Հայերենի ուղղագրական բարեփոխություն (1922)
1922 թ. ուղղագրական բարեփոխություն, ժամանակակից հայերենի ուղղագրությունը միօրինականացնելու և կարգավորելու, ուղղագրական մեջ գործող տարբեր սկզբունքների փոխարեն մեկ միասնական սկզբունք կիրառելու նպատակով 1922 թվականի մարտի 4-ին ընդունված դեկրետով կատարված բարեփոխում։
Նախագծի հեղինակն է Մանուկ Աբեղյանը։ Բարեփոխման հիմքում, ըստ նախագծի հեղինակի, դրվում է գրական-դպրոցական արտասանությունը։ Նոր ուղղագրության համար հիմնական, ելակետային սկզբունք է ընդունվում մեկ հնչյունի (հնչույթի) համապատասխանությունը մեկ տառին։ Այդ պատճառաբանությամբ հայերենի այբուբենից դուրս են մնում Է և Օ տառերը. դրանց փոխարեն գործածվում են միայն Ե և Ո նշանագրերը։ Մյուս կողմից նոր ուղղագրությամբ փոխվում է գրաբարից ավանդված հայերեն շատ բառերի հնչյունատառային պատկերը, անտեսվում ուղղագրության ստուգաբանական պահանջն ու պատմականությունը։ Դրանով խզվում է կապը նաև հին, գրաբարով գրված ու տպագրված և նոր ուղղագրությամբ ստեղծվող գրականության միջև։ Հետագայում, երբ սփյուռքահայությունը չի ընդունում նոր ուղղագրույթյունը, ավելի են խորանում արևելահայ ու արևմտահայ ճյուղավորումների տարբերությունները։
1922 թվականի մարտի 4-ի դեկրետով ընդունվում են հետևյալ բարեփոխումները.
- Օ տառի փոխարեն բոլոր դեպքերում՝ բառասկզբի, բառամիջի ու բառավերջի դիրքերում, գրել Ո, օրինակ՝ ոգնել, ոթևան, որհնել, ակոս, աղոթք, տնորեն, Մարո և այլն։ Ո տառն անվանել Օ, ոչ թե՝ ՎՈ։
- Է տառի փոխարեն բառասկզբի, բառամիջի ու բառավերջի դիրքերում գրել Ե, օրինակ՝ եյական, գեթ, եջ, րոպե, բազե և այլն։ Ե տառն անվանել Է, ոչ թե` ՅԵ։
- Երբ ւ (վյուն) տառն արտասանվում է Վ, գրել Վ տառը, օրինակ` ավազ, թիվ, հարավ և այլն։ և նշանը թողնել իբրև սղագրության նշան։ Տողադարձի ժամանակ գրել եվ, օրինակ` տե-վել, հոգե-վոր։
- Բաղաձայնական (Վ հնչվող) Ու տառի փոխարեն գրել Վ, օրինակ՝ նուեր-նվեր, զուարթ-զվարթ, լեզուի-լեզվի։ Ու տառը գրվում է Ու պարզ` ձայնավոր հնչույթի համար, օրինակ` Լուիզա, հունիս, ուրախ և այլն։
- Բաղաձայն 'Վ-ն միշտ արտահայտվում է Վ տառով, ձայնավոր Ու-ն` Ու տառով. այբուբենի ւ (վյուն) տառը մնում է իբրև Ու-ի բաղադրիչ։
- Ոյ տառակապակցության Ո-ի փոխարեն գրել ՈՒ, երբ Ոյ-ն արտասանվում է ույ, օրինակ` լոյս - լույս, բոյս - բույս, հոյս - հույս։
- Ոյ տառակապակցությունը մնում է միայն այն դեպքերում, երբ այն արտասանվում է ոյ, օրինակ` գոյական, Նոյ, հոյակապ։
- Ոյ տառակապակցությունը ու է գրվում, երբ կարդացվում է ու, գրվում է ույ, երբ կարդացվում է ույ, օրինակ` զգույշ, անուշ, աշխույժ, ուժ, բութ, շուտ։
- Բառասկզբի դիրքերում հագագային յ-ի փոխարեն (երբ արտասանվում է հ), գրել հ, օրինակ` հագենալ, հիշել, հանկարշ, համբույր, հաղթել և այլն։ Յ տառն անվանվում է յ, ոչ թե հի, թույլատրվում է երբեմն առանց յ-ի գրել, օրինակ` Ակոբ, Ովանես, Ոսեփ, Ոհան։
- Պահվում է ետև, ետք, ետինք, ետ դառնալ, ետ մնալ, ետ բերել ձևերը, որոնք պիտի արտասանվեն յետ, ոչ թե հետ։
- Եա, եօ, իւ երկբարբառները գրել յա, յո, յու տառակապակցությունները, օրինակ` մատյան, պատյան, սենյակ, արդյոք, յոթ, անկյուն, միություն, զեփյուռ։
- Իւ գրվող որոշ բառերում պահպանվում է Իւ հնչումը, բայց այն արտահայտվում է յու տառակապակցությամբ, օրինակ` Բյուզանդիա, Կյուրոս, Պյութագոր։
- Չի գրվում բառավերջի դիրքում անձայն (չարտասանվող) Յ տառը, օրինակ` արքա, քահանա, ձուլածո, ներքո։
- Գրվում է ձայնավորներին նախորդող դիրքերում Ե տառից հետո լսվող յ-ն, օրինակ` գործունեյություն, եյի, եյինք, գրեյի, րոպեյի։
- Գրվում է բառասկզբի դիքում Ե տառից առաջ լսվող Յ-ն, օրինակ` յեզր, յեղբայր, յերազ, յերջանիկ։
- Եմ բայի խոնարհված ձևերը նախորդ բառի ձայնավորին հաջորդող դիրքերում սկզբից ստանում են Յ, օրինակ` գալու յեմ, գնալու յե, ձի յե։
- Բառասկզբի դիրքում Ո տառից առաջ լսվող անկայուն Վ հնչյունը գրվում է Վ տառով, օրինակ` վոգի, վոզնի, վողկույզ, վոլորել, վոմն, վոսկի։
- Անկայուն Վ-ն և Յ-ն չեն գրվում`
- բառամիջի դիրքերում, օրինակ` ծնկոսկր, անոխակալ, աներես, ապերջանիկ,
- բառամիջի դիրքերում`
- բարբառային բառերում, երբ հնչվում են համապատասխանաբար Է, Օ, օրինակ` երինջ, երնեկ, ոճորք, ոքմին։
- Չ, Կ մասնիկներից հետո, օրինակ` կողջունեմ, չեկավ, չեղավ, կորոշվի։
- Երբ Ե-ով ու Ո-ով սկսվող բառի հետ միասին մեկ ընդհանուր շեշտով է արտասանվում, օրինակ` գարոնը յեկավ, աղջիկը ողջունեց, բայց` գարուն եկավ, լարերն ողբացին։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 87-89։
- Ս. Գյուլբուդաղյան, Հայերենի ուղղագրության պատմություն, Երևան, 1973։