Կիբօրգ (ֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիբօրգ (այլ կիրառումներ)
«Կիբօրգ» (անգլ.՝ Cyborg), ռեժիսոր Ալբերտ Փյունի կողմից 1989 թվականին նկարահանված գիտաֆանտաստիկ, էքշն ժանրի Բ-կարգի ֆիլմ։ Գլխավոր դերում հանդես է գալիս Ժան Կլոդ Վան Դամը՝ ոմն միայնակ գայլ Գիբսոն Ռիքենբաքերի դերում, ով հետապոկալիպտիկ ապագայում ծավալվող գործողություններում Միացյալ Նահանգների արևելյան ափի շրջաններում պայքարում է վայրագ և արյունարբու ավազակների բանդայի դեմ՝ ոմն Ֆենդեր Տրեմոլոյի (Վինսենթ Կլին) գլխավորությամբ։
Կիբօրգ անգլ.՝ Cyborg | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | մարտաֆիլմ[1], ֆանտաստիկ ֆիլմ[1], հետապոկալիպսիսյան ֆիլմ և կիբեռպանկ |
Թվական | հունիսի 22, 1989[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ալբերտ Փյուն[1][3][4] |
Պրոդյուսեր | Մենահեմ Գոլան և Յոռամ Գլոբուս |
Սցենարի հեղինակ | Ալբերտ Փյուն |
Դերակատարներ | Ժան-Կլոդ Վան Դամ[3][5][4], Վինսենթ Քլին[5][4], Դեյլ Հեդոն[5][4], Ալեքս Դենիելս[6], Ռալֆ Մյոլլեր և Դեբորա Ռիքթեր[3][5][4] |
Երաժշտություն | Քևին Բեսինսոն |
Մոնտաժ | Սքոթ Սթիվենսոն |
Նկարահանման վայր | Հյուսիսային Կարոլինա |
Կինոընկերություն | Cannon Films |
Տևողություն | 82 րոպե |
Բյուջե | 1 800 000 $ |
Շահույթ | 10 166 459 $[7] |
Հաջորդ | Կիբօրգ 2։ Ապակե ստվեր |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողությունները տեղի են ունենում ենթադրյալ ապագայում, որտեղ արձանագրվել է քաղաքակրթության հետաճ։ Ֆիլմի սկզբում ցույց է տրվում ավերված Նյու Յորք քաղաքը։ Ամենուրեք տիրում է ժանտախտը, որն սկսում է արագ տարածվել ամբողջ մոլորակով մեկ։ Սակայն պարզվում է, որը մարդկության մնացած վերջին գիտնականներն ու բժիշկները Ատլանտայում գրեթե ստացել են ժողովուրդների մնացորդներին ժանտախտից փրկելու դեղամիջոցը։ Սակայն գործընթացն ավարտելու համար նրանց պետք էր Նյու Յորքի համակարգչային բազայում պահված տեղեկությունը։ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի աշխատակցուհի Փերլ Փրոֆեթը (Դեյլ Հեդոն) որոշում է կամավոր կերպով ստանձնել Նյու Յորք գնալու չափազանց վտանգավոր առաքելությունը։ Մինչ ուղևորվելը, Փերլը ենթարկվում է կիսառոբոտային վիրահատման, և որպես արդյունք՝ վերածվում կիբօրգի։
Կիբօրգուհին, լեյտենանտ Մարշալ Ստրատի ուղեկցությամբ, կարողանում է Նյու Յորքի բազայից վերցնել ինֆորմացիան, սակայն վերադարձի ճանապարհին արյունարբու չարագործ Ֆենդեր Տրեմոլոյի (Վինսենթ Կլին) և իր ավազակախմբի կողմից ենթարկում է հետապնդման։ Այդ ժամանակ վիրավորվում է ուղեկցորդ Ստրատը, ով հորդորում է, որ Փերլը շարունակի ճանապարհը դեպի Բրոնքս թաղամաս և գտնի «սլինգեր» մականունով զինվորին, ով կօգնի Փերլին ապահով տեղ հասնել, իսկ ինքը փորձում է միայնակ դիմակայել մոտեցող ավազակախմիբին, սակայն պարտվում է և տապալվում գետնին, որից հետո նրան է մոտենում Ֆենդերը։ Ֆենդերը Մարշալին հայտնում է, որ ինքն է ուզում տիրել դեղամիջոցներին, որպեսզի դառնա նոր աշխարհի լիիրավ մենատերը։ Դրանից հետո Ֆենդերն անձամբ գլխատում է լեյտենանտին։ Այդ ընթացքում Փերլը անսպասելիորեն ընկնում է մի քանի մարդակերների լարած որոգայթի մեջ, սակայն նրան փրկելու է հասնում Գիբսոն Ռիքենբաքերը (Ժան Կլոդ Վան Դամ), ով գումարի դիմաց խաղաղ բնակչությանը դուրս էր բերում խոշոր քաղաքներից և տանում ապահով վայրեր։ Երկուսը չեն հասցնում պատշաճ կերպով ներկայանալ միմյանց և հասկանալ իրավիճակը, երբ հարձակվում է Ֆենդերի բանդան, որոնցից մեկը կրակում է Գիբսոնի ուղղությամբ։ Շփոթահար կիբօրգին մոտենում է Ֆենդերը և հարցնում, թե արդյո՞ք այդ սլինգերը կարող էր նրան օգնել, և ավելացնում է. «Ե՛ս քեզ կտանեմ Ատլանտա, ու դուք ինձ կտաք դեղերը... իսկ եթե չտաք, այդ դեպքում իրական սարսափ-շոուի ականատես կլինեք», - այդ ասելով ֆենդերը ձախ ձեռքով բարձրացնում և կիբօրգին է ցույց տալիս Մարշալ Ստրատի գլուխը։
Ֆենդերի բանդան դրանից հետո հարձակվում է մի ընտանիքի պատկանող առանձնատան վրա, կողոպտում և մորթում բոլորին, վառում ամեն ինչ և նրանց նավով՝ պատանդ Փերլի հետ շարունակում է ճանապարհը Ատլանտայի միջցամաքային ջրուղիներով։ Գիբսոնը գետնին հավասարված առանձնատուն է հասնում արդեն ուշ երեկոյան և կանգնած նայում է խարույկի դեռ չխոնարհվող կայծկլտումներին։ Հանկարծ նա զգում է, որ ինչ-որ մեկը գաղտագողի մոտենում է։ Արագ կողմնորոշվելով՝ Գիբսոնը դանակի կոթը շպրտում է օտարականի ուղղությամբ։ Պարզվում է, որ դա մի երիտասարդ կին էր՝ Նեյդի Սիմոնս անունով (Դեբորա Ռիքթեր), ով թաքնվել էր ավազակների մոտենալու ժամանակ և կարծել, թե Գիբսոնը նույնպես դրանցից մեկն է։ Նեյդին ասում է, որ ցանկանում է օգնել Գիբսոնին և Փերլին, որպեսզի դեղերը ապահով տեղում լինեն, իսկ Գիբսոնը ասում է, որ իրեն այդքան չեն հետաքրքրում դեղերը, որքան Ֆենդերին գտնելը և սպանելը. շուտով պարզվում է, որ Գիբսոնն իր հաշիվներն ունի ֆենդերի հետ, քանի որ տարիներ առաջ Գիբսոնը իր մասանգիտության շրջանակներում մի ընտանիքի էր դուրս բերել վտանգավոր քաղաքից, որից հետո ընտանիքի մայրը խնդրել էր նրան մնալ իրենց հետ, և Գիբսոնը համաձայնել էր, սակայն հետո Ֆենդերն իր մարդասպանների հետ գտել էր նրանց տունը ու Գիբսոնին՝ կնոջ և տղայի հետ իջեցրել ջրհորը, իսկ դստերը՝ Հեյլիին վերցրել իր հետ։ Ջրհորից հրաշքով դուրս էր եկել միայն ինքը՝ Գիբսոնը, իսկ մնացածը խեղդվել էին։
Գիբսոնն ու Նեյդին մոտենում են Ֆենդերի կայանատեղին։ Ուղեկցորդուհուն պատվիրելով մնալ շենքի սկզբնամասում, Գիբսոնը մտնում է ներս։ Սկսելով թաքուն վերացնել մի քանի ավազակի՝ Գիբսոնին շուտով նկատում է Ֆենդերը, ով հանգիստ կանգնած էր կիսախարխուլ շենքի կենտրոնում, իսկ նրա առջև ուշաթափված Նեյդին էր պառկած։ Այդ նկատելով՝ Գիբսոնը վճռորոշ քայլերով մոտենում է դեպի Ֆենդերը՝ ճանապարհին ոչնչացնելով մոտեցող ևս մի քանի ավազակների։ Այնուամենայնիվ երբ Գիբսոնը բավականաչափ մոտենում է Ֆենդերին, վերջինս իր հրացանով վիրավորում է նրա աջ ուսը, և այդպահ Գիպսոնը շրջապատվում է տասնյակ մարդասպաններով։ Հանկարծ մոտենում է տարիներ առաջ գերեվարված Հեյլին, ով սառը հայացքով նայում է Գիբսոնին, իսկ այնուհետև լուռ անցնում ֆենդերի կողմը, որը զայրույթի և կատաղության մեծ ալիք է առաջացնում Գիբսոնի մոտ։ Հանակարծ նա արագ ֆենդերի վրա նետում դանակը և արագ փախչում։ Բանդայի անդամները վազում են նրա հետևից։ Գիբսոնը արագ և աննկատ վերցնում է ուշաթափված Նեյդիին, իսկ Փերլն այնտեղ է լինում։ Վերջինս հրաժարվում է Գիբսոնի հետ գալ՝ պատճառաբանելով, թե նա բավականաչափ ուժեղ չէ, որ պաշտպանի իրեն։ Գիբսոնը շարունակում է ճանապարհը անդրգետնյա կոյուղով, որտեղ կարողանում է սպանել Ֆենդերի լավագույն զինվորներից մեկին՝ Բրիք Բարդոյին (Ռալֆ Մյոլլեր)։ Կոյուղուց Գիբսոնը և արդեն գիտակցության եկած Նեյդին դուրս են գալիս բաց դաշտ և սկսում փախչել իրենց հետապնդող ավազակախմբից։ Գիբսոնը երկար պայքարելուց և տասնյակ մարդկանց տապալելուց հետո ի վերջո ուժասպառ և արնաշաղաղ ինքն է տապալվում է գետնին։ Նրան է մոտենում Ֆենդերը և սկսում կտտանքների ենթարկել։ Հաջորդ դրվագում արդեն երևում է, որ Գիբսոնին խաչել են մոտակա խարխլված նավի կայմից։ 40-50 հոգանոց բանդայից մնացած վերջին մի քանի հոգին և Ֆենդերը լքում են տարածքը՝ կարծելով, որ Գիբսը շունչը փչել է։ Խաչի վրա Գիբսոնը կրկին հիշում է անցյալում Ֆենդերի պատճառած ցավերը և կատաղությունից ոտքով սկսում է խփել կայմի փտած փայտին։ Փայտը կոտրվում է, և կայմը՝ Գիբսոնով հանդերձ, ընկնում է ներքև։ Հետո հայտնվում է Նեյդին և ազատում Գիբսոնին։
Ֆենդերի բանդան՝ Փերլի հետ արդեն հասնում է Ատլանտա։ Հանկարծ Ֆենդերը նկատում է ոտքերի մոտ մխրճված նետը և գլուխը բարձրացնելով հեռվում նկատում է Գիբսոնին։ Վերջին զինակիցներին Ֆենդերը հրարհրում է Գիբսոնի դեմ, որոնք մեկ առ մեկ ոչնչացվում են։ Ֆիլմի վերջին տեսարանում վերջապես մենամարտում են Ֆենդերն ու Գիբսոնը։ Մարտի ժամանակ Ֆենդերը նենգաբար սպանում է Նեյդիին, ով փորձում էր օգնության հասնել։ Գիբսոնն ի վերջո հաշվեհարդար է տեսնում չարագործի հետ, և Հեյլիի հետ Փերլին ապահով տեղ է հասցնում։ Բժիշկները խնդրում են, որ Գիբսոնը մնա իրենց հետ, սակայն նա առարկում է՝ ասելով, որ մարդկությունն իր կարիքն է զգում։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Ժան-Կլոդ Վան Դամ | Գիբսոն Ռիքենբաքեր |
Դեբորա Ռիքթեր | Նեյդի Սիմոնս |
Վինսենթ Կլին | Ֆենդեր Տրեմոլո |
Ալեքս Դենիելս | Մարշալ Ստրատ |
Դեյլ Հեդոն | Փերլ Փրոֆեթ |
Բլեյզ Լունգ | Ֆուրման Վաքս/ ծովահեն/ բանդիտ |
Ռալֆ Մյոլլեր | Բրիք Բարդո |
Թերի Բեթսոն | Մերի |
Ջեքսոն Փինքլի | Թայթուս/ ծովահեն/ բանդիտ |
Ջենիս Գրեյզեր | Վորգ |
Ռոբերտ Փենթց | Բեյս/ ծովահեն/ բանդիտ |
Շերոն Թյու | Փրաթեր/ ծովահեն/ բանդիտ |
Չակ Ալեն | Վոնդո/ ծովահեն/ բանդիտ |
Ստեֆանոս Միլցակակիս | Քսիլո/ ծովահեն/ բանդիտ |
Քրիստինա Սեբաստիան | Մանուկ Հեյլի |
Թոմաս Բարլի | Ուիլի |
Դեյլ Ֆրայ | Սաթեր/ ծովահեն/ բանդիտ |
Ջոֆերի Բրաուն | Սալունի սեփականատեր/ ծովահեն/ բանդիտ |
Ջիմ Քրիչ | Ռոլանդ Փիք |
Մեթ Մակքոլմ | Ծովահեն/ բանդիտ |
Քերեն Սպել | Ծովահեն/ բանդիտ |
Ջեյմս Իրվին | Ծովահեն/ բանդիտ |
Ջոնի Գրեյդի կրտսեր | Ծովահեն/ բանդիտ |
Մայքլ Հալֆորդ | Ծովահեն/ բանդիտ |
Օ Դի Ուիլսոն | Ծովահեն/ բանդիտ |
Բրյուս Ֆրայ | Ծովահեն/ բանդիտ |
Թիմ Գիլբերթ | Ծովահեն/ բանդիտ |
Բիլ Մորիսոն | Ծովահեն/ բանդիտ |
Թոմի Էվանս | Ծովահեն/ բանդիտ |
Պատրիկ Բարլի | Գնդակով տղա (նշված չէ տիտրերում) |
Նենա Բարլի | Գնդակով տղայի մայր (նշված չէ տիտրերում) |
Փաստեր
խմբագրելՖիլմի կերպարների մեծ մասի անունները հայտնի կիթառային ապրանքանիշների և այլ երաժշտական գործիքների անվանումներ են.
- Գիբսոն Ռիքենբաքեր - «Գիբսոն», «Ռիքենբաքեր»
- Ֆենդեր Տրեմոլո - «Ֆենդեր», «Տրեմոլո արմ»
- Մարշալ Ստրատ - «Մարշալ Ամպլիֆայերս», «Ֆենդեր Ստրատոկաստեր»
- Լես - «Գիբսոն Լես Պոլ»
- Փերլ Փրոֆեթ - «Փերլ» թմբուկներ, «Փրոֆեթ 5» սինթեզատոր
- Նեյդի Սիմմոնս - «Նեյդի» ձայնային համակարգ, «Սիմոնս» էլեկտրոնային թմբուկներ
- Քսիլո - Քսիլոֆոն
Ջեքսոն «Ժայռ» Փինքլին, ով կատարում էր Ֆենդերի զինվորներից մեկի դերը, մարտական տեսարաններից մեկի ժամանակ կորցնում է ձախ աչքը, երբ Վան Դամը դանակով պատահաբար հարվածում է նրա աչքին։ Միջադեպից հետո Փինքլին դատի տվեց Վան Դամին և որպես փոխհատուցում ստացավ 485 000 ԱՄՆ դոլար։
Ռեժիսոր Ալբերտ Փյունը Գիբսոնի դերում տեսնում էր Չակ Նորիսին, ով դեռ պայմանագրային պարտավորությունների մեջ էր «The Cannon Group»-ի հետ, սակայն պրոդյուսեր Մենահեմ Գոլանը առաջ քաշեց Ժան Կլոդ Վան Դամի թեկնածությունը։
Ֆիլմը դարձավ կինոդեբյուտ Վինսենթ Կլինի և Ռալֆ Մյոլլերի համար։ Կլինը նորզելանդացի պրոֆեսիոնալ սերֆեր էր և համարվում էր այդ ժամանակների լավագույն մարզիկներից մեկը տվյալ ասպարեզում, իսկ Մյոլլերն իր հերթին Գերմանիայի լավագույն բոդիբիլդերներից մեկն էր, ով հետագայում դերեր է ստանում այնպիսի բլոքբաստերներում, ինչպիսիք են «Գլադիատորը», «Կոնանը», «Կարիճների արքան» և այլն։
Վան Դամի հոնորարը կազմում էր ընդամենը 50 000 ԱՄՆ դոլար։
Ֆիլմը նկարահանվել է 24 օրում, իսկ բյուջեն կազմել է ընդամենը 500 000 դոլար։
Ընդունում
խմբագրել«Կիբօրգը» կինոքննադատների կողմից հիմնականում արժանացել է բացասական գնահատականների։ Այնուամենայնիվ, ֆիլմը դուրս գալով ցուցադրման՝ գրավեց 4-րդ տեղը ամերիկյան կինովարձույթում։
Սիքվելներ
խմբագրել«Կիբօրգ 2։ Ապակե ստվեր» ֆիլմը Էլայաս Կոտեասի (Ջևդեթ բեյի դերակատարը «Արարատ» ֆիլմում) և Անջելինա Ջոլիի մասնակցությամբ թողարկվել է 1993 թվականին, իսկ «Կիբօրգ 3՝ Վերամշակողը»՝ 1995-ին։ Երկու ֆիլմերն էլ գրեթե կապ չունեին առաջինի հետ և նույնիսկ ավելի վատ ընդունվեցին քննադատների կողմից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0097138/
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.interfilmes.com/filme_23065_Cyborg.O.Dragao.do.Futuro-(Cyborg).html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.bbfc.co.uk/releases/cyborg-video
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://www.imdb.com/title/tt0097138/fullcredits
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.boxofficemojo.com/title/tt0097138/
Արտաքին հղումներ
խմբագրել- Կիբօրգ - IMDb էջ
- «Կիբօրգ»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Կիբօրգ(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում