Բացել գլխավոր ցանկը

Կղեմես Ալեքսանդրացի (հուն․՝ Κλήμης ὁ Ἀλεξανδρεύς, լատ.՝ Clemens Alexandrinus, Titus Flavius Clemens (Տիտոս Փլաբիոս Կղեմես), 150, Աթենք – 216, Կապադովկյան Կեսարիա), աստվածաբան, եկեղեցական մատենագիր, Ալեքսանդրիայի պատրիարք։ Ծնվել է բարեկեցիկ հեթանոս ընտանիքում, Աթենքում ստացել բարձր կրթություն։ Քրիստոնյա դառնալուց հետո ճանապարհորդել է Իտալիայում, Ասորիքում, Պաղեստինում, Եգիպտոսում և, ինչպես նշում է իր «Ստրոմատիս» երկում, աշակերտել ժամանակի նշանավոր քրիստոնյա մտածողներին։ Կղեմես Ալեքսանդրացու ուսումնառության կարևորագույն հանգրվանն է եղել Ալեքսանդրիան, որտեղ ուսանել է տեղի նշանավոր աստվածաբան. դպրոցում, աշակերտել դպրոցի առաջին ուսուցիչ, սիցիլիացի փիլիսոփա Պանտենոսին։ Վերջինիս մահից (200) հետո ստանձնել է Ալեքսանդրիայի դպրոցի տեսչի պաշտոնը, դարձել Ալեքսանդրիայի պատրիարք (200–203)։ Սեպտիմիոս Սևերոս կայսրի (193–211) հալածանքների ժամանակ, 203-ին ստիպված հեռացել է Ալեքսանդրիայից, տեղափոխվել նախ Կապադովկյան Կեսարիա և ապա՝ Երուսաղեմ, իր երբեմնի աշակերտ, Երուսաղեմի Ալեքսանդր եպիսկոպոսի մոտ։ Կյանքի հետագա տարիների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Ըստ Եվսեբիոս Կեսարացու՝ Կղեմես Ալեքսանդրացին 215/216-ին Անտիոք է տարել Ալեքսանդր Երուսաղեմացու մի նամակը։ Ալեքսանդրյան դպրոցի ներկայացուցիչներից է։ Այստեղ նա հանդիպում է նշանավոր ուսուցիչ Պանտենոսի հետ։

Կղեմես Ալեքսանդրացի
ClemensVonAlexandrien.jpg
Ի ծնեհին հուն․՝ Κλήμης ὁ Ἀλεξανδρεύς
ԺամանակաշրջանՀռոմեական կայսրություն
Ծնունդմոտ. 150[1][2][3]
ԾննդավայրԱթենք, Հռոմեական կայսրություն
Վախճանմոտ. 215[4][3][5]
Վախճան վայրԱլեքսանդրիա, Եգիպտոս (Հռոմեական պրովինցիա), Հռոմեական կայսրություն
Եկեղեցիքրիստոնեություն
Սրբացված կարգսրբազան
Հիշատակության օրԴեկտեմբերի 4
Աշխատանքաստվածաբան, փիլիսոփա և գրող
ԵրկիրՀին Հռոմ
ԲնակավայրԱլեքսանդրիա
ԿրթությունCatechetical School of Alexandria?
ՍտեղծագործությունProtrepticus?

ՈւսմունքըԽմբագրել

Կղեմես Ալեքսանդրացին Որոգինեսից հետո Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցի III դ. ամենանշանավոր ներկայացուցիչն է, առաջին քրիստոնյա գիտնականը, գիտական աստվածաբանության հիմնադիրը։ Նա քրիստ. հավատին ու վարդապետությանը հաղորդել է աստվածաբանական բնույթ՝ գիտական հիմքով, հելլենիստական կրթությունը և փիլիսոփայությունը ծառայեցրել քրիստոնեական հավատին։ Ըստ նրա՝ փիլիսոփայությունն օժանդակ միջոց է հավատին հասնելու, նախապատրաստություն հավատացյալին՝ ճշմարտությունն ընդունելու և ի Քրիստոս առաջնորդելու համար։ Հելլենիստական բարձր կրթություն ստացած Կղեմես Ալեքսանդրացին փիլիսոփայությունը համարել է «Աստծո գործ», աստվածային նվեր մարդուն և, հետևաբար, «բարի»։ Այն տրվել է հույներին այնպես, ինչպես Օրենքը՝ հրեաներին, Ավետարանը՝ ողջ աշխարհին։ Ձգտելով հույներին (հեթանոսներին) դարձի բերել՝ Կղեմես Ալեքսանդրացին ոչ միայն ապացուցել է քրիստոնեության առավելությունը հեթանոսությունից, այլև, նրանց չվիրավորելու համար, դրական վերաբերմունք է ցույց տվել հունական փիլիսոփայության նկատմամբ, այն համարել օգտակար և ձգտել քրիստոնեությունը բարձրացնել կրթված հույներիմոտ հարգված փիլիսոփայության աստիճանի։ Ալեքսանդրիայի զարգացած քաղաքակրթության համար եկեղեցու ավետարանական տիպարը համարվել է պարզամիտ և անբավարար։ Կղեմես Ալեքսանդրացին փորձել է ավետարանական կամ եկեղեցական քրիստոնյային բարձրացնել «գնոստիկ» (իմացական, գիտուն) քրիստոնյայի մակարդակին, որը կդիմագրավեր հունական փիլիսոփայության և գնոստիկականության քննադատություններին։ Ըստ նրա, հավատացյալների մի մասը, որոնք հասել են գիտությանը, կարող են լինել «գնոստիկներ»։ «Գնոստիկ» քրիստոնյան Տիրոջ միակ ճշմարիտ աշակերտն է և Տիրոջ խորհուրդների ու վարդապետության միակ ճանաչողը, միակ բարեպաշտը, անմեղանչողը։

Նա է կատարյալ քրիստոնյան, որ մահից հետո ուղղակիորեն գնում է երկնային արքայություն։ Կղեմես Ալեքսանդրացին իրեն անվանել է «գնոստիկ»։ Նրա ուսմունքը թեև մեծ դեր է խաղացել հեթանոսության և հելլենիստ. մտածողության հանդեպ քրիստոնեության հաղթանակի գործում, սակայն նրա «գիտական քրիստոնեությունը» պարունակել է գնոստիցիզմի տարրեր։ Վարդապետ. մի շարք հարցերում թույլ է տվել սխալներ (նյութի հավիտենականության, Որդու արարած լինելու, Լոգոսի երևութական մարմնացման, հոգեփոխության ևն), որոնք հետագայում քննադատել են եկեղեցու հայրերը։

ԵրկերըԽմբագրել

 
Opera omnia, 1715

Կղեմես Ալեքսանդրացու խորագիտակությունն անտիկ և քրիստոնեական գրականությանը, Աստվածաշնչին, ինչպես նաև գնոստիկյան և հերետիկոսական հեղինակների գործերին, մեծ հետք է թողել նրա մատենագիտ. վաստակի վրա։ Նրա երեք գլխ. աշխատությունները՝ «Բան յորդորական առ Հելլենս», «Դաստիարակ» և «Ստրոմատիս», կազմում են միասնական եռագրություն և ամփոփում հեղինակի աստվածաբանական հասկացություններն ու հայացքները։ Առաջին աշխատությունն ուղղված է հեթանոսների (հույների) դեմ, սակայն իրականում ջատագովական բնույթի ձեռնարկ է քրիստոնյաների համար, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել հեթանոսների քննադատությունից և ամրապնդվեն իրենց հավատի մեջ։ Հեղինակը ներկայացրել է հեթանոսական կրոններն ու խորհրդապաշտություններն իրենց անիմաստությամբ և անբարոյականությամբ։ Միակ ու ճշմարիտ կրոնը քրիստոնեությունն է՝ հիմնված Բանի (Լոգոս) Մարդեղության և աստվածային բարձրագույն հայտնության վրա։

«Դաստիարակ»Խմբագրել

«Դաստիարակը» ևս եռագրություն է։ Հեղինակի նպատակն է եղել հեթանոսությունից քրիստոնյա դարձածներին դաստիարակել նոր կրոնի հավատով ու բարոյականությամբ։ Ճշմարիտ դաստիարակն աստվածային Բանն է (Լոգոսը), որը լուսավոր վարդապետությամբ և փրկագործ. կյանքով դաստիարակում է հավատացյալին և բարձրացնում բարոյապես։ Հիմնական սկզբունքը, որով Լոգոսը դաստիարակում է իր որդիներին, գութն է և սերը և ոչ թե Հին կտակարանի երկյուղը։ «Դաստիարակ» երկը նաև մեծարժեք աղբյուր է Ալեքսանդրիայի բնակչության այն ժամանակվա կենցաղի և բարքերի ուսումնասիրության համար։ Աշխատությունն ավարտվում է Քրիստոսին ուղղված գովաբան. աղոթքով։

«Ստրոմատիս»Խմբագրել

Կ. Ա-ու եռագրության վերջին մասը՝ «Ստրոմատիս» (Ձեռնարկներ, Գործեր) աշխատությունը, բաղկացած է ութ մասից, որտեղ կրկնվում են բազմաթիվ թեմաներ նախորդ երկու երկերից։ Արծարծվում են կատարյալ կյանքի, ամուսնության օրինականության, Աստծո մասին գիտելիքի, Բանի (Լոգոսի) վարդապետության, Ս. Գրքի մեկնաբանության և այլ հարցեր։ Երկի հիմն. նյութը քրիստոնեության և հուն. փիլիսոփայության փոխհարաբերությունն է։ Կ. Ա. գրել է նաև մեկնող., դավանաբան., քարոզխոս. աշխատություններ, նամակներ։ Պահպանվել են նաև տարբեր երկերից առանձին հատվածներ և ցայսօր կորած համարվող մի շարք գործերի վերնագրեր մատենագիրների մոտ։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Եվսեբիոս Կեսարացի, Պատմութիւն եկեղեցւոյ, Վնտ., 1877։
  • Տեր-Մինասյան Երևան, Ընդհանուր եկեղեցական պատմութիւն, Էջմիածին, 1908։
  • Հատիտյան Ա., Ալեքսանդրիայի եկեղեցու մեծ հայրապետները Բ–Ե դարերում, «Էջմիածին», 1981, դ 8։
  • Պետրոսյան Երևան, Հայրաբանություն, մաս 1, Էջմիածին, 1996, էջ 116–130։
  • Nautin P., Biographie de Clռment d’Alex., “Lettres et ռcrivains chrռtiens des II et III siecles”, P., 1961;
  • Quasten J., Patrology, v. II Utrecht (Antwerp), 1966.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: