Հնչյունափոխություն, լեզվի պատմական զարգացման ընթացքում բառի հնչյունական կազմի կրած փոփոխությունը։ Տարբերում են երեք տեսակի հնչյունափոխություն՝ փոխազդեցական, դիրքային և ընդհանուր պատմական։ Փոխազդեցական հնչյունափոխություն դրսևորվում է հարևան կամ ոչ հարևան (ոչ շատ հեռու) հնչյունների փոխազդեցությամբ և լինում է մի քանի տեսակ. 1. առնմանում (առնմանություն), 2. տարնմանում (տարնմանություն), 3. դրափոխություն, 4. հարմարեցում, երբ որևէ հնչյուն արտասանությամբ հարմարվում է մյուսին, 5. համաբանություն, երբ որևէ բառ, այլ բառերի նմանողությամբ, ընդունում է նրանց համապատասխան հնչյունական տեսք՝ հոկտոբեր-հոկտեմբեր, դեկեմբեր-դեկտեմբեր, 6. ամփոփում, երբ.

  • ա. երկու միանման վանկերից կամ հնչյունախմբերից մեկն ընկնում է՝ տավարարած-տավարած, հասարակակարգ-հասարակարգ,
  • բ. երկու ձայնավոր հանդիպելիս՝ մեկն ընկնում է՝ թշնամիական-թշնամական,
  • գ. երկու ձայնավոր հանդիպելիս՝ վերածվում են այլ ձայնավորի կամ դրանցից մեկը փոխարինվում է բաղաձայնով՝ տարի-ական տարեկան, կատու-ի-կատվի,
  • դ. երկու պարզ բաղաձայններ հանդիպելիս՝ վերածվում են բարդ բաղաձայնի (եթե վերջինս տվյալ դեպքում գոյություն ունի)՝ սեպուհ -ական - սեպհական - սեփական, արտասունք-արտսունք-արցունք։
Ձայների հնչյունափոխության տեղ

Այս երևույթը կոչվում է հնչյունի բարդացում։ Սրա հակառակ երևույթը հնչյունի պարզեցումն է (բարդ հնչյունը տարրալուծվում է պարզերի՝ ծածանել-սասանել և տատանել, վաթսուն-վաթսուն)։

Դիրքային հնչյունափոխությունը պայմանավորված է բառի կազմում հնչյունի գրաված դիրքով (շեշտված կամ անշեշտ վանկ, բառասկիզբ և բառավերջ) և նույնպես լինում է մի քանի տեսակ.

  1. ռեդուկցիա, երբ դիրքային կամ հնչյունական զանազան պատճառներով հնչյունը թուլանում է կամ լրիվ վերանում՝ սուրսրել։
  2. հավելում, երբ բառի մեջ մուտք են գործում նոր հնչյուններ, ծանր-ծանդր, քիթ-քինթ։ Նշենք, որ յուրահատուկ հնչյունափոխական երևույթ է բաղաձայնների հերթագայությունը։
  3. Հնչյունների կորուստ, երբ բառի արտասալնությունը՛ հեշտացնելու պատճառով նրա կազմից հնչյուններ են դուրս ընկնում՝ թմբրել-թմրել, սկեսուր-կեսուր։

Ընդհանուր պատմական է այն հնչյունափոխությունը, որը, ծագելով լեզվի զարգացման ներքին գործոնների ազդեցությամբ, սահմանափակվում է ոչ թե մեկ կամ մի շարք դեպքերով, այլ տարածվում է տվյալ համակարգի կամ ենթահամակարգի բոլոր բառերի վրա։ Այս հնչյունափոխությունը արտացոլում է լեզվի հնչյունական կազմի պատմական զարգացումը։ Շատ անգամ նրա առաջացման պատճառներն անհայտ են։ Նրա տարածման և ընդհանրացման գործում կարևոր դեր է կատարում համաբանությունը։ Ընդհանուր պատմական հնչյունափոխության շատ օրինակներ է տալիս հայերենը, յօգուտ-հօգուա, խաբել-խափէլ, դարձ-դարց և այլն։ Այսպիսի հնչյունափոխության լավագույն օրինակ են հայ բարբառներում տարածված բաղաձայնների տեղաշարժերը, բերան-պէրան, ջուր-ճուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 497