ Նա օգտագործում է այս հնարավորությունը գտնվելու հայրենի երկրում` Հայաստանում։ Այցելելում է Հայաստանի տարբեր քաղաքները, հեռավոր շրջանների գյուղերը` ավելի խորը ուսումնասիրելու իր ժողովրդի երաժշտական ավանդույթները։

Հայաստանում անցկացրած օրերը բարերար ազդեցություն ունեցան Արամ Խաչատրյանի վրա։ Նրա շատ նամակներում է արտահայտված որդիական սիրո և հայրենիքի մասին իր զգացմունքները։ «Հաճույքով եմ հիշում իմ ուղևորությունը Երևան, հանդիպումները բարեկամներիս հետ և շատ շնորհակալ եմ հայ ժողովրդին ջերմ ընդունելության համար։ Ես կարծում էր, որ պարտք եմ իմ ժողովրդին, որն այդպես սիրառատ է իմ նկատմամբ։ Արվեստագետի համար ավելի մեծ պարգև չկա, քան այն, ինչ ես ստացա իմ Հայրենիքում»,– Կոնստանտին Սարաջևին ուղղված նամակում գրում է Արամ Խաչատրյանը[11]։

  Հարազատ Հայաստանի համար ես պատրաստ եմ անել այն ամենը, ինչքան կներեն ուժերս (…): Ես շատ շնորհակալ եմ հայ ժողովրդին իմ նկատմամբ դրսևորած վերաբերմունքի համար, խոնարհվում եմ նրա առաջ և ինձ պարտական համարում։ Ես պետք է դեռ շատ գրեմ և լավ գրեմ, որպեսզի վաստակեմ այն, ինչ ինձ իմ ժողովուրդն է պարգևում[12]։
- Արամ Խաչատրյան,
Ա․Կ․Գուլակյանին, 2 մարտի 1953 թվական, Մոսկվա
 

Շատ չանցած Կենտկոմը 1958 թվականի մայիսի 28–ի որոշմամբ հայտարարում է․ «ԽՄԿԿ Կենտկոմը նշում է, որ Մուրադելիի «Մեծ բարեկամություն» օպերայի վերաբերյալ Կենտկոմի բանաձևը, ընդհանուր առմամբ, դրական դեր է խաղացել խորհրդային երաժշտական արվեստի զարգացման գործում։ Միևնույն ժամանակ, սույն հրամանագրով տրված առանձին կոմպոզիտորների ստեղծագործությունների մասին գնահատականները մի շարք դեպքերում անհիմն էին և անարդար։ 1948 թվականի որոշման մեջ թույլ են տրվել մի քանի սովետական տաղանդավոր կոմպոզիտորների ստեղծագործությունների որոշ անարդարացի և չհիմնավորված հապճեպ գնահատականներ։ Մասնավորապես, Ս․ Պրոկոֆևը, Դ․ Շոստակովիչը, Ա․ Խաչատրյանը Վ. Շեբալինը, Գ. Պոպովը, Ն. Մյասկովսկին և ուրիշներ, որոնց առանձին գործերում ոչ ճիշտ միտումներ էին երևացել, անապացույց որակվեցին որպես հակաժողովրդական ֆորմալիստական ուղղության ներկայացուցիչներ»[13]։

Կարճատև հիասթափությունից հետո Մաեստրոյի ստեղծագործական կյանքում նորից սկսվեցին վերելքի տարիներ։

Կառուցվածք խմբագրել

Սիմֆոնիան մեկ մասից բաղկացած ստեղծագործություն է՝ Allegro moderato, maestoso։

Այն գրված է հետևյալ գործիքային կազմի համար՝

Փայտյա փողայիններ

Պղնձյա փողայիններ

Հարվածային գործիքներ

Լարային գործիքներ

տավիղի, 15 մենակատար շեփորների և երգեհոնի համար։

Սկավառակագրություն խմբագրել

  • Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբ - Լեոպոլդ Ստոկովսկի, (RCA Red Seal), 1969։
  • Մոսկվայի ֆիլհարմոնիա – Կիրիլ Կոնդրաշին, երգեհոնահար՝ Հարի Յակովլևիչ Գրոդբերգ, (Melodiya), 1960–ականներ։
  • Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախումբ - Եվգենի Մռավինսկի, (Melodiya), 1983:
  • Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ – Լորիս Ճգնավորյան, (ASV), 1993.
  • BBC ֆիլհարմոնիա - Ֆեդոր Գլուշչենկո, (Chandos), 1993․

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Арам Хачатурян: письмo, А. А. Дарбиняну, 13 апреля 1967 г., Москва – стр. 301 из сборника: Письма / Арам Хачатурян. - Ер.: Дом-музей Арама Хачатуряна, “Гракан Айреник” ЗАО (изд-во “Айастан”), 2018, стр. 504.
  2. Хачатурян А. [О моих симфониях]. – Музыкальная жизнь, 1970, № 3. Цит. по кн.: Арам Хачатурян. Статьи и воспоминания. -М., 1980, с. 125.
  3. Арам Хачатурян: письмo, В. А. Золотареву, 27 декабря 1947 г., Москва – стр. 75 из сборника: Письма / Арам Хачатурян. - Ер.: Дом-музей Арама Хачатуряна, “Гракан Айреник” ЗАО (изд-во “Айастан”), 2018, стр. 504.
  4. Тигранов Г., Арам Ильич Хачатурян.- Л., 1978, с. 89.
  5. 1945 թվականին (կենտրոնական թերթերից մեկի համար) Ա․Խաչատրյանի գրած «Սովետական սիմֆոնիկ երաժշտությունը» հոդվածը․ ցավոք, հոդվածը մնացել է չհրապարակված և Գ. Խուբովի Արամ Խաչատրյան գրքում մեջբերված է ըստ ձեռագրի։
  6. Գ. Խուբով, Արամ Խաչատրյան, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1977 թ., էջ 343-360։
  7. «Постановление Политбюро ЦК ВКП(б) Об опере "Великая дружба" В.Мурадели». 10 февраля 1948 г.
  8. Юзефович В., (1990)։ Арам Хачатурян: Монография.։ – М.։ էջ 169․
  9. Арам Хачатурян: письмo, М. Г. Арутюняну, 22 июля 1966 г., Москва, Снегирин– стр. 288 из сборника: Письма / Арам Хачатурян. - Ер.: Дом-музей Арама Хачатуряна, “Гракан Айреник” ЗАО (изд-во “Айастан”), 2018, стр. 504.
  10. Совещание деятелей советской музыки в ЦК ВКП (б),  Москва, 1948 год. Издательство "Правда", стр. 33-41.
  11. Арам Хачатурян: письмo, К. С. Сараджеву, 1 декабря 1951 г., Москва - стр. 123 из сборника: Письма / Арам Хачатурян. - Ер.: Дом-музей Арама Хачатуряна, “Гракан Айреник” ЗАО (изд-во “Айастан”), 2018, стр. 504.
  12. Арам Хачатурян: письмo, А. К. Гулакяну, 2 марта 1953 г., Москва - стр. 131 из сборника: Письма / Арам Хачатурян. - Ер.: Дом-музей Арама Хачатуряна, “Гракан Айреник” ЗАО (изд-во “Айастан”), 2018, стр. 504.
  13. Постановление ЦК КПСС от 28 мая 1958 года (04.09.2021). «Об исправлении ошибок в оценке опер «Великая дружба», «Богдан Хмельницкий» и «От всего сердца»». Правда. № 159 (14553). Վերցված է 04.09.2021-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)