Հյուսիսային պողոտա
Հյուսիսային պողոտա, Երևան քաղաքի երկու գլխավոր՝ Ազատության (նախկին՝ Թատերական) և Հանրապետության (նախկին՝ Լենինի) հրապարակներն անկյունագծով միմյանց կապող գլխավոր հետիոտն փողոց։
Հյուսիսային պողոտա | |
---|---|
Հյուսիսային պողոտան Աբովյան փողոցից | |
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն |
Երկարություն | 450 |
Լայնություն | 27 |
Սկիզբ | Աբովյան փողոց |
Ավարտ | Թումանյան փողոց |
Պատմություն
խմբագրելԵրևանի Հյուսիսային պողոտայի կառուցման գաղափարին Ալեքսանդր Թամանյանն անդրադարձել էր դեռևս 1924 թվականին իր կողմից մշակված Երևանի առաջին Գլխավոր հատակագծում։ Նախագծով Հյուսիսային պողոտան մայրաքաղաքի միջով անցնող հյուսիս-հարավ (Երևանի երկաթուղային կայարանից մինչև Կոմիտասի փողոց) 6.5 կմ երկարությամբ առանցքի բաղկացուցիչ մասն էր կազմելու։
1920-30-ական թվականներին կառուցված մայրաքաղաքի առաջին քաղաքաշինական դոմինանտները՝ Ազգային օպերային թատրոնը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը (Թատերական հրապարակով) և Կառավարական շենքը՝ Լենինի (ներկայիս Հանրապետության հրապարակով) ակնհայտ դարձրեցին վարչական և մշակութային երկու կենտրոններն իրար կապող ամենակարճ ճանապարհի իրականացման անհրաժեշտությունը։
Հաշվի առնելով մայրաքաղաքի բնակչության թվի աճը (1935 թվականին այն արդեն գերազանցում էր 150000-ը), 1934 թվականին Ալեքսանդր Թամանյանը սկսում է մշակել «Մեծ Երևան» նախագիծը, սակայն հասցնում է ստեղծել միայն նոր Գլխավոր հատակագծի էսքիզային տարբերակը, ուստի, Հյուսիսային պողոտայի իրականացմամբ Երևանի համար այս երկու կարևոր կենտրոնների միջև տարածական կապ ստեղծելու թամանյանական գաղափարը չի իրագործվում ճարտարապետի կյանքի օրոք։
Հյուսիսային պողոտայի այս հատվածի (Ազատության և Հանրապետության հրապարակներն իրար կապող) կառուցապատման առաջին փորձը նախաձեռնվեց անցած դարի 60-ական թվականներին՝ փակ մրցույթով (Գրիգոր Աղաբաբյան, Միքայել Մազմանյան, Էդուարդ Սարապյան)՝ այն դարձավ քննարկումների առարկա և չբերեց ցանկալի արդյունքներ։ Այնուամենայնիվ, չնայած հետագայում հայտարարված բազմաթիվ մրցույթների (1970-99թթ.), Երևանի կենտրոնի այս հատվածի (կիսախարխուլ շինություններով ու վաղեմի անկանոն կառուցապատմամբ) կանոնակարգման խնդիրը մնում էր ճարտարապետների հատուկ ուշադրության կենտրոնում։
Շինարարություն
խմբագրել2000 թվականի հունիսի 8-ին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից քաղաքաշինական խորհրդի քննարկմանը ներկայացվեց իր ղեկավարությամբ մշակված Հյուսիսային պողոտայի կառուցապատման հայեցակարգային ծրագիրը, որը հավանության արժանացավ խորհրդի կողմից և հաստատվեց Հայաստանի կառավարության 2000 թվականի նոյեմբերի 25-ի N774 որոշմամբ[1]։ Այնուհետև, ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 16-ի N645 որոշմամբ հաստատվեցին Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի իրականացման միջոցառումները։
2002 թվականի մարտի 26-ին հաստատվեց Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագիծը (նախագծի հեղինակային խմբի ղեկավար, գլխավոր ճարտարապետ՝ Նարեկ Սարգսյան, նախագծի գլխավոր ինժեներ՝ Աշոտ Ալեքսանյան[2]): Հյուսիսային պողոտայի նախապատրաստական փուլի շինարարական աշխատանքները սկսվել են 2001 թվականին, իսկ պաշտոնական բացումը կայացել 2007 թվականի նոյեմբերի 16-ին[2]։
Հյուսիսային պողոտայի զբաղեցրած ընդհանուր տարածքը կազմում է մոտ 9.8 հա, երկարությունը՝ մոտ 450մ, լայնությունը` 27մ[2]։ Ընդ որում, շենքերի առաջին և երկրորդ հարկերը լուծված են բաց սյունաշարով, ինչի շնորհիվ պողոտայի լայնությունը մեծանում է մոտ 5մ-ով։ Հյուսիսային պողոտան ունի 4 հրապարակ՝ երկու ստորգետնյա հարկերով, շենքերի քանակը՝ 11 (բնակելի և հասարակական նշանակության, բիզնես կենտրոններ, հյուրանոցային համալիրներ), շենքերի միջին հարկայնությունը՝ 9 հարկ, պողոտան նախատեսված է հետիոտն շարժման համար։ Շենքերի ճակատային լուծումներում կիրառվել են հիմնականում տեղական բնական քարեր։
Բացում
խմբագրելՀյուսիսային պողոտան պաշտոնապես բացվել է 2007 թվականի նոյեմբերի 16-ին։
Պատկերասրահ
խմբագրել-
Հյուսիսային պողոտայի տարածքը 2000թ.
-
Հյուսիսային պողոտայի մանրակերտը
-
Հյուսիսային պողոտան 2008թ.
-
Հյուսիսային պողոտան 2010թ.
-
Հյուսիսային պողոտան 2007թ.
-
Հյուսիսային պողոտայի կենտրոնական մաս
-
Եվրոպայի հրապարակի ցուցանակը
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Հյուսիսային պողոտայի մենտալ կերպարը Երևան քաղաքի ամբողջական կերպարի համատեքստում, 27/01/2012 «Երևան-3», Հոդվածներ
- Ռուբեն Գևորգյանց, Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ, «Հայոց աշխարհ», 17.11.2007 թ.:
- Կոնստանտին Սեյլանով, «Հյուսիսային պողոտան որպես միջավայր միանշանակ կայացել է»
- Արա Մարտիրոսյան, «Ինչպես և երբ կառուցվեց Հյուսիսային պողոտան» Արխիվացված 2022-07-07 Wayback Machine
- Карен Микаэлян «Правда и ложь о Северном проспекте» 17.10.2019թ.: Արխիվացված 2019-11-12 Wayback Machine
Աղբյուրներ
խմբագրել- Արա Պետրոսյան, «Հյուսիսային պողոտա՝ դիտարկումներ Ալ. Թամանյանի քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ»։
- Տ. Մարության /վաստ. ճարտարապետ, «Հիդրոնախագիծ» ինստիտուտի գլխ. ճարտարապետ/ «Կրկին Հյուսիսային պողոտայի մասին», կարծիքը դրվում է քննարկման, Երեկոյան Երևան, 16.12.1987 թ.:
- Անահիտ Սեկոյան, «Հյուսիսային պողոտա», Երևան, 1981 թ.:
- Ֆինանսներ և էկոնոմիկա Հայաստան, 2001 թ., Հյուսիսային պողոտա։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հյուսիսային պողոտա կատեգորիայում։ |