Չհարմահալ և Բախտիարի

նահանգ Իրանում

Չհարմահալ և Բախտիարի (պարս.՝ استان چهارمحال و بختیاری, Օսթան-է Չահար-մահալ-օ Բախտիարի), օսթան (նահանգ) Իրանի Իսլամական Հանրապետությանի հարավ-արևմուտքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Լոռեսթան, արևելքից` Սպահան, հարավից` Քոհգիլուե և Բոյեր Ահմադ, արևմուտքից` Խուզեսթան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 16 332 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 947 763 մարդ (2016)[1]։ Մայրաքաղաքը Շահրեքորդ քաղաքն է։

Չհարմահալ և Բախտիարի օսթան
պարս.՝ استان چهارمحال و بختیاری
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՇահրեկորդ
Բնակչություն947 763 մարդ (2016)[1]
Տարածք16 332 կմ²
Սահմանակցում էԽուզեսթան, Սպահանի նահանգ, Քոհգիլուե և Բոյեր-Ահմադ և Լոռեսթանի նահանգ
ISO 3166-2 կոդIR-14
Հեռախոսային կոդ0541
ostan-chb.ir

Օսթանը ձևավորվել է 1973 թվականին Սպահան օսթանի հարավ-արևմտյան շրջանների անջատման արդյունքում[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 2-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Սպահան քաղաքը։

Աշխարհագրություն խմբագրել

Չհարմահալ և Բախտիարին՝ Իրանի կենտրոնական բարձրավանդակի լեռնային շրջաններից է։ Բախտիարի Զարդ քուհը (հայերեն՝ Դեղին սար) 4222 մետր բարձրությամբ նահանգի ամենաբարձր գագաթն է։

Բնակչություն խմբագրել

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 843 784 մարդ` 194 171 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 895 263 մարդ, որոնք ապրում էին 234 416 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 947 763 մարդ` 270 434 տնտեսություններում[6]։

Խոշոր քաղաքներն են Շահրեքորդը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 190 441 մարդ), Բորուջենը (57 071 մարդ), Լորդեգանը (40 528 մարդ), Ֆառռոխշահրը (31 739 մարդ), Ֆարսանը (30 504 մարդ), Հաֆշեջանը (21 352 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում 607 444 մարդ կամ օսթանի բնակչության 64,1%-ը[6]։

Լեզուներ խմբագրել

 
Չհարմահալ և Բախտիարի օսթանի լեզուների տարածման քարտեզ

Օսթանի հիմնական լեզուն բախտիարին է, որը իրանական լեզվախմբի լեզու լուռերենի բարբառներից է։ Բախտիարին հիմնականում տարածված է օսթանի արևմտյան լեռնային շրջաններում, նաև` հարավային ցածրադիր շրջաններում Լորդեգանի շուրջ և մասամբ արևելյան հատվածի քաղաքներում։

Օսթանի հյուսիս-արևելյան մասում խոսում են հիմնականում չհարմահալի կամ չհարմահալի թյուրքերեն։ Չհարմահալին ևս մեկ իրանական լեզու է, որը դասակարգվում է որպես անցումնային բախտիարիի և Սպահանի շրջանի պարսկերենի բարբառների միջև` ավելի մոտ լինելով վերջիններին։ Այն մասնավորապես տարածված է Բորուջեն, Ֆառռոխշահր և Հաֆշեջան քաղաքներում և մի շարք գյուղական շրջաններում։ Չհարմահալի թյուրքերենը նման է Ֆարս օսթանի քաշքայերենին, սակայն նմանություններ ունի նաև ադրբեջաներենի հետ։ Վերջին ժամանակներս հատկապես քաղաքներում աստիճանաբար տարածում է գտնում նաև պարսկերենի Թեհրանի խոսվածքը[8]։

Չհարմահալ և Բախտիարի օսթանում բնակչության բաժանումն ըստ լեզուների ներկայացված է ստորև բերված աղյուսակում.

Բնակչության բաժանումն ըստ լեզվի[8]
Լեզու Տոկոս
Լուռերեն
  
61.88 %
Պարսկերեն
  
20.30 %
Թյուրքական լեզուներ
  
17.80 %
Այլ կամ խառը
  
0.02 %

Վարչական բաժանում խմբագրել

Չհարմահալ և Բախտիարի օսթանը բաժանված է 11 շահրեստանների (գավառների).

 

Չհարմահալ և Բախտիարի օսթանի շահրեստանները
Շահրեստան Բնակ. 2006[4] Բնակ. 2011[5] Բնակ. 2016[6] Վարչ. կենտրոն
Արդալ շահրեստան 68 740 53 514 48 880 Արդալ
Բեն շահրեստան1 28 326 Բեն
Բորուջեն շահրեստան 113 795 118 681 122 483 Բորուջեն
Լորդեգան շահրեստան 175 289 194 783 209 681 Լորդեգան
Խանմիրզա շահրեստան2 Ալունի
Շահրեքորդ շահրեստան 362 381 340 382 315 980 Շահրեքորդ
Սաման շահրեստան1 34 616 Սաման
Քիար շահրեստան3 58 047 50 976 Շալամզար
Քուհրանգ շահրեստան 33 468 35 915 41 535 Չելգերդ
Ֆալարդ շահրեստան2 Մալե Խալիֆե
Ֆարսան շահրեստան 90 111 93 941 95 286 Ֆարսան
Ընդհանուր 843 784 895 263 947 763
1Առանձնացվել է Շահրեքորդ շահրեստանից
2Առանձնացվել է Լորդեգան շահրեստանից
3Առանձնացվել է Արդալ և Շահրեքորդ շահրեստաններից

Չարմահալ նահանգի հայազգի բնակչություն խմբագրել

Շահ Աբբաս Ա. կազմակերպած բռնագաղթի հետևանքով 17-րդ դարից սկսյալ հայերը բնակություն են հաստատել Չհարմահալ և Բախտիարի նահանգում։

Ըստ Առաքել Դավրիժեցու հայերը Չհարմահալ և Բախտիարի նահանգ են բռնագաղթեցվել Մեծ Հայքի Բասեն գավառից։ Հայերը հատկապես հաստատված են եղել նահանգի արևելյան շրջաններում, ընդորում Շահրեքորդ և Բորուջեն քաղաքներում և այդ քաղաքների շրջակա գյուղերում։ Ներկայիս մատահաշիւ հայեր են ապրում այնտեղ։ Նահանգի հայաբնակ գյուղերից կարելի է հիշատակել Սիրաք, Լիւասյան, Գիշնիգան, Գյանդուման, Ահմադաբադ, Վաստիգան, Շալամզար, Մամուքա, Մահամռա, Ներքին Քոնարք, Վերին Քոնարք, Աղբուլաղ գյուղերը։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  1. Իրանի Չհարմհալ գավառը, Ավ. Քահ. Եդգարյան, 1963 թ., Տպարան Անի, Թեհրան
  2. Յարութիւն Թ. Տէր Հովհանեանց, Պատմութիւն Նոր Ջուղայու որ յԱսպահան, հատոր առաջին, Նոր Ջուղա, 1880
  3. Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, Եւ վերակացութեամբ Տեառն Ոսկանայ Երևանցւոյ բանի սպասաւորի, Յամսթէլօդամ, Տպ. Սբ. Էջմիածին և Սուրբ Սարգիսի զօրավար, 1669

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. Iran Provinces
  3. "استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند". همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  4. 4,0 4,1 "Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)" (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 "Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)" (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 "Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)" (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2019 թ. մայիսի 24-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. "IRAN: Chaharmahal and Bakhtiari" (անգլերեն).
  8. 8,0 8,1 "Language distribution: Chahr Mahal va Bakhtiari Province". 2020. Վերցված է 2022 թ. ապրիլի 11-ին.