Հենրիկ Հովհաննիսյան (արվեստաբան)

հայ արվեստագետ, գիտնական
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հենրիկ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Հենրիկ Վահանի Հովհաննիսյան (հունիսի 3, 1936(1936-06-03)[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ արվեստաբան, գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատերագիտության բաժնի վարիչ։ Ղեկավարում է գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհուրդը, հեղինակ է գիտական և հանրագիտարանային հոդվածների, հրատարակվել է գիտական ժողովածուներում, հանդեսներում, մամուլում, կարդացել է զեկուցումներ հանրապետական և միջազգային գիտաժողովներում։ Հեռուստատեսությամբ վարել է մի շարք հեռուստահաղորդաշարեր՝ գրքի, լեզվի, մշակույթի վերաբերյալ, ինչպես նաև նարեկյան ընթերցումներ։

Հենրիկ Հովհաննիսյան
Ծնվել էհունիսի 3, 1936(1936-06-03)[1][2] (88 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունարվեստագետ
Հաստատություն(ներ)Արվեստի ինստիտուտ[1], Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ[1], Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1958)[1]
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր[1][2] (1980)
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

խմբագրել

Հենրիկ Հովհաննիսյանը ծնվել է Գյումրիում 1936 թ. հունիսի 3-ին, ավարտել է Ա. Գրիբոյեդովի անվ. թիվ 41 հայկական միջնակարգ դպրոցը։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1958-1961 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների Խորհրդին առընթեր ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում որպես հաղորդավար, 1961-1964 թվականներին ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ասպիրանտ, 1965 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Մարտիրոս Մնակյան. Կյանքը և բեմական գործունեությունը» թեմայով, 1965 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում, 1972 թվականին ատեստավորվել է որպես ավագ գիտաշխատող, 1973-1974 թվականներին Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեում՝ հաղորդավարական բաժնի գեղարվեստական ղեկավար, 1976-ից ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, 1973 թվականից Հայկական խորհրդային հանրագիտարանի գիտաճյուղային խորհրդի անդամ, ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա՝ «Թատրոնը միջնադարյան Հայաստանում» թեմայով, 1990-1991 թվականներին ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահ, 1992 թվականից Երևանի Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի գիտական խորհրդի անդամ, 1995 թվականից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանաշնորհման խորհրդի նախագահ։ 2001 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ։ 2006 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ 2011 թվականից ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության նախագահի գլխավոր խորհրդական, 2004 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Թատրոնի բաժնի վարիչն է, 2009 թվականի մայիսից՝ ՀՀ Հանրային խորհրդի անդամ։ 2016 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ[3]։

Հրապարակված աշխատությունները

խմբագրել

Առանձին գրքերով հրատարակել է հետևյալ աշխատությունները.

  • Մարտիրոս Մնակյան, Երևան, 1969
  • Բեմական խոսքի պոետիկան, Երևան, 1973
  • Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Երևան, 1978
  • Թատրոն. հին ու նոր արժեքներ (ժող.), Երևան, 1986
  • Հայ հին դրաման և նրա պայմանաձևերը, Երևան, 1990
  • Հայ թատրոնի պատմություն, 19-րդ դար, Երևան, 1996
  • Ալեքսանդր Պուշկին (թարգմանություններ և առաջաբան), Երևան, 1999
  • Դերասանի արվեստի բնույթը. էսթետիկական քննություն, Երևան, 2002
  • Միջնադարյան բեմ. թատրոն-եկեղեցի հարաբեր/երությունը և հայ հեգևոր դրաման, Երևան, 2004
  • Թատրոն և թատերասիրություն (ժող.), Երևան, 2004
  • Հայ թատրոնի պատմություն. 19-դար (երկրորդ բարեփոխված հրատ.) Երևան, 2010
  • Հնագույն դրաման Հայաստանում, Երևան, 2010
  • Ստանիսլավսկու "սիստեմը" և խաղի պարադոքսը, Երևան 2012
  • Լոռվա բանահյուսության ափերին, Երևան 2014
  • Անդարձություն, Երևան, 2014
  • Սուրեն Քոչարյանի գրական բեմը, Էսսե, Երևան, 2016
  • Սկեպսիս, Երևան, 2019
  • Դերասանի ինքնաճանաչումը, Երևան 2020

Գիտական գործունեության ոլորտները

խմբագրել

Թատերագիտությունը երիտասարդ գիտություն է՝ կազմավորվել է անցյալ դարի առաջին երկու տասնամյակներում և, որպես գրականագիտությունից անկախ բնագավառ, գիտակցվել է համեմատաբար ուշ։ Այստեղ որոշակի է քննադատության ու թատերական բելետրիստիկայի դիրքը լրագրության ու թատերասիրության ընդհանուր մթնոլորտում։ Ինչպես նկատել է Հենրիկ Հովհաննիսյանը, դա թատերագիտության էստրադան է՝ գիտությանը հրում տվող կենդանի խոսակցություն։ Պատմությունն ու տեսությունը, սակայն առանձնանում են թատերասիրական հանրամատչելի զրույցներից, և Հովհաննիսյանի բուն գործունեությունն ու վաստակն այս ոլորտներում են։

Հնագույն, միջնադարյան և 19-րդ դարի հայ թատրոնի պատմություն

խմբագրել

Հենրիկ Հովհաննիսյանը թատերագետների երրորդ սերնդի ներկայացուցիչն է մեր իրականության մեջ, սկսել է տպագրվել 60-ական թվականներից։ Համակարգելով հայ թատրոնի պատմությունը նախաքրիստոնեական շրջանից ու վաղ միջնադարից մինչև 19-դարի վերջը՝ նա առավելապես խորացել է նախաքրիստոնեական (ancient) ու միջնադարյան (medieval) թատերագիտության մեջ։ "Թատրոնը միջնադարյան Հայաստանում. պատմության և տեսության հարցեր" խորագրով աշխատության ոլորտը միջնադարագիտական (մեդիեվիստական) թատերագիտությունն է։ Միջնադարյան թատրոնի ուսումնասիրությունը Հովհաննիսյանին տրամաբանորեն հանգեցրել է այդ երևույթի բնաշխարհիկ, հետևաբար և հնագույն հիմքերի որոնմանը։ Այդ աշխատություններն են՝ "Հայ հին դրաման և նրա պայմանաձեվերը" (1990 թ), "Միջնադարյան բեմ" (2004 թ.), "Հնագույն դրաման Հայաստանում" (2010 թ.). Նրա "Հայ հին դրաման և նրա պայմանաձևերը" աշխատության մեջ բացահայտվում է շղթայվածի միջազգային առասպելի այնպիսի շերտեր, որոնք մոտեցնում են խորհրդապաշտական դրամայի (սիդերական միստերիա) գաղափարին և նրա գլխավոր գործող անձի՝ Շիդարի առեղծվածին։ Այդ աշխատության երեք գլուխներն առանձին-առանձին ենթադրում են մի ընթացք, որ հանգեցնելու է շարունակության՝ "Միջնադարյան բեմ" աշխատությանը, որտեղ Քրիստոնեական պատարագի պատմական հիմքերում նա տեսնում է անտիկ դրաման։ Այնուհետև "Հնագույն դրաման Հայաստանում" աշխատության մեջ լեզվական և մատենագրական տվյալների հիման վրա քննության են առնվում հայ հնագույն դրամայի ծիսային խորհրդանիշը, տարածաժամանակային պայմանաձևը և առասպելաբանական հիմքը, որպես ժամանակի և ճակատագրի դետերմինանտներ։ Հարցադրումը հանգեցնում է դրամայի ծագման նոր տեսության։ Միջնադարյան թատրոնի ուսումնասիրությունը թատերագետին դուրս է բերել նեղ թատերագիտության ասպարեզից, մղել ընդհանուր միջնադարագիտության և հայագիտության ոլորտները։ Նա գիտաժողովներում (տեղական և միջազգային) զեկուցումներ է կարդացել տարբեր թեմաներով. Այս շարքում առանձնանում է 1980 թ. Դավիթ Անհաղթի 1500 ամյակին նվիրված երևանյան միջազգային գիտաժողովում կարդացած "Դավիթ Անհաղթի էսթետիկական կողմնորոշման մասին" զեկուցումը, ինչպես նաև՝ "Անտիկ դրամայի քրիստոնեական փոխակերպման" (մետամորֆոզ), "Լուսավորչի վկայաբանության միթոլոգիական պայմանաձևի" և այլ հարցերի մասին զեկուցումները։ Հովհաննիսյանի հնագույն և միջնադարագիտական-թատերագիտական աշխատություններով ոչ միայն գիտական հիմքերի վրա է դրվում հայ հին և միջնադարյան թատրոնի ուսումնասիրությունը, այլև ամբողջանում է հայագիտության մի ամբողջ բնագավառ։ Այլ բնույթի է Հովհաննիսյանի "Հայ թատրոնի պատմություն, 19-րդ դար" աշխատությունը։ Նա ամբողջացնում և տեսականորեն հիմնավորում է 19-րդ դարի հայ դրամատիկական թատրոնի և թատերագրության պատմությունը։ Նա այս աշխատության մեջ ոչ միայն համակարգել է պատմության ժամանակագրական շարը, այլև բուն շարադրանքում առաջադրել է հայ թատրոնի գնահատման և արժեվորման մոտեցումների և սկզբունքների մի համակարգ, որը հետագա ուսումնասիրողների համար առաջնային է դառնալու այս կամ այն դրվագը ուսումնասիրելիս։ Ինչ որ առումով այն կարելի է հայ թատերական մտքի փիլիսոփայական, գեղագիտական ընդհանրացումը համարել։

Գեղագիտություն

խմբագրել

"Բեմական խոսքի պոետիկան" աշխատությունը բեմական խոսքի պոետիկական հիմունքների համակարգման առաջին փորձն է մեզանում։ Հիմնվելով դրամայի տեսության, թատրոնի էսթետիկայի և դերասանի արվեստի ընդհանուր սկզբունքների վրա՝ փորձում է բացատրել թատերային խոսքի, որպես ինքնուրույն գեղարվեստական համակարգի, բնույթը։ Հովհաննիսյանը "Դերասանի արվեստի բնույթը" (2004 թ.) աշխատությունում վերանայել է "Բեմական խոսքի պոետիկան" (1973 թ.) գրքի հարցադրումները։ Գլխավոր դրույթը, սակայն մնացել է նույնը՝ բեմական խոսքը որպես ինքնուրույն գեղարվեստական համակարգ։ Նա այստեղ շեղվում է Ստանիսլավսկուց։ Նա այստեղ օգտվում է Յոհան Հայզինգայի խաղի տեսությունից, այն է գործողությունը որպես նպատակ, ներշնչման աղբյուր։ 2007 թ.-ին հրատարակվել Յոհան Հայզինգայի "HOMO LUDENS" աշխատութունը՝ հոլանդերենից թարգմանված, որի խմբագիրն է Հ. Հովհաննիսյանը։ Նա գրել է գրքի առաջաբանը և "Խաղը՝ բեմական ներկայության ձևային հիմք" ծավալուն հոդվածը։ Հենրիկ Հովհաննիսյանի էսթետիկական և փիլիսոփայական մտքի վրա ազդեցություն են ունեցել Էմանուել Կանտը, Բենեդետտո Կրոչեն, Նիկոլայ Հարտմանը, Մարտին Հայդեգերը։

Քննադատություն

խմբագրել

Հովհաննիսյանի թատերագիտական ժառանգության մեջ առանձին տեղ է զբաղեցնում քննադատությունը, որը նա համարում է իր գործունեության ֆակուլտատիվ դրսևորումը։ "Թատրոն. Հին ու նոր արժեքներ", թատերագիտական ակնարկների և թատերախոսականների ժողովածուն ունի երկու հիմնական խնդիր՝ հին ու նոր երևույթների ներքին կապի որոնումը և թատրոնի, որպես գրականությունից անկախ գեղարվեստական գոյաձևի, հաստատումը։ "Թատրոն և թատերախոսություն" ժողովածուն ընդգրկում է հեղինակի հիմնականում վերջին մեկուկես տասնամյակում հրապարակած հոդվածները, նաև որոշ անտիպ նյութեր, հուշագրական ակնարկներ՝ ընդհանուր թեմատիկ հարցադրումով, ինչ է թատրոնը որպես անձի հրապարակային ներկայության արվեստ, հասարակական գիտակցության դրսևորում, մտածողություն և խաղ։ Շոշափվում են բեմական արվեստի տարբեր ոլորտներ՝ դրամա, էստրադա, կրկես, ստուդիական փորձ և այլն։ Այս գիրքը յուրահատուկ ամփոփումն է հեղինակի թատերական գեղագիտության։

Մանկավարժական գործունեություն

խմբագրել

ԵՊՀ-ի Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ (1976-1980 թթ), Խ.Աբովյանի անվ. Պետական Մանկավարժական համալսարան (1985-1991 թթ), այս ընթացքում Գեղարվեստա-թատերական ինստիտուտում դասավանդել է վեց առարկա՝ բեմական խոսք, հայ թատրոնի պատմություն, արևմտաեվրոպական թատրոնի պատմություն, դրամայի տեսություն, թատերագիտության ներածություն, թատերական քննադատություն։

Պարգևներ և կոչումներ

խմբագրել

1979 թվականին պարգևատրվել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի գովեստագրով (N146, "Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գիտությունների ակադեմիան բարձր է գնահատում կատարած Ձեր աշխատանքը։ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ՝ Վ. Համբարձումյան")։ 2003 թվականին շնորհվել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում (00004)։ 2008 թվականին պարգևատրվել է Հայաստանի Մշակույթի նախարարության ոսկե մեդալով։ 2011 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով. N0094[4]: Հայաստանի անկախության տոնի առթիվ գիտության, կրթության և մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար 2021 թվականին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «Նախագահ Սերժ Սարգսյանը նոր կարգադրություն է ստորագրել». iravaban.net. 2016 թ․ ապրիլի 14. Վերցված է 2016 թ․ ապրիլի 14-ին.
  4. Հանրապետության նախագահի հրամանագիրը Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  5. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Հովհաննիսյան (արվեստաբան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 571  
Նախորդող
Էմանվել Արաքսման-Մանուկյան
ՀՀ Հեռուստառադիոյի Պետական Կոմիտեի նախագահ
Հենրիկ Հովհաննիսյան

1990 -1991
Հաջորդող
Սամվել Գևորգյան (որպես ՀՀ Հեռուստա և ռադիոhաղորդումների Պետական Վարչության պետ)