Կլոր աշտարակ (ֆիններեն՝ Pyöreä torni, շվեդ.՝ Runda tornet), քարե հրետանային աշտարակ, միջնադարյան Վիբորգի ամրոցի երկու պահպանված մարտական աշտարակներից մեկը։ Կառուցվել է 1547-1550 թվականներին՝ ամրաշինարար ինժեներ Հանն (Հանս) Բերգենի կողմից։


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Շինարարություն  

խմբագրել
 

1470-ական թվականներին Վիբորգի ամրոցից արևելք գտնվող թերակղզու վրա կառուցվող քաղաքը շրջապատված էր մոտ 2 կմ երկարությամբ քարե պարսպով։ Քարե պարսպի վրա կառուցված էր 10 աշտարակ։ Արևելյան ճակատի հինգ աշտարակներից մեկը պահպանում էր այսպես կոչված Անասունների փոխադրման դարպասը, ինչի համար էլ այն կոչվում էր Cariaportti (անասունների քշում)։ Այնուամենայնիվ, հրետանու կատարելագործումը և ամրոցների դեմ պայքարի մեթոդները պահանջում էին պաշտպանական կառույցների ամրապնդում, և Գուստավ Վասայի հրամանով կառուցվեցին ցածր ամրակազմի ռոնդելի տիպի աշտարակներ (այս տիպի աշտարակները բնորոշ էին ուշ գոթական ամրությունների համար)։ Դրանք 17 մետր բարձրությամբ քաղաքային պատի ճակատային մասում կառուցված հրետանային կրակ վարելու համար նախատեսված աշտարակներ էին։ Նախագծով աշտարակը ձվաձև էր և ուներ մոտ 21 մ տրամագիծ, արևելյան կողմի պատի հաստության հետ միասին մոտ 4 մ հիմքում, իսկ արևմտյան կողմից` մոտ 3 մ պատի հաստությամբ (այդպիսի պաշտպանական կառույցը կոչվում էր բարբական)։

1564 թվականին Էրիկ XIV թագավորի ցուցումով պաշտպանական ամրոցի շինարարություն սկսվեց քաղաքի արևելյան տարածքներում։ Անկյունային ամրոցապարիսպների անսովոր տեսքի պատճառով բերդը կոչվում էր Եղջյուրավոր։ Կլոր աշտարակը ներառված էր նոր պաշտպանական համակարգի կառույցներում, կուրտինան կառուցված էր ներկայիս շուկայի կողմից և շարունակվում էր ներկայիս Լենինի պողոտային զուգահեռ։ Հարևանությամբ գտնվող աշտարակը ոչ պաշտոնապես կոչվում էր Անասունների բանտ (անապաստան թողնված անասունները իշխանությունների կողմից պահվում էին աշտարակում և միայն տուգանք վճարելուց հետո վերադարձվում քաղաքացիներին)։

Ռազմական նշանակության կորուստ

խմբագրել
 
Ֆինլանդիայի զորքերը շուկայի հրապարակում 1941 թվականին

1609 թվականին այս աշտարակում ստորագրվեց Վիբորգի պայմանագիրը՝ արքա Կարլ IX-ի և ցար Վասիլի Շույսկու ներկայացուցիչների կողմից այն ռազմական օգնության մասին, որը Շվեդիան խոստացել էր տրամադրել Ռուսաստանին լեհերի հետ պատերազմում (Կորելի ամրոցի փոխարեն)։

1710 թվականին ռուսական բանակի կողմից Վիբորգի գրավումից հետո աշտարակը կոչվեց Պետերբուրգյան. գտնվում էր պաշտպանության թիկունքում և աստիճանաբար կորցրեց իր ռազմական նշանակությունը, այն սկսեցին օգտագործել որպես զինանոց, և քաղաք այցելողները այդտեղ վճարում էին պետական տուրք։

1861 թվականին երբ բերդի պատերն ու հիմքերը քանդվեցին քաղաքաշինական նոր ծրագրի համաձայն, Կլոր աշտարակը ընկավ նոր ձևավորված Շուկայի հրապարակի ծայրամասում։ Տարբեր ժամանակներում աշտարակը օգտագործվել է որպես պահեստ, պայթուցիկ նյութերի պահեստ և նույնիսկ բանտ։ Պաշտոնապես, աշտարակը կոչվում էր Պետրովսկայա, բայց այն հայտնի էր նաև «Հաստլիկ Կատերինա» անվանումով։                          

Բազմիցս առաջարկվել է քանդել այն, բայց 1922 թվականին Վիբորգի այն ժամանակվա գլխավոր ճարտարապետ Ունո Ուլբերգի ջանքերի շնորհիվ շենքը հարմարեցվել է հանրային տարածքների համար, այդ թվում տեխնիկական ակումբի նիստերի համար, որտեղ հավաքվել է Վիբորգի տեխնիկական մտավորականությունը։

Առաջին հարկում կազմակերպվել էր նախասրահ և գրասենյակային տարածք, իսկ երկրորդ հարկում կազմակերպվել էին Արծաթե սրահ նիստերի համար (դարբնագործական լամպերով և արծաթապատ ջահերով), գրադարան և փոքրիկ Վերածննդի սրահ։ Երրորդ հարկում բացվեց Վերածննդի մեծ դահլիճ` պատմական թեմաներով նկարներով զարդարված «Կլոր աշտարակ» ռեստորանի հիմնական դահլիճը՝ զարդարված ամրոցի հիմնադրումից մինչև 1710 թվականին Պետրոս I-ի կողմից քաղաքի գրավումը, ֆիններեն, շվեդերեն և լատիներեն պատմական դրվագների նկարագրություններով։ Մի շարք դրվագներ ավարտվում էին լատիներեն թևավոր «Per aspera ad astra» արտահայտությամբ («Տատասկների միջով դեպի աստղեր»)։ Սանդուղքները, պատերը և առաստաղները պատված էին Վալաամ կղզուց բերված սոճու փայտե տախտակներով։ Այցելուներին սպասարկում էին բարոկկո ժամանակաշրջանի տարազներ հագած մատուցողներ։

Աշտարակի նշանակությունը նորից փոխվեց խորհրդա-ֆիննական պատերազմի (1939-1944) արդյունքում։ 1940 թվականին Վիբորգը ԽՍՀՄ-ին հանձնելուց հետո խորհրդային իշխանությունները որոշեցին աշտարակի տարածքը հանձնել տեղական գավառագիտական թանգարանին, բայց հաջորդ տարի Ֆինլանդիայի զինված ուժերը, որոնք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Վիբորգ էին վերադարձել, Կլոր աշտարակում կազմակերպեցին յուրահատուկ դաշտային խոհանոց։ Երբեմն աշտարակում  անցկացվում էին Վիբորգի քաղաքապետարանի ժողովները, քանի որ այն մնացել էր առանց շենքի։

Արդի ժամանակներ  

խմբագրել
 

Հետպատերազմյան ժամանակաշրջանում խորհրդային իշխանությունները աշտարակում դեղատնային պահեստ էին կազմակերպել։ Կլոր աշտարակը հետագայում տեղափոխվեց քաղաքային հանրային սննդի տրեստի ենթակայություն ներքո։ 1972 թվականին ճարտարապետ-նկարիչ Վ. Վ. Դմիտրիևը մշակեց վերականգնման նախագիծ, այդ թվում` Վերածննդի սրահի որմնանկարների վերականգնման, որը համալրվեց ռուսերեն նկարագրությամբ, իսկ 1976 թվականին աշտարակում բացվեց սրճարան-ռեստորան։ Ռեստորանի դահլիճը մնաց երրորդ հարկում, իսկ պաշտոնական ճաշկերույթների դահլիճը գտնվում է երկրորդ հարկում (գրադարանի և արծաթե սրահի վերականգնումը նախատեսված չէ վերականգնման նախագծով)։

«Կլոր աշտարակ» ռեստորանը գործում է մինչ օրս[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Круглая башня». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել