Պորտալ:Հին Եգիպտոս/Փարավոն
Պտղոմեոս XII, ամբողջական անվանումը՝ Պտղոմեոս Նեոս Դիոնիսոս Ֆիլոպատոր Ֆիլադելֆոս (հին հուն․՝ Πτολεμαῖος Νέος Διόνυσος, թարգմանաբար՝ «Նոր Դիոնիսոս, հորը սիրող, եղբայրներին և քույրերին սիրող», մ. թ. ա. 117 - մ. թ. ա. 51, Ալեքսանդրիա, Եգիպտոս), Եգիպտոսի փարավոն Պտղոմեոսների արքայատոհմից, որը ընդմիջումներով կառավարել է մ․թ․ա․ 80-ից մ․թ․ա․ 58, ապա՝ մ․թ․ա․ 55-ից մինչև մ․թ․ա․ 51 թվականներին։ Փարավոնը ավանդաբար ստացել է «Աուլետես» (հին հունարենից թարգմանաբար՝ «ֆլեյտահար») մականունը, քանի որ հայտնի էր Դիոնիսոս աստծոն նվիրված փառատոնների ժամանակ ֆլեյտա և փողային երաժշտական գործիքներ նվագելու սովորությամբ։ Պտղոմեոս XII-ը Պտղոմեոս IX-ի ապօրինածին որդին էր։ Նրա տատը՝ Կլեոպատրա III-ը, մ․թ․ա․ 103 թվականին իր թոռներին՝ այդ թվում նաև Պտղոմեոսին, ուղարկում է Եգեյան Կոս կղզի, որտեղ էլ վերջինս անցկացնում է իր կյանքի առաջին պարբերափուլը։ Սա նշանակում է, որ Պտղոմեոսն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Եգիպտոսի սահմաններից դուրս՝ խորթ մնալով ավանդական եգիպտական արժեքներին։
Պտղոմեոս XI-ի սպանությունից հետո՝ մ․թ․ա․ 80 թվականին, Պտղոմեոս XII-ը ետ է կանչվում Միհրդատյան Պոնտոսի թագավորությունից և հռչակվում Վերին և Ստորին Եգիպտոսների փարավոն։ Թագադրումից շատ չանցած նա ամուսնանում է քրոջ՝ Կլեոպատրա V-ի հետ։ Հայտնի է, որ նրանք ունեցել են առնվազն մեկ դուստր՝ Բերենիկե IV-ը։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ Կլեոպատրա V-ը կարող էր լինել նաև Կլեոպատրա VII-ի մայրը։ Թեև ուշ շրջանի Պտղոմեոսյան թագավորները աչքի չէին ընկնում իրենց հզորությամբ և որպես կանոն հանդես էին գալիս որպես կամակատար տիրակալներ, այնուամենայնիվ Պտղոմեոս XII Աուլետեսին հաջողվում է իր առաջին պաշտոնավարման ավարտին բարեկամական դաշինք կնքել Հռոմեական հանրապետության հետ։ Չնայած այս ամենին՝ Պտղոմեոս XII-ը մ․թ․ա․ 58 թվականին գահընկեց է արվում եգիպտացիների կողմից և քաղաքական ապաստան գտնում Հռոմում։
Օգտվելով հանրապետության հետ ունեցած արտոնյալ հարաբերություններից՝ Պտղոմեոսը կարողանում է հռոմեական ֆինանսական և ռազմական զորակցությամբ, մինչպես նաև Մեծ Հայքի թագավոր Տիգրան Մեծի զորակցությամբ վերանվաճել Եգիպտոսի գահը՝ մ․թ․ա․ 52 թվականին մահապատժի ենթարկելով իշխանությանը տիրացած դստերը՝ Բերենիկե IV-ին։ Վերահաստատվելով եգիպտական գահին՝ Պտղոմեոս XII-ը իր դուստր Կլեոպատրային ճանաչում է իր օրինական գահակից և իրավահաջորդ։ Մ․թ․ա․ 51 թվականին փարավոնը կնքում է իր մահկանացում՝ թագավորական իշխանությունը կտակելով իր երկու երեխաներին՝ Կլեոպատրային և մանկահասակ Պտղոմեոս XIII Թեոս Ֆիլոպատորին։ (մանրամասն...)