Ժան Դոբերվալ (ֆր.՝ Jean Dauberval, իրական անունը` Ժան Բերշե դ'Օբերվալ, ֆր.՝ Jean Bercher d'Auberval, օգոստոսի 19, 1742(1742-08-19)[1][2][3][…], Մոնպելիե[4] - փետրվարի 14, 1806(1806-02-14)[1][2][3][…], Տուր[4]), ֆրանսիացի պարող և բալետմաստեր, Թագավորական երաժշտական ակադեմիայի արտիստ (1761—1782), Ժան Ժորժ Նովերի աշակերտն ու նրա բարեփոխումների հետևորդը, կատակերգական բալետի հիմնադիրը։

Ժան Դոբերվալ
ֆր.՝ Jean Dauberval
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 19, 1742(1742-08-19)[1][2][3][…]
ԾննդավայրՄոնպելիե[4]
Մահացել էփետրվարի 14, 1806(1806-02-14)[1][2][3][…] (63 տարեկան)
Մահվան վայրՏուր[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունբալետի պարող, պարուսույց, պարող և բալետմայստեր
ԱմուսինMademoiselle Théodore?
Ծնողներհայր՝ Dauberval?
 Jean Dauberval Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դոբերվալը եղել է Կոմեդի ֆրանսեզ[5] թատրոնի դերասան և դրամատուրգ[6] Էտիեն Դոմինիկ Բերշե Դոբերվալի (ֆր.՝ Etienne-Dominique Bercher d’Auberval) ապօրինի զավակը, այդ պատճառով երեխային մանկուց պատրաստել են բեմի համար։ Նրա առաջնախաղը տեղի է ունեցել Թուրինի «Ռեջիո» թատրոնի բեմում, 1759 թվականին։ Երկու տարի անց, 1761 թվականին, առաջին անգամ մասնակցել է Թագավորական երաժշտական ակադեմիայի ներկայացմանը, որպես դիվերտիսմենտ հանդես գալով Ռամոյի «Զաիս» օպերայում։ Մեկ տարի անց, 1762-ական թվականներին, Դոբերվալը պարում էր Շտուտգարտում, որտեղ էլ նրան նկատում է Նովերը. բալետմաստերը երիտասարդ պարողին իր բալետներում տալիս է մենակատարի դերեր։ 1763 թվականին նա կրկին Փարիզում էր, այնուհետև պարում էր Լոնդոնի Թագավորական թատրոնի բեմում, 1764 թվականի սկզբին վերադառնում է Նովերի մոտ՝ Շտուտգարտ, սակայն տարվա վերջին կրկին հայտնվում է Փարիզում։

  Պարոն Դոբերվալը Օպերայի հրդեհից հետո այստեղ չէր եղել, և ահա նա վերադարձել է իր ճամփորդություններից։ Նա հայտնվել է, պարում է և ծափահարությունների արժանանում։ Ճամփորդությունը նրան չի վնասել։ Ասես նա ավելի շատ փայլ ու թեթևություն է ձեռք բերել։
- Լուի դե Բաշոմոն[6], «Գաղտնի հիշողություններ»
 

1763 թվականին ստացել է առաջին պարողի, 1771 թվականին՝ բալետմաստերի կոչում (Դոբերվալն իր ուժերը որպես խորեոգրաֆ սկսել է փորձել դեռ 17 տարին չլրացած, բալետային կարիերայի ամենասկզբում)։

1778 թվականի հունիսի 11-ին մասնակցել է Նովերի «Մանրազարդեր» բալետի բեմադրությանը, որը Մոցարտի գրած միակ բալետն է։

Նա պարել է Փարիզի Թագավորական երաժշտական ակադեմիայի առաջին պարողներ Թեոդորի, Մարի Մադլեն Գիմարի, Մարի Ալարի, Գաետանոյի և Օգյուստ Վեստրիսի հետ։

1781-1783 թվականներին Ժան Դոբերվալը Մաքսիմիլիան Գարդելի հետ ղեկավարել է Թագավորական երաժշտության ակադեմիայի բալետային խումբը` փոխարինելով Ժան Ժորժ Նովերին, որը թողել էր այս պաշտոնը` ինտրիգների և ծրագրերը չընդունելու պատճառով։

1783 թվականին հեռանում է բալետային խմբի տնօրենի պաշտոնից և մեկնում է Իսպանիա։ նրա հետ միասին Փարիզը լքում է նաև Մարի Մադլեն Կրեպեն, որը բեմ էր դուրս գալիս Մադմուազել Թեոդոր կեղծանունով. նույն թվականին նրանք պաշտոնապես ամուսնանում են։

1785 թվականին Դոբերվալը կնոջ հետ տեղափոխվում են Բորդո, որտեղ սկսում են աշխատել Մեծ թատրոնում (ֆր.՝ Grand Théâtre (Bordeaux))։ Հենց այնտեղ էլ լիովին բացահայտվում է նրա՝ որպես բալետմաստերի և կատակերգային բալետի ժանրի ստեղծողի տաղանդը[7]։ 1789 թվականին նա բեմադրում է իր ամենահայտնի՝ «Զուր զգուշավորություն» բալետը։ Պրեմիերան կայացել է 1789 թվականի հունիսի 1-ին, Բաստիլի գրավումից երկու շաբաթ առաջ, բալետում գլխավոր դերերը կատարել են Դոբերվալն և իր կինը։

Դոբերվալի հաջորդ բեմադրությունը եղել է «Ազգային բալետ» ներկայացումը, որը հեռու էր քաղաքական ազդեցություններից և հեղափոխական մտքերից. ինչպես միշտ բալետմաստերը ցուցադրում էր իր հավատարմությունը թագավորին և թագուհուն, սակայն գլխի չէր ընկել, որ եկել է նոր քաղաքական կարգերի ժամանակը. արդյունքում բալետային ներկայացումը գնահատվել է որպես հեղափոխական շարժման դավաճանություն։ Զգուշանալով Յակոբինների դատաստանից` Դոբերվալն իր կնոջ հետ ստիպված էր գնալ Անգլիա։ Լոնդոնում նա նորից կրկնում է «Զուր զգուշավորություն» բալետը (Լիզայի դերում եղել է նրա կինը, իսկ Կոլենի դերում` Շարլ Դիդլոն[8]

Շուտով Մարի Մադլենը մահանում է։ Հստակ հայտնի չէ` արդյո՞ք դա տեղի է ունեցել Անգլիայում[8], թե Ֆրանսիայում, մահվան տարեթիվը տատանվում է 1796-1798[9] թվականների միջև։ Այդ դժբախտությունը ծանր ազդեցություն է թողել բալետմաստերի վրա, նա այլևս չի կարողացել աշխատել։ Դրան զուգահեռ, նոր ժամանակաշրջանը պահանջում էր լրիվ այլ գաղափարախոսություն։ Դոբերվալը բնակություն է հաստատում փոքրիկ գավառական քաղաք Տուրում, որտեղ և 1806 թվականի փետրվարի 14-ին մահանում է։

Նշանակություն խմբագրել

Դոբերվալի ստեղծագործությունը նախ և առաջ բնութագրվում է նրանով, որ նա գտնվել է իր ուսուցչի` դասական արվեստը որպես թատերական արվեստ ստեղծող Նովերի, բալետային բարեփոխումների ազդեցության տակ։ Դոբերվալը այդպիսով շարունակում էր զարգացնել և բեմադրել սյուժետային բալետ, որտեղ մնջախաղի և պլաստիկ պարի լեզվով ներկայացվում էր հասարակ մարդկանց կյանքը, մարդկային իրավիճակներն և կիրքը, հաճախակի հումորով ներկայացվում էր տարբեր սենտիմենտալ և կենցաղային իրավիճակներ։ Նա շարունակել է իր ուսուցչի տեսական հետազոտությունները, կրկնելով նրա ոճը` հեռացրել է դիմակները, օգտագործել է թեթև կենցաղային կոստյումներ` ստեղծելով իրական կերպարներ։

Սակայն հիմնվելով իր ուսուցչի բարեփոխական մտքերի վրա` Դոբերվալը բալետ է ներքաշել նաև իր սեփական բարեփոխումները։ Նրա անձնական ձեռքբերումը դարձել են կատակերգական բալետի բարեփոխումները, որն, ընդհանուր առմամբ, Նովերի գաղափարի ամբողջական զարգացումն էր։ Հենց Դոբերվալն է ստեղծել կատակերգական բալետը` որպես նոր խորեոգրաֆիկ ժանրի ձև, մշակելով կերպարների որոշակի շրջանակ և յուրօրինակ գեղարվեստական հնարքներ` կատակերգական բալետի համար, որտեղ կերպարները կրում են իրական գծեր, գործում են իրական հանգամանքներից ելնելով` հույսը դնելով սեփական ուժերի և հնարամտության վրա, օգնություն չխնդրելով ո՛չ աստվածներից, ո՛չ հերոսներից։ Դոբերվալը առաջին անգամ բալետային բեմ է հանել երրորդ դասին պատկանող գործող անձանց[10]։ Խորեոգրաֆը չի խուսափռլ իրեն շրջապատող իրականությունից, չի վախեցել օգտագործել հրատապ թեմաներ. այսպես, «Դասալիք» բալետի բեմադրության մեջ նա բարձրացրել է աղքատ գյուղացիների` որպես զինվոր վարձվելու սոցիալական խնդիրը[11]։ Նրա ներկայացումները բալետային բեմում հաստատել են ոչ միայն նոր հերոսների. նա նաև կյանքի է կոչել նոր թատերական գեղագիտություն[7]։

Իդեալական, վեհ կերպարներից և 18-րդ դարի հերոսներից նա անցում է կատարել իրենց հատուկ թերություններով իրական մարդկային կերպարների։ Նրա բեմադրություններում ներկայացվել են ազգային պարը, մնջախաղը և բնական մարդկային ժեստերը։ Ներկայացումների ստեղծման գործում Դոբերվալը հիմնվել է ոչ միայն առասպելական և ֆանտաստիկ, այլ նաև` ռեալիստական սյուժեների վրա, որտեղ կատակերգական իրավիճակները տրամաբանորեն հետևում են մեկը մյուսին[7][10][11]։

Դոբերվալի աշակերտներն ու հետևորդներն են եղել Կառլո Բլազիսը[12], Սալվատորե Վիգանոն, Շարլ Դիդլոն, Ժան Պիեր Օմերը և Մարիա Մեդինան։

Բեմադրություններ խմբագրել

  • 1778 թվականի օգոստոսի 27, Փարիզ` Ալցիմադուր (Alcimadure)
  • 1780 թվական, Փարիզ` «Դոն Կիխոտ» (բեմադրել է Նովերի հետ համատեղ)
  • 1785 թվական` «Երջանիկ հանդիպում կամ Գոլկոնդի թագուհի» (L' Heureuse rencontre ou la Reine de Golconde)
  • 1785 թվական, Լոնդոն` «Դասալիք» (երաժշտությունը` Պ. Մոնսինյիի համանուն կատակերգական օպերայից (1784 թվական, Լոնդոն))
  • 1786 թվական, Բորդո` «Թեթևամիտ պաժը» (Le Page inconstant (ըստ հավաքական երաժշտության)
  • 1787 թվական` «Գյուղական փորձություն», (L’Epreuve villageoise)
  • 1788 թվական, Բորդո` «Պսիքե», (Psyché et l’Amour)
  • 1788 թվական, Բորդո` «Դորոթեա»
  • 1789 թվականի հուլիսի 1` «Բալետ ծղոտի մասին, կամ վատից դեպի լավը ընդամենը մեկ քայլ», ըստ հավաքական երաժշտության[10]։
  • 1789 թվական` «Մոմուսի հաղթանակը» (Momus vaincu)
  • 1791 թվականի մարտ, Լոնդոն` «Տելեմաքոսը Կալիպս կղզու վրա» (Télémaque dans l’île de Calypso)
  • 1791 թվականի մայիս, Լոնդոն` «Ցիտերի պաշարումը»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Доберваль Жан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. «César — calendrier électronique des spectacles sous l'ancien régime et sous la révolution». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  6. 6,0 6,1 В. М. Красовская. Западноевропейский балетный театр. Очерки истории: Преромантизм. Л.: Искусство, 1983
  7. 7,0 7,1 7,2 «Балет — искусство танца». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
  8. 8,0 8,1 «100 великих мастеров балета», лист 4, Издательство: Вече, 2010 г., ISBN 978-5-9533-4373-2
  9. источник: Mademoiselle Théodore
  10. 10,0 10,1 10,2 «Жан Доберваль». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
  11. 11,0 11,1 Хореография, искусство
  12. Большая советская энциклопедия
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Դոբերվալ» հոդվածին։