Լոռեսթան
Լոռեսթան (պարս․՝ استان لرستان), նահանգի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Իրանի Իսլամական Հանրապետության արևմուտքում։ Ունի 28 294 կմ² տարածք և 1 754 243 բնակչություն (2011 թվականի տվյալներով)[1]։ Խոշոր քաղաքներն են Խորամաբադը, Բորուջերդը, Դորուդը:
Լոռեսթանի նահանգ արաբ․՝ استان لرستان | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | նահանգ |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Խորամաբադ |
Հիմնական լեզու | լոռերեն |
Բնակչություն (2011) | 1 754 243 |
Խտություն | 61 |
Ազգային կազմ | լոռեր |
Կրոնական կազմ | Շիա իսլամ |
Տարածք | 28 294 |
![]() | |
![]() | |
Սահմանակցում է | Քերմանշահի նահանգ, Իլամի նահանգ, Չհարմահալ և Բախտիարի, Խուզեսթան, Սպահանի նահանգ, Կենտրոնական նահանգ և Համադանի նահանգ |
Ժամային գոտի | +03:30 |
ISO 3166-2 կոդ | IR-20 |
Կոորդինատներ: 33°29′13.560000099993″ հս․ լ. 48°21′13.680000099999″ ավ. ե. / 33.48710000002777321° հս․. լ. 48.35380000002777479° ավ. ե. |
Հասան Ռոհանիի կառավարության օրոք (2013-17) Իրանի ներքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել[2] Իրանի 31 նահանգ-ոստանները միավորել 5 երկրամասերի մեջ, և չորրորդ կամ Արևմտյան Իրան երկրամասի մեջ ներառել նահանգներից 6-ը՝ Իլամ, Լոռեսթան, Խուզեսթան, Կենտրոնական, Համադան, Քերմանշահ[3][4]։
ԱշխարհագրությունԽմբագրել
«Լոռեսթան» անունը նշանակում է «լոռերի երկիր»: Այն գտնվում է արևմտյան Իրանում՝ Իլամի, Խուզեսթանի ու Քերմանշահի հետ: Տարածքը հիմնականում լեռնային է՝ Զագրոսի համակարգում տեղակայված, որ ձգվում է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք: Կենտրոնական հատվածներում 4000 մ և ավելի բարձրություն ունեցող լեռնագագաթներ են: Ամենաբարձր կետը Օշթոռանքուհ գագաթն է` 4,050 մետր: Արևմտյան Լոռեսթանում պեղվել են մարդկանց վաղագույն բնակավայրեր՝ թվագրված բրոնզե դարի: Հարավային հատվածում գտնվող ցածր լանջերը գտնվում են ծովի մակարդակից մոտավորապես 500 մ բարձրության վրա: Հողմահայաց լանջերն անտառապատ են[5]: Այստեղից սկիզբ են առնում Իրանի կենտրոնական շրջանների կարևորագույն գետերը, ինչպիսիք են Զայանդեռուդը, Ջարահին, Քարունը և այլն: Միջլեռնային գոգավորություններում շատ են բերրի հարթավայրերը, իսկ դրանից ցածր ձևավորվել են ջրվեժներ: Այստեղ երբեմն տեղի են ունենում ջրհեղեղներ[6] և երկրաշարժեր[7]:
Կլիման հիմնականում ցածր խոնավ մայրցամաքային է, ձմեռային տեղումներով: Խորամաբադում տարեկան տեղումների միջին քանակը կազմում է 530 մմ, բարձր լեռներում՝ 1270 մմ: Հունիս-սեպտեմբեր ամիսները սովորաբար բացարձակ չորային են, սակայն Խորամաբադում դեկտեմբերին և հունվարին կարելի է ակնկալել հորդառատ անձրև: Կլիմայի տեսանկյունից նահանգը կարելի է բաժանել երեք մասի. լեռնային շրջաններում բնորոշ են ցուրտ ձմեռները և չափավոր ամառները: Կենտրոնական հատվածում, որտեղ և Խորամաբադ քաղաքն է, գարնանային սեզոնը սկսվում է փետրվարի կեսերից և ավարտվում մայիսի կեսերին: Հարավային շրջանում տաք ամառներ և համեմատաբար մեղմ ձմեռներ են[8]:
ՊատմությունԽմբագրել
Լոռեսթանի հնագույն պատմությունը սերտորեն կապված է Հին աշխարհի պատմության հետ: Մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներում Զագրոսի լեռների տարածքում հաստատվում են նոր արիական ցեղեր և բնակություն են հաստատում բնիկ քասիտների, լոլոբիների և էլամացիների հետ: Ծագումով այստեղից էր Իրանի առաջին պետության՝ Էլամի կառավարող արքայատոհմը (Ավան դինաստիա, շումերերեն՝ 𒀀𒉿𒀭𒆠, մ.թ.ա. 2700-1600)[9]: Ռազմատենչ քասիտներն իրենց իշխանությունը հաստատում են Միջագետքի խոշորագույն քաղաքում՝ Բաբելոնում (մ.թ.ա. 1600-1155): Մեծ հետաքրքրություն են ներկայացնում բրոնզեդարյան ժամանակաշրջանին վերագրվող իրերը, որոնք հայտնի են դարձել որպես «Լոռեսթանի բրոնզ»[10]:
Ավելի ուշ շրջանում Իրանի արևմտյան նահանգներ, այդ թվում՝ ներկայիս Լոռեսթան են գաղթում մարերեն լեզվով ցեղերը: Լինելով սահմանային նահանգ՝ Աքեմենյանները[11], ապա նաև՝ Պարթև Արշակունիները և Սասանյանների այստեղ ամրություններ են կառուցում, որոնցից առավել լավ է պահպանվել Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոցը: Հնադարյան շրջանին վերագրվող հուշարձանների կողքին առանձնակի տեղ են գրավում կավե սափորները, կուժերը և այլ կենցաղային իրեր: Արաբական արշավանքներից հետո Լոռեսթանը կոչվում էր «Ջեբալ», «Լոռե քուչաք», «Փիշքուհ» և այլն[12]:
Միջնադարում լոռերի հետ միասին նահանգի տարածքում բնակություն են հաստատել նաև յարսանիականության հետևորդներ՝ կրոնը տարածելով լոռերի ու լաքերի շրջանում: Նրանք որոշ ընդհանրություններ ունեն զրադաշտականության, մանիքեության, միթրայականության հետ: 1936 թվականին Ռեզա շահ Փահլավիի բանակը ասպատակեց տարածքը և նրանց հնազանդեցրեց[13]: Մինչև այդ ժամանակահատվածը Լոռեսթանը համարվում էր փակ՝ այցելուների և ճանապարհորդների համար: Առանձնապես վտանգ էր ներկայացնում երկրամասի կտրված լինելը, լեռնային լանդշաֆտը, կիսաքոչվոր ցեղերի ապրելակերպը[14]:
ԲնակչությունԽմբագրել
Իրանական ժողովուրդները բնակվում են ոչ միայն համանուն լեռնաշխարհում՝ Հինդուկուշից մինչև Փոքր Ասիա, այլև դրանից դուրս՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Այս տարածաշրջանը հայտնի է «Մեծ Իրան» անունով[15]: Լոռերը դասակարգվում են որպես այս ժողովուրդների հարավարևմտյան մաս, իսկ լոռերենը սերտորեն կապված է պարսկերենի հետ[16]: Այն ունի երկու խոշոր բարբառ՝ «լոռե բոզորգ» (մեծ լոռերեն), որով խոսում են բախտիարները (Չհարմահալ և Բախտիարի) և «լոռէ քուչեք» (փոքր լոռերեն), որով խոսում են լոռերը: Լոռեսթանի երկրորդ խոշոր՝ Բորուջերդ քաղաքի բնակիչները խոսում են տեղական բարբառով: Նահանգի հյուսիս-արևմուտքում խոսում են քրդերենի բարբառով՝ լաքերենով: Լոռերի ճնշող մեծամասնությունը շիա մուսուլմաններն են, հանդիպում են նաև յարսանիներ (հիմնականում լաքերի շրջանում): Լոռեսթանից դուրս լոռերը բնակվում են Խուզեսթանի հյուսիսում և Իլամի նահանգի հարավում:
Լոռերն ունեցել են կիսանկախ պետականություն՝ Խորշիդների գլխավորությամբ (1155-1597, հյուսիսային շրջան): Վերջին միապետին գահընկեց է արել շահ Աբբաս I Սեֆին: Մեկ այլ պետականություն գոյություն էր ունեցել հարավում՝ Ֆազլևիեների գլխավորությամբ (1160-1424): Այդուհանդերձ, մինչև 20-րդ դարը լոռերի մեծամասնությունը զբաղվում էր կիսաքոչվոր անասնապահությամբ, քաղաքաբնակ լոռերի մեծ մասը կենտրոնացած էր Խորամաբադում: Փահլավիները փորձել են նստակյաց դարձնել լոռերին. Ռեզա շահի օրոք դա ուղեկցվել է բռնություններով ու հաջողության չի հասել, իսկ Մոհամմադ Ռեզա Փահլավին տնտեսական բարեփոխումներով լոռերին բնակեցրեց քաղաքներում: Քաղաքային բնակչության աճը գրանցվել է հիմնականում իսլամական հեղափոխությունից հետո՝ Իրան-Իրաքյան պատերազմի տարիներին: Լոռերի ընդհանուր թվաքանակը հասնում է հինգ միլիոնի, որի ավելի քան մեկ երրորդը բնակվում է Լոռեսթանում[17]:
Լոռեսթանն ունի 1 754 243 բնակչություն (2011 թվականի տվյալներով)[18], որոնց մոտ երեք քառորդն ապրում է քաղաքներում ու ավաններում: Առանձնապես խոշոր քաղաքներն են՝
Քաղաք | Բնակչություն | Մարդահամար |
---|---|---|
Խորամաբադ | 373,416 | 2016[19] |
Բորուջերդ | 234,997 | 2016[20] |
Դորուդ | 159,026 | 2006[21] |
Քուհդաշթ | 102,285 | 2006[22] |
Ալիգուդարզ | 78,690 | 2006[23] |
Ալեշթար | 77,306 | 2006[24] |
Վարչական բաժանումԽմբագրել
Լոռեսթան նահանգի տարածքը 28․294 կմ² է: 2017 թվականից սկսած այն մտնում է Իրանի չորրորդ կամ «Արևմտյան Իրան» երկրամասի մեջ ներառել երկրի վեց նահանգ՝ Իլամ, Լոռեսթան, Խուզեսթան, Կենտրոնական, Համադան, Քերմանշահ[25][26]։ Լոռեսթանի տարածքը բաժանված է տասը գավառների, որոնց կենտրոնները սովորաբար խոշորագույն բնակավայրերն են: Դրանք են՝ Ազնայի, Ալիգուդարզի, Բորուջերդի, Դելֆանի (կենտրոն՝ Նուրաբադ), Դորուդի, Դոուրեի, Սելսելեի (կենտրոն՝ Ալեշթար), Խորամաբադի, Քուհդաշթի, Փոլդոխթարի: Գավառներն իրենց հերթին բաժանվում են 26 շրջանների, որոնց մեջ առանձնանում է Ռումեշխանի շրջանը՝ որպես ինքնուրույն միավոր:
Տրանսպորտ և կապԽմբագրել
Լոռեսթանը գտնվում է Թեհրան-Աբադան ավտոճանապարհին, որը հանդիսանում է Իրանի կարևորագույն ճանապարհներից մեկը՝ բեռնափոխադրման տեսանկյունից: Ճանապարհը կապում է Արաք քաղաքը (Կենտրոնական նահանգ) Անդիմեշք քաղաքին (Խուզեսթան)՝ Բորուջերդ, Խորամաբադ և Փոլդոխթար քաղաքների միջոցով: Այս մայրուղին բաղկացած է երկու հատվածից՝ 56 և 37 ճանապարհներից, որոնք միավորվում են Բորուջերդում: Թեհրանի և Խուզեսթանի միջև գտնվող ավտոմայրուղի 5-ը երկրորդ արագընթաց ավտոճանապարհն է, որը կապում է Բորուջերդը և Խորամաբադը:
Նահանգի տարածքում գտնվող գլխավոր օդային դարպասը Խորամաբադի օդանավակայանն է, որն օրական կանոնավոր թռիչքներ ունի դեպի Թեհրան: Երկրորդ օդանավակայանը նախատեսվում է կառուցել Բորուջերդի հյուսիսում:
Իր լեռնային պայմանների շնորհիվ, Լոռեսթանն ունի Իրանի կարևոր երկաթգծերից մեկը: Լոռեսոանի երկաթուղային ճանապարհը 215 կմ է, ունի 15 կայարան, 133 երկաթուղային թունել: Երկաթուղին ընթանում է Դեզ և Սեզար գետերի ափով:
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Իրանի բնակչությունը 2011 թվականին
- ↑ «منطقهبندی کشور، بیمها و امیدها»։ Jamejam Online։ June 2014։ Վերցված է 1 օգոստոսի 2014
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند»։ Hamshahri Online։ հուլիս 2014։ Վերցված է 1 օգոստոսի 2014
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند»։ Entekhab Online։ հուլիս 2014։ Վերցված է 1 օգոստոսի 2014
- ↑ Lorestan
- ↑ Նախագահը Լորեստանում է
- ↑ Իրանում ուժեղ երկրաշարժից տասնյակ մարդիկ են տուժել
- ↑ Lorestan Land of Culture and Civilization
- ↑ Legrain, 1922, pp. 10, 12, 22.
- ↑ Zahlhaas, G. Luristan: Antike Bronzen aus dem Iran. Archäologische Staatssammlung München, Museum für Vor-und Frühgeschichte: München, 2002.
- ↑ "Archeologist: First signs of Achaemenids discovered in Western Iran". irna.ir. Archived from the original on 8 February 2017. Retrieved 28 April 2018.
- ↑ Ծանոթանանք իրանական մշակույթին և ցեղախմբերին
- ↑ Hamilton Alexander Rosskeen Gibb, Johannes Hendrik Kramers, Bernard Lewis, Charles Pellat, Joseph Schacht: title=The Encyclopaedia of Islam, Brill, 1954
- ↑ Stark, Freya, The Valley of the Assassins, J. Murray, London, 1934
- ↑ Frye, Richard Nelson, Greater Iran, ISBN 1-56859-177-2 p.xi: "... Iran means all lands and peoples where Iranian languages were and are spoken, and where in the past, multi-faceted Iranian cultures existed."
- ↑ Frye, Richard N. (1983). Handbuch der Altertumswissenschaft, Part 3, Volume 7. Beck. p. 29. ISBN 978-3406093975.
- ↑ "Iran" (PDF). New America Foundation. June 12, 2009
- ↑ Իրանի բնակչությունը 2011 թվականին
- ↑ https://www.amar.org.ir/english
- ↑ https://www.amar.org.ir/english
- ↑ "Census of the Islamic Republic of Iran, 1385 (2006)". Islamic Republic of Iran
- ↑ "Census of the Islamic Republic of Iran, 1385 (2006)". Islamic Republic of Iran
- ↑ "Census of the Islamic Republic of Iran, 1385 (2006)". Islamic Republic of Iran
- ↑ "Census of the Islamic Republic of Iran, 1385 (2006)". Islamic Republic of Iran
- ↑ «ایران، فدرال می شود؟ تقسیم کشور به 5 منطقه مستقل»։ Khabar-Online։ հուլիս 2014։ Վերցված է 1 օգոստոսի 2014
- ↑ «استانهای کشور به ۵ منطقه تقسیم شدند»։ Jamejam Online։ հուլիս 2014։ Վերցված է 1 օգոստոսի 2014