Հայերենի արդի ուղղագրություն

Հայերենի արդի ուղղագրություն (նոր, վերափոխված, արևելահայերեն, ժամանակակից), Հայաստանի և Արցախի պաշտոնական ուղղագրություն։ Գործում է 1940 թվականից ՀԽՍՀ մինիստրների խորհրդի որոշմամբ՝ հատուկ հանձնաժողովի նախագծով կազմած։ Այն էապես տարբերվում է 1922 թվականին կատարված ուղղագրական փոփոխությունից։ Կիրառվում է նաև Վրաստանում և ԱՊՀ տարածքի երկրներում, ինչպես նաև 1990 թվականից հետո սոցիալ-տնտեսական արտագաղթի հետևանքով վերակազմավորված նոր սփյուռքի տարբեր հատվածներում, հատկապես՝ ԱՄՆ-ում (Գլենդեյլ)։ Նոր ուղղագրությունը չի ընդունել ավանդական արևմտահայ սփյուռքը, ինչպես նաև իրանահայությունը, թեև իրանահայ գաղութում մասամբ կիրառվում է։ Երբեմն քարոզչական նպատակներով այն անվանարկվում է «սովետական» բառով։[փա՞ստ]

Ուղղագրության վերափոխման (ռեֆորմի) նախադրյալները խմբագրել

Ինչպես բոլոր լեզուները, այնպես էլ հայերենը ժամանակի ընթացքում փոխվում է։ Այդ է պատճառը, որ ժամանակ առ ժամանակ տարբեր լեզուներում ձեռնարկվում են ուղղագրության վերափոխումներ։ Մեսրոպյան ուղղագրության առաջին փոփոխությունները կատարվել են 12-րդ դարում, երբ ավելացվում են Օ ու Ֆ տառերը, կետադրական նշաններ, ինչպես նաև հետագայում՝ կցագիր և-ը, որը ստեղծվում է հայոց մեջ տպագրության գյուտի իրացումից հետո։ Ձևավորվում է հայերենի ավանդական ուղղագրությունը։

19-րդ դարում աշխարհաբարի տարածմամբ (հատկապես Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից հետո՝ 1858 թ․) նոր խնդիր է առաջանում, քանի որ կանոնարկված չէր հայերենի նոր գրական լեզվի ուղղագրությունը, և պարզ չէր, թե ո՛ր բառը ինչպե՛ս պետք է գրվի։ Պատճառները օբյեկտիվ էին և սուբյեկտիվ։ Օբյեկտիվ պատճառներից էր հայոց պետականության բացակայությունը և հայերի ցրվածությունը 3 պետություններում (Օսմանյան Թուրքիա, Ռուսաստան, Պարսկաստան) արդեն ձևավորված մի քանի գաղութներում։ Սուբյեկտիվ պատճառներից էր այն, որ ազգային գիտակցության վերելքի շնորհիվ լույս են տեսնում բազմաթիվ նորաբաց թերթեր, հիմնվում են մեծաքանակ դպրոցներ, որտեղ գործադրվում էր աշխարհաբարը՝ չունենալով միասնական կանոններ։ Լինում էին փոքր ու մեծ առաջարկներ մտավորականների կողմից (Ղազարոս Աղայան, Նիկողայոս Ադոնց, լեզվաբան Ս․ Սարգսյան[1], Ստեփան Մալխասյանց (1910)[2] և այլք)։ Որպեսզի վերջ տրվի անորոշությանը, Կաթողիկոսի կոնդակով փորձ է արվում պարտադրել միասնական ուղղագրություն՝ հիմք ընդունելով Մանուկ Աբեղյանի մշակված ավանդական ուղղագրության կանոները աշխարհաբարի համար[3] (այդ ժամանակ նա դեմ էր ուղղագրության փոփոխմանը)։ Բայց կոնդակը չի ունենում սպասելի արդյունքը, և արդեն 1912-ին Հայր միաբանը (աշխարհիկ անունը Գալուստ Տեր-Մկրտչյան) առաջարկում է Մանուկ Աբեղյանին զեկույց պատրաստել ուղղագրության վերափոխման մասին։ Աբեղյանը հարցաթերթիկներ է ուղարկում ականավոր հայագետներին, որոնք էլ գրեթե բոլորը դեմ են արտահայտվում ուղղագրության փոփոխմանը։ Հատկանշանական է հայագետ Անտուան Մեյեի պատասխանը։ Նա դեմ չի ուղղագրության փոփոխությանը, որպես այդպիսին, բայց գտնում է, որ «․․․այնպիսի ազգի մեջ, որտեղ չկա որոշ ուղղագրություն պարտադրելու ընդունակ հեղինակություն ամենախելոք բանը ավանդական ուղղագրությամբ բավարարվելն է․․․»։ Հայագետը նկատի ունի այն, որ պետության բացակայության պայմաններում վերափոխումը կարող է ավելի շատ վնաս բերի քան օգուտ։ Հետագայում նա մասնակցեց ժամանակակից ուղղագրության ստեղծմանը, երբ արդեն կար Հայաստանի երկրորդ հանրապետությունը։

Փոփոխությունը՝ երկու փուլով խմբագրել

1-ին փուլ – 1922 թ․ խմբագրել

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո կոմունիստական կուսակցությունն առաջ է քաշում հավակնոտ ծրագրեր, որոնց մեջ էր մտնում նաև զանգվածային անգրագիտության վերացումը։ Գրեթե բոլոր խորհրդային հանրապետություններում ձեռնարկվում են ուղղագրության փոփոխություններ, իսկ իսլամադավան հանրապետություններում փոխվում են նաև այբուբենները։ 1921 թ․ին ՀԽՍՀ լուսժողկոմը (լուսավորության ժողովրդական կոմիսարիատ) Մանուկ Աբեղյանին առաջարկում է ներկայացնել ուղղագրության վերափոխումների նախագիծ։ Աբեղյանը կազմում է ուղղագրության 4 տարբերակ՝ ամենամեղմից մինչև ամենախիստ տարբերակը։ Լուսժողկոմը 1922 մարտի 4-ին առանց հանրային քննարկումների ու Աբեղյանի վերջնական համաձայնության միանձնյա որոշմամբ ընդունում է ամենախիստ տարբերակը, որը ենթադրում էր լիարժեք հնչյունային ուղղագրություն։

2-րդ փուլ – 1940 թ․ վերափոխությունը խմբագրել

Լուսժողկոմի ծայրահեղացված հեղափոխականությունը, քննարկումների և դրանց հիման վրա ընտրության հնարավորության բացառումը դժգոհություն էին առաջացրել մտավորականների շրջանում։ Քանի որ ոչ մեկը չէր հանդգնում ուղղակիորեն քննադատել լուսժողկոմի 1922 թ․-ի միանձնյա որոշումը, ապա հարձակումների թիրախ է դառնում Մանուկ Աբեղյանը։ Առանց քննարկումների ուղղագրության փոփոխության որոշում կայացնելուն ընդդիմանում է Հովհաննես Թումանյանը, որն իր դժգոհությունը հայտնում է լուսժողկոմատին գրած իր նամակով։ Դժգոհությունների պատճառով 1926 թվին ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում էին Մանուկ Աբեղյանը, Հրաչյա Աճառյանը, Թադևոս Ավդալբեգյանը, Սիմոն Հակոբյանը, Հակոբ Մանանդյանը, Գրիգոր Ղափանցյանը, Լեոն, Շիրվանզադեն և ուրիշներ։ 1927 թ. ապրիլի 5-ի նիստում, բացի ներկաների ելույթներից ու տեսակետներից, ընթերցվում են նաև Նիկողայոս Մառի, Անտուան Մեյեի և այլոց կարծիքները։ 1940 թ. oգոստոսի 10-ին, ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը, հիմք ընդունելով Տերմինաբանական կոմիտեի ներկայացրած նախագիծը, ընդունում է 1922 թ. ուղղագրութիւնը մասնակիորեն բարեփոխելու որոշումը[4]։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ հայերենի արդի ուղղագրությունը ստեղծվել է 20-րդ դարի սկզբի լավագույն հայագետների ու լեզվաբանների միասնական աշխատանքով։

Ուղղագրությունների համեմատությունները խմբագրել

Սույն աղյուսակով ներկայացնում ենք Հայաստանի տարածքում Հայերենի ուղղագրությունների համեմատությունները և փոփոխությունների ընթացքը։ Աղյուսակում ներկայացված են միայն հիմնական փոփոխությունները։

  • Մեսրոպյան ուղղագրություն – 5-րդ դարից մինչև 11-րդ դար։ Գրաբարի դասական ուղղագրությունն է։ (Հայաստանի գիտական շրջանակներում մեսրոպյան ուղղագրությամբ ստեղծված գրականությունը ընդունված է անվանել դասական)
  • Ավանդական ուղղագրություն – 12-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբ։ Միջին հայերեն գրական լեզվի ուղղագրություն։ Արևմտահայերեն գրական լեզվի ուղղագրություն։ (1922-ից հետո սփյուռքում ավանդական ուղղագրությունը սկսեցին նաև անվանել դասական ի հակադրություն նոր ուղղագրության )
  • Արդի վերափոխված ուղղագրություն – 1940 թվականից մինչ այսօր ՀՀ տարածքում (մի կարճ ժամանակահատված գործել է Մանուկ Աբեղյանի՝ հնչյունական սկզբունքի վրա հիմնված ուղղագրությունը (1922-1940))
Մեսրոպյան խիստ հնչյունային (5-11 դար) Ավանդական 12 - 20-րդ դարի սկիզբ 1922-1940 թվերի խիստ հնչյունային ուղղագրություն Արդի ուղղագրություն 1940-ից մինչ այսօր
36 տառ, հնչյունային ուղղագրություն։ Ավելանում են Օ, Ֆ տառերը, և կցագիրը։ Է, Օ տառերը հանվում են։ Չի օգտագործվում և կցագիրը։ Ւ տառը Հայաստանի տարածքում այբուբենի մեջ փոխարինվում է ՈՒ-ով։ Է, Օ տառերը վերականգվում են, և կցագիրը՝ որպես տառ, մտնում է այբուբեն
[Ւ / ւ]-ի հնչյունական արտասանությունը մեզ այսօր հայտնի չէ (կարծիք կա, որ այն հնչել

է անգլերեն w լսել IPA հնչյունի նմանությամբ)։ Բառասկզբում՝ ձայնավորից առաջ, Ի նախդիրը գրվում և արտասանվում է Յ. նույն գրությունն ու արտասանությունն են պահպանվում նաև մի շարք փոխառյալ անուններում, ինչպես՝ Յակոբ։

«Ւ / ւ» տառը ինքնուրույն արտասանական արժեք չունի։

ԱՒ-ը բաղաձայնից առաջ փոխարինվում է Օ-ով։ ԻՒ-ը սկսում են արտասանել որպես ՅՈՒ։ Շարունակում են գրել Յակոբ, բայց սկսում են արտասանել Հակոբ։ Օտար փոխառություններում Փ-ի փոխարեն գրում են Ֆ՝ Դելֆին։

Ե-ն միշտ կարդացվում է որպես Է. օրինակ՝ եյակ (= էակ)։

Ամենուրեք, ուր արտասանվում է Յ, այն գրվում է։ օրինակ՝ գալու յեմ, տալու յե։ Ո-ն միշտ կարդացվում է Օ. օրինակ՝ ոգնել (= օգնել)։ Հ հնչող Յ-ն դառնում է Հ. Օրինակ՝ Հակոբ։ և-ը պահպանվում է որպես սղագիր, բայց տողադարձի ժամանակ գրվում է ե-վ։

Ե-ն բառասկզբում կարդացվում է ՅԵ։

Ո-ն բառասկզբում կարդացվում է ՎՈ։

Արդի ուղղագրության նկատմամբ ընդդիմախոսությունը խմբագրել

Ուղղագրական ռեֆորմները, այնուամենայնիվ, չազդեցին արեւմտահայ եւ իրանահայ գաղութների վրա, ովքեր շարունակեցին եւ մինչ օրս շարունակում են կիրառել բացառապես ավանդական ուղղագրությունը։ ՀՀ անկախացումից հետո հայաստանաբնակ հայերի շրջանում ազգային զարթոնք սկսվեց, որի ժամանակ էլ որոշ մարդիկ սկսեցին բոյկոտել արդի ուղղագրությունը՝ կիրառելով միայն ավանդականը։ Նրանց սկսեցին պաշտպանել եւ սատարել նաեւ որոշ հոգեւոր եւ գիտական գործիչներ։ Հարց բարձրացվեց վերականգնելու ավանդական ուղղագրությունը, սակայն այն պատշաճ ուշադրության չարժանացավ։ Մինչ օրս էլ հայերենի ուղղագրությունն ընդհանրացված չէ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Աղբյուր», երկրորդ բաժին, NN 5-6։
  2. Մալխասյանց Ստ. – Մի հնչյունին մի գիր, 1910, Թիֆլիս։
  3. Աբեղյան Մ․ – «Հայոց լեզվի ուղղագրությունը», 1892 թ․
  4. Ն. Հ. Վարդանյան, Կանոնի եւ կիրարկության որոշ հարցեր ժամանակակից հայերենում, ԼՀԳ, 1, 2006, էջ 119-120։

Գրականություն խմբագրել

  • Տեղեկագիր ՀՍԽՀ գիտության և արվեստի ինստիտուտի ուղղագրության ու տառերի ձևի վերափոխման հանձնաժողովի, Երևան, 1927 թ․։
  • Աբեղյան Մանուկ – Մեր երկու գրական լեզուի միութեան խնդիրը, «Արարատ», 1897, սեպտեմբեր։
  • Աբեղյան Մանուկ – Մեր ուղղագրության մասին, «Արարատ» No 11, 12, 1913 թ (տես նաև՝ Երկեր, Ը հատոր, ՀՍՍՀ ԳԱ հր., Երևան, 1985)։
  • Աբեղյան Մանուկ – Հայոց լեզվի ուղղագրության ռեֆորմի մասին, ձեռագրի իրավունքով, 1921 (տես նաև՝ Երկեր, Ը հատոր, ՀՍՍՀ ԳԱ հր., Երևան, 1985)։
  • Աբեղյան Մանուկ – Ուղղագրության ռեֆորմը, 1925 թ․ (տես նաև՝ Երկեր, Ը հատոր, ՀՍՍՀ ԳԱ հր., Երևան, 1985)։
  • Գյուլբուդաղյան Սիրաք – Հայերենի ուղղագրության պատմություն, ԵՊՀ հր., 1973, Երևան։
  • Մերուժան Հարությունյան, Կոմիտասի և Աբեղյանի անձնական ու մեր ընդհանուր ողբերգությունը, Երևան, «Լուսաբաց» հրատարակչատուն, 2011։
  • Մալխասյանց Ստեփան, Մի հնչյունին մի գիր, Թիֆլիս, 1910։
  • Մեյե Անտուան, Հայագիտական ուսումնասիրություններ, ԵՊՀ հր., Երևան, 1978։