Թորոս Դավթյան

հայ խորհրդային ծխախոտագործ

Թորոս Ղազարի Դավթյան (1918, Արփա, Հայաստան - անհայտ), հայ խորհրդային ծխախոտագործ, գյուղատնտեսական արտադրության առաջավոր։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1952)[1]։

Թորոս Դավթյան
Ծնվել է1918
ԾննդավայրԱրփա, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Թորոս Ղազարի Դավթյանը ծնվել է 1918 թվականին, Հայաստանի առաջին հանրապետության Արենի գյուղում (այժմ՝ ՀՀ Վայոց ձորի մարզ)։ Տասներեք տարեկանից Թորոս Դավթյանն աշխատել է տեղի կոլտնտեսությունում[2]։

1941 թվականին, Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո, Թորոս Դավթյանը զորակոչվել է Բանվորագյուղացիական կարմիր բանակ[2], ծառայել է 89-րդ Թամանյան կարմրադրոշ հրաձգային դիվիզիայի Սևաստոպոլի 390-րդ հրաձգային գնդում, եղել 1-ին հրաձգային գումարտակի 45 միլիմետրանոց թնդանոթների դասակի լիցքավորողը։ Պատերազմի ժամանակ Դավթյանը չորս անգամ վիրավորվել է[2]։ 1944 թվականի մայիսի 11-ին Սևաստոպոլի ուղղությամբ մարտերում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է «Արիության համար» մեդալով[3][Նշում 1]։

1945 թվականին զորացրվելուց հետո Թորոս Դավթյանը վերադարձել է Հայկական ԽՍՀ Ազիզբեկովի շրջանի Արենի գյուղ և աշխատանքի անցել տեղի Կալինինոյի անվան կոլտնտեսությունում։ 1946 թվականից Դավթյանն աշխատել է կոլտնտեսության ծխախոտագործական բրիգադում որպես ծխախոտ շարող։ Բարձր բերքատվություն ապահովելու համար Դավթյանը երեք անգամ պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Աշխատանքները լավագույն կազմակերպելու համար 1950 թվականին նշանակվել է կոլտնտեսության ծխախոտագործական բրիգադի բրիգադիր[2]։ Ջերմոցային տնտեսության արդյունավետ կազմակերպման, ծխախոտի դաշտերի մշակման համար պարարտանյութերը ժամանակին օգտագործելու և հողի փխրեցման արդյունքում Դավթյանի բրիգադին հաջողվել է 1951 թվականին ստանալ «Սամսուն» տեսակի ծխախոտի ռեկորդային բերք՝ 28 հեկտար ընդհանուր մակերեսով ոռոգելի հողատարածքների յուրաքանչյուր հեկտարից ապահովելով 24 ցենտներ ծխախոտ[4]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1952 թվականի օգոստոսի 5-ի հրամանագրով 1951 թվականին ծխախոտի բարձր բերքատվության, հացահատիկային կուլտուրաների և խոտի սերմերի բերքահավաքի և մթերման բարձր ցուցանիշների ապահովման, ՄՏԿ-ի աշխատանքների դիմաց բնամթերային վճարումները ժամանակին կատարելու և 1952 թվականի գարնանացանի բոլոր մշակաբույսերի սերմերով ապահովելու համար Թորոս Ղազարի Դավթյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալ[5]։

Հետագա տարիներին Թորոս Դավթյանը նույնպես ծխախոտի բարձր բերքատվություն է ապահովել, մասնակցել է Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսին և արժանացել արծաթե և բրոնզե մեդալների, ինչպես նաև Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի պատվոգրի[4]։ 1960 թվականի սկզբին Դավթյանը նշանակվել է ՀԽՍՀ Եղեգնաձորի շրջանի Արենի գյուղի Կալինինի անվան կոլտնտեսության խոշոր եղջերավոր անասունների ֆերմայի վարիչ[6]։

Պարգևներ խմբագրել

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1952 թվականի օգոստոսի 5-ի հրամանագիր, Լենինի շքանշան և Մուրճ ու մանգաղ մեդալ)՝ 1951 թվականին ծխախոտի բարձր բերքատվության, հացահատիկային կուլտուրաների և խոտի սերմերի բերքահավաքի և մթերման բարձր ցուցանիշների ապահովման, ՄՏԿ-ի աշխատանքների դիմաց բնամթերային վճարումները ժամանակին կատարելու և 1952 թվականի գարնանացանի բոլոր մշակաբույսերի սերմերով ապահովելու համար[5],
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (04/06/1985)[7],
  • Աշխատանքային կարմիր դրոշի երեք շքանշան (04/16/1948, 08/17/1950, 07/3/1951)[5][8],
  • «Խիզախության համար» մեդալ (21.06.1944),
  • «Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ[8],
  • Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի արծաթե մեդալ[4],
  • Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի բրոնզե մեդալ[4]։

Գրականություն խմբագրել

  • Саакян В. М., Геворкян В. А. Давтян Торос Казарович // Герои Социалистического Труда Армении = Հայաստանի սոցիալիստական աշխատանքի հերոսները. — Ереван: Айпетрат, 1960. — С. 168—171. — 325 с.

Նշումներ խմբագրել

  1. «Արիության համար» մեդալի շնորհման հրամանագրում նշված է «Դավիդյան» ազգանունը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել