Հազարամյակի երաժշտություն

Հազարամյակի երաժշտություն (անգլ.՝ Music of the Millennium), հասարակական կարծիքի համազգային հարցում, որն անցկացվել է Մեծ Բրիտանիայում 1999 թվականին HMV երաժշտական խանութների կողմից՝ Channel 4 հեռուստատեսային ցանցի և Classic FM ռադիոյի հետ համագործակցությամբ։ Լինելով նոր հազարամյակին տանող բազմաթիվ մշակութային հարցումներից մեկը, այն հարցաքննել է ունկնդիրներին՝ նախորդ 1000 տարիների լավագույն երաժշտությունը ընտրելու համար։ Հարցմանը մասնակցել է շուրջ 600,000 մարդ, ինչը դարձրել է այն հանրահայտ երաժշտության վերաբերյալ այդ պահին խոշորագույն հարցումը։

Հարցվողները թվարկել են լավագույն արտիստի կամ աշխատանքի վերաբերյալ իրենց ընտրությունը 10 անվանակարգում։ Արդյունքները հայտարարվել են նոյեմբերի 6-ին և ներկայացվել են 7 օր անց Channel 4-ի «Հազարամյակի երաժշտություն» 3-ժամյա հեռուստատեսային թողարկման մեջ։ The Beatles-ը, Ջոն Լենոնը, Էլվիս Փրեսլին, Մադոննան, Քուինը, Լուի Արմսթրոնգը, Մոցարտը և Վիվալդին գլխավորել են հարցման տարբեր անվանակարգերը։

Հայեցակարգ և մեկնարկ

խմբագրել

HMV-ն մեկնարկել է «Հազարամյակի երաժշտությունը» որպես մարքեթինգային ձեռնարկություն 1999 թվականի հունվարի 18-ին[1]։ Այն հետևել է նույնանուն հարցմանը, որն անցկացվել էր նախորդ տարի HMV-ի և Channel 4-ի կողմից և նպատակ էր ունեցել որոշել «բոլոր ժամանակների լավագույն ալբոմը»[2]։ Ավարտվելով 1998 թվականի հունվարի 24-ին և եթեր դուրս գալով որպես «Հազարամյակի երաժշտություն՝ եզրափակիչ հետհաշվարկը» (անգլ.՝ Music of the Millennium – The Final Countdown), ավելի վաղ հարցումը ներգրավել է ավելի քան 36,000 հարցվող՝ բոլորը 19-45 տարեկան[2]։ The Beatles խմբի «Sgt. Pepper's Lonely Hearts Club Band» ալբոմը գլխավորել է հարցումը՝ The Stone Roses-ի նույնանուն դեբյուտային ալբոմի և The Beatles-ի «Revolver» ալբոմի հետ միասին[3]։ Channel 4-ի հատուկ հեռուստատեսային թողարկման ընթացքում արդյունքները քննարկվել են խմբի կողմից, որի կազմում են եղել Ջոն Փիլը, Ջո Ուայլին, Բոբ Գելդոֆը, Փոլ Գամբաչինին և Ջասթին Ֆրիշմանը՝ նախապես արձանագրված եզրակացություններով, որոնց հեղինակներ են եղել Ֆեյ Ուելդոնը, Ջոն Քուփեր Քլարկը և Լոյդ Գրոսմանը[4]։

1999 թվականի հարցման համար կազմակերպիչները ձգտել են ընդլայնել դրա շրջանակները ալբոմների սահմաններից դուրս և ներգրավել երաժշտական ճաշակների ավելի լայն տեսականի[5]։ Հարցումը բաղկացած է եղել 10 անվանակարգից[6]՝ ամենաազդեցիկ երաժիշտ, լավագույն խումբ, լավագույն ալբոմ, լավագույն երգահան, լավագույն երգ, լավագույն երգիչ, լավագույն երգչուհի, լավագույն ջազ երաժիշտ, դասական երաժշտության լավագույն ստեղծագործություն և լավագույն դասական կոմպոզիտոր[7]։ HMV-ի մարքեթինգի գործադիր տնօրեն Քորմակ Լոուգրանն ասել է, որ ընկերությունը հույս ունի, որ ամենամյա հարցումը «աշխատելու է ինչպես ընտրությունները», և մարդիկ ձգտելու են ապահովել իրենց սիրելի արտիստների ճանաչումը։ Նա համեմատել է այն «սոցիալական հայտարարության» հետ, որը ցույց է տալու երաժշտության ազդեցությունը բրիտանացիների վրա[5]։

Հայտարարելով այս ձեռնարկության մասին, HMV-ն հայտարարել է, որ նախատեսում է տարածել 500,000 քվեարկության ձևաթղթեր իր 108 խանութներում։ Classic FM-ն օգնել է հրապարակել նախագիծը, մինչդեռ Channel 4-ը հեռարձակել է հինգ րոպե տևողությամբ հատվածներ, որոնցում երաժիշտները քննարկում էին իրենց սիրած կատարողին կամ երաժշտական ստեղծագործությանը։ Տեսահոլովակների առաջին խմբաքանակում ընդգրկվել են Շինեյդ Օ'Քոնորը (որը քննարկել է Բոբ Մառլիին), Հերբի Հենքոքը (որը քննարկել է Ջորջ Գերշվինին) և Ալեքսանդր Օ'Նիլը (Օթիս Ռեդինգ)[1]։ Հուլիսին նման դրվագներից 15-ը հեռարձակվել են Channel 4-ով[8]։

Մեկնարկից կարճ ժամանակ անց Billboard ամսագիրը մեջբերել է Լոուգրանին, որն ասել է, որ 1999 թվականը «լինելու է ցանկների տարի» նոր հազարամյակին ընդառաջ, և HMV-ի նպատակն է եղել ստեղծել «վերջնական ցանկ»։ Նա նաև ասել է, որ Classic FM-ի մասնակցությունը երաշխավորում է, որ փոփից և ռոքից բացի այլ ժանրերը նույնպես լավ կներկայացվեն հարցման մեջ[1]։ Բացի HMV-ի ձևերը լրացնելուց, հարցվողները կարող էին քվեարկել հեռախոսով[5] կամ առցանց Channel 4-ի և Classic FM-ի կայքերում[9]։

Արդյունքներ

խմբագրել

Մոտ 600,000 մարդ քվեարկել է «Հազարամյակի երաժշտություն» հարցման ժամանակ, ինչը դարձրել է այն այդ պահին հանրահայտ երաժշտության վերաբերյալ ամենախոշոր հարցումը[6]։ Արդյունքները հայտարարվել են նոյեմբերի 6-ին Հարթֆորդշիր կոմսության Բորեհեմվուդ քաղաքի Elstree Studios ստուդիայում։ Channel 4-ը համազգայնորեն հեռարձակել է այս միջոցառումը նոյեմբերի 13-ի երեկոյան ժամը 9-ից մինչև կեսգիշեր[6]։ Ծրագիրը ներկայացնում էր Ռիչարդ Բլեքվուդը, իսկ Ջո Ուայլին քննարկում էր անցկացնում[10]։

Յուրաքանչյուր կատեգորիայի լավագույն եռյակը հետևյալն էր[7]։

Վերլուծություն

խմբագրել

The Beatles-ը գերակշռում էր արդյունքներում[7]՝ գլխավորելով ցանկի տասը անվանակարգերից չորսում[6]։ «Լավագույն խումբ» անվանակարգում խումբը ստացել է ձայների ընդհանուր թվի 20%-ը և 5 անգամ ավելի շատ ձայն, քան երկրորդ հորիզոնականը զբաղեցրածը։ Եվ ընդհակառակը, Քուինի հաղթանակը «Լավագույն երգ» անվանակարգում ձեռք է բերվել ընդամենը 0,5% առավելությամբ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած երգի նկատմամբ[6]։

Ռոբբի Վիլիամսի համբավը ցանկում արտացոլել է այն հաջողությունը, որին նա հասել է որպես մենակատար այն ժամանակից ի վեր, երբ լքել է Take That բոյ բենդը 1996 թվականին։ Հարցումը նաև նրան տեղադրել է ամենաազդեցիկ երաժիշտների անվանակարգի 6-րդ հորիզոնականին՝ Մոցարտից և Բախից առաջ[7]։ Մեկնաբանելով The Guardian-ի արդյունքները՝ կկինոյի և մեդիայի ուսումնասիրության ակադեմիկոս և Mercury Prize մրցանակի ժյուրիի նախագահ Սայմոն Ֆրիթն ասել է, որ Վիլյամսի բարձր տեղերը վկայում են նրա արագ աճի մասին՝ մինչև Էլթոն Ջոնի և Ջորջ Մայքլի մակարդակը, ինչպես նաև այն մասին, որ հարցումը ներկայացնում է տարիքի լայն հատված[7]։

Գրելով Independent on Sunday-ի համար՝ Ջոնաթան Թոմփսոնը նշել է 1999 թվականի ամբողջ ընթացքում ցանկերի կազմամբ ազգային մոլուցքը՝ այն անվանելով «ցանկերի մանիա»։ Նա ասել է, որ HMV-ի անցկացրած հարցումը եղել է այն եզակիներից, որոնք «թարմ, դժվար հեռանկարներ են մտցնում վերջին 1000 տարիների պատմության մեջ»՝ ենթադրելով, որ Ռոբբի Վիլյամսի ներդրումը երաժշտության մեջ ավելի մեծ է եղել, քան Մոցարտի ներդրումը, ճիշտ այնպես, ինչպես News of the World պարբերականի հարցումը տեղադրել է Boyzone բոյ բենդը «Հազարամյակի իռլանդացի հերոսներ» ցանկում[11]։

NME-ն նույնպես կասկածի տակ է դրել Վիլյամսի և Մայքլ Ջեքսոնի՝ որպես ազդեցիկ արտիստների ճանաչման մակարդակը։ Գրողը նշել է, որ հարցումը նեղ է եղել երաժշտական ժանրերի կամ ցանկացած երաժշտության ներկայացման մեջ, որը «շատ հեռու է միջին տարիքի սպիտակ միջին խավի մեյնսթրիմից»[12]։ The Guardian-ից Քերոլայն Սալիվանն աջակցել է Վիլյամսի բարձր դիրքերը՝ որպես երգահան, երգիչ և ազդեցություն ունեցող երաժշտական գործիչ՝ ասելով, որ նրա ազդեցությունը երևում է ամբողջ ժամանակակից փոփ բեմի վրա։ Նա բողոքել է, որ The Beatles-ը, Փրեսլին և Քուինը հավերժական ֆավորիտներ են եղել, բայց այլևս արդիական չեն, և, ինչպես սովորաբար լինում է նման հարցումներում, նրանց ընտրողները եղել են «մարդիկ, որոնք տարեկան երկու ձայնասկավառակ են գնում»[13]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Ferguson, Tom (1999 թ․ փետրվարի 6). «Virgin, HMV Go Back to the Future». Billboard. էջ 52. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  2. 2,0 2,1 Badman, Keith (2001). The Beatles Diary Volume 2: After the Break-Up 1970–2001. London: Omnibus Press. էջ 586. ISBN 978-0-7119-8307-6.
  3. «The music of the millennium». BBC News Online. 1998 թ․ հունվարի 24. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  4. Anon (1998 թ․ հունվարի 31). «Spin of the Century». The Irish Times. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Entertainment: Music of the Millennium». BBC News Online. 1999 թ․ հունվարի 4. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Badman, Keith (2001). The Beatles Diary Volume 2: After the Break-Up 1970–2001. London: Omnibus Press. էջ 640. ISBN 978-0-7119-8307-6.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Wells, Matt (1999 թ․ նոյեմբերի 9). «How Robbie headed Amadeus in the race to be music's man of the millennium». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  8. Hay, Carla (1999 թ․ հուլիսի 17). «Millennium Sets Look Back». Billboard. էջ 107. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  9. Twomey, Seán (1999 թ․ նոյեմբերի 14). «Music of the Millennium Poll – Kate Rides High». Kate Bush News. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  10. Upton, Sam (December 1999). «TV Times». Select. էջ 104.
  11. Thompson, Jonathan (1999 թ․ նոյեմբերի 28). «At Last – the List to End All Lists». Independent on Sunday. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  12. NME staff (1999 թ․ նոյեմբերի 8). «Thousands Like Us». nme.com. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  13. Sullivan, Caroline (1999 թ․ նոյեմբերի 9). «The Millennium: Why Robbie is a true star». The Guardian. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.