Վիշապներ (Boidae), կեղծոտանիներ, օձերի ենթակարգի սողունների ընտանիք։ Այս ընտանիքին են պատկանում ժամանակակից ամենախոշոր օձերը։ Մարմնի երկարությունը 0,5-ից 10 մ է (ցանցավոր պիթոն, անակոնդա)։ Գլուխը պարզորոշ կերպով սահմանազատված է պարանոցից։ Կոյանցքի կողքերին պահպանվել են ետին ոտքերի, իսկ կմախքում՝ կոնքի և ազդրոսկրերի ռուդիմենտներ (այստեղից երկրորդ անվանումը)։ Գունավորումը բազմազան է, խայտաբղետ նախշերով։ Տարածված են Արևելյան և Արևմտյան կիսագնդերի արևադարձային և մերձարևադարձային շրջաններում, գլխավորապես անտառներում, որոշ տեսակներ՝ տափաստաններում և անապատներում։ Ապրում են ծառերի վրա, ջրում, հողում։ Բազմանում են ձվադրությամբ կամ ձվակենդանածնությամբ։ Որսը (սովորաբար կաթնասուններ և այլ ողնաշարավորներ) բռնում են ատամներով և փաթաթվելով մարմնի շուրջը՝ խեղդում։ Արևադարձային շրջաններում օգտագործվում է վիշապների մաշկը և միսը։ Վիշապները բաժանվում են 2 ենթաընտանիքի՝ պիթոններ և բուն վիշապներ։ Հայտնի է վիշապներիի մոտ 80 տեսակ։ ԽՍՀՄ-ում, Միջին Ասիայում հանդիպում է արևելյան վիշապիկը (լատ.՝ Eryx tataricus), իսկ Կովկասում (նաև ՀԽՍՀ-ում)՝ արևմտյան վիշապիկը (լատ.՝ E․ jaculus)։ Այս տեսակներն ընտանիքի ամենամանր ներկայացուցիչներից են (երկարությունը՝ մինչև 1 մ) ապրում են հիմնականում ավազոտ անապատներում և չոր տափաստաններում, վարում գիշերային կենսաձև։ Ցերեկը թաղվում են ավազի մեջ, որի շերտի տակով կարող են ազատ տեղաշարժվել։

հասարակ վիշապօձ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 459 CC-BY-SA-icon-80x15.png