Համառ Քերաբան (ֆր. Kéraban-le-têtu), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1883 թվականին։ Վեպի առաջին հրատարակությունը կայացել է 1883 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 15-ը՝ Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում։ Առանձին հրատարակությամբ այն լույս է տեսել երկու հատորով։ Առաջին հատորը հրատարակվել է 1883 թվականի հունիսի 1-ին, իսկ երկրորդը՝ նույն թվականի սեպտեմբերի 6-ին։ 1883 թվականի նոյեմբերի 15-ին լույս է տեսել վեպի պատկերազարդ հրատարակությունը՝ Լեոն Բենետտի 101 նկարազարդումներով։ Դա «Անսովոր ճանապարհորդություններ»-ի տասնութերորդ «երկակի» հատորն էր[2]։

Համառ Քերաբան
ֆր.՝ Kéraban-le-Têtu[1]
ՀեղինակԺյուլ Վեռն[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն[1]
Ստեղծման տարեթիվ1883[1]
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդԿանաչ ճառագայթ
ՀաջորդՀարավային աստղ (վեպ)
ՆկարազարդողԼեոն Բենետ
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1883
 Kéraban the Inflexible Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Վեպի գործողությունները սկսվում են թուրքական Ստամբուլ քաղաքում, որը տեղակայված է Բոսֆորի նեղուցի երկու կողմերում և Եվրոպան բաժանում է Փոքր Ասիայից։ Այստեղ ապրում է ծխախոտի առևտրով զբաղվող Քերաբանը, որի տունը գտնվում է Ասիայում՝ Ստամբուլի Սկուտարի (այժմ Ուշկուդար) թաղամասում, իսկ նրա գրասենյակը գտնվում է քաղաքի եվրոպական մասում՝ Կոստանդնուպոլիսում, և այդ պատճառով նա ստիպված է լինում ամեն օր օգտվել լաստանավակի ծառայությունից։

Քերաբանը այցելության է մեկնում իր գործընկեր, Ռոտտերդամից ժամանած Յան վան Միտտենին և նրան՝ իր սպասավոր Բրունոյի հետ միասին, ընթրիքի է հրավիրում։ Երբ նրանք մոտենում են Բոսֆորի նեղուցին և ցանկանում են այն անցնել, նրանց է մոտենում ոստիկանության ծառայողը և հայտնում, որ այսուհետև նեղուցը անցնելու համար պետք է հարկ վճարվի։ Քերաբանը, որը ընդիմադիր է կառավարությանը, համառորեն հրաժարվում է այդ անարդար և ոչ մեծ գումարը վճարելուց։ Սակայն հարկավոր է անցնել նեղուցը և Քերաբանը որոշում է այն անցնել Սև ծովով՝ կտրելով յոթ հարյուր կիլոմետր ճանապարհ։ Նա չի վստահում ժամանակակից տեխնոլոգիաներին և ցանկանում է այդ ճանապարհորդությունը իրականացնել շոգենավով։

Սակայն գոյություն ունի մի խնդիր։ Քերաբանը պետք է ներկա գտնվի իր ազգականի՝ Ահմեդի և բանկիր Սելիմի աղջկա՝ Ամազիայի հարսանիքին, որը պետք է տեղի ունենա վեց շաբաթ հետո՝ Ամազիայի տասնյոթամյակի օրը, որպեսզի վերջինս կարողանա ժառանգել հազար թուրքական ֆունտ գումար։

 

Ճանապարհը նրանց տանում է Օդեսսա, քանի որ վարձու ավազակները ամեն կերպ ցանկանում են խափանել այդ ամուսնությունը։ Այնտեղ նրանք հանդիպում են Ահմեդին և Ամազիային և առաջարկում են միասին շարունակել ճանապարհը։ Ճանապարհին նոր խոչընդոտ է առաջանում։ Ծովահենները, որոնց առաջնորդում է նավապետ Յարհուդը, կտրում են նրանց ճանապարհը և առևանգում են Ամազիային ու նրա սպասավոր Նաջիբին, որը դժվարացնում է ճանապարհորդության ընթացքը։

Փոթիում՝ Ռուսաստանի և Թուրքիայի սահմանում, Քերաբանը, իր համառության արդյունքում, ստիպված է լինում ճանապարհը շարունակել վնասված վագոնով։ Վան Միտտենը, Բրունոն և Ահմեդը ճանապարհ են ընկնում ձիերով և թուրքական սահմանին նրան դիմավորում են։ Այնտեղից նրանք ճանապարհը շարունակում են ձիակառքերով։ Երբ նրանք դադար են առնում փարոսի պահակի մոտ, այնտեղ նկատում են փոթորկի ժամանակ նավաբեկության ենթարկված նավի մասեր։ Ահմեդը այնտեղ հանդիպում է երկու կնոջ, որոնցից մեկը Ամազիան է և փրկում է նրան ու Նաջիբին։

Նրանք շարունակում են ճանապարհը և Տրաբզոնում միանում են քուրդ Յանասի և նրա քրոջ՝ Սարաբուլի, քարավանին։ Քերաբանի անզգուշության արդյունքում Քերաբանը, Վան Միտտենը և Ահմեդը մտնում են Սարաբուլի սենյակը։ Կատաղած քուրդը ցանկանում է վրեժ լուծել։ Որպեսզի խուսափեն դատ ու դատաստանից, Վան Միտտենը ստիպված է լինում Սարաբուլին ամուսնության առաջարկ անել։

 

Որպեսզի կրճատեն դեպի Սկուտարի ճանապարհը, նրանք որոշում են անցնել Անատոլիայի լեռների միջով, որտեղ որպես ուղեկցող հանդես է գալիս Սկարպանտը։ Գիշերային ճամբարումի ժամանակ նրանց վրա են հարձակվում ավազակները, որոնք ցանկանում են առևանգել Ամազիային։ Սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվում՝ մարտի ժամանակ նրանք սպանում են ավազակներ Յարհուդին և Սկարպանտին, և հաջորդ օրը առավոտյան նրանք իմանում են, որ գտնվում են Սկուտարիում։

Քերաբանի տանը Վան Միտտենը խոստովանում է Սարաբուլին, որ չի կարող ամուսնանալ նրա հետ, քանի որ նա արդեն ամուսնացած է և կին ունի։ Խոստովանությունից անմիջապես հետո նա հեռագիր է ստանում, որտեղ հայտնվում է, որ Վան Միտտենը արդեն հինգ շաբաթ է ամուրի է. նրա կինը ամուսնալուծվել է։

Պարզվում է, որ Ահմեդի և Ամազիայի հարսանիքը պետք է կայանա Ստամբուլի եվրոպական մասում, և այն կարող է վտանգվել, քանի որ Քերաբանը համառորեն հրաժարվում է վճարել Բոսֆորի նեղուցն անցնելու համար սահմանված հարկը։ Հարսանիքի հրավիրյալները և մասնակիցները որոշում են ընդունում այն անցկացնել առանց Քերաբանի։ Սակայն Քերաբանը գտնում է ելքը։ Նա որոշում է Բոսֆորի նեղուցը հատել ճոպանի միջոցով, որը ձգվում է 1300 մետր և երկու ափերը միացնում է միմյանց։

Արդյունքում Քերաբանը իր համառության պատճառով 40 թուրքական ֆունտի փոխարեն ստիպված է լինում ծախսել 800 հազար թուրքական ֆունտ գումար։ Հարսանիքի ժամանակ Քերաբանը հաճելի լուր է իմանում։ Նրա կինը, որին նա համարում էր մահացած, հեռագրի միջոցով հայտնում է, որ գալիս է նրան հյուր։

Բովանդակություն

խմբագրել

Վեպը բաժանված է երկու մասերի և երեսուներեք գլուխների[3]։

Մաս առաջին

խմբագրել
  • Գլուխ առաջին, որում վան Միտտենը և նրա սպասավոր Բրունոն զբոսնում են, դիտում և զրուցում՝ չհասկանալով թե ինչ է կատարվում։
  • Գլուխ երկրորդ, որում համհարզ Սկարպանտը և կապիտան Յարհուդը զրուցում են ծրագրերի մասին, որոնք օգտակար է իմանալ։
  • Գլուխ երրորդ, որում պարոն Քերաբանը շատ զարմացած է իր ընկեր վան Միտտենին հանդիպելով։
  • Գլուխ չորրորդ, որում պարոն Քերաբանը, ավելի համառելով քան սովորաբար, դիմադրություն է ցուցաբերում օսմանյան իշխանություններին։
  • Գլուխ հինգերորդ, որում պարոն Քերաբանը, իրեն հատուկ ոճով, արտահայտվում է այն մասին թե ինչպես է նա հասկանում ճանապարհորդությունը և լքում է Կոստանդնուպոլիսը։
  • Գլուխ վեցերորդ, որում ճանապարհորդները սկսում են զգալ որոշ դժվարություններ, մանավանդ Դանուբի գետաբերանում։
  • Գլուխ յոթերորդ, որում թառամած փոստային ձիերը ապացուցում են, որ սեփական վախը ավելի ուժեղ է քան կառապանի մտրակը
  • Գլուխ ութերորդ, որում ընթերցողը հաճույքով կծանոթանա երիտասարդ Ամազիայի և նրա փեսացու Ահմեդի հետ։
  • Գլուխ իններորդ, որում մի փոքր չի բավականացնում, որ կապիտան Յարհուդի ծրագիրը իրականանա։
  • Գլուխ տասներորդ, որում Ահմեդը ընդունում է եռանդուն որոշումներ, պայմանավորված, սակայն, իրավիճակով։
  • Գլուխ տասնմեկերորդ, որում ճանապարհորդության մասին այս ֆանտաստիկ պատմությունը խառնվում է ողբերգական իրավիճակների հետ։
  • Գլուխ տասներկուերորդ, որում վան Միտտենը պատմում է կակաչների մասին մի պատմություն, որը, գուցե, հետաքրքրի ընթերցողին։
  • Գլուխ տասներեքերորդ, որում պատմվում է, թե ինչպես են ճանապարհորդները անցնում հինավուրց Տավրիդան և ինչ լծակառքով են այնտեղից դուրս գալիս։
 
  • Գլուխ տասնչորսերորդ, որում պարոն Քերաբանը ցույց է տալիս, որ նա առավել ուժեղ է աշխարհագրությունից քան ենթադրում էր նրա ազգական Ահմեդը։
  • Գլուխ տասնհինգերորդ, որում պարոն Քերաբանը, Ահմեդը, վան Միտտենը և նրանց սպասավորները խաղում են սալամանդրի դեր։
  • Գլուխ տասնվեցերորդ, որում խոսքը Պարսկաստանի և Փոքր Ասիայի ծխախոտների հիանալի որակների մասին է։
  • Գլուխ տասնյոթերորդ, որում կատարվում են լուրջ իրադարձություններ, որով և վերջանում է մեր պատմության առաջին մասը։

Մաս երկրորդ

խմբագրել
  • Գլուխ առաջին, որում մենք նորից հանդիպում ենք պարոն Քերաբանի հետ, որը զայրացած է այն պատճառով, որ ստիպված է ուղևորվել երկաթգծով։
  • Գլուխ երկրորդ, որում վան Միտտենը որոշում է զիջել Բրունոյի պնդումներին։ Բացի այդ, խոսվում է, թե ինչ հետևանքների այն հանգեցրեց։
  • Գլուխ երրորդ, որում Բրունոն իր ընկեր Նիզիբի հետ կատակ է անում, որը ընթերցողը, իհարկե, նրան կների։
  • Գլուխ չորրորդ, որում ամեն ինչ տեղի է ունենում որոտի և կայծակի փայլատակումների ժամանակ։
  • Գլուխ հինգերորդ։ Ինչի մասին են խոսում և ինչ է երևում Աթինից դեպի Տրապիզոն ճանապարհին։
  • Գլուխ վեցերորդ, որում խոսք է գնում նոր գործող անձերի մասին, որոնց հանդիպում է պարոն Քերաբանը Ռիսարի քարավան-ամբարում։
  • Գլուխ յոթերորդ, որում Տրապիզոնի դատավորը հետաքննությանն անդրադառնում է բավականին սրամիտ եղանակով։
  • Գլուխ ութերորդ, որը ավարտվում է շատ անսպասելի, մանավանդ վան Միտտենի համար։
  • Գլուխ իններորդ, որում վան Միտտենը՝ դառնալով ազնվազարմ Սարաբուլի փեսացուն, պատիվ ունի լինել պարոն Յանարի փեսան։
  • Գլուխ տասներորդ, որում այս պատմության հերոսները չեն կորցնում ոչ օր, ոչ էլ ժամանակ։
  • Գլուխ տասնմեկերորդ, որում պարոն Քերաբանը միանում է ուղեկցորդի կարծիքին՝ իր ազգական Ահմեդի որոշակի անհամաձայնության դեպքում։
  • Գլուխ տասներկուերորդ, որում բերվում են որոշ մանրամասնություններ ազնվազարմ Սարաբուլի և իր նոր փեսացուի միջև կայացած խոսակցությունից։
  • Գլուխ տասներեքերորդ, որում պարոն Քերաբանը սկզբից դիմադրում է իր էշին, իսկ այնուհետև, ավելի մահացու թշնամու։
  • Գլուխ տասնչորսերորդ, որում վան Միտտենը փորձում է բացատրել իրավիճակը ազնվազարմ Սարաբուլին։
  • Գլուխ տասնհինգերորդ, որում ընթերցողը կտասնի պարոն Քերաբանին ավելի համառ, քան երբևիցե։
  • Գլուխ տասնվեցերորդ', որում նորից պատկերավոր ցույց է տրվում, որ ոչինչ չի կարող այնպես լավ կարգավորել գործերը, որքան պատահականությունը։

Կերպարներ

խմբագրել
  • Ահմեդ
  • Ամազիա
  • Բրունո
  • Քերաբան
  • Նաջիբ
  • Նիզիբ
  • Պարոն Սաֆֆար
  • Սարապուլ
  • Սկարպանտ
  • Սելիմ
  • Վան Միտտեն
  • Յանար
  • Կապիտան Յարհուդ

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Վեպի ստեղծման ժամանակ հեղինակը նկատի էր ունենում նրա՝ հետագայում պիեսի վերածելու գաղափարը։
  • Սկզբնապես ճանապարհորդությունը պետք է կայանար Միջերկրական ծովի շուրջ։
  • 1883 թվականին վեպի հիման վրա պիես բեմադրվեց։

Նկարազարդումներ հրատարակությունից

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France Record #14459395z // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. «Жюль Верн «Упрямец Керабан»».
  3. «Упрямец Керабан, Жюль Верн — читать онлайн». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համառ Քերաբան» հոդվածին։