Թալիա (հին հունարեն՝ Θαλία), կատակերգության և պոեզիայի մուսանհին հունական դիցաբանության մեջ[1]։ Պատկերվում էր երիտասարդ աղջկա տեսքով, հովվական ցուպը (երբեմն՝ դափը) աջ ձեռքին, իսկ գլխին՝ բաղեղից պսակ։ Թալիայի սանը դերասանն է, նրա տաճարը՝ թատրոնը։ Թալիայից և Ապոլլոնից ծնվում են կորիբանտները՝ Կիբելեի քրմերը[2]։ Զևսը, վերածվելով անգղի, ամուսնանում է Թալիայի հետ։ Վերջինս, վախենալով Հերայի խանդից, թաքնվում է հողի խորքում, որտեղ նրանից ծնվում են սատանայական արարածներ՝ պալիկներ։
Թալիան երեք Քարիսներից (երբեմն տառադարձվում է Քարիտ) մեկն է՝ Եփրոսինա (Ուրախություն), Թալիա (Ծաղկուն) և Ագլայա (Փայլուն)։ Քարիսները ուղեկցում էին Հերմեսին, Ափրոդիտեին, Դիոնիսոսին և մյուս աստվածներին։ Հռոմեական դիցաբանության մեջ Քարիսներն ստացել են Գրացիաներ անունը։ Օրքոմենեում Քարիսներին պատկերել են առանց մարդկային գծերի, հասարակ քարե սյուների միջոցով. հետագայում սկսել են նրանց պատկերել երկար խիտոններ հագած, իսկ Ք. Ա. 3-րդ դարից սկսած, մերկացած, գեղեցիկ աղջիկների տեսքով։ Այլաբանորեն Քարիսներ-Գրացիաներ արտահայտությունն օգտագործում են բոլոր կատարելություններով օժտված գեղեցկուհիներին բնորոշելու իմաստով՝ երբեմն հեգնական իմաստով՝ «Մոսկվայի երիտասարդ Գրացիաները սկզբում ոտքից գլուխ լուռ դիտում են Տատյանային» (Պուշկին«Եվգենի Օնեգին»)[3]։ Թալիայի անունով է կոչվել 1852 թվականին հայտնաբերված Թալիա աստերոիդը։