Թորիա (վրաց.՝ თორია), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Գյուղը գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 8 կմ հարավ-արևելք, շրջկենտրոն Նինոծմինդայից 12 կմ հյուսիս, Աբուլ լեռան արևմտյան կողմում, ծ.մ 1800-1900 մ բարձրության վրա։ Երեք կողմից շրջապատված է լեռներով, որոնցից մեկի լանջին փռված է գյուղը։ Այս լեռը գյուղացիներն անվանում են Քարոտ սար (լեռան վրա քարերի առատության պատճառով)։ Իսկ գյուղի դիմաց գտնվող լեռանը՝ իր փոքրություն պատճառով, կոչում են Բլրիկ։ Քարոտ սարի վրա գտնվում են Կիկլոպյան ամրոցի փլատակները, իսկ ստորոտին և գագաթին՝ Սուրբ Տոմինիկոս և Սուրբ Հովհաննես մատուռները։ Սուրբ Տոմինիկոս մատուռի կողքին է գտնվում ձիանման հին տապանաքար։ Ստորոտում էր գտնվում նաև հին հայկական եկեղեցին, որի վերջին պատը փլուզվել է 2010 թվականին։ Զուտ հայաբնակ Թորիան 21 տուն բնակչությամբ և 13,000 ակչե հարկաչափով հիշվում է օսմանյան կառավարության 1595 թ-ին. կազմած «Գյուրջիստանի վիլայեթի ընդարձակ դավթար»-ում[2]։ Ընտանիքների գլխավորների ցանկում հիշվում են Ղուլիջանի որդի Միրզան, Առաքել և Ազարա եղբայրները, Սարգսի որդի Ջանիբեկը, Մկրտիչը, Գրիգորի որդի Խոսրովը և այլք։ Հայտնի է նաև, որ 1705-1706 թթ.՝ տանուտեր Հասանի օրոք, գյուղից հարկվել է 16,200 ակչե[3]։ Ներկայիս բնակիչների նախնիները 1829-1830 թթ. գաղթել են Արևմտյան Հայաստանի Ստորին կամ Ներքին Բասեն գավառի Ձիթհանք (Ձիթհանքով[4]) և Թեքման գավառի Քյուլլի[5] գյուղերից[6]։ 2002 թվականի մարդահամարի տվյալներով, գյուղում բնակվում է 620 հոգի։ Գյուղի Սուրբ Աստվածամայր եկեղեցին հիմնադրվել է 1843 թ-ին «Տօրիա, յանուն ս. Աստուածածնի, քարաշեն, 1843 թ. ...»[7]։ 1893 թ. տեղի են ունեցել եկեղեցու հիմնավոր վերակառուցման աշխատանքներ[8]։ 1899 թ-ի դեկտեմբերի 19-ի երկրաշարժից «խիստ տուժել էր հին եկեղեցին (հիմնաորապես խարխլվել էր)»[9]։ Գյուղացիները միայն 1905 թ-ին են կարողացել ձեռնարկել տարիներ առաջ խարխլված և արդեն իսպառ քայքայված եկեղեցու վերակառուցումը։ Այդ մասին են վկայում եկեղեցու հարավային և արևմտյան մուտքերի ճակատներին փորագրված արձանագրությունները։ Եկեղեցու արևմտյան մուտքին՝ «1905 | ԱՅՍ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՈՐ|ՄՆ ԿԱՌՈՒՑԱՒ ԾԱԽ|ԻՒՔ ՏԵՐ ՄԻՔԱԷԼ ՔՈԹԱՆ|ՃԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿ Է ՆՈՐԱ»։ Եկեղեցու հարավային մուտքին՝ «ԿԱՌՈՒՑԱՒ Ս(ՈՒՐ)Բ Ա(ՍՏՈՒԱ)ԾԱՄՕՐ ԵԿԵՂԵՑԻՆ Տ(Է)Ր ՔՈԹ(ԱՆ)Ճ(ԵԱՆ)Ց ԾԱԽԻՒՔ ԵՒ ԱՇԽԱ|ՏՈՒԹ(ԵԱՄ)Բ ԹՈՐԻՈՅ ԺՈՂՈՎՐԴՈՑ»։ 1915 թ-ին գյուղի ծխատեր քահանայի պաշտոնը ստանձնել էր Ուջմանայի քահանան՝ տեր Հովհաննես Դարբինյանը[8]։ 1995 թ-ին. եկեղեցին նորոգվում էր (թերավարտ էր մնացել ծածկը)։ Թորիայի դպրոցի հիմնադրման տարեթիվն անհայտ է, սակայն 1908 թ-ին ունեցել է 2 ուսուցիչ և 50 աշակերտ[10]։ Թորիա գյուղի միջնակարգ դպրոցը սկսել է գործել 1974 թ-ից։ Ներկայիս դպրոցը գտնվում է գյուղի կենտրոնական հատվածում։ Դպրոցին կից կառուցված է Հայրենական մեծ պատերազմում զոհված 73 համագյուղացիների հիշատակին նվիրված հուշարձան։

Գյուղ
Թորիա
վրաց.՝ თორია
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեՍամցխե-Ջավախք
ՄունիցիպալիտետՆինոծմինդայի մունիցիպալիտետ
Համայնքհայ
ԲԾՄ1860 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն491[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 99,4 %
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Թորիա (Վրաստան)##
Թորիա (Վրաստան)
Թորիա (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Թորիա (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Թորիա (Նինոծմինդայի մունիցիպալիտետ)##
Թորիա (Նինոծմինդայի մունիցիպալիտետ)

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 26 ივლისი 2016-ին.
  2. "გურჯისტანის ვილაიეთის დიდი დავთარი", էջ 229
  3. "ჩილდირის ვიალეთის ჯაბა დავთარი 1694-1732 წწ."
  4. Ձիթհանքը հայաբնակ գյուղ էր Ստորին Բասեն գավառում, Արաքս գետի աջակողմում՝ Խորասանից 30 կմ արևելք
  5. Քյուլլին հայաբնակ գյուղ էր Արաքս գետի ձախակողմում՝ Թեքմանից 18 կմ արևելք Քյուլլեցիների մի մասը հաստատվել է Հեշտիա և Չամդուրա գյուղերում
  6. Samvel Karapetyan "Javakhk" page 206-208
  7. «Արձագանք», 1885, № 26, էջ 368
  8. 8,0 8,1 «Օրացույց և պատկեր տօնից», Թիֆլիս, 1916, էջ 83
  9. Мушкетов И, նշվ. աշխ., էջ 34-35
  10. ՀԱԴ, ֆ. 316, ց. 1, գ. 102, թ. 43
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 206