Մադիդի (ազգային պարկ)
Մադիդի ազգային պարկ, գտնվում է Բոլիվիայի տարածքում՝ Ամազոն գետի վերին հոսանքում։ Հիմնադրվել է 1995 թվականին, տարածքը 18 958 կմ² է։ Այս տարածքը մոտակա (բայց ոչ սահմանակից) Ապոլոբամբա, Մանու և Մանուրիպի-Հեթ արգելոցների հետ համատեղ համարվում է աշխարհի ամենամեծ վերահսկվող տարածքներից մեկը[1]։ Մադիդին և հարևան պարկերը մոլորակի ամենատարբերվող կենսաբազմազանություն ունեցող շրջաններից են և ներառում են տարբեր կլիմայական գոտիներ՝ Տույչի գետի արևադարձային անտառներից մինչև Անդերի սառցապատ լեռնագագաթները։
Մադիդի ազգային պարկ կարելի է հասնել Ռուրենբակե քաղաքից, որը գտնվում է ազգային պարկի սահմաններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Տեղի բնակիչները, որոնք այս տարածաշրջան են ներգաղթել Անդյան բարձրավանդակից, խոսում են կեչուա լեզուներով։ Այն մշակույթները, որոնք առաջացել են այս վայրերից (Tacana, Mosete, Tsimane և Ese Ejja), ունեն իրենց սեփական լեզուն, որը պատկանում է նույն լեզվաընտանիքին։
Էկոլոջիները, որտեղ այցելում են զբոսաշրջիկները, գտնվում են ինչպես պարկի ներսում, այնպես էլ պարկից դուրս։ Ամենահինն ու ամենաճանաչվածը Չալալան էկոլոջին է (իսպ.՝ Chalalan Ecolodge) Տույչի գետի ափին։ Այն համայնքային ձեռնարկություն է, որը բնիկների համար ապահովում է էական տնտեսական շահույթ։
Ընդհանուր տեղեկություն
խմբագրել- Տարածք - Մադիդի պարկը զբաղեցնում է 18 957,5 կմ² տարածք (12 715 կմ²-ն դասվում է «ազգային պարկ», իսկ 6 242,5 կմ²-ն՝ «ազգային բնական արգելոց» կատեգորիային) և համարվում է Բոլիվիայի ամենախոշոր պահպանվող տարածքներից մեկը։ Նրա սահմանները գտնվում են հարավային լայնության 12°42' - 15°14' և արևմտյան երկայնության 67°30' - 69°15' դիապազոնում։
- Պարկի բարձրության դիապազոնը 5500 մետր է (200-ից մինչև 6000 մետր)՝ Հիտ և Մադիդի գետերի ավազանից մինչև Ալտունկամա լեռը։ Նրա գեոմորֆոլոգիան մեծ մասամբ լեռնային է, կան բարձր լեռներ և խորը կիրճեր, որոնք կազմում են էկոլոգիական գոտիների լայն շրջանակ։
- Ջրագրությունը բնութագրվում է մեծ քանակությամբ ջրբաժաններով, որոնք տեղակայված են տեղումների մեծաքանակ շրջաններում, և կտրուկ լանջերի վրա հողի էրոզիայով։ Հիմնական գետերն են Տույչին, Մադիդին, Հիտը և Կենդեկեն։
- Կլիման բազմազան է՝ Անդյան բացասական ջերմաստիճաններից մինչև հյուսիսային հովիտների ջերմ արևադարձը։ Միջին ջերմաստիճանը կազմում է 25 °C, հոկտեմբերից մինչև հունվար ամիսներին տատանվում է 25-33 °C-ի, իսկ մարտից մինչև հունիս՝ 10-20 °C-ի միջև։ Տեղումների տարեկան միջին քանակությունը 1800 մմ է, իսկ որոշ շրջաններում (օրինակ՝ Ալտո Մադիդի) դիտվում է տարեկան 5000 միլիմետրից բարձր։ Չոր սեզոնը համընկնում է հարավային ձմռան հետ։
- Պարկի մուտքը - հարավում՝ Պելիչուկո և Ապոլլո, արևելքում՝ Ռուրենբակե, հյուսիս-արևելքում՝ Տումուպաչա և հյուսիսում՝ Մադրե-դե-Դիոս[2]։
Բուսական և կենդանական աշխարհ
խմբագրելՄադիդի ազգային պարկն աչքի է ընկնում մեծ կենսաբազմազանությամբ, ինչի շնորհիվ 2000 թվականին «National Geographic» ամսագիրն այն անվանել է մոլորակի՝ կենսաբանորեն ամենաբազմազան վայրերից մեկը, ինչպես նաև համաշխարհային մակարդակի 20 տուրիստական տեսարժան վայրերից մեկը[3]։
Բուսատեսակների տարատեսակությանը նպաստում է բնական միջավայրի բազմազանությունը։ Ներկայումս պարկում գրանցված է 4838 տեսակ անոթավոր բույս, բայց տարբեր գնահատականներով բուսատեսակների ընդհանուր թիվը գերազանցում է 5000-ը։
Լեռնային մշուշոտ անտառներում, որտեղ ծառերն ամբողջությամբ պատված են մամուռով և քարաքոսով, գերակշռում են փշատերև բույսերը, բրունելիաները, վեյնմանիաները և այլն։ Կան նաև խոտածածկ բուսականության կազմավորումներ, որոնք խառնվել են ծառերի հետ և կազմում են բարդ խճանկար։ Այստեղի հիմնական տեսակներն են սխիզահիրիումը, վոշիզյանները, Trachypogon spicatus-ը և Dilodendron bipinnatum-ը։
Կենդանական աշխարհ
խմբագրելԲնական միջավայրի բազմազանության արդյունքում պարկի ֆաունան ևս հարուստ է տարբեր տեսակներով։ Ներկայումս գրանցված է ողնաշարավորների 1370 տեսակ, բայց ենթադրվում է, որ հետագա ուսումնասիրությունների արդյունքում կհայտնաբերվի ևս 600 տեսակ։
- Կաթնասուններ, 156 տեսակի կաթնասունների մեջ են մտնում ակնոցավոր արջը, անդյան կատուն, պուման, հովազները, օցելոտը, պերուական եղջերուն, սպիտակամորուք հացթուխը, ճահճային եղջերուն, բրազիլական ջրասամույրը, ինչպես նաև կապիկների մեծ տեսականին՝ սև կոատա, շիկակարմիր կռնչակապիկ, շագանակագույն սևագլուխ կապուցին և այլն։ Բացի այդ, հայտնաբերվել են նաև էնդեմիկ տեսակներ՝ դաշտային ծովախոզուկ Դեյա և պրիմատների նոր տեսակ՝ Callicebus aureipalatii։
- Թռչուններ, ներկա պահին գրանցված է 914 տեսակ, սակայն համարվում է, որ պարկի տարածքում կա թռչունների ավելի քան 1150 տեսակ, ինչը կազմում է երկրի թռչունների ընդհանուր տեսակների 83%-ը։ Պարկում կարելի է հանդիպել հետևյալ տեսակներին՝ կանաչաթև արա, մոխրագույն կրծքով երաշտահավ, փոմփոլավոր արծիվ, անդյան ժայռափոր աքլորիկ, hարավամերիկյան արծիվ և անհետացող թռչունների մի քանի տեսակ, որոնք էնդեմիկ են տարածաշրջանի համար։
- Երկկենցաղներ, գրանցված է 84 տեսակ, որոնցից 30-ը էնդեմիկ է և, հավանաբար, ավելի ուշ կհայտնաբերվի ևս 88 տեսակ։ Մադիդին համարվում է երկրի երկկենցաղների ավելի քան 85%-ի բնակության վայրը։
- Սողուններ, գրանցված է 71 տեսակ, և ևս 109 հայտնաբերված չէ, որը ընդհանուր հաշվով կազմում է 180 տեսակ կամ երկրի բոլոր տեսակի սողունների 70%-ը։ Բազմաթիվ խոշոր տեսակներ, ինչպիսիք են վիշապները, անակոնդաները, օձերը, մողեսները և խոշոր կրիաները, որսագողության պատճառով գտնվում են անհետացման վտանգի տակ։
- Ձկներ, հաշվվում է 192 գրանցված և ևս 104 հավանական տեսակ, ինչը ընդհանուր առմամբ կազմում է երկրի իխտիոֆաունայի 51%-ը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Madidi-Tambopata, Bolivia». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Parque Nacional y Área Natural de Manejo Integrado MADIDI» (PDF) (իսպաներեն). Servicio Nacional de Áreas Protegidas - SERNAP. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
- ↑ «MADIDI NATIONAL RESERVE» (անգլերեն). enjoybolivia.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք - Servicio Nacional de Áreas Protegidas, SERNAP: El Parque Nacional Madidi
- Madidi Jungle Ecolodge - Էկոլոջ Մադիդի
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադիդի (ազգային պարկ)» հոդվածին։ |