< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր:

Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում: Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը: Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար: Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային:

Հայրենիքում` Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, հանդիպելով դիմադրության` նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել: Սկզբնական շրջանում ապստամբությունը ղեկավարում էր Վասակ Սյունին։ Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ (այժմ՝ Ղազախ, Ադրբեջան) քաղաքի մոտ: Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք: Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ ձմեռելու:

451 թվականի գարնանը Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում Մարզպանական Հայաստան: Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան: Ի վերջո, զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում: Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին: Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր: Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ: Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում և շարունակում պայքարը: Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, Ղևոնդ Երեցին, մի շարք հայ նախարարների գերեվարում և քշում դեպի երկրի խորքերը։ Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին Պերոզի գահակալության շրջանում՝ 463-464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք․․․ Ավելին