Հայ-պարթևական պատերազմ (մ.թ.ա. 94-92)

Հայ-պարթևական պատերազմ կամ Պայքար «Յոթանասուն հովիտներ»-ի համար, Մեծ Հայքի Արտաշեսյան արքա Տիգրան Բ Մեծի նվաճողական պատերազմն ընդդեմ Պարթևական տիրակալության և վերջինիս դաշնակից Ադիաբենեի թագավորության, որը սկսվել է մ․թ․ա․ 94 թվականին՝ հայկական բանակի ռազմախուժմամբ և ավարտվել մ․թ․ա․ 92 թվականին՝ Մեծ Հայքի թագավորության վճռական հաղթանակով[1]։ Պատերազմական գործողությունների արդյունքում Տիգրան Մեծը վերադարձնում է «Յոթանասուն հովիտներ» կոչվող տարածքը՝ Փայտակարանը, Պարսկահայքը և Վասպուրականի Պարսպատունիք գավառը, որը հայոց ավագանին նախօրեին ստիպված էր զիջել պարթևների Միհրդատ Բ արքային՝ ապագա գահակալ Տիգրանին պատվո պատանդությունից ազատելու համար։

Հայ-պարթևական պատերազմ
Տիգրան Մեծի արշավանքներ
Թվական մ․թ․ա․ 94-92 թվականներ
Վայր «Յոթանասուն հովիտներ» և Միջագետք
Արդյունք Մեծ Հայքի թագավորության վճռական հաղթանակ
Տարածքային
փոփոխություններ
Մեծ Հայքին են անցնում Փայտակարանը, Պարսպատունիքը, Պարսկահայքը, Նինվեն և Ադիաբենեի մի մասը
Հակառակորդներ
Մեծ Հայք

Արտաշեսյանների թագավորություն

Պարթևստան Պարթևստան
Հրամանատարներ
Տիգրան Մեծ Միհրդատ Բ Պարթև

«Յոթանասուն հովիտներ»-ի վերադարձումից հետո Տիգրան Մեծը ձեռնամուխ է լինում նաև Միջագետքի դաշտավայր ներխուժման, որի արդյունքում հայկական բանակը պարթներից գրավում է Նինվեն, իսկ Ադիաբենեի թագավորության դիմադրության ճեղքումից հետո՝ նաև վերջինիս մայրաքաղաք Արբելան[1]։

Հայ-պարթևական մ․թ․ա․ 94-92 թվականների մասին պատմագիտական վկայություններ է հայտնում 1-ին դարի հույն մատենագիր Ստրաբոնն իր «Աշխարհագրություն» աշխատությունում։ Նա նշում է[1]

Տիգրանը փոփոխական բախտ է ունեցել, քանզի նա սկզբում պատանդ է եղել պարթևների մոտ, այնուհետև պարթևները որպես վարձ ստանալով յոթանասուն հովիտներ Հայաստանից, նրան վերադարձնում են գահը։ Նա հզորանալով, թե այդ վայրերը ետ վերցրեց և թե նվաճեց նրանց երկիրը՝ Նինվեի և Արբելայի շուրջը։
- Ստրաբոն, 1-ին դարի հույն մատենագիր

«Յոթանասուն հովիտներ»-ի վերադարձումը Տիգրան Մեծի առաջին քայլերից էր Հայոց աշխարհակալության ստեղծման ճանապարհին և Պարթևական մեծ արշավանքի նախնական գործողություններից մեկը։ Հայտնի է, որ հենց այս պարտությունից հետո է Միհրդատ Բ Պարթևը ստիպված լինում դաշինք կնքել իր երբեմնի ախոյան Հռոմեական հանրապետության հետ[1]։

Հին աշխարհի պատմության ուսումնասիրողների շրջանում, այնուամենայնիվ, տարակարծություն կա այս պատերազմի ամսաթվի հետ կապված։ Պատմագետների մի մասը կարծում է նաև, որ այն տեղի է ունեցել Տիգրան Մեծի կառավարման առաջին տարում, իսկ որոշներն էլ հակված են այն տեսակետին, որ Մեծ Հայքի բանակը «Յոթանասուն հովիտներ»-ը գրավել են Պարթևական մեծ արշավանքի սկզբնամասում՝ մ․թ․ա․ 87 թվականին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Արտակ Մովսիսյան, «Տիգրան Մեծ․ Թագավորներից մեծագույնը», Եր․, ԵՊՀ հրատ, 2010, մեջբերվող էջ՝ 17-18 «Հռոմ-Պարթևստան դաշինքն ընդդեմ Մեծ Հայքի և Պոնտոսի»