Կարապետ Ռուբինյան
հայ հասարակական գործիչ, քաղաքական գործիչ
Կարապետ Ռուբենի Ռուբինյան (սեպտեմբերի 14, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ (1995-1998), Հայաստանի Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար (1993-1995), Երևանի փոխքաղաքապետ (1992-1993), Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահ (1991-1992)։
Կարապետ Ռուբենի Ռուբինյան | ||
![]() | ||
Կարապետ Ռուբինյան, 2011 թ․ | ||
| ||
---|---|---|
1995 - 1998 թ. | ||
Նախագահ | Բաբկեն Արարքցյան | |
Հրաժարում | 1998 թ. | |
| ||
1993 - 1995 թ. | ||
| ||
1992 - 1993 թ. | ||
| ||
1991 - 1992 թ. | ||
Կուսակցություն՝ | ՀՀՇ (1989-2010, 2013-2015) | |
Կրթություն՝ | Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան | |
Մասնագիտություն՝ | Ճարտարագետ-էլեկտրիկ | |
Գործունեություն՝ | Քաղաքական և հասարակական գործիչ | |
Ազգություն | Հայ | |
Դավանանք | Հայ առաքելական ![]() | |
Ծննդյան օր | սեպտեմբերի 14, 1957 (67 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | ![]() | |
Հայր | Ռուբեն Ռուբինյան (1923-1999) | |
Մայր | Մարիամ Կարապետյան (1924-2012) | |
Ամուսին | Ծովիկ Կասաբյան (1974) | |
Զավակներ | Լևոն (1982), Ռուբեն (1990), Մարիամ Լուսե (2014) | |
Կայք՝ | rubinyan.wordpress.com | |
Ինքնագիր | ![]() | |
Կենսագրություն
խմբագրել- 1964-1974 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Բելինսկու անվան թիվ 38 միջնակարգ դպրոցը։
- 1974-1979 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ստանալով ճարտարագետ-էլեկտրիկի որակավորում։
- 1979-1991 թվականներին աշխատել է «Հայհաստոց» գիտաարտադրական միավորումում որպես ճարտարագետ, ԽՍՀՄ «ՎՆԻԻ Ստանդարտէլեկտրո» ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղում՝ ավագ ճարտարագետ, «Տրանզիստոր» գիտաարտադրական միավորումում՝ ավագ ճարտարագետ, առաջին կարգի ճարտարագետ-կոնստրուկտոր, սեկտորի վարիչ, ապա՝ հաշվողական-տեղեկատվական կենտրոնի պետ։
- 1988 թվականից եղել է Ղարաբաղյան շարժման, իսկ այնուհետև Հայոց Համազգային Շարժման ակտիվ մասնակից։
- 1989-1990 թվականներին «Տրանզիստոր» ԳԱՄ ջոկատի կազմում մասնակցել է ԼՂՀ Հադրութի շրջանի Բլութան գյուղի պաշտպանության գործողություններին։
- 1991-1999 թվականներին անընդմեջ ընտրվել է Հայոց Համազգային Շարժման վարչության անդամ։
- 1990 թվականին ընտրվել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, աշխատել տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում։
- 1991 թվականի հունվարին ընտրվել է Երևանի Շենգավիթի շրջանի շրջխորհրդի նախագահ։
- 1992 թվականի հունիսին նշանակվել է Երևանի քաղգործկոմի նախագահի տեղակալ, իսկ դեկտեմբերին հրաժարական է տվել՝ քաղգործկոմի նախագահ Համբարձում Գալստյանի հրաժարականի կապակցությամբ։
- 1993 թվականի հունվարին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահին առընթեր վերահսկողական ծառայության ղեկավար։
- 1995 թվականի մայիսին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։
- 1995 թվականի հուլիսին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ։
- 1997 թվականի հունիսին, հանդիսանալով Սևծովյան տնտեսական համագործակցության (Organization of the Black Sea Economic Cooperation - OBSEC) միջխորհրդարանական վեհաժողովի հայաստանյան խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ընտրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։
- 1998 թվականի փետրվարին հրաժարական է տվել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից և ընդգրկվել ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Նույն օրերին կասեցրել է իր անդամությունը Հայոց Համազգային Շարժման վարչությանը՝ վարչության նախագահի հետ սկզբունքային տարաձայնություններ ունենալու և որդեգրված ուղու հետ չհամաձայնվելու պատճառով։ Դեկտեմբերի 22-ին ընտրվել է Շենգավիթի ՀՀՇ խորհրդի նախագահ։
- 1999 թվականի հունվարի 16-ին մի խումբ համախոհներով հիմնել են «ԵվրոՈւղի» հասարակական կազմակերպությունը և ընտրվել է այդ կազմակերպության խորհրդի նախագահ։ Մայիսին մի խումբ համախոհներով հիմնել են «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կենտրոնը։
- 2006 թվականին մի խումբ համախոհներով հիմնել են «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը։
- 2007 թվականին ակտիվորեն մասնակցել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական մրցարշավին, եղել է Շենգավիթի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ։
- 2008 թվականին մասնակցել է ընտրություններին հաջորդած ընդդիմադիր շարժմանը՝ մեղադրելով իշխանություններին նախագահական ընտությունների արդյունքները կեղծելու մեջ[1]։ Մարտի 1-ի ընդդիմադիր ցուցարարների ջարդից հետո, մարտի 3-ին ձերբակալվել և իշխանությունը զավթելու մեղադրանքով 71 օր պահվել է «Երևան-Կենտրոն» քրեա-կատարողական հիմնարկում (КГБ)։
- 2008 թվականի մայիսին մի խումբ համախոհներով հիմնել է ՀՀ քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն[2]։ Ամռանը անդամագրվել է նորաստեղծ Հայ Ազգային Կոնգրեսին։
- 2009 թվականի մայիսին, չառաջադրվելով թեկնածու, ակտիվորեն մասնակցել է Երևանի Ավագանու ընտրությունների Հայ Ազգային Կոնգրեսի մրցարշավին, եղել է Շենգավիթի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ։ Հուլիսին, ՀՀՇ համագումարից հետո, բաց նամակով դիմել է ՀՀՇ անդամներին ու դուրս եկել Հայոց համազգային շարժում կուսակցությունից։
- 2011 թվականի հունվարին նախաձեռնել է Առցանց Ազատականների Ալյանսը՝ 3Ա։ Ապրիլի 15-ին հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսին իր անդամությունը դադարեցնելու մասին։ Սեպտեմբերից սկսել է թղթակցել EJournal էլեկտրոնային ամսագրին[3]։
- 2012 թվականի մարտին «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների հրավերով ընդգրկվել է այդ կուսակցությունների անդամներից և հասարակական հատվածի ներկայացուցիչներից կազմված «Ժառանգություն» կուսակցության ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակում։ Ընդգրկվել է նաև «Ժառանգություն» կուսակցության ընտրական շտաբի կազմում՝ որպես քաղաքական խորհրդական։
- 2013 թվականին ՀՀՇ կուսակցության վերանվանումից հետո Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի, Հովհաննես Իգիթյանի և այլոց հետ հիմնադրել է «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը։
- 2015 թվականի օգոստոսի 28-ին դադարեցրել է իր անդամակցությունը «Հայոց համազգային շարժում» կուսակցությանը։
- Ընտանյոք ապրում է Երևանում, հայրական տանը։ Հայրը՝ Ռուբեն Ռուբինյան (1923-1999), մայրը՝ Մարիամ Կարապետյան (1924-2012)։ Ավագ որդին՝ Լևոնը (ծնված 1982 թ․), տնտեսագետ է, ամուսնացած է։ Կրտսեր որդին՝ Ռուբենը (ծնված 1990 թ․), քաղաքագետ է, ավարտել ԵՊՀ-ն, Լոնդոնի UCL-ի ու Կրակովի Յագելոնյան համալսարանների մագիստրատուրաները և 2018 թվականի մայիս ամսին նշանակվել է ԱԳ փոխնախարար։ Աղջիկը՝ Մարիամ Լուսեն ծնվել է 2014 թ.:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 2008 Human Rights Report: Armenia Bureau of Democracy, Human Rights, and Labor 2008 Country Reports on Human Rights Practices. Փետրվար 25, 2009։(անգլերեն)
- ↑ ՀՀ քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտե։ (չի թարմացվում)
- ↑ "Armenian EJournal" էլեկտրոնային ամսագրի www.ejournal.am կայքն այլևս չի գործում։