Մուտքի խոչընդոտներ (անգլ.՝ Barriers to entry), տնտեսագիտության և մրցակցությանը նվիրված տեսությունների մեծ մասում մուտքի խոչընդոտները խոչընդոտներ են, որոնք ընկերությունը պետք է հաղթահարի որոշակի շուկա մուտք գործելու համար։ Մուտքի խոչընդոտները ընկերության գնագոյացման ուժի աղբյուրն են՝ ընկերության կարողությունը բարձրացնել գները՝ առանց հաճախորդների կորցնելու։

Մուտքի խոչընդոտներ տերմինը կիրառվում է նաև ֆիզիկական անձանց նկատմամբ, ովքեր մտադիր են սկսել որոշակի մասնագիտական կամ բիզնես գործունեություն։ Մուտքի խոչընդոտները խոչընդոտում են արդյունաբերության մրցակցությանը։

Սահմանումներ խմբագրել

Ջորջ Ստիգլերը մուտքի խոչընդոտը սահմանում է որպես «արտադրության արժեքը, որը պետք է վճարի շուկա մուտք գործելու ձգտող ընկերությունը, բայց արդեն իսկ այնտեղ գտնվող ընկերությունները չպետք է վճարեն»[1]։

Ֆրանկլին Ֆիշերը մուտքի խոչընդոտը սահմանում է որպես «մի բան, որը խոչընդոտում է մուտքը, երբ մուտքը սոցիալական շահավետ է»[2]։

Ջո Բեյնը սահմանում է որպես մուտքի խոչընդոտ այն ամենը, ինչը թույլ է տալիս գործող ընկերություններին միջինից բարձր շահույթ ստանալ առանց մուտքի վտանգի[3]։

Ընկերությունների մուտքի խոչընդոտները շուկա խմբագրել

Ընկերությունների մուտքի խոչընդոտները շուկա ներառում են.

  • Գովազդ՝ արդեն շուկայում գործող ընկերությունները կարող են դժվարացնել նոր մրցակիցների մուտքը շուկա՝ գովազդի բարձր ծախսերի պատճառով, որոնք նոր ընկերությունները դժվար թե կարողանան վճարել։ Այս տեսությունը հայտնի է որպես «շուկայական հզորության գովազդի տեսություն»[4]։ Արդեն կայացած ընկերությունները գովազդի միջոցով ստեղծում են սպառողների ընկալումներ, որ իրենց ապրանքանիշը տարբերվում է մյուսներից այն աստիճան, որ սպառողները այն տեսնում են որպես տարբերվող ապրանք[4]։ Այդ պատճառով գործող ընկերությունների արտադրանքը չի կարող հավասարապես փոխարինվել նոր ապրանքանիշով ընկերության արտադրանքով[4]։ Սա շատ դժվար է դարձնում նոր ընկերությունների համար գնորդներ ներգրավելը։
  • Ռեսուրսների կառավարում՝ եթե ընկերությունը վերահսկում է որոշակի ոլորտի համար անհրաժեշտ ռեսուրսը, ապա այլ ընկերություններ չեն կարող մտնել այդ շուկա։
  • Առավելությունները՝ անկախ ընկերության չափից՝ տեխնոլոգիաների տիրապետում, նոու-հաու, նյութերի արտոնյալ հասանելիություն, արտոնյալ աշխարհագրական դիրք, ուսուցման կոր։
  • Հաճախորդների հավատարմություն՝ շուկայի խոշոր ընկերությունները կարող են ունենալ արտադրվող ապրանքի հավատարիմ գնորդներ։ Գոյություն ունեցող ուժեղ ապրանքանիշերի առկայությունը կարող է զգալի խոչընդոտ հանդիսանալ մուտքի համար։
  • Պայմանագրեր գործընկերների հետ՝ բացառիկ պայմանավորվածությունները խոշոր մատակարարների կամ մանրածախ վաճառողների հետ կարող են խնդիրներ ստեղծել շուկայի մասնակիցների համար։
  • Մասշտաբի էֆեկտ՝ ավելի մեծ ընկերությունները կարող են ապրանքներ արտադրել ավելի ցածր գնով, քան փոքր ընկերությունները։ Ծախսերի առավելությունները երբեմն կարող են արագ հաղթահարել տեխնոլոգիայի միջոցով։
  • Տնտեսության պետական կարգավորումը՝ կարող է դժվարացնել շուկա մուտք գործելը կամ անհնարին դարձնել։ Ծայրահեղ դեպքում պետությունը կարող է անօրինական դարձնել մրցակցությունը և հաստատել պետական մենաշնորհ։ Լիցենզիայի և թույլտվության պահանջները կարող են նաև մեծացնել շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ ներդրումների ծավալը։
  • Ոչ առաձգական պահանջարկ՝ շուկա մուտք գործելու ուղիներից մեկը ապրանքների ինքնարժեքը շուկայում առկա ապրանքների համեմատ իջեցումն է։ Այնուամենայնիվ, այս ռազմավարությունն անարդյունավետ է, եթե գնորդները զգայուն չեն գնի նկատմամբ։
  • Մտավոր սեփականություն՝ շուկա մուտք գործելը պահանջում է նույն արտադրական տեխնոլոգիայի կամ նոու-հաուի հասանելիություն, ինչ մենաշնորհատերը։ Արտոնագրերը ընկերություններին օրինական իրավունք են տալիս արգելել այլ ընկերություններին որոշակի ժամկետով արտադրանք արտադրել և այդպիսով սահմանափակել մուտքը շուկա։ Արտոնագրերն ուղղված են գյուտերի զարգացմանը և գիտատեխնիկական առաջընթացին` խթանելով այդ գործունեության ֆինանսական շահութաբերությունը։ Նմանապես, ապրանքային նշանը կարող է խոչընդոտ դառնալ որոշակի ապրանքի մուտքի համար, երբ շուկայում գերիշխում են մեկ կամ մի քանի հայտնի անուններ։
  • Ցանցային էֆեկտ՝ երբ ապրանքը կամ ծառայությունն ունի արժեք, որը կախված է հաճախորդների թվից, մրցակիցները խնդիրներ են ունենում, քանի որ արդեն գործող ընկերությունն ունի հաճախորդների մեծ բազա։
  • Գիշատիչ գնագոյացում՝ գերիշխող ընկերությունը վաճառում է ապրանքները վնասով, որպեսզի դժվարացնի նոր ընկերությունների վիճակը, որոնք ի վիճակի չեն մրցակցել ավելի մեծ ընկերության հետ՝ սեփական կապիտալով և վարկ ստանալու ավելի հեշտ հասանելիությամբ։ Շատ երկրներում դա արգելված է օրենքով, սակայն այդ գործողությունները դժվար է ապացուցել։
  • Սահմանափակող առևտրային պրակտիկա՝ ինչպիսիք են օդային տրանսպորտի պայմանավորվածությունները, որոնք թույլ չեն տալիս նոր ավիաընկերություններին տարածք ձեռք բերել որոշակի օդանավակայաններում վայրէջք կատարելու համար։
  • Նախընտրելի մուտք դեպի հումք՝ թույլ է տալիս ավելի մեծ մարժա ստանալ, քան շուկայի նոր խաղացողները, ինչպես նաև դժվարություններ ստեղծել մրցակիցների համար՝ խաթարելով առաքման ժամանակացույցը։
  • Նախընտրելի աշխարհագրական դիրքը՝ արտադրական օբյեկտների գտնվելու վայրը հումքի կամ իրացման շուկաներին ավելի մոտ է, կառավարության առավել բարենպաստ կարգավորումն ու հարկումը մրցակիցների նկատմամբ առավելություն են տալիս։
  • Հետազոտական և մշակման աշխատանքներ՝ որոշ ապրանքներ, ինչպիսիք են միկրոպրոցեսորները, պահանջում են մեծ ներդրումներ տեխնոլոգիայի մեջ, որոնք զսպում են պոտենցիալ մրցակիցներին։
  • Անվերադարձ ծախքեր՝ անվերադարձ ծախսերը չեն կարող վերադարձվել շուկայից դուրս գալու ժամանակ։ Դրա պատճառով նրանք մեծացնում են շուկա մուտք գործելու ռիսկը։
  • Ուղղահայաց ինտեգրումը՝ ընկերության կողմից արտադրության մի քանի մակարդակների ծածկույթը հնարավորություն է տալիս արտադրանքը լիովին հասցնել յուրաքանչյուր մակարդակի պահանջվող պայմաններին, ինչը դժվարացնում է շուկայի նոր մասնակիցների համար նույն որակի ապրանքներ արտադրելը։

Ֆիզիկական անձանց համար աշխատաշուկա մուտքի խոչընդոտներ խմբագրել

Աշխատաշուկայում ֆիզիկական անձանց մուտքի խոչընդոտների օրինակները ներառում են կրթությունը, լիցենզավորումը կամ որոշակի մասնագիտության աշխատողների թվաքանակի քվոտան։

Մի կողմից՝ այս խոչընդոտները պետք է ապահովեն, որ այս շուկա մուտք գործող մարդիկ ունենան անհրաժեշտ որակավորում, մյուս կողմից՝ դա նվազեցնում է շուկայում մրցակցությունը։ Նաև դրա պատճառով որոշ ոլորտներում մասնագետների համար լրացուցիչ ծախսերի էֆեկտ կա։

Մուտքի խոչընդոտները և արդյունաբերության կառուցվածքը խմբագրել

  1. Կատարյալ մրցակցություն՝ մուտքի խոչընդոտներ չկան։
  2. Մենաշնորհային մրցակցություն՝ մուտքի ցածր խոչընդոտներ։
  3. Օլիգոպոլիա՝ մուտքի բարձր խոչընդոտներ։
  4. Մենաշնորհ՝ մուտքի խոչընդոտները տատանվում են շատ բարձրից մինչև բացարձակ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.jstor.org/pss/3592928
  2. «Diagnosing Monopoly (1979)» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2009 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
  3. Tirole, Jean The Theory of Industrial Organization. — Cambridge, Massachusetts, London, England: The MIT Press, 1989. — С. 305. — ISBN 0-262-20071-6
  4. 4,0 4,1 4,2 Moffatt, Mike. (2008) About.com Теория Рекламы Рыночной Мощи Արխիվացված 2011-01-15 Wayback Machine Экономический словарь Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «about2» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: