Տիգրան Կույումջյան

հայ խմբագիր, պատմաբան
(Վերահղված է Դիկրան Քույմջյանից)

Տիգրան Կույումջյան (անգլ.՝ Dickran Kouymjian, հունիսի 6, 1934(1934-06-06)[1], Ռումինիա), սփյուռքահայ հայագետ, գրող, խմբագիր, հրատարակիչ, պատմաբան։ Պրոֆեսոր[5]։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[6]։

Տիգրան Կույումջյան
Ծնվել էհունիսի 6, 1934(1934-06-06)[1] (89 տարեկան)
Ռումինիա
Քաղաքացիություն Ռումինիայի թագավորություն և  Ֆրանսիա
Մասնագիտությունպատմաբան, խմբագիր և գրող
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի նահանգային համալսարան, Ֆրեզնո, Հայկազյան համալսարան, Փարիզի համալսարան, Երևանի պետական համալսարան, ՅՈՒՆԵՍԿՕ, Հայ շարժում և Կահիրեի ամերիկյան համալսարան
Գործունեության ոլորտհայագիտություն
Ալմա մատերՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Բեյրութի ամերիկյան համալսարան և Կոլումբիայի համալսարան (1969)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2][3], հայերեն[2], ռումիներեն և վրացերեն[3]
Ամուսին(ներ)Angèle Kapoïan-Kouymjian?[4]

Կենսագրություն խմբագրել

Տիգրան Կույումջյանը ծնվել է 1934 թվականի հունիսի 6-ին, Ռումինիայի Տուլչա քաղաքում, Մեծ եղեռնը վերապրած հայերի ընտանիքում։ Սամսունում ծնված մայրը՝ Զաբել Գալուստյանը, և Կեսարիայի մոտակայքում (կենտրոնական Անատոլիա)՝ Թալասում ծնված և Զմյուռնիայում մեծացած հայրը՝ Թորոսը, ծանոթացել են Չիկագոյում, որի կոնսերվատորիայում է սովորել Թորոսը։ Նրանց անդրանիկ զավակը՝ Ժանը, 1932 թվականին մահացել է թոքաբորբից։ Տհաճ հուշերը մոռանալու համար ընտանիքը մեկնել է ԱՄՆ-ից և հանգրվանել հարազատների մոտ՝ Ռումինիայում, որտեղ էլ ծնվել են Տիգրանը և նրա կրտսեր եղբայր Արմենը[7]։ Տիգրանի ծնվելու ժամանակ նրա ծնողներն արդեն ունեին ԱՄՆ-ի քաղաքացիություն։

Երբ 1939 թվականին սկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, ընտանիքը ստիպված վերադառնում է ԱՄՆ։ Այդ ժամանակ Տիգրանն ազատ խոսում էր հայերեն և ռումիներեն, բայց վատ գիտեր անգլերենը[7]։

Ուսում խմբագրել

18 տարեկանում Տիգրանը բաժանվում է ընտանիքից՝ ֆիզիկական քիմիա սովորելու նպատակով։ Հետո որոշում է ուսումնասիրել ճարտարագիտություն։ Ընդունվում է Վիսկոնսինի համալսարան (Մեդիսոն), որտեղ հետաքրքրվում է եվրոպական մշակույթի պատմությամբ։ Ստանալով դիպլոմը՝ Տիգրանը 1957 թվականին որպես պահեստազորի սպա ծառայության է անցնում ԱՄՆ-ի զինված ուժերում։ Լինելով «Down Beat Jazz Magazine» ամսագրի լրագրող՝ 1958 թվականին նա գնում է Բրյուսել և լուսաբանում համաշխարհային ցուցահանդեսը։ ԱՄՆ վերադառնալու փոխարեն նա մեկնում է Բեյրութ, որտեղ գտնում է Կույումջյանների ընտանիքի մի մասին։ 1959 թվականի մարտին մեկնում է Հնդկաստան և «International Press Service» գործակալության համար հարցազրույց վերցնում Դալայ Լամայից[7]։

Բեյրութում ընդունվում է տեղի Ամերիկյան համալսարան, որտեղ 1961 թվականին պաշտպանում է մագիստրոսական թեզ՝ 1950-ական թվականներին հայ եկեղեցու Անթիլիասի և Էջմիածնի թևերի միջև տարաձայնությունների թեմայով։ Տիգրանի ղեկավարը հայր Գարեգին Սարգսյանն էր, որը հետագայում դարձավ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս, հետո` Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Նրանց ունեցան երկարատև բարեկամություն[7]։

Տիգրան Կույումջյանը վերադառնում է Նյու Յորք, որտեղ Կոլումբիայի համալսարանում 1969 թվականին պաշտպանում է դոկտորական թեզը։ Հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի ղեկավարը և Տիգրանի թեզի ղեկավարը Նինա Գարսոյանն էր։ Թեզի թեման էր XI-XIII դարերի հայկական և հարևան տարածքների դրամագիտությունը։ Դրան զուգահեռ՝ Տիգրանն ստեղծում է «American Authors Inc» գրական գործակալությունը[7]։ Կույումջյանը հիմնադրել է «Հայ շարժում» թերթը, որը լույս է տեսնում մինչև օրս։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1967 թվականին Տիգրան Կույումջյանը կնոջ՝ Անժել Կապոյանի հետ մեկնում է Կահիրե, որի Ամերիկյան համալսարանում արաբագիտության բաժնի փոխտնօրենի պաշտոնն է ստանձնում։ Այնտեղ զույգն ապրում է մինչև 1971 թվականը։ Տեղափոխվելով Բեյրութ՝ Տիգրանը միջնադարյան Հայաստանի պատմություն է դասավանդում Ամերիկյան համալսարանում։ Այստեղ նրա ուսանողների մեջ է լինում Մեծի Տանն Կիլիկիո ապագա Կաթողիկոս Արամ Առաջինը։ Մեկ տարի նա նաև գլխավորում է Հայկազյան համալսարանի հայագիտության բաժինը[7]։

Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով Տիգրան Կույումջյանը 1975 թվականին մեկնում է Փարիզ։ Ամերիկյան համալսարանում նա սկսում է դասավանդել միջնադարյան իսլամական արվեստի պատմություն։ 1977 թվականին նրան առաջարկում են Կալիֆոռնիայի պետական համալսարանում (Ֆրեզնո) հիմնել հայագիտության բաժին։ Տիգրան Կույումջյանն այն ղեկավարել է մոտ 32 տարի[7]։ 2008 թվականին Կույումջյանը հայտարարել է հեռանալու մասին։

1987 թվականին նա եղել է ԵՊՀ-ի օտար լեզուների և գրականության գծով ավագ դասախոս։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում ծառայել է որպես խորհրդատու։

Նա դասավանդել է մի շարք համալսարաններում՝ Կոլումբիայի համալսարանում, Կահիրեի ամերիկյան համալսարանում, Բեյրութի Հայկազյան համալսարանում, Փարիզի համալսարանում և այլն։

Նա հրատարակել է մի քանի գիրք և հարյուրից ավելի հոդվածներ։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Տիգրան Կույումջյանը Սերգեյ Փարաջանովի մասին գրել է «Սերգեյ Փարաջանովի որոնումներում» (2007) աշխատությունը։ Նրանք ծանոթացել են Հայաստանում, 1987 թվականին։ Կույումջյանը մտերիմ է եղել նաև Վիլյամ Սարոյանի հետ և նրա մասին գրել է 30-ից ավելի հոդված և երեք գիրք. «Վիլյամ Սարոյան, հայկական եռապատում» (1986), «Վարշավայի այցելուն և պատմություններ Վիեննայի փողոցներից. Վիլյամ Սարոյանի երկու վերջին պիեսները» (1991) և «Երիտասարդ Սարոյանը. «Հետևել» և այլ վաղ գրվածքներ» (2009)[7]։

Տիգրան Կույումջյանի հիմնական աշխատությունները հայագիտական են և նվիրված են հիմնականում միջնադարյան պատմության ու արվեստի պատմությանը, մասնավորապես՝ ձեռագրերի մանրանկարներին՝ «Հայաստանի արվեստները» (Լիսաբոն, 1992), հնագրությանը՝ «Հայկական հնագրության ալբոմ», (2002, Մայքլ Սթունի և Հեննինգ Լեմանի հետ), ձեռագիր գրքերն ուսումնասիրող կոդիկոլոգիա գիտությանը[7]։

Նշանավոր գործեր խմբագրել

  • Արցախ։ Հայ արվեստի և ավանդույթների այգի-Ղարաբաղ (2012)
  • Մխիթարի և Անիի բարձրացումը սելջուկների դեմ (1969)
  • Չինական տարրերը հայկական մանրանկարչության մեջ Մոնղոլներ|մոնղոլական ժամանակահատվածում (1986)
  • Հայաստանի արվեստը (1992)
  • Հայկական ճարտարապետություն. Ցուցահանդես (1981)

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն պարգևատրել է Կույումջյանին Սուրբ Սահակի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով
  • 1986 - Կալիֆոռնիայի պետական համալսարանի լավագույն պրոֆեսոր
  • 1998 - Գերազանց հետազոտությունների համար ռեկտորի կոչում
  • 1999 - անգլ.՝ Phi Kappa Phi համալսարանի տարվա գիտնական

Անձնական կյանք խմբագրել

Տիգրան Կույումջյանը ապագա կնոջ՝ Անժել Կապոյանին, որը նույնպես գիտնական և ուսուցիչ է, հանդիպել է Նյու Յորքում։ Նրանք ամուսնացել են 1967 թվականի ամռանը՝ Փարիզի հայկական եկեղեցում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 CONOR.Sl
  4. https://data.bnf.fr/fr/12063624/dickran_kouymjian/
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
  6. Կոյումճեան Տիգրան
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 Տիգրան Կույումջյան