Գևորգ Սիմոնով

հայկական թատրոնի դերասան


Գևորգ Սիմոնով, հայկական թատրոնի դերասան։ Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Հայ թատրոնում խաղացել է մոտ 40 տարի։ Գործունեության հիմնական տարածքը եղել են Կոստանդնուլոպիսն ու հայկական գաղթօջախներն ԱՄՆ-ում։ Խաղացել է ինչպես «Պողոսյան» թատերախմբի կազմում, այնպես էլ` ինքնուրույն ներկայացումներ է բեմադրել իր` «Սիմոնով» թատերախմբի ուժերով, որին հաճախ մասնակցել են հենց «Պողոսյան» թատերախմբի դերասանները։

Գևորգ Սիմոնով
Ի ծնեԳևորգ Սիմոնով
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մասնագիտությունդերասան և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ակտիվ տարիներ1920-1940-ականներ
Ամպլուադրամատիկական դերեր, կատակերգական դերեր
Թատրոն«Արտեմիս» գեղարվեստասիրաց միության թատերախումբ, «Պողոսյան» թատերախումբ, «Սիմոնով» թատերախումբ
ԴերերՖիլիպպո, Ալբեր
Ներկայացումներ«Նասրեդդին Հոճա», «Դավաճանին մահը», «Դրախտ կորուսյալ», «Կույրը և կուզը», «Կրեմոնի վնագործը», «Կույր նկարիչը»

Կենսագրություն խմբագրել

Գևորգ Սիմոնովը ծնվել է Կոստանդնուպոլսում։ Նախնական կրթություն և բեմական առաջին փորձերն ստացել է Պոլսում[2]։ 1919 թվականին Գևորգ Սիմոնովի ղեկավարությամբ Բանկալթիում հիմնադրվել է «Արտեմիս» գեղարվեստասիրաց միության թատերախումբը։ Այն մի քանի ներկայացումներ է տվել Պոլսի Սկյուտար, Սամաթիա, Գում Գափու թաղամասերում։ 20-րդ դարի սկզբին Պոլսից հայերի մեծ բռնագաղթի արդյունքում հասել է ԱՄՆ։ Այստեղ սկսել է համագործակցել տեղի հայկական ուժերին, միացել է «Պողոսյան» թատերախմբին։ Փորձել է գործել նաև առանձին` ստեղծելով իր` «Սիմոնով» թատերախումբը։ Թատերական գործունեությունից բացի, Սիմոնովը նաև գրքեր է հրատարակել։ Իր գրվածքներն ու թարգմանությունները հրատարակել է «Տաղք և թարգմանությունք» 5 հատորյակով, 1948-1955 թվականներին, Նյու Յորքում։

  Հրատարակելով այս գործերը` նպատակ չունեմ բարձարթռիչ հովեր առնելու և ինքզինքս հավասար դասելու մեծ բանաստեղծներու և գրագետներու, այլ` նպատակ ունեմ խլել հարգելի ընթերցողներեն ժպիտ մը, ծիծաղ մը ու միաժամանակ առիթ ընծայելու արվեստակիցներուն, որպեսզի իմ կատակերգությունները և տրամախոսությունները բեմերու վրա հանեն։ Կարդացեք և խնդացեք, ուրիշներն ալ խնդացուցեք[3]։  

Նշված հատորներում Սիմոնովը տպագրել է 5-6 թարգմանական պիես, որոնք սկսած 1890-ական թվականներից բեմադրվել են 100-ավոր անգամներ։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Սիմոնովը բեմական գործունեությունն սկսել է Կոստանդնուպոլսում` 1919 թվականին ղեկավարելով «Արտեմիս» գեղարվեստասիրաց միության թատերախումբը։ Արտագաղթելով ԱՄՆ` սկսել է գործունեություն ծավալել տեղի հայկական գաղթօջախներում։ Սիրել է դրամատիկական դերեր։ Ըստ ժամանակի մամուլի գնահատականի` Սիմոնովը դրամատիկական որոշ դերերում այնպիսի հաջողություն է ունեցել, որ նրան համեմատել են հայ բեմի նշանավոր արվեստագետների հետ։ «Պողոսյան» թատերախմբի հետ համագործակցելիս հիմնականում խաղացել է կատակերգական դերեր, ինչպես որ պահանջել է թատերախմբի ղեկավար Էդուարդ Պողոսյանը։ Հիմնականում խաղացել է անճարակ փեսացուների, ուսուցիչների, շրջապատի խարդանաքները չհասկացող, դրանից շարունակ տուժող մարդկանց դերեր։ Երբ հանդես է եկել որպես «Սիմոնով» թատերախմբի ղեկավար, ըստ իր նախասիրությունների, խաղացել է գերազանցապես դրամատիկական դերեր և բոլոր բեմադրություններում գլխավոր դերերն ինքն է կատարել[4]։

Խաղացանկ խմբագրել

Հայտնի են Սիմոնովի բեմադրած և խաղացած որոշ պիեսների անվանումներ։ Դրանցից են.

  • «Նասրեդդին Հոճա» (բեմադրվել է 1924 թվականի հունիսի 4-ին)
  • «Դավաճանին մահը» (1924 թվական, հոկտեմբերի 20)
  • «Դրախտ կորուսյալ» (1924 թվական, հոկտեմբերի 20)
  • «Կույրը և կուզը» (1925 թվական, փետրվարի 22, Ռամկավար ազատական կուսակցության Լովելի ակումբի նախաձեռնությամբ[5])

Երբեմն փոփոխել է բեմադրվող պիեսների անվանումները, այդ պատճառով հաճախ հնարավոր չէ իմանալ պիեսների հեղինակներին։ Սիմոնովի խաղացած հայտնի դերերից են.

  • Ֆիլիպպո («Կրեմոնի վնագործը» պիեսում, հանդիսականների վրա ամենուժեղ տպավորություն գործած դերակատարումը)
  • Ալբեր («Կույր նկարիչը» Պիեր դե Կուրսել)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայերեն Վիքիպեդիա — 2005.
  2. Գ. Ստեփանյան, Ամերիկահայ թատրոնի պատմություն, Երևան, 2008, էջ 287
  3. Գ. Սիմոնով, Տաղք և թարգմանությունք, 1-ին հատոր, Նյու Յորք, 1948
  4. Գ. Ստեփանյան, Արևմտահայ թատրոնի պատմություն, Երևան, 2008, էջ 286-287
  5. «Պայքար», 1925, փետրվարի 12