Սանգոլկի (իսպ.՝ Sangolquí), քաղաք Էկվադորում։ Պիչինչա նահանգի Ռումինավի շրջանի վարչական կենտրոնը։

Բնակավայր
Սանգոլկի
իսպ.՝ San Juan Bautista de Sangolquí
Դրոշ

ԵրկիրԷկվադոր Էկվադոր
Մակերես57,5 կմ²
ԲԾՄ2500 մետր
Բնակչություն96 647 մարդ (2022)[1]
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ593 2
Փոստային դասիչEC170550
Պաշտոնական կայքruminahui.gob.ec
Սանգոլկի (Էկվադոր)##
Սանգոլկի (Էկվադոր)

Աշխարհագրություն խմբագրել

 
Կոլիբրիի հուշարձան

Քաղաքը գտնվում է Չիլոս հովտում (Valle de Los Chillos), Գուայլաբամբա գետի հարթավայրի անբաժանելի մասն է, որը տարածվում է դեպի հյուսիս։ Սանգոլկիից հարավ ընկած է Պասոչոա հանգած հրաբուխը (ծովի մակարդակից 4200 մ բարձրության վրա), իսկ հյուսիս՝ Իլալո ոչ ակտիվ հնագույն հրաբուխը (2572 մ)։ Քաղաքի կենտրոնի միջին բարձրությունը 2500 մ է։ Սանգոլկին հարավ-արևելքից սահմանակից է Կիտոյին․ քաղաքների միջև հեռավորությունը մոտ 10 կմ է։ Սանգոլկին համարվում է մայրաքաղաքի արվարձան, սակայն չի մտնում Մայրաքաղաքային շրջանի տարածք։

Սանգոլկիում բնակվում է Ռումինյավի շրջանի բնակչության գերակշիռ մասը՝ ընդհանուր 85 852 բնակչից՝ 75 080-ը (2010 թվականի դրությամբ)։ Շրջանի մնացած բնակչությունը, ներառյալ Սանգոլկիի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող տարածքները (6 060 բնակիչ), ապրում է գյուղական վայրերում[2]։

Պատմություն խմբագրել

 
Մայր եկեղեցի

Հնագետների տվյալներով՝ մ․թ․ա․ ավելի քան 11 հազար տարի առաջ առաջին բնակիչները բնակություն են հաստատել Իլալո հանգած հրաբխի մոտակայքում՝ Չիլոս հովտում։ Հին Կիտոյի արհեստավորները՝ կիտուները, բարենպաստ կլիմայի և բերրի հողի համար մոտ 14-րդ դարում տեղափոխվել են ժամանակակից Սանգոլկիի տարածք։ Մոտ 1460 թվականին այդ հողերը սկսել են բնակեցվել ինկերի միություններով, որոնք հայտնի են որպես միթմակունաս․ միթմա բառից, երևույթ, որը նախանշում էր հարկադիր տեղահանության քաղաքականությունը։ Այն վարում էին ինկերի ղեկավարները՝ տարածքային էքսպանսիան ամրապնդելու նպատակով[3]։ Բնիկները այս տարածաշրջանը բաժանել են Անան-Չիլոյի (Վերին Չիլո), որը ներկայումս դարձել է Կոնոկոտո և Ուրին-Չիլո, այսինքն՝ Ստորին Չիլո, Ժամանակակից Սանգոլկի։

1534 թվականին տարածքի առաջնորդ է դարձել Ռումինյավին։ Նրա մահից հետո մեկ տարի անց առաջնորդ է դարձել Կիմբլեմբոն, իսկ նրա իրավահաջորդը դարձել է Խուան Սանգոլկին։ 1580 թվականին այստեղ հայտնվել են Հիսուսի միաբանության միսիոներները։ Նրանք Չիլոն հովտում հող են ձեռք բերել։ Այդ ժամանակահատվածում հիմնված շատ ֆերմերային տնտեսություններ մինչ օրս պահպանվել են։ Ուրին Չիլո հիմնական գյուղը աստիճանաբար վերածվել է Սան Խուան Բաուտիստա դե Սանգոլկի քաղաքի։ Այս անունը տրվել է ի պատիվ Հովհաննես Մկրտչի։

1822 թվականի մայիսի 24-ին` Անկախության պատերազմի ժամանակ, Սանգոլկիի մոտ տեղի է ունեցել Պիչինչայի ճակատամարտը, որի արդյունքում Անտոնիո Սուքրեի գլխավորած զորքերը հաղթել են Իսպանական կայսրությանը, ինչը հանգեցրել է Կիտոյի թագավորական անկախությանը, որը հետագայում դարձել է Էկվադորի Հանրապետություն[4]։

Կրթություն խմբագրել

Սանգոլկիի հիմնական կրթական հաստատություններն են․

  • Բանակի պոլիտեխնիկական դպրոցը, որը հայտնի է նաև որպես Էկվադորի զինված ուժերի համալսարան (Escuela Politécnica del Ejército; Universidad de las Fuerzas Armadas).
  • Դոլինի քոլեջ-լիցեյ (Colegio Liceo del Valle).
  • Անտորես քոլեջ
  • Կիտոյի ծովային լիցեյ
  • Էմիլ Ժակ-Դալկրոզի բարձրագույն դպրոց

Տեսարժան վայրեր խմբագրել

Սանգոլկին շրջապատված է լեռնային տեղանքով` փարթամ բուսականությամբ և գեղատեսիլ բնական լանդշաֆտներով։ Պիտա գետի երկայնքով կա 18 ջրվեժներից բաղկացած կասկադ, որը գրավում է զբոսաշրջիկներին։

Քաղաքային ճարտարապետությունը ներկայացված է գաղութային կառույցների նմուշներով։ Բացի այդ, քաղաքն ունի բավականին մեծ թվով օբյեկտներ, որոնք կապված են Էկվադորցի հայտնի նկարիչ, որմնանկարիչ և քանդակագործ Օսվալդո Գուայասամինի աշխատանքների հետ։

Քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրը Սանգոլկիի Մայր Եկեղեցին է, որը կառուցվել է 1926 թվականին[5]։


Իլալո հովտի համայնապատկերը


Սպորտ խմբագրել

Սանգոլկիում ստեղծվել է «Ինդեպենդյենտե դել Վալյե» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է եկել «Ռումինյավի» մարզադաշտում ( 7,5 հազար հանդիսական)։ 2010 թվականից թիմը հանդես է գալիս Էկվադորի առաջնության Ա Սերիայում։ 2013 թվականին «Ինդեպենդյենտե դել Վալյեն» առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչպես նաև թիմը 4 անգամ զբաղեցրել է երրորդ տեղը։ 2016 թվականին «Ինդեպենդյենտե դել Վալյեն» հասել է Հարավային Ամերիկայի գլխավոր ակումբային մրցաշարի՝ Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչ։ 2019 թվականին թիմը նվաճել է հարավամերիկյան գավաթը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://app.powerbi.com/view?r=eyJrIjoiNWUzMjQwOWMtZjFhOS00NjczLTk0YTItNjcwZmRmY2YxMjkyIiwidCI6ImYxNThhMmU4LWNhZWMtNDQwNi1iMGFiLWY1ZTI1OWJkYTExMiJ9
  2. «Información Censal Cantonal» (իսպաներեն). Национальный институт статистики и переписи (Эквадор). 2010. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  3. D'Altroy, Terence The Incas. — Malden, MA: Blackwell Publishing, 2003.
  4. «24 de mayo de 1822: Batalla de Pichincha» (իսպաներեն). Генеральная прокуратура Венесуэлы. 2016 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  5. «Avanza restauración de la Iglesia Matriz / El Valle» (իսպաներեն). lahora.com.ec. 2010 թ․ հունվարի 30. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանգոլկի» հոդվածին։