Պացցիներ
Պացցիներ (իտալ.՝ Pazzi), միջնադարյան ազնվական ընտանիք Ֆլորենցիայում։ Պացցիները զբաղվել են բանկային գործունեությամբ։ 1478 թվականին տեղի ունեցած Պացցիների դավադրությունից հետո նրանց ընտանիքը արտաքսվել է Ֆլորենցիայից, իսկ նրանց ունեցվածքը` բռնագրավվել։ Պացցի ընտանիքի անդամները ստիպված են եղել փոխել իրենց ազգանունները։
Պացցիներ Pazzi | |
---|---|
ազնվական տոհմ | |
Երկիր | Ֆլորենցիայի հանրապետություն |
Տարածաշրջան | Տոսկանա |
Հիմնադիր | Պացցո դե Ռանիերի |
Ազգանուն | Պացցի և դե Պացցի |
Անդամներ | Յակոբո դե Պացցի (1260), Անդրեա դե Պացցի, Յակոբո դե Պացցի (1478), Ռենատո դե Պացցի (1478), Ֆրանչեսկո դե Պացցի (1478), Գուլիերմո դե Պացցի, Մարիա Մագդալենա դե Պացցի (1478) |
Ընտանիքի պատմություն
խմբագրելԸնտանիքի պատմությունը սկսվել է Պացցո դե Ռանիերիից, ով 1099 թվականին, Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ մասնակցել է Երուսաղեմի պաշարմանը։ Նա իր հետ Սուրբ Հարության տաճարից Ֆլորենցիա է բերել կայծքարային ապարներ, որոնք օգտագործվել են Սուրբ շաբաթվա ընթացքում կրակ վառելու համար[1][2]։ 19-րդ դարի կեսերին այս լեգենդի ճշմարտացիությունը հարցականի տակ է դրվել Լուիջի Պասերինի Օրսինի դե Ռիլիի կողմից[1]։
Ընտանիքի առաջին ականավոր անդամը Յակոբո դե Պացցի իլ Վեչիոն է, ով 1260 թվականին՝ Մոնտապերտիի ճակատամարտի ժամանակ եղել է Գվելֆերի հեծելազորի հրամանատար։ Նրա որդին Պացցինո դի Յոկոբո դե Պացցին եղել է Սև Գվելֆ և եղել է Չարլզ դե Վալոիսի հետևորդը[3]։
Անդրեա դե Պացցին եղել է Ֆրանցիսկյան միաբանության անդամ[2]։
1464 թվականին նրա որդի Յակոբո դե Պացցին դառնում է ընտանիքի առաջնորդ։
1460 թվականին Գիլելմո դի Անտոնիո դե Պացցին ամուսնանում է Լորենցո Մեդիչիի քրոջ` Բիանկա Մեդիչիի հետ[3]։ Նրանց որդի Կոզիմո Պացցին 1508 թվականին դառնում է Պիզայի արքեպիսկոպոս[4]։
1477-1478 թվականներին տեղի ունեցած Պացցիների դավադրության կազմակերպողներից մեկը համարվում է Ֆրանչեսկո Պացցին, որի ձախողումից հետո, նա, Յակոբո Պացցին և Յակոբոյի եղբայր` Ռենատո Պացցին մահապատժի են ենթարկվում[4]։
Ռաֆայել Պացցին եղել է քարոզիչ և մահացել է 1512 թվականին Ռավեննայի ճակատամարտի ժամանակ[5]։
Մարիա Մագդալենա Պացցին եղել է կարմելիտ և միստիկ[6]։ 1669 թվականին նա կանոնականացվել է[7]։
Պացցիների դավադրություն
խմբագրել1477 թվականի սկզբին Ֆրանչեսկո Պացցին (Հռոմում Պացցիների բանկի կառավարիչը), Ջիրոլամո Ռիարոն (Ֆրանչեսկոյի զարմիկը և Սիքստոս IV պապի «ընկերը») և Ֆրանչեսկո Սալվիատին, ում Հռոմի պապը դարձրել էր Պիզայի արքեպիսկոպոս, որոշում են սպանել Լորենցո դե Մեդիչիին և նրա եղբորը՝ Ջուլիանոյին, որպեսզի Մեդիչիների ընտանիքին այլևս չկառավարի Ֆլորենցիան[2]։ Նրանք ունեցել են Սիքստոսը պապի համաձայնությունը[8]։ Սպանության փորձը տեղի է ունեցել 1478 թվականի ապրիլի 26-ին Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարում՝ պատարագի ժամանակ։ Ջուլիանոն մահանում է, Լորենցոն՝ վիրավորվում, սակայն հասցնում է փախչել[8]։ Սալվիատին, Պերուջայից եկած վարձու մարդասպանների հետ միասին չի կարողանում գրավել պալացցո Վեկկիոն[2]։ Դավադրության հեղինակներից շատերը, նաև Ֆրանչեսկո Պացցին, շուտով ձերբակալվում, ապա մահապատժի են ենթարկվում (նրանց կախում են պալացցո Վեկկիոի պատուհաններից)[2]։ Յակոբո դե Պացցին, ընտանիքի գլուխը, կարողանում է փախչել Ֆլորենցիայից սակայն շուտով նրան բռնում են ու ետ են բերում քաղաք, որտեղ նրան տանջում են և կախում են Սալվիատիի արդեն քայքայվող դիակի կողքին։ Նրան թաղել են Սանտա Կրոչեում, սակայն նրա դիակը հանել, քարշ տալով քաղաքի փողոցներով բերել են պալացցո Պացցիի դիմաց, ապա գցել Առնո գետը[2]։
Պացցիները աքսորվել են Ֆլորենցիայից, իսկ նրանց հողերն ու ունեցվածքը՝ բռնագրավվել, անվան և զինանշանի օգտագործումը արգելվել։ Նրանց անունը ջնջվելէ քաղաքի գրանցամատյանից և բոլոր շենքերը, որոնք կրել են նրանց անունը անվանափոխվել են[2]։ Նրանց վահանը, որի վրա դելֆիններ էին պատկերված, ոչնչացվել է։ Պացցի անուն կրողներին ստիպել են փոխել այն։ Գիլելմո դե Պացցին, ով Լորենցո Մեդիչիի քրոջ՝ Բիանկայի ամուսինն էր, տնային կալանքի տակ է հայտնվում, իսկ հետագայում արտաքսվում և զրկվում քաղաք մտնելուց[4]։
1494 թվականին Պիեռո դե Մեդիչիի տապալումից հետո Պացցի ընտանիքի անդամները Ֆլորենցիա վերադառնալու իրավունք են ստանում[4]։
Պացցիի մատուռ
խմբագրելՊացցի մատուռի ճարտարապետը Ֆիլիպո Բրունելեսկիին է[9]։ Շինարարությունը սկսվել է 1442 թվականին Սանտա Կրոչի Ֆրանցիսկյան եկեղեցում[10]։ Բարձր Վերածննդի դարաշրջանի ճարտարապետական ոճին համապատասխան ձևավորումը զուսպ է։ Գմբեթը կիսագնդաձև է, որն ավարտվել է Բրունելեսկու մահից հետո՝ ըստ նրա պլանի։
Պալատներ Ֆլորենցիայում
խմբագրել- Պալացցո Պացցի. ընտանիքի հիմնական նստավայրը, որը կառուցվել է 1462-1472 թվականներին Յակոբո դե Պացցիի պատվերով, Ջուլիանո դե Մայանոի նախագծով։ Շենքը եռահարկ է՝ ցոկոլային հարկը կոպիտ տաշված քարով շարված, պատուհանների եզրերը՝ սվաղով նախշազարդված (զգացվում է Բրունելսկու ազդեցությունը)։ Կենտրոնական բակը երեք կողմից շրջապատված է կամարաշարքով։
- Պալլացո Պացցի (իտալ.՝ Palazzo Pazzi dell'Accademia Colombaria). պատկանել է Պացցի ընտանիքին։ Ձեռք է բերվել 1476 թվականին Գուլիելմո և Ջիովանի Պացցիներիի կողմից։ Դավադրությունից հետո այն բռնագրավվել է։ Ավելի ուշ, Պացցիները գնել է տները և վերականգնել ֆասադը (որոշ աղբյուրներ վերագրում են Ամանատիին, 16-րդ դարի երկրորդ կես)։ 1830-ական թվականներին եղել է Կոլումբարիայի ակադեմիայի նստավայրը, որից էլ ստացել է իր անունը։
-
Պացցիի մատուռ
-
Պալացցո Պացցի
-
Պալլացո Պացցի Ամանատի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Arnaldo D'Addario (1970). Pazzi (in Italian). Enciclopedia Dantesca. Rome: Istituto dell'Enciclopedia Italiana. Retrieved October 2015.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Christopher Hibbert (1979 [1974]). The Rise and Fall of the House of Medici. Harmondsworth, Middlesex: Penguin. 0140050906.
- ↑ 3,0 3,1 Claudia Tripodi (2015). Pazzi, Guglielmo de' (in Italian). Dizionario Biografico degli Italiani, volume 82. Rome: Istituto dell'Enciclopedia Italiana. Retrieved October 2015.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Vanna Arrighi (2015). Pazzi, Cosimo de' (in Italian). Dizionario Biografico degli Italiani, volume 82. Rome: Istituto dell'Enciclopedia Italiana. Retrieved April 2018.
- ↑ Pazzi, Raffaele de' (in Italian). Encliclopedie on line. Rome: Istituto dell'Enciclopedia Italiana. Retrieved April 2018.
- ↑ Clare Copeland (2016). Maria Maddalena De' Pazzi: The Making of a Counter-Reformation Saint. Oxford: Oxford University Press. 9780198785385.
- ↑ Joseph Hammond (2012). An Old Altarpiece for a New Saint: The Canonization of Santa Maria Maddalena de' Pazzi and the Decoration of Santa Maria dei Carmini in Venice. Explorations in Renaissance Culture 38 (1–2): 149–169. . ISSN 0098-2474. (subscription required).
- ↑ 8,0 8,1 Vincent Cronin (1992 [1967]). The Florentine Renaissance. London: Pimlico. 0712698744.
- ↑ Taylor-Foster, James (2014 թ․ նոյեմբերի 19). «A Renaissance Gem in Need of Restoration». ArchDaily. ISSN 0719-8884. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Kleiner, Fred S. (2009 թ․ հունվարի 7). Gardner's Art through the Ages: The Western Perspective. Vol. 2. Cengage Learning. էջ 107. ISBN 9780495573647.