Հարավային աստղ (ֆր.՝ L’Étoile du sud), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1884 թվականին՝ Անդրե Լորիի հետ համատեղ։ Վեպը հայտնի է նաև «Ադամանդների երկիր» անվանումով։ Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» անսագրում 1884 թվականի հունվարի 1-ից (№ 457) մինչև նույն թվականի դեկտեմբերի 15-ը (№ 480)՝ «Հարավային աստղ։ Ադամանդների երկրում» (ֆր.«L’Étoile du sud. Le Pays des diamants») անվանումով։ Առանձին հրատարակությունով վեպը՝ նույն անվանումով, լույս է տեսել 1884 թվականի նոյեմբերի 6-ին։

Հարավային աստղ
ֆր.՝ L'Étoile du Sud
ՀեղինակԺյուլ Վեռն և Անդրե Լորի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա և արկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Ստեղծման տարեթիվ1884
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՀամառ Քերաբան
ՀաջորդԱրշիպելագը կրակի մեջ
ՆկարազարդողԼեոն Բենետ
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1884
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/verne/suedster/suedster.html
 The Vanished Diamond Վիքիպահեստում

Սույն վեպը՝ Լեոն Բենետտի 60 նկարազարդումներով, «Արշիպելագը կրակի մեջ» վեպի հետ համատեղ, մտել է «Անսովոր ճանապարհորդություններ»-ի տասնիններորդ «երկակի» հատորի կազմի մեջ, որը լույս է տեսել 1884 թվականի նոյեմբերի 13-ին։

Ռուսերեն լեզվով վեպը թարգմանվել և լույս է տեսել 1886 թվականին Մոսկվայում՝ Վ. Ռիխտերի հրատարակչությունում։ 1907 թվականին այն մտել է Ժյուլ Վեռնի ստեղծագործությունների ամբողջական հավաքածուի քսանիններորդ հատորի կազմի մեջ, որը հրատարակվել է Պ. Պ. Սոյկինի կողմից[1]։

Սյուժե

խմբագրել

Վեպի գործողությունները տեղի են ունենում Հարավային Աֆրիկայում՝ ադամանդի հանքավայրերի տարածքում, Գրիգոլանդ շրջանում։ Հողի մեծ մասը գտնվում է հարուստ հանքագործ պարոն Ջոն Ուոտկինսի ենթակայության տակ։ Քաղաքը օրըստօրե ընդարձակվում է՝ շատերը հույս ունեին հարստանալ ադամանդի արդյունահանումով։

Վեպի գլխավոր հերոսը ֆրանսիացի լեռնային ինժեներ Սիպրիեն Մերեն է։ Նա ուղևորվում է Գրիգոլանդ շրջան, որպեսզի ուսումնասիրի ադամանդի ծագումը։ Այնտեղ գտնվելու ընթացքում Սիպրիենը սիրահարվում է պարոն Ջոն Ուոտկինսի դստեր՝ Էլիսին։ Նա ամուսնության առաջարկ է անում Էլիսին, սակայն մերժվում է նրա հոր կողմից՝ փողի պակասության և հասարակական դիրքի պատճառով։ Սիպրիենը հասկանում է, որ կարող է հարստանալ միայն ադամանդի արդյունահանումով և այդ պատճառով իր ընկեր Թոմաս Ստալի հետ որոշում է ադամանդի արդյունահանումով զբաղվել։ Նրանք հող են գնում և սկսում ադամանդ որոնել։ Այդ աշխատանքների համար նրանք վարձում են աֆրիկացիներ։ Սակայն աշխատանքների ժամանակ հանքահորը փլվում է և նրանց հաջողվում է փրկել միայն Մերես Մատակիին։

Սիպրիենը ընկճված է, քանի որ Էլիսի ձառքը խնդրող ավելի հաջողակ փեսացուներ էլ կան, քան ինքը։ Էլիսը խնդրում է նրան վերադառնալ իր աշխատանքներին և հետազոտություններին։ Սիպրիենը որոշում է արհեստական ճանապարհով ադամանդ ստանալ։ Նա աշխատանքի է անցնում և օրերից մի օր վառարանում նկատում է սև ադամանդ։ Նրա փորձը, կարծես թե, հաջողությամբ է պսակվում։ Ադամանդը կշռում է 243 կարատ (48.6 գրամ)։ Էլիսի առաջարկով ադամանդին տալիս են «Հարավային աստղ» անվանումը։

 

Սիպրիենը ադամանդը հանձնում է Ուոտկինսին՝ Էլիսի համար։ Ուոտկինսը խնջույք է կազմակերպում Սիպրիենի և նրա ստեղծած ադամանդի պատվին, որը ամբողջ խնջույքի ընթացքում գտնվում է պատվանդանի վրա։ Սակայն խնջույքի միջնամասում նրանք նկատում են, որ ադամանդը անհայտացել է։ Անհայտացել է նաև Մատակին։ Բոլոր կասկածները ընկնում են Մատակիի վրա։ Կատաղած Ուոտկինսը հայտարարում է, որ Էլիսին կնության կտա նրան ով կգտնի և կվերադարձնի «Հարավային աստղը»։ Սիպրիենը և Էլիսի ձեռքի հավակնորդ ևս երեք փեսացուներ ուղևորվում են ադամանդի հետևից։

Սիպրիենի հետ՝ Մատակիին փնտրելու, ուղևորվում են նրա ընկերները՝ չինացի Լին և Բարդիկը։ Ճանապարհին նրա երեք մրցակիցները՝ Ֆրիդելը, Ջեյմս Հիլտոնը և Հանիբալ Պանտալակին մահանում են կենդանիների հետ կռվի ժամանակ և հիվանդություններից։ Վերջ ի վերջո Սիպրիենին հաջողվում է գտնել Մատակիին, որը հայտարարում է, որ ադամանդը իր մոտ չի և նա այն չի էլ վերցրել։ Նա փախել է միայն այն պատճառով, որ վախեցել է կախաղան բարձրացվելուց՝ ադամանդի կողոպուտի համար, անարդարացիորեն։ Սիպրիենը Մատակիի հետ վերադառնում է Գրիգոլանդ։

Թվում է ադամանդը վերջնականապես անհայտացել է։ Սակայն այն հայտնաբերվում է շատ անսովոր տեղում։ Պարզվում է այն կուլ է տվել Էլիսի սիրելի ջայլամ Դադան և այն գտնվում է նրա ստամոքսում։ Անզգայնացնելով ջայլամին, նրանք ստամոքսից հանում են ադամանդը։

Բոլոր ադամանդ հանքարդյունահանողները դժգոհ են արհեստական ադամանդ ստանալու Սիպրիենի հայտնագործությունից։ Նրանք ենթադրում են, որ արհեստական ադամանդ ստեղծելով նա լուրջ հարված է հասցնում նրանց և այդ մրցակցությունը իրենց օգտին չի լինի։ Սակայն Սիպրիենին փրկում է Մատակիի խոստովանությունը։ Մատակին խոստովանում է, որ ադամանդը իսկական է և նա է գտել այն հողի տակից՝ սողանքի ժամանակ։ Նա այն տեղադրել է Սիպրիենի վառարանի մեջ ի նշան երախտագիտության և նրա նկատմամբ սիրո։ Չանհանգստանալով ադամանդի ծագման մասին, պարոն Ուոտկինսը նոր խնջույք է կազմակերպում՝ ի նշան ադամանդի վերադարձի։

Պարոն Վանդերգաարտը, որը այդ հողերի նախկին սեփականատերն էր, խնջույքի ժամանակ ներխուժում է և ցույց տալիս վկայականը, ըստ որի, այդ հողերը նորից իր սեփականությունն են և պատկանում են իրեն։

Այդ միջադեպի ժամանակ ադամանդը փշուր-փշուր է լինում։ Պարոն Ջոն Ուոտկինսը, ցնցված այդ ամենից, հաջորդ օրը մահանում է։ Սիպրիենը և Էլիս Ուոտկինսը ամուսնանում են և ապրում երկար ու երջանիկ։

Բովանդակություն

խմբագրել

Գիրքը բաժանված է քսան գլուխների։

  • Գլուխ առաջին. Ախ այդ ֆրանսիացիները
  • Գլուխ երկրորդ. Վանդերգաարտովյան հանքավայրեր
  • Գլուխ երրորդ. Առաջին մշակումը
 
  • Գլուխ չորրորդ. Ադամանդ փնտրողների բարքերը
  • Գլուխ հինգերորդ. Լուրջ փորձ
  • Գլուխ վեցերորդ. Անակնկալ
  • Գլուխ յոթերորդ. Ջոն Ուտկինսը մտորում է
  • Գլուխ ութերորդ. «Հարավային աստղ»
  • Գլուխ իններորդ. Ճանապարհի պատրաստություն
  • Գլուխ տասներորդ. Տրանսվաալով
  • Գլուխ տասնմեկերորդ. Դավադրություն
  • Գլուխ տասներկուերորդ. Դավաճանություն
  • Գլուխ տասներեքերորդ. Աֆրիկյան ձիարշավներ
  • Գլուխ տասնչորսերորդ. Խոսացող ջայլամը
  • Գլուխ տասնհինգերորդ. Կախարդական քարանձավը
  • Գլուխ տասնվեցերորդ. Վերադարձ
  • Գլուխ տասնյոթերորդ. Վենետիկյան արդարադատություն
  • Գլուխ տասնութերորդ. Նոր ծագման ոստիկաններ
  • Գլուխ տասնիններորդ. Հրամանատարի արձանը
  • Գլուխ քսաներորդ. Անհայտացած «Աստղը»

Կերպարներ

խմբագրել
  • Սիպրիեն Մերե - երիտասարդ քիմիկոս, վեպի գլխավոր հերոսը
  • Ջոն Ստեպլտոն Ուոտկինս - հարուստ հողատեր
 
  • Էլիս Ուոտկինս - Ջոն Ուոտկինսի դուստրը
  • Մերես Մատակի - երիտասարդ աֆրիկացի, որին Սիպրիենը սիրում էր և դաստիարակում որպես իր որդի
  • Լի - չինացի, Սիպրիենի ընկերը
  • Բարդիկ - Սիպրիենի ընկերը
  • Ֆարամոնդ Բարտ - Սիպրիենի ընկերը
  • Ֆրիդել - Սիպրիենի մրցակիցը
  • Ջեյմս Հիլտոն - Սիպրիենի մրցակիցը
  • Հանիբալ Պանտալակի - Սիպրիենի մրցակիցը
  • Լոպեպե - աֆրիկական ցեղի առաջնորդ
  • Ժաննա - Սիպրիենի քույրը
  • Նաթան - ադամանդի միջնորդ
  • Մատիս Պրետորիուս - Ջոն Ուոտկինսի հարևանը
  • Թոմաս Ստալ - Սիպրիենի ընկերը, ադամանդի հետազոտող
  • Յակոբ Վանդերգաարտ - ադամանդագործ

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Շոտլանդացի քիմիկոս Ջեյմս Բալլանտեն Հաննեյը 1880 թվականին փորձարկումներ է կատարել արհեստական ադամանդ ստանալու նպատակով։ Հեղինակը յոթերորդ գլխում հիշատակում է նրա անունը։
  • Վեպում նկարագրված ադամանդը ունեցել է իր նախատիպը։ 1869 թվականին հայտնաբերվել է 83.5 կարատ քաշով «Հարավային Աֆրիկայի Աստղ» ադամանդը, որը հղկվելուց հետո վեր է ածվել 47.7 կարատ քաշով մաքուր ադամանդի։

Ֆիլմագրություն

խմբագրել
  • «Հարավային աստղ» (ֆր. L'Étoile du sud) - 1969 թվական, Անգլիա-Ֆրանսիա, ռեժիսոր Սիդնի Հայերս
  • «Հարավային աստղ» - 2001 թվական, Ֆրանսիա, անիմացիոն ֆիլմ, ռեժիսոր Արմանդո Ֆերեյրա

Նկարազարդումներ հրատարակությունից

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Жюль Верн, Андре Лори «Южная звезда»».
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային աստղ (վեպ)» հոդվածին։