Հողմաէներգետիկա
Հողմաէներգետիկա, գիտության և տեխնիկայի ճյուղ, մշակում է քամու էներգիայի օգտագործման տեսական հիմունքները, մեթոդներն ու միջոցները՝ մեխանիկական, էլեկտրական և ջերմային էներգիա ստանալու համար, ինչպես նաև որոշում ժողտնտեսության մեջ հողմաէներգիայի նպատակահարմար օգտագործման բնագավառներն ու մասշտաբները։
Տարբերում են 2 հիմնական բաժին՝ հողմատեխնիկա, որը մշակում է տեխնիկական միջոցների (ագրեգատների ու տեղակայանքների) նախագծման տեսական հիմունքներն ու գործնական եղանակները, և հողմակիրառում, որն ընդգրկում է քամու էներգիայի օպտիմալ օգտագործման, տեղակայանքների ռացիոնալ շահագործման տեսական ու գործնական հարցերը, ժողտնտեսության մեջ այդ տեղակայանքների կիրառման փորձի ընդհանրացումը։ Հողմաէներգիան, որ գործնականում անսպառ է, օգտագործվում է ջրի բարձրացման, դրենաժի, հացահատիկը աղալու, կուտակիչները լիցքավորելու համար և արտադրական այնպիսի պրոցեսներում, որոնք թույլատրում են էներգիայի մատակարարման ընդհատումներ։
Քամու էներգիայի օգտագործման հաշվարկների համար կազմում են կադաստր՝ տեղանքում քամու ռեժիմները բնութագրող տեղեկությունների հաշվառման համակարգ։ ԽՍՀՄ-ում սերիապես թողարկվող ՏՎ-8, ՏՎ-5, Դ-12 հողմաշարժիչներն ունեն 0, 7-ից մինչև 11 կվտ հզորություն և գործածվում են էլեկտրամատակարարման ցանցերից հեռու գտնվող շրջաններում։ Խորհրդային գիտնականներն ստեղծել են մինչև 100 կվտ հզորության հողմաէներգետիկական տեղակայանքներ, որոնք կիրառվում են հիմնականում Պովոլժիեի, Ալթայի, Ղազախստանի, Թուրքմենիայի, Ուզբեկստանի արոտավայրերում ու ֆերմաներում։ Հողմաէներգետիկական տեղակայանքների օգտագործման առավել հեռանկարային եղանակը կապված է էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ դրանց զուգահեռ աշխատանքի ապահովման հետ։
Էներգետիկայի այս ճյուղը մասնագիտացված է մթնոլորտում գտնվող օդային զանգվածների կինետիկ էներգիայից էլեկտրական, ջերմային և ցանկացած այլ տեսակի էներգիայի ստեղծմանը ժողովրդական տնտեսության մեջ կիրառելու նպատակով։ Էներգիայի վերափոխումը կատարվում է հողմաշարժիչների, հողմաղացների և տարատեսակ այլ ագրեգատների միջոցով։ Քամու ուժը արևի գործունեության հետևանք է, այդ պատճառով այն վերականգնվող էներգիայի տեսակներից է։
Հողմաշարժիչների հզորությունը կախված է մակերեսից, գեներատորի թիակից։ Օրինակ` դանիական Vestas ընկերության 3 մբթ (90 Վ) հզորությամբ տուրբիններն ունեն 115 մ բարձրություն, թիակների 90 մ տրամագիծ և աշտարակի 70 մ բարձրություն։
Այսպիսի էներգիայի արտադրման առավել արդյունավետ տեղեր են համարվում ափամերձ տարածքները; Ծովում` ափից 10-12 կմ հեռավորության վրա (երբեմն նաև ավելի հեռու) կառուցում են օֆշորային հողմաէլեկտրակայաններ։ Հողմաշարժիչների աշտարակներն ամրացնում են գերաններով հիմքին, որ փորվում է 30 մ խորության վրա։
Հողմաշարժիչները գործնականում վառելիքի պահանջ չեն զգում։ 1 մբթ հզորությամբ հողմաշարժիչի 20 տարվա աշխատանքի դեպքում կարելի է խնայել մոտ 29 հազար տոննա ածուխ կամ 92 հազար բարել նավթ;
Ապագայում ծրագրվում է քամու էներգիան կիրառել ոչ թե հողմաշարժիչների միջոցով, այլ ոչ ավանդական եղանակով։ Արաբական Միացյալ Էմիրությունների Մասդար քաղաքում նախատեսվում է կառուցել պիեզոէլեկտրականության սկզբունքով աշխատող էլեկտրակայան, որն իրենից ներկայացնելու է պոլիմերային հիմքով «անտառ»` ծածկված պիեզոէլեկտրական մարտկոցներով։ 55-մետրանոց այդ հիմքերը ճկվելու են քամու ներգործությամբ` քամու ուժը հոսանքի վերածելով։
Էներգիայի ավանդական աղբյուրները շատ անվտանգ չեն և բացասաբար են ազդում շրջակա միջավայրի վրա։ Բնության մեջ կան այնպիսի բնական ռեսուրսներ, որոնք կոչվում են վերականգնվող, և դրանք թույլ են տալիս ստանալ բավարար քանակությամբ էներգետիկ ռեսուրսներ։ Քամին համարվում է այդպիսի հարստություններից մեկը։ Օդի զանգվածների մշակման արդյունքում էներգիայի ձևերից մեկը կարելի է ստանալ.
- էլեկտրական;
- ջերմային;
- մեխանիկական
Այս էներգիան կարող է օգտագործվել առօրյա կյանքում ՝ տարբեր կարիքների համար։ Սովորաբար քամին փոխակերպելու համար օգտագործվում են քամու գեներատորներ, առագաստներ և հողմաղացներ[1]։
Քամու էներգիայի առանձնահատկություններ
խմբագրելԷներգետիկայի ոլորտում գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում։ Մարդկությունը գիտակցել է ատոմային և հիդրոէներգետիկայի վտանգը, և այժմ ընթանում է վերականգնվող էներգիայի աղբյուրներ օգտագործող կայանների զարգացումը։ Փորձագետների կանխատեսումների համաձայն, մինչև 2020 թվականը վերականգնվող էներգիայի ռեսուրսների ընդհանուր ծավալի առնվազն 20% -ը կկազմի քամու էներգիա[1]։
Քամու էներգիայի առավելությունները հետևյալն են.
- քամու էներգիան օգնում է փրկել շրջակա միջավայրը;
- կրճատվում է ավանդական էներգետիկ ռեսուրսների օգտագործումը.
- կրճատվում է կենսոլորտ վնասակար արտանետումների քանակը.
- երբ էներգիա արտադրող ստորաբաժանումները գործում են, smog չի առաջանում.
- քամու էներգիայի օգտագործումը բացառում է թթվային անձրևի հավանականությունը.
- ոչ մի ռադիոակտիվ թափոն[1]։
Սա ընդամենը քամու էներգիայի օգտագործման առավելությունների փոքր ցուցակն է։ Հարկ է հաշվի առնել, որ բնակավայրերի մոտ արգելվում է հողմաղացներ տեղադրել, ուստի դրանք հաճախ կարելի է գտնել տափաստանների և դաշտերի բաց լանդշաֆտներում։ Արդյունքում, որոշ տարածքներ բոլորովին անպիտան կլինեն մարդու բնակության համար։ Մասնագետները նշում են նաև, որ քամու տուրբինների զանգվածային շահագործմամբ որոշ կլիմայական փոփոխություններ տեղի կունենան։ Օրինակ ՝ օդային զանգվածների փոփոխության պատճառով կլիման կարող է չորանալ[1]։
Քամու էներգիայի հեռանկարներ
խմբագրելՉնայած քամու էներգիայի վիթխարի օգուտներին, քամու էներգիայի բնապահպանական լինելուն, քամու պարկերի մասսայական կառուցման մասին խոսելը դեռ վաղ է։
Էներգիայի այս աղբյուրն օգտագործող երկրների թվում են ԱՄՆ-ը, Դանիան, Գերմանիան, Իսպանիան, Հնդկաստանը, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Նիդեռլանդները և Ճապոնիան։ Այլ երկրներում օգտագործվում է քամու էներգիան, բայց ավելի փոքր մասշտաբով քամու էներգիան միայն զարգանում է, բայց դա տնտեսության հեռանկարային ուղղություն է, որը ոչ միայն ֆինանսական օգուտ կբերի, այլև կօգնի նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը[1]։
Հողմաէներգետիկ ծրագրեր Հայաստանի Հանրապետությունում
խմբագրել2003 թվականին մշակվել են Հայաստանի հողմաէներգետիկ պաշարների քարտեզները, ըստ որոնց տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 450 ՄՎտ և 1.26 մլրդ. կվտժ էլ. էներգիայի տարեկան արտադրանքով։ Առանձնացվել են հիմնական հեռանկարային տեղանքները` Զոդի լեռնանցք, Բազումի լեռներ՝ Քարախաչի և Պուշկինի լեռնանցքներ, Ջաջուռի լեռնանցք, Գեղամա լեռների շրջանը, Սևանի լեռնանցքը, Ապարանի շրջանը, Սիսիանի և Գորիսի միջև գտնվող բարձունքային գոտին և Մեղրիի շրջանը[2]։
2005 թվականի դեկտեմբերին Պուշկինի լեռնանցքում շահագործման հանձնվեց Հայաստանում, ինչպես նաև Կովկասում, առաջին ցանցային հողմաէլեկտրակայանը` 2.6 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Նշված տեղանքում նախատեսվում է կառուցել մինչև 50 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմաէլեկտրակայան։
Եվրամիության ծրագրի շրջանակներում ավարտվել են մոնիթորինգային աշխատանքները Սևանի Սեմյոնովկա լեռնանցքում և կազմվել է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը 35 Մվտ գումարային դրվածքային հզորությամբ հողմաէլեկտրակայանի կառուցման համար։
«Ar Energy» հայ-իտալական մասնավոր ընկերության կողմից իրականացվել են Շիրակի մարզի Քարախաչ լեռնանցքի տարածքի հողմաէներգետիկ ծրագրի մոնիթորինգային աշխատանքները` 140 Մվտ հզորությամբ հողմակայան կառուցելու նպատակով[2]։
Գեղարքունիքի մարզի Սոտքի լեռնանցքի տարածքում իրականացվել են հողմաէներգետիկ ծրագրի մոնիթորինգային աշխատանքները` 20 Մվտ հզորությամբ հողմակայան կառուցելու նպատակով։
«Ar Energy» և «Zod Wind» մասնավոր ՓԲԸ-րը բանակցություններ են վարում տարբեր կազմակերպությունների հետ «Քարախաչ 1» և «Զոդ» հողմաէլեկտրակայանների կառուցման նպատակով ներդրումներ ներգրավելու ուղղությամբ[2]։
2017 թվականի մարտի 30-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերության միջև Հայաստանում հողմաէլեկտրակայանի կառուցման ծրագրի մասին ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է ՀՀ-ում 100-150 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանների կառուցում։ 2017 թվականի դեկտեմբեր ամսին ընկերությունը սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքների իրականացումը։ Տեղադրվել են երկու 80 մետր բարձրության քամու ներուժի մոնիթորինգային կայաններ և մեկ «Sodar» համակարգ։ Յուրաքանչյուր կայան համալրված է 8 հողմաչափով, 3 հողմացույցով, 2 ջերմա-խոնավաչափով և 1 մթնոլորտային ճնշաչափով[2]։
2017 թվականի մարտի 30-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ աջակցություն է ցուցաբերվում Արաբական միացյալ էմիրության «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը ՀՀ-ում մինչև 150 ՄՎտ հզորությամբ քամու կայաններ կառուցելու համար։ Տեղադրվել է մեկ 80 մետր բարձրության քամու ներուժի մոնիթորինգային կայան, որն ակնկալվում է շուտով գործարկել։ Եվս մեկը նախատեսվում է տեղադրել 2018 թվականի ապրիլ ամսին։
Կան նշանակալից զարգացումներ նաև հողմաէներգետիկայում՝ 2 հողմակայան գտնվում են կառուցման փուլում՝ ընդհանուր 5,3 Մվտ հզորությամբ։
Պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում համաշխարհային համբավ ունեցող՝ «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» և «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությունները Հայաստանում իրականացնում են հողմային էլեկտրակայանների կառուցման նախապատրաստման ծրագրեր (գումարային շուրջ 300 ՄՎտ հզորությամբ)՝ նրանց կողմից շարունակվում են քամու ներուժի գնահատման աշխատանքները, իսկ «Աքսիոնա Էներգիա Գլոբալ Էս. Էլ.» ընկերությունը արդեն ներկայացրել է գործարար ծրագիր, պատրաստակամություն է հայտնել մեծածավալ ներդրումներ իրականացնել Հայաստանում և այդ ուղղությամբ բանակցություններ վարում համապատասխան լիազոր մարմինների հետ[2]։
Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված են բազմաթիվ մեխանիզմներ խթանելու վերականգնվող էներգետիկ աղբյուրների օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը.
2001 թվականի մարտի 7-ին ընդունված «էներգետիկայի մասինե ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի գ) ենթակետի համաձայն` տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից և էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային և կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների կողմից քսան տարվա ընթացքում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով[2]։
2019 թվականի հուլիսի 1-ի դրույամբ էլ.էներգիա է արտադրել 2 հողմաէլեկտրակայան, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է 2,9 ՄՎտ, 2 հողմակայան 5,3 ՄՎտ հզորությամբ գտնվում է կառուցման փուլում։
Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 159-Ն որոշման 2019 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը կազմում է՝ 43,585 դրամ/կՎտxժ առանց ԱԱՀ (մինչև 01.11.2018 լիցենզավորված), իսկ այն հողմակայանների համար, որորնք ունեն մինչև 30 ՄՎտ (ներառյալ) տեղակայվող հզորություն, սահմանվել է 24,233 դրամ/կՎտxժ սակագին (01.11.2018թ-ից հետո լիցենզավորված)։ Այդ սակագինը սահմանվում և վերանայվում է ըստ հանձնաժողովի կողմից 2015 թվականի ապրիլի 22-ի թիվ 88-Ն որոշմամբ ընդունված հստակ մեթոդիկայի։ Վերոնշյալ մեթոդիկայի համաձայն յուրաքանչյուր տարեվերջին ինդեքսավորվում է հողմային էլեկտրակայանների համար սահմանված սակագինը՝ կախված դոլարի համեմատ ՀՀ դրամի տատանումներից, որոշակի ժամանակահատվածի համար և կախված Հայաստանում սպառողական գների փոփոխությունից։ 30 ՄՎտ տեղակայվող հզորություններից ավելի հզորությամբ հողմային էլեկտրակայանների սակագինը սահմանվում է առանձին ներդրումային ծրագրերի շրջանակներում[2]։
Վերականգնվող էներգիայի ռեսուրսների բացահայտումն ու ներուժի գնահատումը անհրաժեշտ պայմաններ են էկոլոգիապես մաքուր և անվտանգ էներգետիկ համակարգի ձևավորման համար։ Հարկ է նշել, որ արևային, հողմային, երկրաջերմային, հիդրո և կենսաէներգետիկ ներուժն առկա է գրեթե բոլոր երկրներում։ Նշված աղբյուրների հիմնական մասը կազմում են երկարատև և հաջողությամբ գործարկված հիդրոէլեկտրակայանները։
Հիդրոէներգետիկայի ոլորտը համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրությունում շարունակում է մնալ կայուն` 1990թ.-ին կազմելով 18.1%, 2014թ.-ին` 16.4%, որը 2030թ.-ի կանխատեսմամբ հավանաբար կպահպանի նույն ցուցանիշը։ Մյուս կողմից, վերջին 25 տարիների ընթացքում վերականգնվող էներգետիկայի զարգացման հիմնական շարժիչը էներգիայի ստացման համեմատաբար նոր տեխնոլոգիաներն են, ինչպիսիք են արևային, հողմային, երկրաջերմային աղբյուրները և նույնիսկ օվկիանոսի ալիքների էներգիայի օգտագործման դեռևս էկզոտիկ համարվող տեխնոլոգիան։ Դրանց միջոցով (հիմնականում արևային և հողմային) ստացվող էներգիայի տեսակարար կշիռը համաշխարհային էներգիայի արտադրության մեջ շարունակաբար աճում է `1990թ 1,5%-ից 2014թ.-ին հասնելով 6,3%։ Կանխատեսվում է, որ 2030թ.-ին այս ցուցանիշը կհավասարվի հիդրոէներգետիկայի տեսակարար կշռին՝ անցնելով 16%-ի սահմանագիծը[3]։ Ներկայումս ՀՀ–ում արտադրվող էլեկտրաէներգիայի 30%-ն արտադրվում ՎԷ-ի աղբյուրներից, որի առյուծի բաժինը արտադրվում է հիդրոէներգետիկ ռեսուրսների հաշվին[4]։ Սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսների սակավության, տնտեսական շրջափակման և այլ, այդ թվում աշխարհաքաղաքական պատճառներով ՎԷ-ի աղբյուրների զարգացումը առաջնային կարևորություն ունի ՀՀ-ի համար, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով։ Նախ` ՀՀ էներգետիկ համակարգը բնութագրվում է ավանդական ածխաջրածնային էներգակիրների ներմուծումից կախվածության բարձր մակարդակով։ Այս հանգամանքը կարող է հանգեցնել էներգետիկ անվտանգության ռիսկերի առաջացման` պայմանավորված մատակարարման ընդհատումներով և ներմուծվող վառելիքի գների անկայունությամբ։ Հայկական ԱԷԿ-ին էլեկտրաէներգիայի արտադրության համար անհրաժեշտ միջուկային հումքը նույնպես ներմուծվում է, ինչը նույնպես մեծացնում է արտաքին էներգակիրներից կախվածությունը։ ՀՀ էներգետիկ ոլորտի զարգացման մեկ այլ խոչընդոտ է էներգետիկ ենթակառուցվածքների ֆիզիկական և բարոյական մաշվածության բարձր աստիճանը։ Այս պայմաններում երկրի վառելիքաէներգետիկ համալիրում նոր էներգաարդյունավետ տեխնոլոգիաների և ՎԷ ներմուծման խնդրի լուծումը կբարձրացնի տնտեսության էներգետիկ ապահովվածության աստիճանը, կմեղմի երկրի կախվածությունն արտերկրի հումքային աղբյուրներից, հիմք կստեղծի տնտեսության էքստենսիվ աճից ինտենսիվ զարգացման անցնելու և սեփական շահերով թելադրված ազգային էներգետիկ քաղաքականության վարման համար` բարձրացնելով երկրի էներգետիկ անկախության և անվտանգության աստիճանը։ ՀՀ վերականգնվող էներգետիկայի զարգացման բարենպաստ հետևանքներից կարելի է առանձնացնել նաև հետևյալները.
- կայուն և հասանելի էլեկտրամատակարարում, ինչը հնարավոր է ապահովել փոքր հէկերի, արևային և հողմային կայանների միջոցով,
- ներմուծվող վառելանյութերի գնային տատանումների հետևանքով առաջացող բացասական ազդեցության նվազեցում,
- նոր աշխատատեղերի ստեղծում և նոր ներդրումների ներգրավում, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում գործարար ակտիվության խթանում,
- ածխաջրածնային վառելանյութերի օգտագործման կրճատման արդյունքում ՀՀ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցում և այլն[5]։
Հաշվի առնելով միջազգային շուկաներում ՎԷ-ի ոլորտին առնչվող տեխնոլոգիաների և սարքավորումների նկատմամբ բարձր պահանջարկը` տնտեսության այս ճյուղի զարգացումը կարող է նպաստել նաև հայկական կազմակերպությունների արտահանման ներուժի ավելացմանը։ ՎԷ զարգացման առաջին անհրաժեշտ նախապայմանը համապատասխան իրավական կարգավորման մեխանիզմների մշակումն ու գործածություն է։ 2004թ. նոյեմբերի 9-ին ընդունված «Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի մասին» ՀՀ օրենքը համարվում է ՎԷ ոլորտի կարգավորման հիմնական իրավական ակտը։ 2007թ.-ին ՀՀ կառավարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) օժանդակությամբ մշակեց և հաստատեց ՀՀ էներգախնայողության և այլընտրանքային էներգիայի ազգային ծրագիրը, որի հիմնական խնդիրը Հայաստանի էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրային նպատակներն ու դրանց հասնելու ուղիները նախանշելն է։ Հիմնվելով նշված ծրագրի վրա` ՀՀ ՎԷ-ի զարգացման ներուժը կարելի է դասակարգել ըստ հետևյալ ենթաբաժինների.
- հիդրոէներգետիկա,
- արևային էներգետիկա,
- կենսագազային էներգետիկա,
- հողմային էներգետիկա,
- երկրաջերմային էներգետիկա[6]։
ՀՀ հիդրոէներգետիկայի զարգացման ներուժի օգտագործումը ենթադրում է փոքր և միջին հիդրոէլեկտրակայանների ստեղծում և գործարկում, ինչը հիմնականում պայմանավորված է ՓՀԵԿ կառուցման բարենպաստ պայմաններով։ Մասնավորապես պետությունը սահմանել է էլեկտրաէներգիայի արտադրության համար ետգնման բարենպաստ սակագներ` 15-ամյա ժամկետով։ Էներգախնայողության և ՎԷ-ի ազգային ծրագրի համաձայն ՀՀ հասանելի ջրային ռեսուրսները և դրանց օգտագործման ներուժը բավարար է 313 ՓՀԵԿ-ների շահագործման համար՝ տարեկան 737.38 մլն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորությամբ։ Նշված ծրագրով նախատեսվում է մինչև 2020թ. կառուցել և շահագործման հանձնել խոշոր` մասնավորապես Մեղրու և Լոռիբերդի ՀԷԿ–եր ՝ համապատասխան 140ՄՎ և 60ՄՎ դրվածքային հզորություններով՝ տարեկան գումարային 1012 մլն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ։ Մինչ օրս իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանրապետությունում ՓՀԷԿ-երի կառուցման համար առկա է առնվազն 115 պոտենցիալ չօգտագործված տարածք, որոնք միասին կարող են ապահովել 157 Մվտ դրվածքային հզորություն և շուրջ 540 մլն ԿՎտ/ժ էլեկտրաէներգիայի արտադրություն։ Հարկ է նշել, որ հիդրոկայանների շահագործումը կարող է հանդիսանալ նաև բնապահպանական խնդիրների առաջացման պատճառ։
Ի տարբերություն ջրային ռեսուրսների օգտագործման` արևը մաքուր և անսպառ էներգիայի ստացման ամենահասանելի աղբյուրն է։ Վերջին տարիներին արևային էներգիա արտադրող կազմակերպությունները դարձել են ավելի եկամտաբեր՝ մրցակցելով ավանդական էներգիայի աղբյուրների հետ ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության չափանիշներով։ Արևային էներգիան լայնորեն օգտագործվում է ինչպես ջրատաքացման համակարգերում, այնպես էլ ֆոտովոլտային վահանակների միջոցով էլեկտրաէներգիայի ստացման համար։ Աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ Հայաստանն արևային էներգետիկայի զարգացման համար ունի զգալի ներուժ ։ Հանրապետությունը գտնվում է մերձարևադարձային գոտու հարևանությամբ, բնակավայրեր և տարածաշրջաններ ունեն բարենպաստ կլիմայական դիրք, ինչով էլ պայմանավորվում է ՀՀ արևային էներգիայի օգտագործման ներուժը։ Վերջինիս գնահատումն իրականացվում է տարեկան արևային ճառագայթման ինդեքսների հիման վրա։ Այսպես, ՀՀ միջին տարեկան ճառագայթման ինդեքսը կազմում է 1700 ԿՎտժ/մ2 և կախված տեղանքից՝ տատանվում է 1500-ից մինչև 1900 ԿՎտժ/մ2 սահմաններում։ ՀՀ-ում առկա ՎԷ հաջորդ աղբյուրը կենսագազի պաշարներն են։ Կենսագազի հիման վրա վառելիքի արտադրության նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է համեմատաբար կարճաժամկետ հատուցման ժամանակահատվածով, որը կազմում է 7-8 տարի։ Հայաստանում կենսագազերից էներգիայի արտադրությունը վերջին ժամանակներում որոշակի զարգացում է ապրել։ ԱՄՆ ՄԶԳ 2007թ. ծրագրի համաձայն` 2006-2020 թթ. ՀՀ կենսագազի ներուժը 34.17 մլն դոլար ներդրման դեպքում գնահատվել է տարեկան 38.34 մլն մ3 , ինչը կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումները տարեկան 544.6 հազ CO2-ին համարժեք տոննայով։ Կենսագազերից էներգիայի արտադրության ՀՀ հիմնական գործնական նախագիծը Նուբարաշենի քաղաքային աղբավայրում կենսագազի ստացման ներուժի և մշակաբույսերի կառուցվածքի գնահատման ծրագիրն է։ Այն ուղղված է Նուբարաշենի քաղաքային աղբավայրից մեթանի գեներացման և որպես վառելանյութ օգտագործման հնարավորությունների բացահայտմանը։ Երևանի քաղաքապետարանի և Նուբարաշենի վարչական շրջանի հետ միասին ծրագրի իրականացման մեջ ներգրավված են նաև երեք ճապոնական ընկերություններ՝ Shimizu, Hokkaido Electric Power և Mitsui։ Մի շարք օտարերկրյա ընկերություններ նույնպես հետաքրքրված են այս տեխնոլոգիայով։ 2002-2003 թթ. նշված ծրագրի շրջանակներում հիմնվել է կենսագազի երկու արտադրամաս։ Առաջինի մեթանի արտադրողականությունը 50մ3 է, ընդլայնման ներուժը մինչև 3000 մ3։ Երկրորդի մեթանային հզորությունը25 մ3 է[7]։
Կենսագազի ոլորտին վերաբերող մեքենասարքավորումներ մշակող հիմնական ընկերությունը Հայաստանում SolarEn LLC-ն է։ Հայաստանի այլ քաղաքներում ևս աղբավայրերը գտնվում են պետական վերահսկողության տակ՝ մեթանի ստացման առկա ռեսուրսների բացահայտման և ուսումնասիրման նպատակով։ Բացի աղբավայրերից, խոզաբուծական, խոշոր եղջերավոր անասնապահական և թռչնաբուծական տնտեսությունները նույնպես ունեն կենսաբանական մնացորդներից կենսագազերի գեներացման որոշակի ներուժ։ Մասնավորապես Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի նախաձեռնությամբ հիմնադրվել և շահագործման է հանձնվել Լուսակերտի կենսագազի գործարանը (ԼԿԳ)։ Այն Հայաստանում իրականացված վերականգնվող էներգետիկայի ոլորտում առաջին մաքուր զարգացման մեխանիզմն է։ Վերջինս ՄԱԿ-ի կողմից մշակված մեխանիզմն է, որն ուղղված է ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման կամ կլանման նախագծերում ներդրումների խթանմանը։ Դրա հիմնական նպատակը մթնոլորտում ջերմոցային գազերի խտության կարգավորումն է այնպիսի մակարդակով, որով հնարավոր կլինի կանխարգելել կլիմայական համակարգում վտանգավոր մարդածին ազդեցությունները։ ԼԿԳ շահագործման մեջ ներդրումային մասնակցություն ունեն նաև նորվեգական «VEXT» և դանիական IFU ընկերությունները։ Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև կենսազանգվածի և դրանից վառելիքի ստացման ներուժի վրա։ Կենսազանգվածը հիմնականում հատուկ այդ նպատակի համար մշակված մշակաբույսերի կամ բերքահավաքից հետո առաջացած մնացորդն է, որը կարող է մշակվել վառելանյութի արտադրության համար անհրաժեշտ հումք ստանալու նպատակով[8]։ Օրինակ, որոշ երկրներում կենսազանգվածից ստացված էթանոլը և կենսադիզելը օգտագործվում են որպես ներքին այրման շարժիչների համար վառելիք կամ վառելիքի հավելում։ Հայաստանում այս ոլորտում դեռևս ոչ մի իրական աշխատանք չի իրականացվում։ ՀՀ հողմային էներգետիկան նույնպես գտնվում է նախնական զարգացման փուլում։ Չնայած Հայաստանի հսկայական հողմային էներգետիկ ներուժին և միջազգային ընկերությունների հետաքրքրությանը` արդյունաբերական նշանակության հողմային էլեկտրակայաններ դեռևս չեն կառուցվել։ Քամու էներգիայի մշտադիտարկումները և ներուժի գնահատումն իրականացվում են դեռևս 1999թ.: Մասնավորապես քամու էներգիայի ներուժի գնահատմանն են ուղղվել հետևյալ ծրագրերը.
- Սոթքի լեռնանցքի տարածքում SolarEn ընկերության կողմից իրականացվող մշտադիտարկման ծրագիրը,
- ՎԷԱԼ (Վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիա) և ԱՄՆ ՄԶԳ համատեղ ծրագրի շրջանակներում Կարախաչի լեռնանցքում, Գագարին գյուղում, Ապարանում և Որոտանի լեռնանցքում իրականացված ուսումնասիրությունները,
- ArmNedWind-ի կողմից Հայաստանի 5 մարզերում (Կարախաչի, Սելիմի, Պուշկինի լեռնանցքներ, Արտանիշ և Արփի լիճ) իրականացված ծրագիրը,
- Իրանի հետ համատեղ Պուշկինի լեռնանցքում և Սիսիանում ՀՀ կառավարության ծրագրերը,
- Գորիսում հողմային էներգետիկ ներուժի գնահատման KfW ծրագիրը,
- TACIS / DEM մշտադիտարկման ծրագիրը[9]։
ՀՀ էներգետիկայի նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից հիմնված ZodWind ընկերությունը ԱՄՆ-ի Վերականգնվող էներգետիկայի ազգային լաբորատորիայի հետ համատեղ հողմային էներգիայի ներուժի գնահատման նպատակով ձեռնամուխ է եղել ՀՀ հողմային ատլասի մշակմանը։ Բացի այդ, գրեթե ավարտված է KfW ծրագրի շրջանակներում հողմային էներգետիկայի հեռանկարների հետ կապված տարածաշրջանների գնահատումը, և ներկայումս իրականացվում է հողմային կայանների պոտենցիալ արդյունավետության գնահատում։ Հետազոտությունների արդյունքների հիման վրա առանձնացվել են 6 շրջաններ, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է 800 ՄՎտ։ Տարածաշրջանում առաջին 2.6 ՄՎտ հզորությամբ հողմակայանն արդեն իսկ շահագործվում է Պուշկինի լեռնանցքում, որը կառուցվել է հայ-իրանական միջպետական ծրագրի շրջանակներում և ներառում է չորս հողմային տուրբին։ Այն տարեկան արտադրում է մոտ 5մլն ԿՎտժ էլ. էներգիա։ Պետք է նշել նաև, որ ներկայումս մշակվում են 20 և 80 ՄՎտ դրվածքային հզորությամբ հողմային էլեկտրակայանների կառուցման ներդրումային նախագծեր։ Չնայած Հայաստանում հողմային էներգիայի զարգացման գործում օտարերկրյա ընկերությունների շահագրգռվածությանը, այս ոլորտում առայժմ զգալի ներդրումներ չեն իրականացվում։ Դրա պատճառը հիմնականում բարձր գործառնական ծախսերն են։ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մշակված 2007 թ. ծրագրի համաձայն՝ Հայաստանում հողմային էլեկտրակայանների տեղակայման արժեքը կազմում է մոտ 1000-1300 ԱՄՆ դոլար մեկ ԿՎտ-ի համար։ Այսինքն՝ մինչև 100 ՄՎտ հողմակայան ունենալու համար հարկավոր է ներդնել 100-130 մլն ԱՄՆ դոլար։ Հայաստանում տեխնիկապես հնարավոր պոտենցիալ հողմային էներգիայի ընդհանուր հզորությունը գնահատվում է մոտ 1000 ՄՎտ։ Հողմակայանները կարող են ապահովել հանրապետության էլեկտրաէներգիայի սպառման 17%-ը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կառավարությունը նպատակ է դրել մինչև 2020 թվականը կառուցել՝ 300 ՄՎտ հզորությամբ հողմային տուրբիններ, ինչը զգալիորեն կավելացնի էներգետիկ արտադրության մեջ հողմակայանների տեսակարար կշիռը։ Ոլորտի զարգացումը խթանելու նպատակով վերը նշված ծրագրերին զուգահեռ առաջանում է նաև զգալի պետական աջակցության անհրաժեշտություն։ Հողմային էներգիայի բոլոր առավելություններն ու թերությունները, դրա զարգացումը և ապագան հիմնականում կախված կլինեն այն ներդրումային պայմաններից, որոնք ՀՀ կառավարությունը կապահովի, քանի որ հողմային կայանների կառուցումը տեխնիկապես բարդ և թանկ գործընթաց է[10]։
Որպես հրաբխային գոտում գտնվող երկիր` Հայաստանում առկա են զգալի երկրաջերմային ռեսուրսներ, որոնք կարող են օգտագործվել էներգիայի արտադրության համար։ Երկրաջերմային ներուժի ուսումնասիրությունները սկսվել են դեռևս 1984 թվականին Սիսիանում, որտեղ մակերևութային ջրի ջերմաստիճանը հասնում է 320C-ի։ Հետազոտությունների ընթացքում 920 մ խորության վրա հայտնաբերվել են մինչև 99 °C ջերմությամբ երկրաջերմային ավազաններ։ Երկրաջերմային ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք ստորջրյա վտակներ (Ջերմուկ `640C, Հանքավան` 420C, Արզական՝ 540C, Սիսիան՝ 450C, Մարտունի՝ 520C) և ավազաններ (Ազատավան` 420 C, 2600 մ, Սևաբերդ` 830 C, 3100 մ)։ 1998թ. Համաշխարհային բանկի դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորմամբ ստեղծված Երևանի Երկրաջերմային փորձնական ծրագրի շրջանակներում հայ-ամերիկյան երկրաբանական հետազոտությունների կազմակերպության հետ համատեղ Գառնիի տարածքում փորվեց «Ազատ-1» հորատանցքը։ Արդյունքում 2280-2285 մ խորության վրա հայտնաբերվեցին հարուստ երկրաջերմային ռեսուրսների պաշարներ։ 2000-2001թթ. ռուսական «Լուկոյլ» նավթային ընկերությունը շարունակեց աշխատանքը «Ազատ-1» հանքավայրի առանձնահատկությունների ուսումնասիրության նպատակով (ջերմաստիճան, ճնշում, հանքայնացում և այլն)։ Սակայն տեխնիկական պատճառներով աշխատանքները դադարեցվեցին։ Ավելի ուշ հետազոտությունները վերսկսվեցին ՀՀ էներգետիկայի նախարարության ենթակա «Geoenergetica» ձեռնարկության կողմից, ինչի արդյունքում տրվեցին երկրաջերմային ռեսուրսների ստորգետնյա բաշխման նկարագիրը և ուղղվածությունը դեպի Երևան։ Այնուամենայնիվ, ներկայումս Հայաստանում չկան հատուկ նախագծեր, որոնք ուղղված կլինեն երկրաջերմային էներգիայի` որպես վերականգնվող էներգիայի ռեսուրս ուսումնասիրությանը[11]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 ՔԱՄՈՒ ԷՆԵՐԳԻԱ https://hy.petmypet.ru/1886-wind-energy.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հողմաէներգետիկա http://www.minenergy.am/page/545
- ↑ Global Energy Transformation: A roadmap to 2050. Abu Dhabi, International Renewable Energy Agency, 2018, p. 51.
- ↑ «Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագիր»։ ՀՀ կառավարության 2007 թվականի hունվարի 18-ի № 2 արձանագրային որոշման հավելված, էջ 15։
- ↑ Odabashian V., Karamyan G., “Fuel Cells Development in Armenia, Renewable Energy: Reality and Perspectives”, p5, Conference Proceedings, Yerevan, 2003.
- ↑ Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագիր։ Երևան, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, հունիս 2014, էջ 20։
- ↑ Odabashian V., “Hydrogen Economy: Recent Developments and Prospects”. Round Table Discussions on the Renewable Energy Development Roadmap in Arzakan, June 25-26, 2011, p. 8.
- ↑ Gharabegian A., Hambarian A., Søndergaard M., Touryan K., “Renewable Energy in Armenia”. Yerevan, Armenia Renewable Resources And Energy Efficiency Fund, 2016, p. 2
- ↑ Sargsyan A., “Energy Security And Energy Union Perspectives For Armenia”, The EaP CSF WG 3 Workshop/October 20, 2015 POLICY PAPER, pp. 41-43.
- ↑ Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագիր։ Երևան, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, հունիս 2014, էջ 24։
- ↑ Gharabegian A., Hambarian A., Søndergaard M., Touryan K., “Renewable Energy in Armenia”. Yerevan, Armenia Renewable Resources and Energy Efficiency Fund, 2016, p. 4-5.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 536)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հողմաէներգետիկա» հոդվածին։ |