Իոնա Խելաշվիլի
Աբեղա Իոնա (վրաց.՝ იონა, աշխարհիկ անունը՝ Իվանե Խելաշվիլի, վրաց.՝ იოანე ხელაშვილი, 1772, Վաքիր, Սիղնաղի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան - 1837, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), վրացի հոգևոր գրող, հասարակական գործիչ, աբեղա։
Իոնա Խելաշվիլի | |
---|---|
Ծնվել է | 1772 |
Ծննդավայր | Վաքիր, Սիղնաղի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան |
Վախճանվել է | 1837 |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Ալեքսանդր Նևսկու մայրավանք |
Մասնագիտություն | գրող և հասարակական ակտիվիստ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի ճեմարան |
Կենսագրություն և գործունեություն խմբագրել
Իվանե Խելաշվիլին ծնվել է 1772 թվականին ներկայիս Կախեթի մարզի Վաքիր գյուղում՝ գյուղացու ընտանիքում։ Իվանեի հայրը նահատակվել է դաղստանցիների հետ ընդհարման ժամանակ։ Շուտով մահանում է նաև մայրը։ Իվանե Խելաշվիլին դաստիարակվել է Հերակլ II թագավորի արքունիքում։ Վերջինիս մահվանից հետո օգտվել է որդու՝ Գեորգի XII թագավորի հովանավորչությունից։ Դեռևս Վաքիրում ապրելու տարիներին սովորում է աստվածաբանություն՝ 6 տարեկան հասակից սկսած՝ գյուղի եկեղեցում։ Առավել խորությամբ Իոնա Խելաշվիլին կրոն է ուսումնասիրում Մետեխի եկեղեցում 1793 թվականից։ Այն բանից հետո, երբ Թբիլիսի են արշավում Աղա-Մահմեդ Խան Ղազարի զորքերը (1795), Իվանեն տեղափոխվում է Թելավ, որտեղ շարունակում է ուսումնառությունը։ 1800 թվականին Իվանեն ձեռնադրվում է որպես կուսակրոն և անվանակոչվում Իոնա. սկսում է հոգևոր գործունեություն ծավալել Քվաթախևի վանքում։
1805 թվականին արքա Իրակլի II-ի որդի արքայազն Փառնավազի շքախմբի հետ հեռանում է Վրաստանից։ Ապրել է Վորոնեժում և Մոսկվայում, իսկ 1806 թվականից՝ Սանկտ Պետերբուրգում։ 1809 թվականից 1812 թվականներն ընկած ժամանակահատվածում ուսանում է Սանկտ Պետերբուրգի հոգևոր ակադեմիայում։ Ձեռնադրվել է որպես սարկավագ, իսկ հետո նաև երեց։ Իոնա Խելաշվիլին Վրաստանի թագավորական ընտանիքի ընտանեկան հոգևորականն է եղել (արքայազն Դավիդ, Թեյմուրազ Բագրատիոնի, Աննա Իմերեթացի թագուհի)։
Ապրելով Պետերբուրգում` Իոնան ակտիվ գործունեություն է ծավալել վրացական հայրենակցության միությունում, օգնել է վրացիներին, հատկապես վրացի ուսանողներին։ Նրա օգնությամբ է Պետերբուրգի համալսարան ընդունվել վրացի ապագա գրող Սոլոմոն Դոդաշվիլին։
Իոնա Խելաշվիլին իր մահկանացուն կնքել է 1837 թվականին։ Հուղարկավորված է Ալեքսանդր Նևսկու մայրավանքում (Սանկտ Պետերբուրգ)։
Ստեղծագործություններ խմբագրել
Իոնա Խելաշվիլին ստեղծել է ավելի քան 40 հոգևոր ստեղծագործություններ։ Գրել է ինքնակենսագրական «Ռոնինի» (Ուխտագնացություն) վեպը։ Փիլիսոփայական-հոգևոր բնույթի երկ է «Երեսունչորս հարցերի գիրքը»՝ հարցուպատասխանի ժանրով գրված։
2000 թվականին հրատարակվել է Իոնայի նամականին (1809-1835), այդ թվում և վրացական արքունիքի անդամներին ուղղված նամակները։
Նրա գրվածքներից են նաև՝ «Եռահատոր աստվածաբանություն», «Վրացերեն ընդարձակ բառարան » (3 000 բառ)։
Իոնայի կողմից գրված «Քարոզներ» ստեղծագործությունը համարվում է վրացական աղոթական արվեստի նմուշներից մեկը[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Канделаки Н. Грузинское красноречие. Тбилиси, 1966 2. С. 46
Գրականություն խմբագրել
- "ეკატერინე ჭავჭავაძე" – სერგი ჭილაია, გამომცემლობა "ნაკადული", თბილისი 1969 წელი
- "ქართული მწერლობა" (ლექსიკონ– ცნობარი) წიგნი I, გამომცემლობა "განაღლება", თბილისი, 1984 წელი