Ժաննա Իզաբել Մարգերիտ Բասոնգ (ֆր՝. Jeanne Isabelle Marguerite Bassong, ըստ ծննդյան վկայականի՝ Ժաննա Իզաբել Մարգերիտ Ակումբա Մոնեյանգ, փետրվարի 9, 1937(1937-02-09), Էբոլովա, Կամերուն - նոյեմբերի 9, 2006(2006-11-09), Բրյուսել, Բելգիա), կամերունցի լեզվաբան, դիվանագետ, դեսպան, որն իր հայրենի երկիրը տասնյոթ տարի ներկայացրել է Բենիլյուքսի երկրներում:

Իզաբել Բասոնգ
Ծննդյան անունֆր.՝ Isabelle Akoumba Monneyang
Ծնվել էփետրվարի 9, 1937(1937-02-09)
ԾննդավայրԷբոլովա, Կամերուն
Վախճանվել էնոյեմբերի 9, 2006(2006-11-09) (69 տարեկան)
Վախճանի վայրԲրյուսել, Բելգիա
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
ՔաղաքացիությունFlag of Cameroon.svg Կամերուն
ԿուսակցությունԿամերունի ժողովրդա-դեմոկրատական շարժում

ԿենսագրությունԽմբագրել

Իզաբել Բասոնգը ծնվել է Կամերունի Հանրապետության հարավային տարածաշրջանի Էբոլովա քաղաքում: Հայրը քաղծառայող էր, մայրը՝ տնային տնտեսուհի: Իզաբելը միջնակարգ կրթությունն ստացել է Դուալա քաղաքի դպրոցում, ապա մեկնել է Ֆրանսիա՝ ուսումը շարունակելու Կաոր քաղաքում, որտեղ ստացել է փորձարարական գիտությունների բակալավրի որակավորում: Այնուհետև լեզվաբանության բնագավառում բարձրագույն կրթություն է ստացել փարիզյան նշանավոր՝ Սորբոնի համալսարանում: Այդ ոլորտում նա իր գիտելիքներն ու հմտություններն ավելի է կատարելագործել Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադոյի համալսարանում, որն ավարտել է Master of Science in Linguistics որակավորումով[1]:

1964 թվականին վերադառնալով հայրենիք՝ նշանակվել է Կամերունի Ազգային ժողովի լեզվաբանական ծառայությունների տնօրեն: Դրանից քսան տարի անց՝ 1986 թվականին նրան վստահվել է հանրային առողջապահության պետական քարտուղարի (նախարարի) պաշտոնը: 1980-ական թվականների վերջին նա անցել է դիվանագիտական աշխատանքի՝ 1989-2006 թթ. ծառայելով որպես Կամերունի Հանրապետության դեսպան Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում և եվրոպական համագործակցությունում: Լինելով Բրյուսելում ամենաերկար ծառայած դեսպաններից մեկը՝ նրան է վստահվել աֆրիկյան, Կարիբյան ավազանի ու խաղաղօվկիանոսյան պետությունների խմբի դեսպանների կոմիտեի նախագահի պաշտոնը: Իզաբել Բասոնգը իր երկիրը ներկայացրել և իր պետության շահերը պաշտպանել է անչափ կարևոր, առանցքային բանակցություններում (Լոմեի 1990 թ. չորրորդ կոնվենցիա, 1995 թվականի վերանայված կոնվենցիա, Կոտոնուի 2000 թվականի համաձայնագիր...): Նա Կամերուն պետության շահերը պաշտպանել է նաև Հաագայի միջազգային դատարանում՝ Բակասի թերակղզու պատկանելության կապակցությամբ Նիգերիայի հետ երկարատև դատական վեճի ընթացքում հանդես գալով որպես իր երկրի փաստաբան[2]:

Այս ամենի հետ մեկտեղ Բասոնգը Կամերունի «Ժողովրդադեմոկրատական շարժում» կուսակցության ղեկավարներից էր, ուղղորդում էր և համակարգում քարոզչության, տեղեկատվության ուղղությամբ և մամուլի հետ տարվող կուսակցական աշխատանքները:

Իզաբել Բասոնգը վախճանվել է կյանքի 69-րդ տարում, Բրյուսելում[1][3]: Նրա մահվան կապակցությամբ տեղի է ունեցել սգո պաշտոնական երկու արարողություն. մեկը՝ Բրյուսելում, մյուսը՝ Կամերունի մայրաքաղաք Յաունդեում, որտեղ էլ հուղարկավորվել է:[2]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Embassy of Cameroon to Belgium։ «Programme officiel des obsèques de Madame Isabelle Bassong»։ Cameroon-Info.Net։ Վերցված է նոյեմբերի 16, 2016 
  2. 2,0 2,1 «Until we meet again: Homage to Isabelle Bassong»։ The Courier։ July–August 2007։ էջ 36 
  3. DeLancey Mark Dike, Mbuh Rebecca, Delancey Mark W. (2010)։ Historical Dictionary of the Republic of Cameroon։ Scarecrow Press։ էջ 64։ ISBN 978-0-8108-7399-5