Մինաս Չերազ
Մինաս Չերազ (հուլիսի 25, 1852, Hasköy, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - մարտի 28, 1929[2], Մարսել[1]), հայ գրող, խմբագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ և հայրենասեր։
Մինաս Չերազ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1852 |
Ծննդավայր | Hasköy, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 28, 1929[2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Մարսել[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Երկեր | Nouvelles orientales? |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ, ուսուցիչ և դիվանագետ |
Աշխատավայր | Արմենի, Կեդրոնական վարժարան, L'Arménie և Վերածնունդ |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր, պառլամենտի անդամ, տնօրեն և գլխավոր խմբագիր |
Անդամություն | Հայ ազգային պատվիրակություն և Armenian delegation at the Congress of Berlin? |
Ստորագրություն | |
Minas Cheraz Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀինգ գրքերի հեղինակ Մինաս Չերազը ծնվել է Պոլսում, 1852 թվականին։ 37 տարեկանում օսմանյան իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար մեկնում է Լոնդոն, հիմնադրում է անգլերեն և ֆրանսերեն «Արմենի» թերթը։ Հետագայում հաստատվում է Ֆրանսիայում։
Մինաս Չերազը ամենից շատ հայտնի է որպես 1878 թվականին Խրիմյան Հայրիկի (1893 թվականից՝ կաթողիկոս) գլխավորությամբ Բեռլինի վեհաժողով մեկնած հայկական պատվիրակության թարգմանիչ և քարտուղար։ Վեհաժողովում Հայկական հարցը 16-րդ կետից վերածվեց 61-րդի ու դարձավ երկրորդական։
Չերազը Խրիմյանի հետ այցելել էր եվրոպական մի շարք երկրներ, դիվանագիտական ճանապարհով Հայկական հարցը լուծելու նպատակով։ 1880 թվականին Արփիար Արփիարյանի հետ ղեկավարել է Կ. Պոլսի «Միացյալ ընկերությունք հայոց» բարեգործական կազմակերպությունը։ 1889 թ., խուսափելով թուրքական հետապնդումներից, Չերազը հաստատվում է Լոնդոնում։ Այստեղ էլ հրատարակում է «Լ'Արմենի» գրական քաղաքական թերթը, հայ մշակույթը օտար ազգերին ներկայացնելու և հայոց դատի պաշտպանության համար Եվրոպայում բարենպաստ հասարակական կարծիք ստեղծելու նպատակով։ 1890 թվականին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոնը։ Նույն թվականին էլ տեղափոխվել է Փարիզ, շարունակելով «Լ'Արմենի» թերթի հրատարակությունը։ Այստեղ էլ շարունակում է իր ազգանպաստ գործունեությունը։ Ուշագրավ է նրա հրատարակած «Թե ինչ շահեցանք Պերլինի վեհաժողովին» աշխատությունը, որը թարգմանվում է նաև ֆրանսերեն։ Այն լույս է ընծայվում անգլիական կառավարության կողմից, «Կապույտ գրքում»։ Չերազը ֆրանսերեն է թարգմանել Պ. Դուրյանի, Ռ. Պատկանյանի, Խ. Գալֆայանի ու այլ բանաստեղծների ընտիր երկերը «Հայ բանաստեղծները» խորագրով։ Անգնահատելի են հայ և ընդհանրապես նաև այլ ժողովուրդների ազատագրական պայքարին նրա մատուցած ծառայությունները, որի համար Վենեսուելայի կառավարության կողմից պարգևատրվել է «Ազատարար Բոլիվիարի խաչով»։ Պարգևատրվել է նաև պարսկական «Առյուծի և Արևի սպայության աստիճան» շքանշանով[3]։
1926 թվականին սփյուռքում մեծ շուքով նշվում է Մինաս Չերազի գործունեության 60-ամյակը, և նա Մարսելում արտասանած իր ճառում ասում է.«Տեղահանությունն ու ջարդը անապատի ու գերեզմանատան փոխեցին Տաճկահայաստանը, սակայն հայության մոխիրներեն մեջեն Ռուսահայաստանը ծնավ իբր փյունիկ։ Այժմ ալ հոն է մեր մխիթարության աղբյուրը, մեր հույսերուն խարիսխը։ Օգնենք այդ երկրին, ինչ վարչաձևի տակ ալ ըլլա։ Վարչաձևը առօրյա է, հայրենիքը՝ հավիտյան»։ Եվ իր հոբելյանի առիթով հավաքված 200 հազար ֆրանկը հանձնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ պայմանով, որ գումարի տոկոսը ստանա մինչև իր կյանքի վերջը, իսկ մահից հետո ամբողջ գումարը նվիրաբերվի Հայաստանին՝ Չերազյան անունով վարժարան կառուցելու համար։
Չերազը 1928 թ. մահացել է Փարիզում և թաղվել այն գերեզմանատանը, ուր և 1935 թվականին, նրա շիրմաթմբի հարևանությամբ, թաղվում է նաև Կոմիտասը։ 1936 թվականին Կոմիտասի աճյունի հետ Փարիզից Երևան են բերում նաև Մինաս Չերազի աճյունը։ Չերազի թաղումը մեծ շուքով եղել է Նուբարաշենի՝ նրա փողերով կառուցված դպրոցի բակում։ Մեկ թե երկու տարի անց Չերազի աճյունը դպրոցի բակից հանում են։ Ըստ իր եղբոր աղջկա վկայության, «ինչ-որ կուսակցական պաշտոնյա ասել էր, թե էս դաշնակի գերեզմանն ի՞նչ գործ ունի էստեղ»[4]։ Հիմա նրա աճյունի վայրը հայտնի չէ։
Գրականություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #1023318415 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 https://commons.wikimedia.org/wiki/File:Acte_de_d%C3%A9c%C3%A8s_-_Tch%C3%A9raz_Minas.jpg (ֆր.)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ակնարկ. հարազատները հիշում են Մինաս Չերազին Արխիվացված 2013-07-01 Wayback Machine
- ՄԻՆԱՍ ՉԵՐԱԶԻ ԱՃՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆՈ՞ՒՄ Է Արխիվացված 2013-07-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինաս Չերազ» հոդվածին։ |