Պողոսյան թատերախումբ, ԱՄՆ-ում գործունեություն ծավալած հայկական թատերախումբ։ Ղեկավարը Էդուարդ Պողոսյանն էր։ ԱՄՆ-ում գործել է մոտ 40 տարի։ Ներկայացումները խաղացել են բացառապես արևմտահայերենով, հիմնականում` պոլսահայ բարբառով[1]։

Պողոսյան թատերախումբ
Տեսակթատերախումբ
թատերախմբի ղեկավարԷդուարդ Պողոսյան
ՀիմնադիրներԷդուարդ Պողոսյան
ԵրկիրԱրևմտյան Հայաստան, ԱՄՆ
Գտնվելու վայրըԱՄՆ
Հիմնադրման ամսաթիվ1923 թվական, մարտ
Անվանված էՊողոսյան թատերախումբ
Գլխավոր ռեժիսորԷդուարդ Պողոսյան

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Թատերախմբի ղեկավարը` Էդուարդ Պողոսյանը, ԱՄՆ է հասել 1923 թվականի սկզբին։ Նույն թվականի մարտ ամսին ԱՄՆ-ի ամենահայաշատ քաղաքներում սկսել են հայտարարություններ տարածվել թատերախմբի ելույթների վերաբերյալ։

Թատերախումբ տերմինը, ըստ ամերիկահայ թատրոնի պատմություն ուսումնասիրող արվեստաբան Գառնիկ Ստեփանյանի, պայմանական է Պողոսյանի խմբի համար։

  «Պողոսյան թատերախմբի» հետ կապված հարցերից մեկն էլ «թատերախումբ» հասկացության ճշտումն է։ «Թատերախումբ» բառը առհասարակ պայմանական հասկացություն է եղել ամերիկահայ գաղութում։ Անգամ երբ թերթերում հանդիպում ենք «Զարիֆյան թատերախումբ», «Սուրաբյան թատերախումբ», նկատի պիտի ունենալ, որ դրանցում մնայուն դերակատարումները եղել են երկու-երեք հոգի, մնացածները փոփոխվող ուժեր են, այսօր այս մեկը, վաղը մյուսը, հազվադեպ ամբողջ խաղաշրջանի համար պայմանավորվածներ։ Այս բանը շատ ավելի հատուկ պիտի լիներ «Պողոսյան թատերախմբին», որը չի ունեցել և չէր կարող ունենալ իր հետ մշտական կապված դերասան-դերասանուհիներ։ Եթե պատահական սիրող ուժերի հետ ներկայացումներ տալը անգամ Զարիֆյանի ու Աբելյանի համար սովորական էր, ապա ավելի հասկանալի պիտի լիներ Պողոսյանի համար, որը հազվադեպ է ամբողջական պիեսներ բեմադրել. հավատարիմ մնացել հեղինակային տեքստին։ Նրան անհրաժեշտ են եղել սրամիտ, պատրաստաբան մարդիկ, որոնք կարողանային բեմում ստեղծել աշխույժ մթնոլորտ, բնագրից դուրս երկխոսություններով, սրամիտ արտահայտություններով։
- Գառնիկ Ստեփանյան, «Ամերիկահայ թատրոնի պատմություն», Երևան, 2008, էջ 254-255
 

Էդուարդ Պողոսյանը հանդես է եկել ինչպես այլ դերասանների հետ, այնպես էլ` ելույթներ է ունեցել միայնակ, հաճախ նաև` ոչ թե բեմում, այլ մարդկանց տներում, նրանց դաշտային աշխատանքների ժամանակ, կազմակերպել է, այսպես ասած` «դաշտահանդեսներ»` այդպես ևս փորձելով լուծել թատերախմբերի առջև մշտապես կանգնած ֆինանսական խնդիրները։

Խաղացանկ խմբագրել

«Պողոսյան թատերախումբը» բեմադրել է թե՛ դրամաներ, ողբերգություններ, թե՛ կատակերգություններ։ Նախասիրած թեման հիմնականում եղել է պոլսահայ կյանքը` արտահայտված գրական տարբեր սեռի գործերով` երգախառն զավեշտներ, դասական կատակերգություններ, վոդևիլներ, նմանակման պատկերներ, որոնք հիմնականում պատրաստվել են խմբի ղեկավար Էդուարդ Պողոսյանի կողմից։ Թատերախումբը հաճախ վերցրել է հայտնի ստեղծագործություններ և դրանք փոփոխել է ըստ հայեցողության։ Մշտապես շփվելով ամերիկահայ գաղութաբնակների հետ` Պողոսյանը ձգտել է ներկայացնել այնպիսի գործեր, որոնք հանդիսատես կունենան, այդ պատճառով թատերախմբի հիմնական խաղացանկը կազմված է եղել կատակերգություններից ու հումորային ելույթներից։ Թատերախմբի կողմից բեմադրված առավել հայտնի ներկայացումներն են.

  1. «Թատրոն և թշվառներ»-Պետրոս Դուրյան
  2. «Արշակ Երկրորդ»-Մկրտիչ Պեշիկթաշլյան
  3. «Արա Գեղեցիկ»-Սրապիոն Թղլյան
  4. «Սանդուխտ կույս»-Թովմաս Թերզյան
  5. «Մեծն Ներսես հայրապետի թունավորումը»-Երիցյան
  6. «Հին աստվածներ»-Լևոն Շանթ
  7. «Վարդանանց պատերազմը»-Սմբատ Բյուրատ
  8. «Թալաթի անկումը», «Քսան կախաղաններ»-Սեդրակ Շահեն
  9. «Կույր նկարիչը», «Տանը պատիվ», «Սերը կույր է»-Գևորգ Սիմոնով
  10. «Գազազ Արթին ամիրա»-Վահան Քյուչյուկյան
  11. «Չար ոգի», «Պատվի համար», «Նամուս», «Եվգինե»-Շիրվանզադե
  12. «Արքայն զբոսնու»-Վիկտոր Հյուգո
  13. «Աշխարհի դատաստանը»-Ալեքսանդր Դյումա
  14. «Ավազակները»-Ֆրիդրիխ Շիլլեր
  15. «Արցունքի հովիտը»-Ավետիս Ահարոնյան
  16. «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար»-Հակոբ Պարոնյան
  17. «Չարշըլը Արթին աղա», «Թաղականին կինը»-Երվանդ Օտյան
  18. «Ստամբոլցի Տայի Կարապետը», «Ամերիկահայ փեսացուն», «Կնիկ կուզեմ, հիմա կուզեմ»-Գրեմ Սիմոն
  19. «Խահվեճի Մկոն»-Գևորգ Սիմոնով
  20. «Մոտեաճի Գասպարը», «Փարիզի Կավռոշը»-Ե. Թոլայան
  21. «Թիվ հինգ խելագարը», «Արևելյան սափրիչը», «Նասրեդդին Հոճա»-Հ. Հ. Ամիրենց
  22. «Քիթ Կարապետ կամ ամերիկահայ փեսացուն»
  23. «Բառնաբաս տղայի ամուսնությունը»

Ցանկը ներկայացրել է Պողոսյանի խաղընկեր և կենսագիր Ա. Բագրատունին, մեկ այլ հետազոտող` Գառնիկ Ստեփանյանը, որոշ կասկածներ ունի ներկայացված ցանկի վերաբերյալ, քանի որ այդ ժամանակի մամուլում որևէ հիշատակություն չկա նշված ներկայացումների մի մասի վերաբերյալ[2]։

Թատերախմբի ղեկավար խմբագրել

Թատերախմբի հիմնադիր և ղեկավար Էդուարդ Պողոսյանը ծնվել է 1900 թվականին, Կոստանդնուպոլսում, Պեզճյան վարժարանի ուսուցիչ Նազարեթ էֆենդիի ընտանիքում։ Կրթություն է ստացել Կենտրոնական վարժարանում։ Այդ տարիներից հետաքրքրվել է թատրոնով, փոքր դերեր է ստացել հայերեն ներկայացումներում։ 1918 թվականին մի խումբ ընկերների հետ Գում Գափու թաղամասում ստեղծել է «Արևելյան թատերախումբ», որը հանդես է եկել ներկայացումներով։ Թատերախմբի երիտասարդ դերասանների հետ աշխատել է Միհրդատ Հայկազը։ Ժամանակի մամուլն անդրադարձել է թատերախմբի գործունեությանը` երիտասարդներին անվանելով «համեստ տղաք, որ իրենց հանապազորյան կշահեին գրաշարությամբ... անկեղծորեն կսիրեին թատրոնը և բեմին նվիրված էին երիտասարդական ամբողջ խանդավառությամբ»[3]։ Այլ հրապարակումներ անդրադարձել են Պողոսյանին, նկարագրել նրան որպես բարձրահասակ, արտահայտիչ աչքերով[4]։ Թատերախումբը, և Էդուարդ Պողոսյանն էլ նրա հետ, ապագայի մեծ ծրագրեր են ունեցել, սակայն 1922 թվականին Իզմիրում տեղի ունեցած մեծ հրդեհից հետո թատերախմբի բոլոր անդամները ցրվել են աշխարհով մեկ։ Պողոսյանը Նյու Յորք է հասել երկու ընկերների` Խաչիկ Չուխաճյանի և Գևորգ Սիմոնովի հետ։ Այստեղ սկզբնական շրջանում մեծ դժվարություններ է ունեցել[5]։ ԱՄՆ-ում ապրելու տարիներին էլ իր ներկայացումներում հիմնականում պատկերել է հայկական իրականություն` հանդիսատես ունենալով ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների։

Թատերախմբի հետ աշխատած դերասաններ խմբագրել

Թատերախմբում աշխատել են ինչպես ժամանակի հայտնի հայ դերասաններ, այնպես էլ սիրողական դերասաններ, որ հիմնականում եղել են Պոլսից ու Իզմիրից գաղթած արևմտահայեր։ Պողոսյան թատերախումբը շատ փոփոխություն է կրել` գրեթե չունենալով մշտական կազմ և շատ դերասաններ են որոշ ժամանակ աշխատել խմբի հետ, այնուհետև` հեռացել Պողոսյանից։ Պողոսյան թատերախմբի հետ համագործակցող քիչ թե շատ պրոֆեսիոնալ դերասանները հաճախ նաև ինքնուրույն ելույթներ են ունեցել, երբեմն` իրենք են ժամանակավոր թատերախմբեր հիմնել, սակայն դա որևէ կերպ չի խանգարել նրանց նաև համագործակցել Է. Պողոսյանի հետ։

  Դերասան Պողոսյանի խումբին հաջողության սատարող գլխավոր դերակատարներն էին դերասան Հակոբ Վեզիրյան, Տիգրան Պագալյան, Սոնիկ և իր մայրը` տիկին Քաջոյան, դերասանուհի Հրաչուհի Փափազյան (Վահրամ Փափազյանի նախկին կինը) և դերասանուհի տիկ. Գայուշ։ Դերասան Հայկ Չուխաճյան և դերասան Գևորգ Սիմոնով եղած են շատ մոտիկ ընկերներ Պողոսյանին հետ, որպես եռանկյուն, զիրար կռթնելով աշխատակցած են կարգ մը քաղաքներուն մեջ։ Պողոսյանի ամերիկածին հայ դերասանուհիներեն մին ալ եղած է օրիորդ Անահիտ Եղիազարյանը, թե իր պարերով և թե ալ իր խաղարկությամբ։ Հիշողության արժանի է Հարություն Պողոսյան, եղբայրը` Էդուարդ Պողոսյանի, որ կրցած է օգնել իր եղբորը, իր դերակատարությամբ և թե ալ նվագով[6]։  

Հիշատակված դերասաններից որոշները չեն բարձրացել սիրողական մակարդակից, որոշներն էլ կարողացել են անուն ձեռք բերել ու լայն գործունեություն ծավալել ԱՄՆ-ի տարբեր հայաշատ քաղաքներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գ. Ստեփանյան, Ամերիկահայ թատրոնի պատմություն, Երևան, 2008, էջ 251
  2. Գ. Ստեփանյան, Ամերիկահայ թատրոնի պատմություն, Երևան, 2008, էջ 273-274
  3. «Քուլիս», Կ. Պոլիս, 1970, հուլիսի 15
  4. Նույն տեղում
  5. Ա. Բագրատունու հոդվածաշարը Էդուարդ Պողոսյանի մասին, տպագրվել է Նյու Յորքում լույս տեսնող «Լրաբեր» թերթում
  6. Ա. Բագրատունի, «Լրաբեր» թերթ, 1972