«Ձյունե թագուհին» (դան․՝ Snedronningen), Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը, որը կազմված է 7 գլխից, առաջին անգամ հրատարակվել է 1844 թվականի դեկտեմբերի 21-ին՝ «Նոր հեքիաթներ։ Առաջին հատոր։ Երկրորդ հավաքածու։ 1845։» (դան․՝ Nye Eventyr. Første Bind. Anden Samling. 1845.) հատորում։ Անդերսենի ամենաերկար և ամենահայտնի հեքիաթներից մեկն է։ Ըստ կենսագիր Քերոլ Ռոուզենի՝ սառցե սրտով Ձյունե թագուհու նախատիպը եղել է օպերային երգչուհի Ջեննի Լինդը[3], որին անպատասխան սիրել է Անդերսենը. նրանք ծանոթացել են 1840 թվականին։

Ձյունե թագուհին
դան․՝ Snedronningen
«Ձյունե թագուհին» հեքիաթի նկարազարդումը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Երկիր Դանիա
Բնագիր լեզուդանիերեն
Գրվել է1844
ԿերպարներKay?, Gerda?, The Snow Queen? և Q119938384?
Հրատարակվել էդեկտեմբերի 21, 1844[1]
 The Snow Queen
«Ձյունե թագուհին» հեքիաթի նկարազարդումը, որի հեղինակը Վիլհելմ Պեդերսենն է՝ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթների առաջին նկարազարդողներից մեկը[2]։

Սյուժե

խմբագրել

Պատում առաջին։ Հայելու և իր փշուրների մասին

խմբագրել
 
Հայելին տանող տրոլները

Չար դևիկը պատրաստում է մի հայելի, որի մեջ ամեն բարի և գեղեցիկ բան արտացոլվում է որպես չար ու այլանդակ, իսկ չարն ուղղակի աչք էր ծակում և ավելի վատ երևում։ Մի անգամ թրոլի աշակերտները վերցնում են հայելին և սկսում ամենուր շրջել դրանով։ Ի վերջո նրանք որոշում են բարձրանալ երկինք, «որպեսզի ծաղրեն Աստծուն»։

Որքան ավելի էին բարձրանում, հայելին այնքան ավելի շատ էր ծռվում։ Եվ նրանք հազիվ էին բռնած պահում։ Այսպես ավելի ու ավելի վերև էին թռչում դևիկի աշակերտները, մեկ էլ հանկարծ հայելին այնպես ծռվեց ու դողդողաց, որ ձեռքներից դուրս պրծավ, ընկավ գետին և փշուր-փշուր եղավ։ Բայց հայելու միլիոնավոր փշուրներն անհամեմատ ավելի շատ վնաս պատճառեցին, քան ինքը հայելին։ Այդ փշուրներից մի քանիսը, ընդամենը ավազի հատիկի մեծությամբ, աշխարհից աշխարհ թռչելով, երբեմն ընկնում էին մարդկանց աչքերի մեջ և այնտեղ էլ մնում։ Եվ այն մարդը, ում աչքի մեջ այդպիսի փշուր էր ընկնում, սկսում էր ամեն ինչ գլխիվայր տեսնել, ամեն բանի մեջ միայն վատն էր տեսնում, որովհետև հայելու ամեն մի փշուր ուներ նույն հատկությունը, ինչ որ առաջ ամբողջ հայելին։ Պատահում էր նաև, որ փշուրներն ընկնում էին մարդկանց սիրտը, և դա ամենից վատն էր․ սիրտը սառույցի կտոր էր դառնում։ Հայելու բեկորների մեջ կային և մեծերը, այնպիսի բեկորներ, որոնցից ակնոցներ շինեցին, բայց վա՜յ այն մարդուն, ով այդ ակնոցը կդներ իրերին նայելու և դրանց մասին ճիշտ դատելու նպատակով։ Իսկ չար դևիկը քրքջում էր այդ ամենի վրա։

Պատում երկրորդ։ Տղան ու աղջիկը

խմբագրել
 
Բելառուսական նամականիշ Հ․ Ք․ Անդերսենի դիմանկարով և «Ձյունե թագուհին» հեքիաթի նկարազարդմամբ ֆոնով։ Թողարկվել է գրողի 200-ամյակի առթիվ։

Մի մեծ քաղաքում ապրում էին երկու աղքատ երեխա՝ Կայը և Գերդան։ Նրանք ազգականներ չէին, բայց իրար սիրում էին քույր ու եղբոր պես։ Երկու ընտանիքներն էլ աճեցնում են գեղեցիկ վարդեր, և երեխաները սիրում են նստել վարդերի թփերի մոտ։ Ձմռանը, ճիշտ է, այգում հնարավոր չէր խաղալ, այդ պատճառով էլ նրանք միմյանց հյուր էին գնում։

Ամռանը նրանք կարող էին մի ոստյունով մեկը մյուսի տունն ընկնել, մինչդեռ ձմռանը պետք է նախ շատ ու շատ աստիճան իջնեին, և հետո նույնքան աստիճան վեր բարձրանային։ Իսկ բակում ճախրում էին ձյան փաթիլները։
− Դա սպիտակ մեղուների պարս է,− ասում էր պառավ տատիկը։
− Իսկ նրանք է՞լ թագուհի ունեն,− հարցնում էր տղան․ նա գիտեր, որ իսկական մեղուները թագուհի են ունենում։
− Ունե՛ն,− պատասխանում էր տատիկը։− Նա այնտեղ է, որտեղ պարսն ամենից ավելի խիտ է։ Նա բոլորից մեծ է, և երբեք երկար ժամանակով գետնին չի մնում, միշտ թռչում է՝ սև ամպին բազմած։ Հաճախ գիշերները նա թռչում է քաղաքի փողոցներով և լուսամուտներից ներս նայում, և այդ ժամանակ լուսամուտները ծածկվում են սառցե նախշերով, որոնք կարծես ծաղիկներ լինեն։

Անցնում է որոշ ժամանակ։ Ամռանը Կայն ու Գերդան նստած են իրենց այգում՝ վարդերի մոտ։ Եվ ահա այդ պահին Կայի աչքն ընկնում է սատանայական հայելու փոքրիկ կտորը։ Նրա սիրտը դառնում է սառույցի կտոր. նա ծիծաղում է տատի վրա և ծաղրում Գերդային։ Վարդերի գեղեցկությունն այլևս նրան չի հուզում, նրան չեն հիացնում ձյան փաթիլների մաթեմատիկական իդեալական ձևերը («ոչ մի անկանոն գիծ չկա»)։ Մի անգամ Կայը հրապարակում սահնակ էր քշում։ Ավելի համարձակներն իրենց սահնակները կապում էին գյուղացիների սահնակներին և բավականին երկար տարածություն անցնում։ Հրապարակում հայտնվում է մի մեծ սպիտակ սահնակ։ Կայն իր սահնակը կապում է այդ սահնակից և սլանում նրա հետ։ Մեծ սահնակը սլանում է ավելի ու ավելի արագ։ Նրանք դուրս են գալիս քաղաքի դարպասներից։ Դա Ձյունե թագուհու սահնակն էր։

Պատում երրորդ։ Կախարդել իմացող կնոջ ծաղկանոցը

խմբագրել
 
Գերդան ծաղկանոցում: Լինոլեումե փորագրումը Դմիտրի Բրյուխանովի:

Գերդան գնում է Կային փնտրելու։ Իր ճանապարհին նա հանդիպում է մի կախարդ կնոջ։ Պառավը Գերդային հրավիրում է իր տանը գիշերելու և որոշում է նրան որդեգրել ու պահել իր մոտ։ Նա սանրում է աղջկա մազերը, ինչի հետևանքով վերջինս մոռանում է Կային։ Պառավը կախարդանքով թաքցնում է իր ծաղկանոցի բոլոր վարդերը, որպեսզի աղջիկը չհիշի Կային, բայց մոռանում է թաքցնել գլխարկի վրայի վարդերը։

Մի անգամ այդ գլխարկն ընկնում է Գերդայի աչքին։ Վերջինս ամեն ինչ հիշում է և սկսում լաց լինել։ Այնտեղ, որտեղ թափվում էին նրա արցունքները, ծաղկում էին ոչնչացված վարդերը։ Գերդան նրանց հարցնում է.

...դուք հավատո՞ւմ եք, որ նա [Կայը] մեռել է ու այլևս չի վերադառնա։

Ստանալով բացասական պատասխան՝ նա հասկանում է, որ դեռ կարող է փրկել Կային, և ճանապարհ է ընկնում։

Պատում չորրորդ։ Արքայազնը և արքայադուստրը

խմբագրել

Լքելով կախարդուհու պարտեզը, որտեղ միշտ ամառ էր՝ Գերդան հասկանում է, որ իրականում արդեն աշուն է, և որոշում է շտապել։ Ճանապարհին նա հանդիպում է ագռավին, որն իր հարսնացուի հետ ապրում էր տեղի թագավորի պալատում։ Նրա հետ ունեցած զրույցից Գերդան եզրակացնում է, որ արքայադստեր փեսացուն Կայն է, և ագռավին համոզում է իրեն ուղեկցել պալատ՝ Կային տեսնելու։ Պարզվում է, որ նա սխալվել է, բայց, արքայադուստրն ու նրա փեսացուն լսելով Գերդայի պատմությունը, նրան խղճում են և նվիրում «և՛ մաշիկ, և՛ ձեռնամուշտակ, և՛ սքանչելի հագուստ», և՛ ոսկե կառք, որպեսզի նա արագ գտնի Կային։

Պատում հինգերորդ։ Փոքրիկ ավազակուհին

խմբագրել

Ճանապարհին Գերդայի կառքի վրա հարձակվում են ավազակները։ Նրանք սպանում են ֆորեյտորին, կառապանին և սպասավորին, վերցնում կառքը, ձիերն ու Գերդայի թանկարժեք զգեստները։ Իսկ Գերդան դառնում է ավազակապետուհու քմահաճ, անդաստիարակ, ագահ, բայց և միայնակ դստեր ավարը։ Ավազակուհին Գերդային տեղավորում է իր գազանանոցում։ Աղջիկը տիրուհուն պատմում է իր պատմությունը, վերջինս հուզվում է և Գերդային ծանոթացնում հյուսիսային եղջերուի՝ գազանանոցի հպարտության հետ։ Եղջերուն Գերդային պատմում է իր հեռավոր հայրենիքի մասին, որտեղ իշխում է Ձյունե թագուհին։

Այո՛, այնտեղ հավերժական ձյուն է ու սառույց, որքան հրաշալի է այնտեղ... Այնտեղ է Ձյունե թագուհու ամառային տաղավարը, բայց նրա մշտական ապարանքները Հյուսիսային բևեռի մոտ են, Շպիցբերգեն կղզում։

Գերդան կռահում է, որ հենց Ձյունե թագուհին է Կային իր մոտ պահում։ Փոքրիկ ավազակուհու համաձայնությամբ նա հյուսիսային եղջերուի հետ ճանապարհ է ընկնում։

Պատում վեցերորդ։ Լապլանդուհին և ֆիննուհին

խմբագրել

Ճանապարհին Գերդան եղջերուի հետ գիշերում է հյուրասեր լապլանդուհու մոտ, որը, լսելով նրանց պատմությունը, ճանապարհորդներին խորհուրդ է տալիս այցելել կախարդ ֆիննուհուն։ Եղջերուն, հետևելով նրա խոսքերին, Գերդայի հետ գնում է ֆիննուհու մոտ և նրանից աղջկա համար խնդրում «այնպիսի խմիչք, որ նրան տասներկու դյուցազնի ուժ տա»։ Ֆիննուհին պատասխանում է, որ Գերդային այդպիսի խմիչք անհրաժեշտ չէ. «Գերդայի ուժն այն է, որ նա անմեղ, դուրեկան երեխա է»։ Բաժանվելով ֆիննուհուց՝ Գերդան եղջերուի հետ հասնում է Ձյունե թագուհու պալատ։ Այնտեղ նրանք բաժանվում են. այդտեղից աղջիկը պետք է մենակ գնար։

Պատում յոթերորդ։ Ինչ կար Ձյունե թագուհու ապարանքում և ինչ պատահեց հետո

խմբագրել

Չնայած բոլոր արգելքներին՝ Գերդան հասնում է Ձյունե թագուհու ապարանքին և Կային գտնում միայնության մեջ. նա սառցե ֆիգուրներ էր դասավորում և ուզում էր սարքել «հավերժություն» բառը։ Դա իր գնալուց առաջ հանձնարարել էր Ձյունե թագուհին (ըստ նրա՝ եթե Կայը կարողանար դա անել, ապա նա կլինի ինքն իր գլխի տերը, և ինքը կնվիրի նրան «ամբողջ աշխարհը և մի զույգ նոր չմուշկներ»)։ Կայն սկզբում չի ճանաչում Գերդային, բայց վերջինս երգում է նրա սիրելի սաղմոսը․

Վարդերն են ծաղկել՝ ինչպես դրախտում,
Մանուկ Հիսուսի գալն են ավետում․․․

Կայը հիշում է Գերդային։ Հայելու մյուս բեկորն արցունքի հետ դուրս է գալիս նրա աչքից։ Այնպիսի ուրախություն էր, որ նույնիսկ սառցաբեկորներն էին պարում։ Այժմ Կայն ինքն էր իր տերը։ Նրանք վերադառնում են տուն։ Ճանապարհին հանդիպում են եղջերուին, հետո ֆիննուհուն և լապլանդուհուն։ Անտառում հանդիպում են ավազակուհուն, որը պատմում է, որ ագռավը մահացել է և նրա կինը դարձել է այրի։ Իսկ տանը Կային և Գերդային սպասում են վարդերի հրաշալի թփերը։

Գրաքննություն

խմբագրել
 
«Ձյունե թագուհին» գեղարվեստական նամականիշներ «Հեքիաթների աշխարհ» շարքից: Շրջանառության մեջ է դրվել 2011 թվականի սեպտեմբերի 11-ին Ուկրփոստի կողմից: Նկարիչ՝ Վլադիսլավ Երկո:

Հեքիաթի խորհրդային հրատարակումներում բաց են թողնվել քրիստոնեական մոտիվները.

  • Չի թարգմանվել սաղմոսը, որը երգում էին Կայն ու Գերդան։
  • Բացակայում են հիշատակումները Տերունական աղոթքի մասին, որոնց միջոցով Գերդան կարողացավ մեղմացնել Ձյունե թագուհու ապարանքը պահպանող սառցե քամիները և հասնել Կայի մոտ։
  • Բացառվել են Հիսուս Քրիստոսի մասին հիշատակումները։

Բնօրինակի ամենավերջում տատիկն Աստվածաշունչ է կարդում, իսկ թարգմանությունում՝ Ավետարան։ Նա նաև արտասանում է. «Եթե չլինեք երեխաների պես, չեք գնա Երկնային արքայություն» (Ավետարան ըստ Մատթեոսի, 18:3)[4][5]։

Զուգահեռներ ժողովրդական հեքիաթներում

խմբագրել

Սկանդինավյան բանահյուսության մեջ հանդիպում են հիշատակումներ Սառցե կնոջ մասին, որ մարմնավորում է ձմեռն ու մահը (հետագայում այդ կերպարը հանդիպում է բազմաթիվ մանկական գրողների մոտ, մասնավորապես Տուվե Յանսոնի «Կախարդական ձմեռ» ստեղծագործության մեջ)։ Պատմում են[6], թե իբր Անդերսենի հոր վերջին խոսքերն են եղել․ «Ահա գալիս է Սառցե կինը, և նա գալիս է ինձ մոտ»։ Նմանատիպ կերպարներ են հանդիպում բազմաթիվ ժողովուրդների մոտ․ Ճապոնիայում դա Յուկի-օննան է, ռուսական ավանդություններում հնարավոր է, որ Մարա-Մորենան (Մետել) է։ Հետաքրքիր է, որ Անդերսենն ունի նաև «Սառցե կինը» հեքիաթ։

Էկրանավորումներ և օգտագործում որպես գրական հիմք

խմբագրել

Էկրանավորում

խմբագրել

Բեմականացումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Hans Christian Andersen : The Snow Queen». sdu.dk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. Вильгельм Педерсен. Иллюстрации к сказкам Ганса Христиана Андерсена.
  3. Rosen, Carole (2004). "Lind, Jenny (1820–1887)". In Matthew, H. C. G.; Harrison, Brian. Oxford Dictionary of National Biography. Oxford University Press. ISBN 978-0198614111. Retrieved April 1, 2014.|quote=[W]hen [Lind] rejected him as a suitor she became the Snow Queen, whose heart was made of ice.
  4. Кураев, 1997
  5. Попкова, Елена Датский соловей. Христианские мотивы в сказках Андерсена // Литературно-публицистический портал ЛИТИС. — 20.07.2012. Архивировано из первоисточника 7 Մայիսի 2015.
  6. Рой снежных пчел и его королева(չաշխատող հղում)
  7. Snezhnaya koroleva(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  8. Снежная королева(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  9. «The Snow Queen: BBC Version». amazon.co.uk.
  10. The Snow Queen in the British Film Institute's "Explore film..." database
  11. Премьера «Истории Кая и Герды» Արխիվացված 2014-12-21 Wayback Machine в Большом театре. Новости культуры, tvkultura.ru.
  12. The Queen of the Opera
  13. Хо Хе Ен, канд. фил. наук. Диссертация на тему «Ранняя драматургия Е. Шварца (1920—1030)». Проблемы поэтики и эволюции. Санкт-Петербург, 2007. disserCat — электронная библиотека диссертаций.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձյունե թագուհին» հոդվածին։