Հայկ Չուխաճյան, հայ դերասան։ Հայտնի է ամերիկահայ մի շարք թատերախմբերում (Պողոսյան թատերախումբ, Սուրաբյան թատերախումբ) խաղացած հիմնականում կատակերգական դերերով։

Կենսագրություն խմբագրել

Հայկ Չուխաճյանը ծնվել է Կեսարիայում (Թուրքիա)[1]։ Մանկության տարիներին ծնողների հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ կրթություն է ստացել և ձեռք բերել բեմական առաջին փորձերը։ 1890-ական թվականներին միանալով Արշակ Պենկլյանի օպերետային խմբին` թուրքերեն ներկայացումներով եղել է Ռումինիայում, Բուլղարիայում։

Օսմանյան կայսրությունում հայերի դեմ սկսված մեծ բռնաճնշումների արդյունքում դերասան Գևորգ Սիմոնովի հետ հասել է Ամերիկա։ Այնտեղ սկզբնական շրջանում խաղացել է Պողոսյանի թատերախմբում։ Գաղթի տարիներին շատ դժվարություններ է կրել[2]։

Համագործակցել է նաև ԱՄՆ-ում գործող մեկ այլ` Սուրաբյան թատերախմբի հետ` ներկայացումներում խաղալով գլխավոր դերեր։

  Պ. Հայկ Չուխաճյան որպես կատակերգակ դերասան գնահատելի հաջողությամբ խաղաց Լեպլեպիճի Հոր հոր աղայի ծանր ու պատասխանատու բաժինը։ Իր խիստ բնական շարժուձևերը իրավամբ զինք կդարձնեն ողբացյալ դերասան Պենկլյանի արժանավոր հաջորդը[3]։  

1925 թվականին Հայկ Չուխաճյանն ստեղծել է «Զվարթ» կատակերգական թատերախումբը, որի հետ ներկայացրել է մի քանի կատակերգություն և օպերետներ, այդ թվում՝ իր բեմականացումը՝ «Հոճա Նասրեդդինը», ինչպես նաև` Տիգրան Չուխաճյանի օպերետներից։ Մամուլը դրական է արձագանքել «Հոճա Նասրեդդինը» ներկայացմանը, որտեղ գլխավոր դերը կատարել է հենց ինքը՝ Հայկ Չուխաճյանը։

Հետագայում կրկին փորձել է թատերախումբ ստեղծել, սակայն խաղընկերներ չունենալով` հաջողության չի հասել։

ԱՄՆ-ում մեծ հաջողություններ չգտնելով` Սիմոնովի հետ մեկնել է Ֆրանսիա, սակայն 1930-ականների կեսերին կրկին վերադարձել է ԱՄՆ։ Այստեղ էլ 1944 թվականին աղքատության ու անհայտության մեջ ինքնասպան է եղել[4]։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Հայկ Չուխաճյանը հիմնականում հայտնի է որպես կատակերգակ դերասան։ Իր ստեղծագործական կյանքի հիմնական մասն անց է կացրել ԱՄՆ-ում գործող «Պողոսյան» թատերախմբում` ներկայացումներում հիմնականում գլխավոր դերեր խաղալով։ Երբեմն հեռանալով «Պողոսյան» թատերախմբից` հայ մեկ այլ դերասանի` Գևորգ Սիմոնովի հետ խումբ է կազմել և հանդես եկել առանձին ներկայացումներով[5]։ Առանձին ներկայացումները, սակայն, երկար կյանք չեն ունեցել։ Հայտնի է եղել մի շարք ներկայացումներում խաղացած («Լեպլեպիճի Հոր-հոր աղա», «Հոճա Նասրեդդին») գլխավոր դերերով, որոնց անդրադարձել է ժամանակի մամուլը[6]։ Երբևէ չի փորձել խաղալ արևելահայ ներկայացումներում, միշտ ընդգրկված է եղել արևմտահայ ներկայացումների մեջ։

  Այս շատ տաղանդավոր դերասանը, որուն հետ համագործակցելու լայն պատեհություն ունեցած եմ, թոռն է մեր անմահ երգահան և օպերայի հիմնադիր Տիգրան Չուխաճյանի... ան մնացորդն էր Պոլսո արևելյան բեմի լավագույն տիտաններուն, ինչպիսիք էին Մ. Մնակյան, Ֆելեկյան, Ա. Պենկլյան, Հակոբյան և ուրիշներ։
- Ա. Բագրատունի, հայ դերասան[7]
 

Խաղացանկ խմբագրել

  • «Լեպլեպիճի Հոր հոր աղա»-Հոր հոր աղա
  • «Հոճա Նասրեդդին»-Հոճա Նասրեդդին
  • «Արիֆի խարդախությունը»
  • «Քեոսե Քեհյան»

Մահ և հիշատակ խմբագրել

1944 թվականին ինքնասպան է եղել։ Համեստ թաղմանը, որը կազմակերպել են արվեստագետ ընկերները, մասնակցել են Պողոսյանն ու Սիմոնովը։ Դերասանի գերեզմանաքարը պատրաստել է մեկ այլ հայ դերասան` Կյուրեղ Սրաբյանը[8]։ Հայկ Չուխաճյանի «Շվարած վարժապետը կամ Հոճա Նասրեդդինը» ստեղծագործությունը դերասան Գևորգ Սիմոնովը տպագրել է իր «Տաղք և թատերգությունք» ժողովածուի 4-րդ հատորում` հետևյալ նշումով. «Թարգմանեց և ամփոփեց թրքերենե կատակերգակ դերասան Հայկ Չուխաճյան։ Այս կատակերգությունը ի լույս կնծայեմ բարեկամիս և ընկերոջս հիշատակը անմոռաց պահելու համար[9]»:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գ. Ստեփանյան, Ամերիկահայ թատրոնի պատմություն, Երևան, 2008, էջ 293
  2. նույն տեղում, էջ 294-295
  3. Երիտասարդ Հայաստան, 1925, դեկտ. 17
  4. Գ. Ստեփանյան, Ամերիկահայ թատրոնի պատմություն, Երևան, 2008, էջ 297
  5. Գ. Ստեփանյան, Ամերիկահայ թատրոնի պատմություն, Երևան, 2008, էջ 295
  6. Երիտասարդ Հայաստան, 1924, դեկտեմբերի 17
  7. Լրաբեր, 1972
  8. «Լրաբեր», 1972
  9. Գ. Սիմոնով, տաղք և թատերգությունք, հատ. 4, Նյու Յորք, 1951