Կապիտալիստական ցիկլ

Կապիտալիստական ցիկլ (հուն․՝ χύχλοζ-շրջան), կապիտալիստական արտադրության մշտապես կրկնվող շարժում տնտեսական մի ճգնաժամից մյուսը։ Կապիտալիստական ցիկլի որոշիչ փուլը գերարտադրության ճգնաժամն է։ Ճգնաժամն ավարտում է ցիկլը, ընդ որում՝ ճգնաժամի ընթացքում արտադրության անկման ամենացածր կետը նաև նոր ցիկլի ելակետն է։ Ճգնաժամին հաջորդում է լճացումը, արտադրության անկումը դադարում է, ապրանքային պաշարների ավելացումը փոխարինվում է դրանց աստիճանական ներծծմամբ։ Ճգնաժամի և լճացման փուլերը պայմաններ են ստեղծում աշխուժացման համար, որը բնորոշվում է արտադրության մասշտաբների որոշ աճով, հիմնական կապիտալի նորացմամբ, դրա նկատմամբ պահանջարկի ընդլայնմամբ։ Աշխուժացումն աստիճանաբար անցնում է վերելքի։ Այս փուլում արտադրությունը շարունակում է արագորեն աճել, գործազրկությունը կրճատվում է, պահանջարկի ընդլայնումը նպաստում է ապրանքների և ծառայությունների շուկայական գների բարձրացմանը։ Դրա հետ մեկտեղ, աշխուժացման ու վերելքի փուլերը բնորոշվում են կապիտալիստական ընդլայնված վերարտադրությանը հատուկ անհամամասնականության կտրուկ ուժեղացմամբ։ Վերելքի փուլում նախադրյալներ են ստեղծվում գերարտադրության նոր ճգնաժամի համար։ Գերարտադրության առաջին ճգնաժամը, որ սկզբնավորեց առաջին կապիտալիստական ցիկլը, բռնկվել է 1825 թվականին, Մեծ Բրիտանիայում։ Կապիտալիստական ցիկլը համաշխարհային բնույթ է ստացել 19-րդ դարի կեսին, երբ մի շարք երկրներում հաղթանակեց խոշոր մեքենական ինդուստրիան, խորացավ աշխատանքի միջազգային բաժանումը, և զարգացան համաշխարհային տնտեսական կապերը։ Այդ շրջանում կապիտալիստական ցիկլը ուներ 10-ամյա տևողություն, 19-րդ դարի 70-ական թվականներ՝ 7-8-ամյա, սակայն, գերարտադրության ցիկլային ճգնաժամերի առավել կործանիչ ուժ։ Կապիտալիզմի ընղհանուր ճգնաժամի պայմաններում կապիտալիստական ցիկլի մեխանիզմը որակական փոփոխություններ է կրում։ Գիտատեխնիկական հեղափոխության ծավալումը, ժամանակակից կապիտալիստական էկոնոմիկայի կառուցվածքային տեղաշարժերը անխուսափելիորեն հանգեցնում են մասնակի, միջանկյալ ու լրացուցիչ ճգնաժամերի հաճախակի բռնկման։ Ընդ որում, աշխուժացման և վերելքի փուլերը դարձել են առավել ինտենսիվ, արտադրության ճգնաժամային անկումը՝ ոչ այնքան խոր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, միջազգային տնտեսական կապերի թուլացման պայմաններում, կապիտալիստական տարբեր երկրներում ցիկլի փուլերի միաժամանակությունը խախտվեց։ Չնայած դրան, վերարտադրության պրոցեսների զարգացման ամբողջ ընթացքը վկայում է համաշխարհային կապիտալիստական ցիկլի զարգացման ընդհանուր օրինաչափությունների առկայությունը։ Կապիտալիստական արտադրության ցիկլային տատանումներն ուժեղացնում են աշխատավորների նյութական դրության անկայունությունը։ Ճգնաժամի տարիներին մեծանում է արդրական ռեզերվային բանակը, զգալի թվով բանվոր-ծառայողներ դառնում են մասնակի գործազուրկ, բարձրանում է շահագործման աստիճանը։ Արտադրության ցիկլայնությունը կապիտալիզմի զարգացման տարերայնության, վերարտադրության ընթացքի ընդհատվողականության և, ի վերջո, կապիտալիստական արտադրության անցողիկ բնույթի վկայությունն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 264 CC-BY-SA-icon-80x15.png