Հայրենատիրության օր
Հայրենատիրության օր, 2009 թվականի հոկտեմբերի 7-ի նիստում Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության մի շարք անդամներ և Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն առաջարկել են ընդունել օրինագիծ՝ նոյեմբերի 22-ը որպես «Հայրենատիրության օր» նշելու վերաբերյալ։ Հեղինակներ՝ Արծվիկ Մինասյան, Ստյոպա Սաֆարյան, Արտյուշ Շահբազյան, Վահան Հովհաննեսյան, Գագիկ Գևորգյան, Արա Նռանյան, Լիլիթ Գալստյան, Ռուզաննա Առաքելյան, Արայիկ Գրիգորյան։ 2009 թվականի նոյեմբերի 11-ին Հայաստանի կառավարությունը նպատակահարմար չի համարել այդ առաջարկի ընդունումը[1]։
Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը։ - ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյան[2]
|
Այնուհետև 2010 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավորների ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով հեղինակները ևս մեկ անգամ առաջարկել են նոյեմբերի 22-ը պաշտոնապես հռչակել «Հայրենատիրության օր»[3]։ Սակայն Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկության արդյունքներով ևս բացասական կարծիք է հայտնել՝ որոշելով դրական եզրակացություն չներկայացնել Պ-735-08.10.2009 թ. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ[4]։ Իսկ 2010 թվականի ապրիլի 6-ին Ազգային ժողովում վերոնշյալ օրինագիծը քվեարկությամբ մերժվել է։ Քվեարկության արդյունքում՝ 26 կողմ, 58 դեմ և 6 ձեռնպահ, որոշումը չի ընդունվել[5]։
Նախապատմություն
խմբագրելՈրպես ազգ և որպես արդարությանը հետամուտ հանրություն, հայերը կարիք ունեն հաղթանակի ու հատուցման օրվա, արդարության կայացման ու իրավունքի հաստատման օրվա[6]։ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Թոմաս Վիլսոնի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը որոշելու հայցադիմումի պահանջներն ամրագրվել են 1920 թվականի նոյեմբերի 22-ին ստորագրված պատմական փաստաթղթով՝ Վիլսոնի իրավարար վճռով, որտեղ պարզ քարտեզագրված է Հայաստան-Թուրքիա իրավական de jure սահմանը։
Այդ օրն իրավարար վճռով հայ ժողովրդին հատկացվեց իր բնօրրան-հայրենիքի մի մասը՝ հյուսիս-արևելյան հատվածը։ Այդ օրը միջազգային իրավունքի հիման վրա կայացվել և մեկընդմիշտ ուժի մեջ է մտել մի վճիռ, որը՝
- կատարման համար պարտադիր է,
- իրավական տեսանկյունից անբեկանելի է և
- իրավունքների գոյության առումով անժամանցելի է։
Քանի որ Իրավարար վճիռը կայացվել է Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Բրիտանական Կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Կանադայի, Հնդկաստանի, Բելգիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի, Ռումինիայի անվերապահ հայցադիմումի (կոմպրոմի, compromis) հիման վրա և ուժի մեջ է մտել ստորագրման պահից, ուստի այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է բոլոր վերոհիշյալ երկրների կամ դրանց իրավահաջորդների համար։ Այն պարտադիր, անբեկանելի ու անժամանցելի է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, քանի որ Իրավարար վճիռը կրում է ԱՄՆ Մեծ կնիքը, ստորագրված է ԱՄՆ նախագահի և ենթաստորագրված է ԱՄՆ պետքարտուղարի կողմից։
Ըստ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի, որն ամրագրված է միջազգային բազմաթիվ փաստաթղթերում, Իրավարար վճռի ի կատար ածումն այդ փաստաթղթին կողմ հանդիսացող, այսինքն՝ հայցադիմումը ստորագրած, բոլոր երկրների անսակարկ պարտավորությունն է, նրանց անօտարելի հանձնառությունը։ Ըստ այդմ, մեր համազգային խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր տարի նոյեմբերի 22-ին այդ երկրներից պահանջել, որպեսզի նրանք տեր կանգնեն միջազգային իրավունքից բխող իրենց պարտավորությանը և դա անեն ոչ թե որպես բարեհաճություն, այլ որպես մոռացված և մասամբ ուրացված, սակայն անխաթար ու անբեկանելի միջազգային պարտավորություն։
Դիվանագետ, միջազգային իրավունքի փորձագետ, Մոդուս վիվենդի կենտրոնի հիմնադիր և ղեկավար Արա Պապյանն այս առիթով ասել է՝
Միանգամայն նպատակահարմար է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ հոդվածի 2-րդ պարբերության, ընդունի հայտարարություն, որով նոյեմբերի 22-ը հայտարարվի Հայրենատիրության օր[7]։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կառավարությունը նպատակահարմար չի համարում նոյեմբերի 22-ը որպես «Հայրենատիրության օր» նշելը
- ↑ Կառավարության եզրակացություն
- ↑ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր, 02.04.2010
- ↑ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով, Քաղվածք N 4/7 նիստի արձանագրությունից
- ↑ ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման 7-րդ նստաշրջան, սղագրություն-N 13
- ↑ ՀՅԴ-ն առաջարկում է ապրիլի 24-ը հայրենատիրության օր հռչակել. ՀՀԿ-ն դեմ է
- ↑ Արա Պապյան - Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու), Ասողիկ, Երևան, 2012 (ISBN 978-9939-50-190-1, ՀՏԴ՝ 941(479.25):341(045), ԳՄԴ՝ 63.3(2Հ) + 67.91ց1, Պ234։ Համակարգչային շարվածքը և ձևավորումը՝ Դավիթ Օ. Աբրահամյանի)
Արտաքին հղումներ
խմբագրել- Կոչ են անում նոյեմբերի 22-ը հռչակել Հայրենատիրության օր
- ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ը ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐ
- Կառավարությունը նպատակահարմար չի համարում նոյեմբերի 22-ը որպես «Հայրենատիրության օր» նշելը
- «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-735-08.10.2009-ՊԻ-010/0)
Աղբյուրներ
խմբագրել- Արա Պապյան - Հայրենատիրություն. Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները և հարակից հարցեր (հոդվածների ժողովածու), Ասողիկ, Երևան, 2012 (ISBN 978-9939-50-190-1, ՀՏԴ՝ 941(479.25)։341(045), ԳՄԴ՝ 63.3(2Հ) + 67.91ց1, Պ234։ Համակարգչային շարվածքը և ձևավորումը՝ Դավիթ Օ. Աբրահամյանի)