«Սառցե օրիորդ» (դան․՝ Iisjomfruen, ռուս.՝ Ледяная дева), Հանս Քրիստիան Անդերսենի կողմից 1861 թվականին գրված և «Նոր հեքիաթներ և պատմություններ» շարքում զետեղված պատմվածք–հեքիաթ։ Ստեղծագործության այլ անվանումներից են «Սառույցների օրիորդը», «Սառցուհին»։

Սառցե օրիորդ
դան․՝ Iisjomfruen
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
Ձևպատմվածք
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Երկիր Դանիա
Բնագիր լեզուդանիերեն
Գրվել է1861
Հրատարակվել էնոյեմբերի 25, 1861
 The Ice Maiden

Հեքիաթը գրվել է Անդերսենի՝ Շվեյցարիայում եղած ժամանակ։ Էպիզոդների մի մասը՝ մասնավորապես երիտասարդ արծվին որսալու պատմությունը, ստեղծվել է բավարական ժողովրդական բանահյուսության հիման վրա[1]։

Իգոր Ստրավինսկու «Փերու համբույրը» բալետի հիմքում ընկած է հեքիաթի սյուժեն (1928 թվական)։

Սյուժե խմբագրել

Կյանքը բարեհաճ չէր գտնվել Ռուդիի հանդեպ։ Երբ բոլորել էր տղայի մեկ տարին, զոհվել էր նրա հայրը։ Մայրը, որոշելով երեխայի հետ վերադառնալ հարազատների մոտ՝ Բեռնյան լեռնաշխարհ, չի կարողացել հաղթահարել ձյունածածկ լեռնաշղթան, գլորվել է կիրճը և վախճանվել։ Ռուդին, ում մայրը պահել էր գրկում, հրաշքով ողջ է մնում։ Տեղաբնակներն ասում էին, որ կիրճում տղային համբուրել է այդ տարածքի տիրուհին՝ Սառցե օրիորդը։ Այդ ժամանակվանից ի վեր տղան զրկվում է մանկական ուրախությունից։

Մինչև ութ տարեկանը, Ռուդին դաստիարակվում է պապի մոտ, ապա տեղափոխվում Ռոնի լեռնահովտում ապրող հորեղբոր ընտանիք։ Հորեղբայրը զարմիկին տանում էր որսի, սովորեցնում քայլել ապառաժոտ արահետներով և ճիշտ կողմնորոշվել ձնահյուսքի ժամանակ։ Քսան տարեկանում Ռուդին դարձել էր Վալե կանտոնի լավագույն հրաձիգը և ամենավստահելի ուղեկցորդը լեռներում։ Պարերի ժամանակ աղջիկները հաճույքով հետևում էին համակրելի արևառ երիտասարդին։ Սակայն Ռուդիի երազանքը հարուստ ջրաղացպանի դուստր Բաբետան էր։ Աղջկա հայրը, տեղեկանալով երիտասարդ որսորդի մտադրության մասին, պայման է դնում․ նա իր աղջկան կնության կտա միայն այն դեպքում, եթե Ռուդին նրանց համար բերի երիտասարդ արծվին։ Առաջադրանքը բարդ էր, բայց Ռուդիին հաջողվում է հասնել արծվի բնին։ Ջրաղացպանը, ստանալով կենդանի թռչունին, համաձայնվում է ամռանը կազմակերպել հարսանիքը։

Մինչ հարսանիքը, հարսնացուն և փեսացուն բավական փորձություններ են հաղթահարում․ Բաբետային փորձում է սիրահետել նրա հորեղբորորդին, լեռներում Ռուդին հանդիպում է Սառցե օրիորդի հետ, սիրահարների հարաբերությունները երբեմն խզման եզրին են հասնում։ Պսակադրության նախօրյակին նրանք ուղևորվում են Վիլնյով։ Քաղաքում զբոսանքի ժամանակ Բաբետան ցանկություն է հայտնում գնալ կղզյակ, որի արտաքին տեսքը հիշեցնում էր ջրի վրա լողացող ծաղկեփնջի։ Ափին մակույկ կար, և Ռուդին նստում է թիավարելու։ Հասնելով կղզուն՝ սիրահարները միանգամից չեն նկատում, որ մակույկն արձակվել և հեռացել է ափից։ Ռուդին նետվում է մակույկի հետևից և կրկին ընկնում Սառցե օրիորդի գիրկը։ Այս անգամ պարզվում է, որ նրա համբույրները մահացու էին. պատանին անհետանում է ջրի մեջ։

Բաբետան տեսնում է՝ ինչպես է սպանվում իր փեսացուն։ Նա ողջ գիշեր կղզում լաց է լինում։ Հաջորդ առավոտյան նրա հուսահատ ճիչերը գրավում են փրկարարների ուշադրությունը։ Չկայացած հարսանիքից հետո աղջիկը մնում է ապրելու հոր հետ։ Երեկոյան նա նայում էր ձյունապատ բարձունքներին և մտածում Ռուդիի մասին։

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

«Սառցե օրիորդը» «Ձյունե թագուհին» հեքիաթի թեմայով գրված ավելի ուշ տարբերակն է՝ ստեղծված ավելի իրական ձևով։ Եթե Կայի և Գերդայի դեպքում առկա է կախարդական հայելի, որի բեկորները խոցում են տղայի սիրտը, ապա «Սառցե օրիորդ» հեքիաթում Ռուդին և Բաբետան ենթարկվում են չար ուժերի ազդեցությանը[2]։ «Ձյունե թագուհին» հեքիաթի վերջում Գերդային հաջողվում է փրկել եղբայրացուին՝ իր անշահախնդիր սիրով և ջերմ արցունքներով։ Նմանատիպ իրավիճակում Բաբետան անկարող է գտնվում, քանի որ նրա և Ռուդիի զգացմունքները ադքան էլ անվարան չէին։ Արտաքին հաջողությունները նրանցից յուրաքանչյուրի համար երբեմն ավելի մեծարժեք էր, քան միմյանց սրտերի կապվածությունը[3]։

Գրականագետ Թամարա Սիլմանի կարծիքով Սառցե օրիորդի կերպարը մոտ է ոչ միայն Ձյունե թագուհուն, այլև անդերսենյան «Ջրահարսին»[4].

  Ժողովրդական բանահյուսության ավանդույթների մեջ դրանք բնության ուժերի նյութականացված կերպարներն են։ Նրանց բնավորությունը, եթե ոչ ամբողջությամբ, ապա ամեն դեպքում տատանումների որոշ լայնույթում բնորոշվում է մարդու վրա այդ ուժերի ազդեցության ինքնատիպությամբ (լեռնային գետերի սառնությունը, ճամփորդի սարսափը ձնահյուսքի հանդեպ, լճերի նենգ և վտանգավոր խորությունը)։  

Այլ գրական կերպարների` Հոֆմանի Մուռա Կատվի հետ նմանությունը դրսևորվում է նրանով, որ հերոսների կյանքի մասին շատ իրադարձություններին ընթերցողը տեղեկանում է ջրաղացում ապրող ընտանի կենդանիներից։ Որոշակի պահից Անդերսենը պատմությունը «ճեղքում է» երկու մասի. Ռուդիի և Բաբետայի փոխհարաբերության պատմությունը ներկայացնում է հեղինակը. առավել «գետնամերձ» շրջանի նորությունների մասին միմյանց հետ կիսվում են ջրաղացպանի տանն ապրող կատուները։ Երկրորդ կենցաղային ծրագիրը հեքիաթի մեջ ներմուծում է «հումորով նրբերանգված սոցիալական սատիրայի տարր»[5]։

Մարիա Բեկետովան Անդերսենի ստեղծագործության մասին ակնարկում նշել է, որ այդ գրողի համար չափազանց կարևոր է եզրափակիչ արտահայտությունը[6].

  Նա չէր հավատում ոչ մի բանի վերջնական վատ լինելուն և գտնում էր, որ ամեն ինչ լավ է ավարտվում։ Նույնիսկ նրա «Սառցե օրիորդ» հեքիաթը, չնայած ծայրաստիճան տխուր ավարտին, եզրափակվում է հետևյալ արտահայտությամբ. «Ամեն ինչ դեպի լավն է գնում»։  

Ադապտացիա խմբագրել

1928 թվականի նոյեմբերին Գրանդ օպերայում տեղի է ունեցել Իգոր Ստրավինսկու «Փերու համբույրը» բալետի պրեմիերան, որը ստեղծվել է «Սառցե օրիորդ» հեքիաթի մոտիվներով (լիբրետոյի հեղինակ՝ Իգոր Ստրավինսկի, նկարիչ՝ Ալեքսանդր Բենուա, բեմադրող՝ Բրոնիսլավա Նիժինսկայա)։ Խորագրին նախորդում է հեղինակային ճշգրտումը. «Այլաբանական բալետ՝ չորս պատկերներով՝ ներշնչված Պյոտր Չայկովսկու երաժշտությամբ»[7]:

  Երաժշտությունը հորինված է Չայկովսկու ավանդույթով, բայց ոչ միայն ոճավորված է, այլև հեղինակի կողմից վերաիմաստավորվել է՝ հեղինակի ժամանակի աշխարհայացքով։ <...> Դա նրա «երաժշտական ընծան» է երաժշտության և սիմֆոնիաների ռուս մեծանուն հեղինակին։  

Բալետի առաջին և չորրորդ պատկերները, որոնց ժամանակ տեղի է ունենում Պատանու և Փերու հանդիպումը[7], հագեցած են լիրիկայով[8]։ Երկրորդում և երրորդում (իրենցից ներկայացնում են գյուղական խնջույք և հարսանիքի նախապատրաստում)[7] ներառված են մեջբերումներ Չայկովսկու այնպիսի ստեղծագործություններից, ինչպիսիք են «Գյուղացին նվագում է շրթահարմոն», Հումորեսկա, «Քնած գեղեցկուհի»[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Х. К. Андерсен (1875). «Примечания Андерсена к полному собранию сказок и рассказов». Rolighed. Небесное искусство. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
  2. Т. Сильман Сказки Андерсена // Х. К. Андерсен. Сказки и истории. — Л.: Художественная литература, 1969. — Т. 1. — С. 19. — 580 с.
  3. Т. Сильман Сказки Андерсена // Х. К. Андерсен. Сказки и истории. — Л.: Художественная литература, 1969. — Т. 1. — С. 20. — 580 с.
  4. Т. Сильман Сказки Андерсена // Х. К. Андерсен. Сказки и истории. — Л.: Художественная литература, 1969. — Т. 1. — С. 21. — 580 с.
  5. Т. Сильман Сказки Андерсена // Х. К. Андерсен. Сказки и истории. — Л.: Художественная литература, 1969. — Т. 1. — С. 22. — 580 с.
  6. М. Бекетова Андерсен. Его жизнь и литературная деятельность. — СПб.: Типография Высочайше утверждённого товарищества «Общественная польза», 1892. — 80 с. — (Жизнь замечательных людей. Биографическая библиотека Ф. Павленкова).
  7. 7,0 7,1 7,2 Инна Астахова. «И. Ф. Стравинский. «Поцелуй феи»». Единая коллекция цифровых образовательных ресурсов. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
  8. 8,0 8,1 В. В. Смирнов И. Ф. Стравинский // История зарубежной музыки — 6. — Спб.: Композитор, 2001. — ISBN 5-7379-0066-5