Վարկ
Վարկ (լատին․՝ creditum պարտք, լատին․՝ credere վստահել բառերից) կամ վարկային հարաբերություններ, տնտեսական կատեգորիա, փողի կամ ապրանքների ձևով պարտքի տրամադրում՝ տոկոսի վճարման պայմանով։ Վարկը պայմանավորվածություն է բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան և ձեր միջև, որի համաձայն, այդ պահին ստանում եք դրամական միջոցներ/ապրանք/ծառայություն՝ հետագայում վճարելու նախապայմանով։ Այն հասարակական հարաբերություն է, որն առաջանում է տնտեսության սուբյեկտների միջև արժեքի շարժի հետևանքով։ Վարկային հարաբերությունները կարող է արտահայտվել տարբեր վարկային ձևերով՝ առևտրային վարկ, բանկային վարկ, լիզինգ, ֆակտորինգ և այլն։ Հայաստանում վարկեր տրամադրում են բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները։ Բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրում են սպառողական, գյուղատնտեսական, հիփոթեքային, բիզնես վարկեր, իսկ գրավատները՝ միայն գրավադրմամբ վարկեր։
Ըստ վարկավորման ժամկետի՝ վարկերը լինում են.
- Կարճաժամկետ (1 տարի).
- Միջին ժամկետային (1-5 տարի).
- Երկարաժամկետ (6-10 տարի).
- Հատուկ երկարաժամկետ (20-40 տարի).
- Հատուկ ժամկետայնության տեսակ, որը տրվում է բանկերին, բրոքերներին, դիլերներին շտապ կարիքների համար։
ԸՍՏ ՎԱՐԿԻ ԱՐԺՈՒՅԹԻ
- Դրամային. հայկական դրամով տրամադրվող վարկեր։
- Արտարժութային. այլ երկրների արժույթով տրամադրվող վարկեր (ԱՄՆ դոլար, եվրո և այլն)։
Նշանակություն
խմբագրելԿրեդիտ-վարկը (լատին․՝ creditum կամ լատին․՝ credere), ֆինանսական գործիք է, որը քաղաքացուն կամ ձեռնարկությանը հնարավորություն է ընձեռնում դրամ փոխառել՝ ապրանքներ, հումք և նմանատիպ ապրանքներ գնելու համար, վճարումը կատարելով որոշ ժամանակահատվածի ընթացքում, սովորոբար՝ տոկոսով։
- Վարկը ապահովում է դրամական կապիտալի փոխարկումը փոխառուական կապիտալի և ներկայացնում է փոխատուի և փոխառուի միջև ձևավորող հարաբերությունները։ Վարկի օգնությամբ ձեռնարկությունների, անհատների և պետության ազատ դրամական միջոցները և եկամուտները կուտակվում են, փոխարկվում փոխառուական կապիտալի, որն էլ իր հերթին վճարի դիմաց տրամադրվում է ժամանակավոր օգտագործման։
- Վարկերը հիմնականում անհրաժեշտ են այն պատճառով, որ այն ճկուն մեխանիզմ է հանդիսանում տնտեսության մի ճյուղից մյուսին կապիտալի հոսքի ապահովմամբ և շահույթի նորմաների կարգավորման համար։
- Վարկը անհրաժեշտ է նաև գործող կազմակերպությունների միջոցների անընդհատ շրջանառության ապահավման, ինչպես նաև ապրանքների սպառման գործընթացի սպասարկման համար։
- Փոխառուական կապիտալը վերաբաշխվում է տնտեսության ճյուղերի միջև, ըստ շուկայական օրենքների՝ կապիտալի հոսքը ուղղվում է այն ճյուղերին, որոնք ապահովում են բարձր շահույթ։
- Վարկի շնորհիվ շահույթի կապիտալիզացիայի էլ ավելի արագ է ընթանում։
- Վարկը կարող է նաև օգտագործվել պետության կողմից որպես գործիք կապիտալ ներդրումների, բնակարաների վերանորոգման, ապրանքների ներմուծման խթանման, ինչպես նաև տնտեսության շահութաբեր ճյուղերի զարգացման համար։
Գործառույթներ
խմբագրելԻրական կյանքում վարկի էությունն դրսևորվում է նրա գործառույթների միջոցով։
Վերաբաշխման գործառույթ
խմբագրելԱյս գործառույթով ժամանակավորապես ազատ դրամական միջոցները շարժման մեջ են դրվում և վերածվում ակտիվ գործող միջոցների։ Դա հասարակության ժամանակավորապես ազատ դրամական միջոցների վերաբաշխումն է այն տնտեսավարող սուբյեկտների միջև, որոնք փողի կարիք ունեն։ Քանի որ վարկն իր տոկոսով հանդերձ պետք է վերադարձվի, ուստի փոխառուները ձգտում են ավելի արդյունավետ օգտագործել վարկերը, կատարելագործել տնտեսավարման մեթոդները, բարձրացնել տնտեսության եկամտաբերությունը, որովհետև վարկի մարման աղբյուրը վերջին հաշվով ստացված շահույթն է։ Այսպիսով, վարկի այս գործառույթի միջոցով տնտեսական գործընթացներն ավելի են արագացվում, դրամական միջոցներին հաջորդում է հարաշարժությունը։
Կանխիկ թղթադրամի փոխարինում վարկային փողերով և վարկային գործառնություններով
խմբագրելՎարկային գործառնությունները նպաստում են տնտեսության արդյունավետության բարձրացմանը։ Անկանխիկ հաշվարկները կրճատում են շրջանառության ծախսերը։
Կապիտալի համակենտրոնացման և կենտրոնացման գործառույթ
խմբագրելՎարկը ակտիվորեն օգտագործվում է մրցակցային պայքարում, որով նպաստում է ֆիրմաների քայքայմանը կամ միաձուլմանը։
Շուկայական տնտեսության կարգավորման միջոցի գործառույթ
խմբագրելՏնտեսության վարկային կարգավորումը միջոցառումների ամբողջություն է, որն իրականացվում է պետության կողմից վարկի ծավալի և չափերի օպտիմալացման, փոխատվական կապիտալի շուկայի և ամբողջ երկրի տնտեսության կարգավորման նպատակներով։
Տեսակներ
խմբագրելԱռևտրային վարկ
խմբագրելՏնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքների ձևով միմյանց տրամադրվող վարկ։ Հարաբերություն երկու արտադրողների միջև։ Վարկ վերցնողը որպես փոխատվություն ստանում է սովորական ապրանք, որի արժեքի վճարումը հետաձգվում է։ Երբ մեկն ապրանքներ է վաճառում արժեքի հետագա վճարման պայմանով, ապա գնորդը նրան հանձնում է իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ, որտեղ նշվում են պարտքի գումարը և վճարման ժամկետը։ Այդ փաստաթուղթը կոչվում է մուրհակ։ Առևտրային վարկն ունի սահմանափակ բնույթ․ վարկատուն կարող է վարկ տրամադրել միայն իր ապրանքային կապիտալի պահուստային քանակների շրջանակներում։ Բացի դրանից, ապրանքային ձևով վարկ կարող են տրամադրել որոշակի խումբ փոխառուներ։ Առևտրային վարկը լինում է կարճատև, որովհետև տրամադրվում է արտադրության մեջ ընդգրկված կապիտալի հաշվին։
Բանկային վարկ
խմբագրելՁեռնարկատիրոջը կամ վարկառուին փողի ձևով տրամադրվող վարկ։ Բանկային վարկը առաջացել է առևտրային վարկից, սակայն ունի իր տարբերությունները։ Եթե առևտրային վարկի օբյեկտը ապրանքային կապիտալն է, ապա բանկային վարկի դեպքում՝ դրամական և փոխատվական կապիտալը։ Բանկային վարկի միջոցով ազատ դրամական միջոցները կարող են շարժվել ցանկացած ուղղությամբ։ Այս երկու հիմնական ձևերից բացի, տնտեսության զարգացմանը զուգընթաց, երևան են գալիս նաև վարկի մի շարք տարատեսակներ։
Սպառողական վարկ
խմբագրելՏրամադրվում է բնակչությանը անձնական սպառման ապրանքների վաճառքի ժամանակ։ Այն տրվում է երկարատև օգտագործման ապրանքներ ձեռք բերելու համար։ Սպառողական վարկը կարող է հանդես գալ և՛ ապրանքային, և՛ դրամական ձևերով։ Այն ունի կարճաժամկետ և միջին ժամկետային բնույթ և խթանում է բնակչության պահանջարկը երկարատև օգտագործման ապրանքների նկատմամբ։ Հաճախ բանկերը խանութների հետ պայմանագիր են կնքում՝ իրենց հաճախորդներին վարկով ապրանքներ վաճառելու համար։ Բանկերը ապրանքների դիմաց խանութներին անմիջապես վճարում են կանխիկ դրամով, իսկ գնորդները աստիճանաբար մարում են բանկի վարկը։ Սպառողական վարկի առկայությունը բերում է բնակչության պարտքերի մեծացմանը։ Ապառիկ վաճառքի դեպքում ապրանքների գները սովորականից ավելի բարձր են լինում։ Եվ եթե փոխառուն ի վիճակի չի լինում մինչև վերջ մարել վարկը, ապա փոխատուն իրավունք ունի սեփականացնել վարկով ձեռք բերված իրը։
Պետական վարկ
խմբագրելՎարկային հարաբերությունների համակարգ, որտեղ կողմերից մեկը պետությունն է կամ տեղական կառավարման մարմինները։ Պետական վարկի հիմնական ձևերն են՝ պետական փոխառությունները, կարճաժամկետ պարտավորությունները, մուրհակները, բանկերում բնակչության խնայողությունները և այլն։ Պետությունը վարկատուի կամ փոխառուի դեպքում կարող է հանդես գալ ինչպես երկրի ներսում, այնպես էլ այլ պետությունների հետ ունեցած հարաբերությունների ժամանակ։ Ներքին պետական վարկի դեպքում վարկառուները բանկերն են, կառավարական հիմնարկները, տարբեր կարգի ընկերությունները, ապահովագրական հիմնարկները և այլն, իսկ պետությունը կատարում է փոխառուի դեր։ Երբ փոխառուները իշխանության տեղական մարմիններն են, առանձին ընկերություններն ու ֆիրմաները, ուրեմն պետությունը վարկատուի դեր է կատարում։ Ներքին պետական վարկը օգտագործվում է պետական բյուջեի պակասուրդը ծածկելու համար։ Պետական վարկը ազատ դրամական միջոցների հավաքագրման եղանակներից մեկն է։
Միջազգային վարկ
խմբագրելՊետությունների կամ առանձին անձանց կողմից արտասահմանյան պետություններին կամ քաղաքացիներին տրամադրված վարկ։ Նմանատիպ վարկ կարող են տրամադրել նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունները։ Միջազգային վարկը կարող է լինել առևտրային կամ բանկային վարկերի ձևով։
Հիփոթեքային վարկ.
Տրամադրվում է տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ հողամասը կառուցապատելու համար՝ գրավադրելով այդ տունը, իսկ հողամասի կառուցապատման դեպքում գրավադրվում է հողամասի կառուցապատման իրավունքը։ Հիփոթեքային վարկի տրամադրվում են միջինում 15 տարի ժամկետով (կարելի է հանդիպել 1-ից մինչև 30 տարով առաջարկների)։ Հիփոթեքային վարկերի պարագայում գործում են վարկավորման հատուկ ծրագրեր, ինչպես օրինակ՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան», «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» և այլ ծրագրեր։ Եթե վճարում եք եկամտային հարկ և ցանկանում եք հիփոթեքային վարկ վերցնել, ապա բնակարանը կառուցողապատողից ձեռք բերելու դեպքում վճարած եկամտային հարկի գումարներից ձեզ կվերադարձվեն վարկի տոկոսների գումարները;
Լոմբարդային վարկ
Գրավի դիմաց (ոսկու, դրամական միջոցների և այլն) անձնական նպատակների համար ֆիզիկական անձանց տրամադրվող սպառողական վարկ է։
Գյուղատնտեսական վարկ
Տրամադրվում է գյուղատնտեսական արտադրության կամ գյուղատնտեսական հումքի վերամշակման կազմակերպման նպատակով։ Գյուղատնտեսական վարկը տրամադրվում է մարդկանց և կազմակերպություններին։ Գյուղատնտեսական վարկի մարման գրաֆիկները սովորաբար կազմվում է հաշվի առնելով սեզոնայնությունը, վարկառուների դրամական հոսքերի առանձնահատկությունները. օրինակ՝ կարող է սահմանվել տարեկան 2 մարում, որոնք կլինեն բերքահավաքին հաջորդող ժամանակահատվածներում։
Վարկի տրամադրման որոշման կայացում
խմբագրելՎարկ տրամադրելիս վարկատուն ցանկանում է համոզվել, որ վարկառուն ի վիճակի կլինի վերադարձնել վարկը, այսինքն՝ ունի այդպիսի ցանկություն ու կարողություն։ Այդ ցանկությունն ու կարողությունն այլ կերպ անվանվում է վարկունակություն։ Ֆինանսական կազմակերպությունները վարկունակության գնահատման համար ստուգում են 5 հանգամանք.
Վարկային բնավորություն. մինչ վարկ տրամադրելը վարկատու կազմակերպությունը ցանկանում է համոզվել արդյոք վարկառուն վստահելի անձ է, պատշաճ կերպով է կատարում իր նախկին պարտավորությունները, թե ոչ։ Դա պարզելու համար վարկատու կազմակերպությունը ուսումնասիրում է վարկառուի վարկային պատմությունը։
Կարողություն. ստուգվում են վարկառուի եկամուտները և ծախսերը, որքան աշխատավարձ է ստանում, ինչ այլ եկամուտներ ունի, որքան մասը կարող է հատկացվել վարկի մարմանը։
Ունեցվածք/կապիտալ. ֆինանսիստների կարծիքով եթե վարկառուի կարողությունը (նախորդ կետում նշված) մեծ է, սակայն չունի կապիտալ (տուն, ավտոմեքենա, անշարժ գույք և այլն), ուրեմն չի խնայում և չի մտածում վաղվա մասին։ Կապիտալը «հետաքրքրում է» վարկունակությունը գնահատողներին, քանզի եթե մի օր վարկառուն դադարի եկամուտ ստանալ, կկարողանա վաճառել իր կապիտալը, այն վերածել կանխիկ միջոցների և վճարել վարկը մինչև եկամտի նոր աղբյուրի ձեռքբերումը։
Գրավ, երաշխավորություն. ապահով միջոց է, որ կկատարի վարկառուի պարտավորությունը։ Գրավը գումարի վերածելու միջոցով կազմակերպությունը կարող է հետ ստանալ իր գումարը։ Որոշ վարկատեսակներ, օրինակ՝ ուսանողական վարկերը, տրամադրվում են ոչ թե գրավի, այլ ծնողների/խնամակալների երաշխիք/երաշխավորության հիման վրա։
Այլ պայմաններ. ունենալով շատ երեխաներ, մեծահասակ ծնողներ, շատ ծախսերի պատճառով վարկառուն հնարավոր է չկարողանա մարել վարկը։ Վարկատու կազմակերպությունները հաշվի են առնում նաև այս և այլ հանգամանքներ
Աղբյուրներ
խմբագրել- Տնտեսագիտության տեսություն (ուսումնական ձեռնարկ), խմբ.՝ տ.գ.դ., պրոֆ. Գ. Ե. Կիրակոսյանի և տ.գ.թ., պրոֆ. Ի. Ե. Խլղաթյանի, Եր., Տնտեսագետ, 2009.- 752 էջ։
- Ավետիսյան Ս. Ս., Թովմասյան Ռ. Ա. Տնտեսագիտության տեսություն. - Եր.։ «Նահապետ», 2010 թ.,324 էջ
- Ա. Անդրեասյան «Վարկային գործառնություններ»
- Falter, Manuel։ Die Praxis des Kreditgeschäfts, 17. Auflage, Deutscher Sparkassenverlag, 2007, ISBN 3-09-301364-X
- Borchert, Manfred։ Geld und Kredit, Oldenbourg Wissenschaftsverlag, 2003, ISBN 3-486-27420-1
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարկ» հոդվածին։ |