Պտղոմեոսի քարտեզ, աշխարհի և երկրի մակերևույթի 26 հատուկ քարտեզ, որ հին հույն գիտնական Պտղոմեոսի «Աշխարհագրություն» աշխատությանն է կցված եղել։ Աշխատությունը գրվել է մոտ 150 թվականին։ Քարտեզում թվարկված է մոտ 8.000 աշխարհագրական միավոր` քաղաքներ ու տեղանքներ` իրենց աշխարհագրական կոորդինատներով։

Պտղոմեոսի քարտեզը (150 թվական)` ըստ Յոհան Շնիտցերի փորագրության (1482 թվական)

Քարտեզների բնօրինակները չեն պահպանվել։ Մինչև աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանը Պտղոմեոսը եվրոպացիների աշխարհագրական պատկերացումների հիմնական աղբյուրն է եղել։ Նրա նկարագրությունների հիման վրա` Վերածննդի գիտնականներին հաջողվել է վերականգնել աշխարհի քարտեզը։

ՊատմությունԽմբագրել

Պտղոմեոսի «Աշխարհագրություն» («Աշխարհագրության ուղեցույց») աշխատությունը գրվել է մոտ 150 թվականին։ Այն հայտնաբերվել է մոտ 1300 թվականին։ Աշխատության առավել հայտնի հնագույն կրկօրինակներից մեկը, որ թվագրվում է 11-րդ դարին, պահպանվում է Վատոպեդի վանքում (Հունաստան)։ Այն գրված է մագաղաթի վրա։ Գրքի էջերի երկարությունը 37 սմ է, լայնությունը` 25 սմ։ Գիրքն ունի տեքստեր պարունակող 66 և քարտեզների 42 էջ։

ՆկարագրությունԽմբագրել

 
Արևելյան և Հարավային Ասիան Պտղոմեոսի քարտեզին

Պտղոմեոսի քարտեզը բաղկացած է իրար կցված մեկ ընդհանուր ներդիրից, որ ներկայացնում է այն ժամանակներում հայտնի աշխարհի և 26 տեղանքի առավել մանրամասն քարտեզների ամբողջություն, այդ թվում` Եվրոպայի 10, Աֆրիկայի` 4 և Ասիայի 12 տեղային քարտեզ։

Պտղոմեոսի քարտեզները բազմաթիվ սխալներ են պարունակում։ Հույն աշխարհագետ Էրատոսթենեսը գրեթե ճիշտ հաշվարկել էր Երկրի մեծությունը, սակայն Պոսիդոնիոսը փոքրացրել է այն քառորդ մասով, և հենց այդ սխալ հաշվարկն էլ օգտագործել է Պտղոմեոսը։ Զրոյական միջօրեականը Պտղոմեոսը անցկացրել է Կանարյան կղզիների վրայով։ Ժամանակի ծովագնացների` Ասիան չափազանց մեծ ներկայացնելու պատճառով ստացվել է, որ աշխարհը ձգվում է 180°, բայց իրականում այն 130° է։

Պտղոմեոսի քարտեզի 180-րդ միջօրեականի վրա գտնվում է Չինաստանը, որ ձգվում է քարտեզի գագաթից մինչև հասարակած[1]։ Պտղոմեոսի քարտեզի համաձայն` ասիական աշխարհամասի` ժամանակակիցներին անհայտ մասը ձգվում է այնքան հեռու, որ զբաղեցնում է Խաղաղ օվկիանոսը։ Այդպիսին էր հարյուրամյակների դասական պատկերացումը Երկրի մասին, որ քառորդ չափով փոքր էր իրական չափերից և որը զբաղեցնում էր հյուսիսային կիսագնդի 2/3 մասը։ Քարտեզում համաշխարհային օվկիանոսը երևում է միայն արևմուտքում[1]։

Պտղոմեոսի քարտեզի ազդեցությունըԽմբագրել

Պտղոմեոսի աշխատություններն այնպիսի հեղինակություն էին վայելում, որ նույնիսկ հարյուրամյակներ անց` Կոլումբոսի և Մագելանի բացահայտումներից հետո (նրանք չէին ժխտում Պտղոմեոսի քարտեզը), դրանք դեռևս լայն գործածություն ունեին։ Պտղոմեոսի սխալներից շատերը համառորեն անցնում էին նույնիսկ 17-րդ և 18-րդ դարի քարտեզներին։ Իսկ ինչ վերբերում է Աֆրիկային, այս քարտեզը միակն էր մինչև 19-րդ դարի սկիզբը։ Հենց Պտղոմեոսի քարտեզով էր առաջնորդվում Քրիստափոր Կոլումբոսը, երբ կարծում էր, թե Հնդկաստան հասնելու համար անհրաժեշտ է արևմուտք գնալ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Thrower, Norman Joseph William (1999). Maps & Civilization: Cartography in Culture and Society. University of Chicago Press. ISBN 0-226-79973-5.

ԳրականությունԽմբագրել

  • Ա. Վ. Բրոնշտեն Կլավդիոս Պտղոմեոս, Մ., 1988.

Արտաքին հղումներԽմբագրել