Հունա-հայկական պապիրուս

Հունա-հայկական (Հայա-հունական) պապիրուս` գտնված Եգիպտոսում XIX դարի վերջերին, որը պարունակում է հունարեն տեքստ` հայերեն տառերով։ Թվարկվում է V-VII դարերի միջև։ Հնագույն ձեռագիր և միակ պապիրուսն է՝ գրված հայերեն տառերով, ինչի համար երբեմն այն անվանում են պարզապես «Հայկական պապիրուս»։

Հունա-հայկական պապիրուս
BnF Arm. 332 Հունարեն տեքստ հայերեն գրերով
տեսակթղթագալար
նկարիչՀայերը Բյուզանդիայում
տարիV-VII դարեր
բարձրություն17,6
լայնություն22,4
նյութՊապիրուս
հավաքածուՖրանսիայի ազգային գրադարան
Ծանոթագրություններ
 Greco-Armenian papyrus (BNF) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Պապիրուսը ձեռք է բերվել XIX դարի ավարտին ֆրանսիացի գիտնական Օգյուստ Կարիերի կողմից մի արաբ վաճառականից։ Վերջինս չի բացահայտել ապրանքի ծագումը, բայց Կարիերը գտնում էր, որ այն հայտնաբերվել է Էլ Ֆայումում պեղումների ժամանակ։ 1892 թվականին նա հայտարարեց այդ մասին հայ Վիեննայի Մխիթարյաններին և Վենետիկին, ուղարկելով պապիրուսի մի մասի լուսանկարը։ Մխիթարյաններն ակտիվորեն սկսեցին զբաղվել հետազոտությամբ. տեքստի առաջին հատվածները տպագրվեցին Ղևոնդ Ալիշանի կողմից 1892 թվականին, իսկ 1897-1898 թվականներին հայտնվեցին Հակոբ Տաշյանի հոդվածները, որոնք ուսումնասիրում էին ձեռագրի Հայկական հնագրության նշանակությունը։ Այդ առաջին ուսումնասիրությունները տպագրվել են հայերեն և անհասանելի էին միջազգային հանրությանը[1]։ 1930-ական թվականներին գտածոյով հետաքրքրված էին շվեյցարացի հայագետ Ջորջ Կուենդեն, բելգիացի լեզվաբան Մորիս Լերոյը և պապիրոլոգ Կլեր Պրեոն, սակայն պապիրուսն այդ ժամանակ կորել էր[2]։ Չկարողանալով ճշտել բնօրինակի գտնման վայրը, նրանք սկսեցին տեքստի ուսումնասիրության գործը Կարիերի լուսանկարից և հրապարակեցին վերծանման առաջին արդյունքները[3][4][5][6]. 1993 թվականին պապիրուսը վերագտնվեց ամերիկահայ գիտնական Դիկրան Քույմջյանի (անգլ.՝ Dickran Kouymjian) կողմից Փարիզի ազգային գրադարանի Արևելյան ձեռագրերի հավաքածուի մեջ։ Այնտեղ էլ Քույմջյանը հայտնաբերեց տեքստի ամբողջական ձեռագիրը, ամենայն հավանականությամբ կատարված Կարիերի կողմից[7][1]։ Այս անգամ ձեռագիրն իր վրա հրավիրեց ակադեմիական լայն շրջանակի ուշադրությունը։ Տեքստի մանրամասն հետազոտմամբ սկսեցին աշխատել Քույմջյանը և բրիտանացի լեզվաբան Ջեյմս Կլակսոնը (անգլ.՝ James Clackson)։

Բովանդակություն խմբագրել

Պապիրուսը բաղկացած է չորս վնասված կտորներից. երկու մեծ մասերից (27-30 տող պարունակող ամեն կողմերում), և երկու փոքր մասերից (4-6 տող)։ Խոշոր կտորները ըստ երևույթին պարունակում են ամբողջական չխզված տեքստ[1]։ Բովանդակությունը թույլ չի տալիս որոշել, թե պապիրուսի որ կողմն է գրվել սկզբում։ Ամբողջ տեքստը հունարեն լեզվով է՝ գրված հայերեն տառերով։ Նյութը կարելի է բաժանել չորս տարբեր տեսակների։

  1. Խոսակցական արտահայտություններ,
  2. Բայի խոնարհում,
  3. Թեմայի վերաբերյալ բառերի ցուցակ,
  4. Խրիա (հին հունարեն՝ χρεία) և Սենտենցիա (լատին․՝ sententia, տառացիորեն կարծիք, քննարկում

Նույն կառուցվածքն ունեն դեռևս III դարից հույների գործիքները լատիներենն ուսումնասիրելու համար՝ հայտնի ինչպես Hermeneumata[8]: Այդ նյութի ընտրությունն ու հայերեն տառերի օգտագործումը ըստ երևույթին ցույց է տալիս, որ տեքստը ստեղծվել է հունարեն սովորեցնելու համար հայի կողմից, ով չի տիրապետել հունարեն այբուբենին, բայց իմացել է հայերեն գրերը։ Հնարավոր է նա լսողությամբ է գրել տեքստը ինչ-որ մի մարդու թելադրանքով, որն ինքն էլ է ունեցել աղոտ պատկերացում կրթության մասին[9][10]

Օրինակներ տեքստից

բնօր. ԵՊԻՒԻՍԵՆՊՈՍՊԻՒԻՍՊՈՍՀՈԴԵՒՈՄԵՆԴԻՔՍՈՆՄԵՈԴՈՆՏԻՆ ԿՈՆՏԱՐՍԿՈՒՏԱՐԶՈՒՆԻՏՈԲԻԱ ԿԵՈԹԵՈՍՓԻՂԱՔՍԻՍԵՆՈԹԵՈՍԲՈՒԹԻՍԻՍ
տրանս. επιυισενποσπιυισποσhοδενομενδιχσονμεοδοντιν κονταρσκουταρζουνιτοβια κεοθεοσφιλαχσισενοθεοσβοιθισισ
վերծ. εποιηνσεν. πος ποιεις. πος οδενομεν. δειξον μοι οδον την. κονταριον, σκουταριον, ζωνη, τουβια και ο θεος φυλαξη σεν. ο θεος βοηθησησ.
թարգմ. Նա անում է։ Ինչպես ես դու դա անու՞մ։ Ու՞ր ենք մենք գնում։ Ցույց տուր ինձ ճանապարհը։ Նիզակ, վահան, գոտի, սռնապաններ Աստված քեզ պահապան։ Աստված քեզ օգնական։

Ծագում և ժամանակագրություն խմբագրել

Հաշվի առնելով, որ ձեռագիրը ըստ երևույթին գրվել է Բյուզանդական Եգիպտոսում, ամենաուշ ժամանակագրմամբ (terminus ante quem) հարկավոր է թվարկել 640 տարի (Եգիպտոսի նվաճումը Արաբների կողմից)։ Ժամանակագրության բնական ստորին սահմանը (terminus post quem) համարվում է համարվում է հայերեն գրերի գյուտի ժամանակաշրջանը (մոտ. 400-ական թվականներ)։ Պապիրուսի ավելի ճշգրիտ ժամանակագրումը կապված է որոշակի դժվարությունների հետ։ Հայկական ձեռագրերի V-VII դարերի ոչ հարուստ ժառանգությունը թույլ չի տալիս անել հստակ եզրակացություններ անել հիմնված հնագրության (ռուս.՝ Палеография) տվյալների վրա։ Պապիրուսի բովանդակությունը նույնպես ոչինչ չի հաղորդում իր ստեղծման ժամանակաշրջանի մասին։ Այնուամենայնիվ, համեմատելով վաղ միջնադարի վիմագիր արձանագրությունների հետ, Քույմջյանը եկավ այն եզրակացության, որ պապիրուսի տառերի ձևերը ավելի նման են V դարի արձանագրություններին և առաջարկեց պապիրուսը թվագրել որպես V դարի ավարտի կամ VI դարի սկզբի գործ[8]։ Կլակսոնի լեզվագրական հետազոտությունները նույնպես հաստատում են վաղ թվագրությունը։

Գիտական նշանակություն խմբագրել

Հունական լեզվի եգիպտական բարբառի ուսումնասիրության նշանակությունը

Հնչյունաբանություն խմբագրել

Պապիրուսի գտնվելը չափազանց կարևոր է Եգիպտոսում մ.թ. I հազարամյակում բարբառային հունարենն ուսումնասիրելու համար։ Ի տարբերություն մնացած բոլոր հունարեն ձեռագրերի, որոնք ենթակա էին հին հունարենի ուղղագրական կանոններին, այս ձեռագրի հեղինակը ակնհայտորեն վատ է տիրապետել հունարենին և չի իմացել ոչ հունարեն լեզվի ուղղագրությունը, և ոչ էլ նույնիսկ այբուբենը։ Տառերի այդ կերպ գրառումը պետք է որ նույնությամբ փոխանցեր արտասանությունը։ Հատկանշական է, որ պապիրուսում հանդիպում են հայերեն այբուբենի 36 տառերից միայն 24-ը, այսինքն՝ հին հունարեն լեզվում գոյություն ունեցող տառ-հնչյունները։ Որոշ տեղերում օգտագործված են ձևեր, որոնք, համաձայն նախորդ ենթադրությունների, դուրս են եկել գործածությունից մինչև IV դարը։ Դա վերաբերում է առաջին հերթին խուլ բաղաձայններին։ Բացի այդ, պապիրուսում χ տառին համապատասխանում է հայերեն ք [kʰ] տառը և ոչ թե խ [x] տառը, ինչը մոտեցնում է տեքստը դասական նորմին (որտեղ χ-ն արտաբերվում է շնչեղ [kʰ]-ի ձայնը, այլ ոչ թե [x]-ի)։ Նմանորեն β տառը հիմնականում արտահայտված է հայերեն բ տառի միջոցով [b], այլ ոչ թե վ-ի, որը նշանակում է շփական բաղաձայն [v], չնայած այն բանին, որ միջին հունարենում β-ն ծառայում էր արտաբերելու շփական բաղաձայն [β]-ն, այլ ոչ թե [b]-ն՝ ինչպես դասական հին հունարենում։ Այսպիսի համապատասխանությունը ցույց է տալիս Հունական Եգիպտոսի խոսակցականի բավականին հեռացվածությունը նրա ժամանակակից գրական լեզվից, համենայն դեպս՝ հնչյունաբանությամբ։ Դրությունն ավելի է բարդանում նրանով, որ երկու դեպքերում էլ β-ն գրված է ւ [w]-ի օգնությամբ։ Բացի այդ, պապիրուսի նյութը թույլ է տալիս ֆիքսել υ տառի հնչյունափոխությունը, որը մեծ մասամբ համապատասխանում է հայերեն ւ [w]-ին, բայց որոշ դեպքերում գրված է ի [i][11]: Պապիրուսը ցուցադրում է նաև հունարեն λ տառի տարբեր արտահայտումներ. դասական հայերենում գոյություն ունեն երկու հնչյուն [l], որը տարբերվում է փափկությամբ և արտահայտվում է հայերեն լ-ով, և կոշտ [ł]-ով, որն արտահայտվում է հայերեն ղ-ով։ Հունարեն λ-ն արտաբերվում է հայերեն երկու տառերով։ Եգիպտական հունարենի հնչյունափոխության պահպանողականությունը հաստատվում է նաև որոշ բառերում[12] [հ]-ի առկայությամբ։

Բառապաշար խմբագրել

Եթե պապիրուսի տրանսկրիպցիան ցույց է տալիս բավականաչափ պահպանողականություն հնչյունափոխության մեջ, ապա նրա բառապաշարը, ընդհակառակը, բավականին զարգացած է։ Մասնավորապես պապիրուսում հանդիպող վերջածանցներ -ioν, -αρioν և -ακιον շատ հազվադեպ են հանդիպում այդ ժամանակաշրջանի հունական պապիրուսներում։ Տեքստում պարունակվում են և' տարօրինակ, և' շատ հազվագյուտ բառեր, որոնք բացակայում են այլ պապիրուսներում, օրինակ λεπτοραψις (լավ պաշտպանված), ανωβλεφαρον ռուս.՝ (վերին կոպ), σκνοφος (խավար), τουβια (սռնապաններ)[11]։ Այնուամենայնիվ պապիրուսի գրեթե բոլոր բառերը կարելի է գտնել մինչև VII դարի այլ հունական աղբյուրներում։ Այսպիսի իրավիճակը ավելի շուտ վկայում է Բյուզանդական Եգիպտոսում գրերի ավանդույթի պահպանողականության և նրա խոսակցական լեզվի[13] բառապաշարի առաջադիմության մասին։ Որոշ դեպքերում վերջածանցները անտեսվեցին, ինչը կապված է նրա հետ, որ հայերենում շեշտը միշտ դրվում է բառի վերջին վանկի վրա։ Այդ կերպով հայալեզու մարդու համար շեշտը նախավերջին վանկի վրա (նույնիսկ վերջից երրորդում) կարող է ազդարարել բառի ավարտը։ Մնացած դեպքերում, սակայն, պապիրուսի լեզուն լավ է համապատասխանում եգիպտական հունարենի հետ՝ հայտնի բյուզանդական շրջանի[11] բազմաթիվ այլ պապիրուսներից։

Հայերեն այբուբենի հնագրության ուսումնասիրության նշանակությունը խմբագրել

Հայերեն այբուբենի հնագրությունն ուսումնասիրելու համար Հունա-հայկական պապիրուսին յուրահատուկ նշանակություն է տալիս այն փաստը, որ ավելի հին հայ ձեռագրերը ամբողջությամբ կորել են, պահպանվել են միայն ոչ շատ մեծ կտորներ՝ թվարկված 5—7-րդ դարերում և միայն երկու ամբողջական 7—8-րդ դարերի[14] ձեռագրեր։ Հայերեն հնագիտությունն ուսումնասիրել սկսելու հիմնական պատճառը հանդիսացել է հենց XIX դարում[15][16] պապիրուսի բացահայտումը։ Առաջին հիմնական աշխատանքն այս ոլորտում ընդունված է համարել 1898 թվականին տպագրված Մխիթարական Յա. Տաշյանի «Հայերեն հնագիտության ակնարկ»-ը, որտեղ նա անդրադարձել է նաև պապիրուսի տառատեսակին[17]։ Պապիրուսի բացի հին ժամանակների լինելը, կարևոր նշանակություն ունի նաև բովանդակության ոչ ֆորմալ բնույթը։ Նման բովանդակությամբ պահպանված առաջին հայերեն ձեռագրերը գրվել են հարյուր տարի անց[Ն 1]։ Պապիրուսը գրված է շեղագիր և այդ տառատեսակը չունի իր նմանը այլ հայկական ձեռագրերում[14][18]։ Տառերի մեծամասնությունը ունեն «կլորացված երկաթագրի» ձև, իսկ մյուսները ավելի նման են բոլորգիր կամ նույնիսկ շղագիր տառատեսակներին[19]։ Տաշյանն ուսումնասիրելով պապիրուսի տառատեսակը, նկատեց, որ այն «ոչ երկաթագիր է, և ոչ էլ բոլորգիր, թեև վերջինս գերիշխում է»։ Որոշ տեղերում այն շատ նման է 5—6-րդ դարերի վիմագիր տառատեսակին, օրինակ Երուսաղեմի հայկական խճանկարներից և Տեկորյան բազիլիկի (անգլ.՝ Tekor Basilica) արձանագրությունից[16]։ Պապիրուսի տառատեսակը որոշ առումներով ամրապնդում է այն տեսակետը, որ «բոլորգիր»-ն ու «երկաթագիր»-ը գոյություն են ունեցել կողք-կողքի հին ժամանակներից։ Հավանաբար արդեն 5-րդ դարում պաշտոնական «երկաթագրի» հետ գոյություն է ունեցել «շղագիրը», որը հետագայում դարձել է «բոլորգիր»[20]։

Պատկերասրահ խմբագրել

Պապիրուսի սև-սպիտակ ֆոտոպատճեների մասեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Clackson, 2000, էջ 223
  2. Clackson, 2001, էջ 207—208
  3. Georges Cuendet Un papyrus grec en caractères arméniens(ֆր.) // Annuaire de l'Institut de philologie et d'histoire orientales et slaves. — 1937. — Т. V. — С. 219—226.
  4. Georges Cuendet A propos d'un papyrus grec en caractères arméniens(ֆր.) // Handes Amsorea. — 1938. — № 52. — С. 57—65.
  5. Maurice Leroy Un papyrus arméno-grec(ֆր.) // Byzantion. — 1938. — Т. XIII. — С. 513—537.
  6. Claire Préaux Review of G. Cuendet (1937) 'Un papyrus grec en caractères arméniens'(ֆր.) // Chronique d'Egypte. — 1939. — № 27. — С. 187—188.
  7. Kouymjian, 1997, էջ 223
  8. 8,0 8,1 Clackson, 2000, էջ 228
  9. Hannah Cotton From Hellenism to Islam: Cultural and Linguistic Change in the Roman Near East. — Cambridge University Press, 2009. — P. 268. — 481 p. — ISBN 9780521875813
  10. Clackson, 2001, էջ 216
  11. 11,0 11,1 11,2 Clackson, 2000, էջ 251—254
  12. Clackson, 2001, էջ 210
  13. Clackson, 2000, էջ 209
  14. 14,0 14,1 Kouymjian, 2013, էջ 22
  15. Kouymjian, 2014, էջ 15
  16. 16,0 16,1 Kouymjian, 1997, էջ 186
  17. Яков Ташян Обзор армянской палеографии = Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ. — Вена: изд-во Мхитаристов, 1898. — 203 p.
  18. Kouymjian, 1996, էջ 382
  19. Kouymjian, 2014, էջ 16
  20. Kouymjian, 1996, էջ 383—385

Նշումներ խմբագրել

  1. Все сохранивишеся армянские манусприты вплоть до XII столетия имеют форму кодекса.