Իսպանական գաղութների անկախության պատերազմ Ամերիկայում (1810-1826)
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Իսպանական Ամերիկայի ժողովուրդների ազատագրական պատերազմը իսպանական տիրապետության դեմ։ XV դարի վերջից սկսած Իսպանիան հսկայական տարածքներ էր նվաճել Հարավային, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայում և ստեղծել մի լայնածավալ գաղութային կայսրություն, որի մեջ XIX դարի սկզբին մտնում էին Նոր Իսպանիայի (Մեքսիկա),Պերուի, Նոր Գրանադայի, Լա-Պլատայի փոխարքայությունները և Գվատեմալայի, Վենեսուելայի, Չիլիի ու Կուբայի գեներալ-կապիտանությունները։ Կապիտալիստական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև 1775—1783-ի անկախության պատերազմը Հյուսիսային Ամերիկայում, 1789—1794-ի Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և հատկապես 1808-ին Իսպանիայում սկսված հեղափոխությունը նպաստեցին Իսպանական Ամերիկայի ժողովուրդների ազգային ինքնագիտակցության արթնացմանը և ազատագրական շարժման վերելքին։ 1810-ի ապրիլի 19-ին ապստամբություն բռնկվեց Կարակասում (Վենեսուելա), 1811-ի հուլիսի 5-ին ստեղծվեց անկախ հանրապետություն։ Բայց արդեն 1812-ի հուլիսին հանրապետությունը տապալվեց։ 1810-ի հուլիսի 20-ին ապստամբություն սկսվեց Բոգոտայում (Նոր Գրանադա), և 1811-ի մարտի 30-ին ստեղծվեց Կունդինամարկի պետությունը, իսկ նոյեմբերին կազմվեց Նոր Գրանադայի Միացյալ Նահանգների Կոնֆեդերացիան։ 1810-ի մայիսի 25-ին Բուենոս Այրեսում հայրենասերները իշխանությունից հեռացրին Լա-Պլատայի իսպանական փոխարքային և իշխանությունը հանձնեցին
ժամանակավոր կառավարական խունտային։ 1811-ին հռչակվեց Պարագվայի անկախությունը։ Արևելյան ափի (ժամանակակից Ուրուգվայ) հայրենասերները՝ Խ. Արտիգասի գլխավորությամբ, 1811-ի փետրվարին պայքարում էին իսպանական, իսկ հետո Բրազիլիայից ներխուժած պորտուգալական զորքերի դեմ։ Չիլիում 1810-ի սեպտեմբերի 18-ին ապստամբներն արձակեցին իսպանական վարչությունը և այն փոխարինեցին խունտայի իշխանությամբ։ 1813-ին գումարված Ազգային կոնգրեսը Մեքսիկան անկախ հռչակեց։ Սակայն 1814—1815-ին իսպանացիներին հաջողվեց գրեթե ամենուր (բացի Լա-Պլատայից) վերականգնել իրենց իշխանությունը։ 1816-ից ազատագրական շարժման նոր վերելք սկսվեց։ 1817—1818-ին ազատագրական բանակը Ս. Բոչիվարի գլխավորությամբ իսպանական զորքերից մաքրեց Վենեսուելայի զգալի մասը։ 1819-ի փետրվարին գումարված կոնգրեսը վերստին Վենեսուելան անկախ հռչակեց։ Նույն տարվա օգոստոսին Բոլիվարի բանակը ազատագրեց Նոր Գրանադայի մեծ մասը։ 1819-ի դեկտեմբերին Վենեսուելան, Նոր Գրանադան և Կիտոն միավորվեցին Մեծ Կոլումբիայի Ֆեդերատիվ Հանրապետության մեջ։ 1821—1822-ին ավարտվեց իսպանական զորքերի վերջնական ջախջախումը Վենեսուելայի և Կիտոյի (ժամանակակից էկվադոր) տարածքներում։ 1816-ի հուլիսի 9-ին Լա-Պլատայի Միացյալ Նահանգների կոնգրեսը երկիրը անկախ հայտարարեց։ 1817-ին Խ. Սան-Մարտինի գլխավորած բանակը ազատագրեց Չիլին, իսկ 1821-ին՝ Պերուն։ Մեքսիկայում ազատագրական շարժման նոր խթան եղավ 1820-ի իսպանական հեղափոխությունը։ 1821-ին Մեքսիկան անջատվեց հեղափոխական Իսպանիայից և դարձավ անկախ պետություն։ 1821-ին անկախ հռչակվեցին Կենտրոնական Ամերիկայի պետությունները, որոնք 1823-ին ստեղծեցին Կենտրոնական Ամերիկայի Միացյալ նահանգների ֆեդերացիա։ 1824-ի դեկտեմբերի9-ի Այակուչոյի ճակատամարտում Ս. Բոլիվարի զորքերը ջախջախեցին Պերուում գտնվող իսպանական զորքերի վերջին խոշոր խմբավորումը։ 1825-ի սկզբին Վերին Պերուում ստեղծվեց հանրապետություն, որն ի պատիվ Ս. Բոլիվարի, կոչվեց Բոլիվիա։ 1826-ի հունվարին Պերուում հանձնվեց իսպանական վերջին կայազորը։ Անկախության պատերազմի շնորհիվ Ամերիկայի իսպանական գաղութները, բացի Կուբայից և Պուերտո-Ռիկոյից, ձեռք բերեցին քաղաքական անկախություն և հաստատեցին հանրապետական կարգեր։ Իր խնդիրներով լինելով հակաֆեոդալական և օբյեկտիվորեն արտահայտելով կապիտալիզմի զարգացման պահանջները՝ 1810—1826-ի անկախության պատերազմը իրականում հակագաղութային բուրժուական հեղափոխության բնույթ էր կրում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 399)։ |