Պատմահամեմատական լեզվաբանություն
Պատմահամեմատական լեզվաբանություն, լեզվաբանության բնագավառ, որ պատմական է այնքանով, որ լեզվի փաստերը, իրողություններն ուսումնասիրում է ժամանակի, շարժման մեջ, պատմականորեն կրած փոփոխություններով, համեմատական է այնքանով, որ այդ փաստերը քննում է դրանք համեմատության մեջ դնելով այլ փաստերի, մասնավորապես ցեղակից լեզուների համապատասխան իրողությունների հետ՝ վերականգնելով հնագույն (հատկապես նախագրային, գրավոր աղբյուրներով չվկայված) լեզվավիճակները կամ առանձին նախաձևեր։ Պատմահամեմատական մեթոդի հիմնական խնդիրն է՝ բացահայտել լեզուների մեջ եղած ծագումնաբանական ընդհանրությունները, դրանով իսկ հաստատել այդ լեզուների ցեղակցությունը, վերականգնել հնագույն այն լեզվավիճակները, որոնք ընկած են նշված ընդհանրությունների հիմքում։
Հիմնական սկզբունքներ
խմբագրելՊաատմահամեմատական մեթոդը հենվում է լեզվական ընդհանրությունների գաղափարի վրա, այսինքն՝ ծագումնաբանական այն ընդհանրությունների վրա։ Սրանք լեզուների մեջ եղած այն ընդհանրական տարրերը (հնչյուններ, ձևույթներ, բառեր, քերականական ձևեր) են, որոնք սերում են մեկ հիմքից, աղբյուրից, հետևաբար մեկ նախաձևի պատմական զարգացումներն են, տարբեր էվոլյուցիաների արդյունքները։ Այսպիսի ընդհանրություններ ունեցող լեզուները կոչվում են ցեղակից, իսկ այն լեզուն, որից սերում են այդ լեզուները՝ նախալեզու, իսկ ցեղակցությամբ միավորված լեզվախմբերը՝ լեզվաընտանիքներ։
Ծագումնաբանական ընդհանրությունները հաստատելիս պատմահամեմատական մեթոդը ղեկավարվում է որոշակի գիտական սկզբունքներով, դիտարկումները կատարում է պատմականորեն՝ ընդգրկելով լեզվի կազմի բոլոր տարրեը (հնչյուններ, բառեր և այլն), բացահայտում է համեմատվող միավորների լեզվաբանական նույնությունը, պահանջում է, որ դրանք՝ ա) բովանդակության պլանում, իմաստով լինեն ընդհանրական (մերձավոր կամ նույնական), բ) այդպիսին լինեն նաև արտահայտության պլանում, հնչյունական կազմով, և եթե այստեղ կան տարբերություններ, ապա սրանք մեկնաբանելի լինեն հնչյունական համապատասխանությունների օրենքներով։ Օրինակ՝ հայերեն՝ մայր, ռուս.՝ мать, անգլ.՝ mother, հունարեն՝ μήτηρ (meter), լատին․՝ māter, գերմ.՝ Mutter, սանս.` mātár բառերն նույնն են բովանդակության պլանում և նման արտահայտության պլանում. դրանք բոլորն էլ ծագում են հնդեվրոպական նախալեզվի *mātēr ձևից։
Պատմություն
խմբագրելՊատմահամեմատական լեզվաբանության հիմնադիրներից են գերմանացի լեզվաբաններ Ֆրանց Բոպպը, Յակոբ Գրիմը, դանիացի Ռ. Ռասկը, ռուս լեզվաբան Ալ. Վոստոկովը և այլք։ Ֆրանց Բոպպի առաջին աշխատությունը լույս է տեսել 1816 թվականին. այն նվիրված էր սանսկրիտի խոնարհման համակարգին` համեմատությամբ հունարենի, լատիներենի, պարսկերենի, գերմաներենի համապատասխան համակարգերի։ 1930-ական թվականներին լույս տեսան Ֆ. Բոպպի՝ համեմատական քերականության հատորները («Համեմատական քերականություն սանսկրիտի, զենդերենի, հայերենի, հունարենի, լատիներենի, հին սլավոներենի, գոթերենի և գերմաներենի» (գերմ.՝ «Vergleichende Grammatik des Sanskrit, Send, Arm e nischen, Griechischen, Lateinischen, Litauischen, Altslavischen, Gotischen und Deutschen»), հ. 1-3, 1833-1852. սլավոներենը մտցվեց աշխատության երկրորդ հատորից, իսկ հայերենը՝ դրա երկրորդ հրատարակության մեջ)։
Ռ. Ռասկն զբաղվել է հիմնականում գերմանական լեզուների համեմատական քերականության հարցերով։ Նրա աշխատությունը, որ պատրաստ էր արդեն 1814 թվականին («Ուսումնասիրություն հին հյուսիսային լեզվի բնագավառում, կամ իսլանդերենի ծագումը» (գերմ.՝ «Undersögelse om det gamle Nordiske eller Islandske Sprogs Oprindelse»)), լույս տեսավ 1818 թվականին։
Յակոբ Գրիմը հիմնականում զբաղվել է լեզվի պատմության ու պատմական քերականության հարցերով։ Նրա «Գերմաներենի քերականության» առաջին հատորը լույս է տեսել 1819 թվականին։
Պատմահամեմատական լեզվաբանության զարգացման հարցում նշանակալից են նաև Ալ. Վոստոկովի «Դատողություններ սլավոներենի մասին» (1820), Ա. Շլայխերի «Հնդգերմանական լեզուների համեմատական քերականության համառոտություն» (1861) աշխատություններ։ Պատմահամեմատական լեզվաբանության զարգացմանը մեծապես նպաստել են նաև Վ. ֆոն Հումբոլտը, Ա. Պոտտը, Օտ. Շրադերը, Գ. Կուրցիուսը, Ֆ. Դիցը, Ֆ. Միկլոշիչը և այլք։ 19-րդ դարում պատմահամեմատական լեզվաբանությունը 19-րդ դարի երկրորդ կեսին թևակոխեց զարգացման նոր փուլ հատկապես երիտքերականների ուսումնասիրությունների շնորհիվ։ Նրանք հաստատեցին պատմականության սկզբունքը, կարևոր տեղ հատկացրին ոչ միայն դասական, այլ նաև կենդանի՝ խոսակցական լեզուների ուսումնասիրությանը, հատուկ ուշադրությամբ քննեցին ու ձևակերպեցին հնչյունական համապատասխանության բազմաթիվ օրենքներ։ Ուշագրավ հետազոտություններով հանդես եկան Հ. Պաուլը, Գ. Օստհոֆը, Կ. Բրուգմանը, Բ. Դելբրյուկը և այլք։ Համեմատական քերականության նախորդ շրջանի էական նվաճումներն ամփոփվեցին Կ. Բրուգմանի «Հնդգերմանական լեզուների համեմատական քերականության հիմունքները» աշխատության մեջ (հ. 1-2, 1886-1892), որի շարահյուսական բաժինը գրել է Բ. Դերբրյուկը։
Հիմնական սկզբունքները
խմբագրելՊատմահամեմատական լեզվաբանությունն իր գոյության ընթացքում ստեղծել է տեսական ու գործնական մի շարք սկզբունքներ, որոնցով էլ առաջնորդվում են ուսումնասիրություններ կատարելիս.
- Մարդկային լեզվի ստեղծման ժամանակ գոյություն են ունեցել բազմաթիվ լեզուներ։
- Այդ ժամանակ լեզուների միջև ընդհանրություններ չեն եղել։ Դրանք առաջացել են ավելի ուշ՝ մարդկության պատմական զարգացման ընթացքում։
- Լեզվական ընդհանրությունները (ազդեցության հետևանքով առաջացած ու ծագումնաբանական ընդհանրություններ) մեկ աղբյուր ունեն։
- Այն ամենահին լեզուն, որից սերում են մի շարք լեզուներ, կոչվում է նախալեզու։
- Նախալեզվից սերած լեզուները կոչվում են ցեղակից լեզուներ։
- Ցեղակից լեզուները նախալեզվի զարգացման տարբեր վիճակներ են։
- Միևնույն հիմքից առաջացած լեզուների համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ցեղակից լեզուները զարգանում ու փոփոխվում են տարբեր տեմպերով։
- Անհամաչափությւոն է նկատվում նաև նույն լեզվի տարբեր բաղադրիչների զարգացման միջև։ Լեզվում ամենակայունը հնչյունական համակարգն է, ամենաշարժունը՝ բառապաշարը։
Աղբյուրներ
խմբագրել- Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 518-522։
Գրականություն
խմբագրել- Է. Աղայան, Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1-2, Երևան, 1958-1962։
- Գ. Ջահուկյան, Լեզվաբանության պատմություն, հ. 1-2, Երևան, 1960-1962։
- Hoenigswald H, Language change and linguistic r econstruction, Chi., 1966.
- Current trends inlinguistics, v. 1-12; The Hague — P., 1963—1974.
- Haas M., The prehistory of languages, P. — The Hague, 1969.
- Kurilowicz J., Inflectional categories of Indo-European, Hdlb., 1964.
- Kurilowicz J., Indogermanische Grammatik, Bd 2 3 Hdlb., 1968-69.
- Zvelebil К., Comparative Dravidian phonology, The Hague — P., 1970.