Ինշալլահ
Ինշալլահ, ին շա Ալլահ (արաբ․՝ إن شاء الله – եթե Աստված կամենա)՝ ծիսական բացականչություն, որ մուսուլմաններն օգտագործում են՝ արտահայտելու համար իրենց հնազանդությունն Ալլահի կամքին։ Օգտագործվում է հավատացյալի պլանների կամ ապագայում կատարվելիք դեպքերի մասին խոսելիս։ Արաբական երկրներում օգտագործվում է նաև մյուս կրոնների ներկայացուցիչների կողմից։ Ժամանակակից արաբերեն լեզվում փաստացի օգտագործվում է իբրև ապագայի ժամանակի բնորոշիչ։ Մոտավորապես համարժեք է հայերեն «Աստված տա» կամ «եթե Աստված կամենա» արտահայտությունների հետ։ Նաև կարող է նշանակել, որ բացականչողը ցանկանում է, որ այն, ինչի մասին խոսվում է, իրականություն դառնա կամ հայցում է Աստծո օրհնությունն ապագայի պլանների համար։ Ժամանակակից իսլամական աշխարհում բանավոր խոսքում շատ հաճախ է օգտագործվում։.
Երբեմն «ինշալլահ» բացականչությունն օգտագործվում է իբրև քաղաքավարի մերժում, ի պատասխան խնդրանքի, որը դժվար կամ անհնար է կատարել[1]. Արաբական երկրներում «Ո՛չ» ասելով մերժելը համարվում է անքաղաքավարություն։ Նման դեպքերում «Ինշալլահ» մոտավորապես կարող է նշանակել. «Այն, ինչ ինձ խնդրում եք, ցավոք, անիրականանալի է, եթե միայն Աստված չմիջամտի»[2]։
Այս արտահայտությունը գալիս է Ղուրանից (սուրա Ալ-Կահֆ 23, 24), որտեղ գրված է. «Եվ երբեք մի ասա. «Ես վաղը դա կանեմ», այլ ասա. «Եթե Ալլահը կամենա»[3]։
Իսլամական աստվածաբան Իբն Աբասի (619-686) կարծիքով, մուսուլմանի համար «Ինշալլահ» արտահայտությունը պարտադիր է, երբ նա խոսում է ապագայում կատարելիք որևէ գործի մասին։ Եթե անփութության պատճառով «Ինշալլահ» արտահայտությունը չի արվել ժամանակին, ապա այն կարելի է արտաբերել ավելի ուշ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Наумкин В. В. Ислам и мусульмане: культура и политика, статьи, очерки и доклады разных лет. — Медина, 2008. — С. 73. — 767 с.
- ↑ Matthew Helmke, Humor and Moroccan Culture, 2007, ISBN 978-0-615-14284-5, стр. 43
- ↑ Բովանդակությամբ համընկնում է Հակոբոս առաքյալի ընդհանրական նամակի 4:13-15 տեքստի հետ. «Այժմ նրանց մասին, որ ասում են. «Այսօր կամ վաղը կը գնանք այսինչ քաղաքը, մէկ տարի կը մնանք այնտեղ, կը վաճառենք եւ կը վաստակենք»։ Այսպէս էք ասում դուք, որ ոչինչ չգիտէք վաղուայ մասին. որովհետեւ ի՞նչ է ձեր կեանքը. յիրաւի մի մշուշ է այն, որ մի պահ երեւում է եւ ապա անհետանում։ Մինչդեռ դուք ասելու էք. «Եթէ Տէրը կամենայ, եւ ապրենք, կ՚անենք այս կամ այն բանը»։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինշալլահ» հոդվածին։ |