Զբոսաշրջությունը Մարոկկոյում

Զբոսաշրջությունը Մարոկկոյում երկրի տնտեսությունում բնակչության ներգրավվածության տեսանկյունից երկրորդն է՝ գյուղատենտեսությունից հետո։ Այստեղ կա զբոսաշրջային զարգացած արդյունաբերություն, որը հիմնվում է Միջերկրական ծովի ու Ատլանտյան օվկիանոսի նավահանգիստների ու ծովափի, հարուստ մշակույթի ու պատմության վրա[1]։

Իսմայիլի դամբարան, Մեքնաս

Մարոկկոն Հյուսիսային Աֆրիկայի առավել խաղաղ և քաղաքականապես կայուն երկրներից է, ինչն իր հերթին նպաստավոր պայմաններ է ստեղծում տուրիզմի զարգացման համար։ 1985 թվականին Մարոկկոյի կառավարության կազմում ստեղծվում է Զբոսաշրջության նախարարությունը։

Տուրիստական համալիրի զարգացման համար Մարոկկոն ունի նպաստավոր աշխարհագրական դիրք՝ միջազգային խաչմերուկ հանդիսանալով Եվրոպա-Աֆրիկա մայրցամաքների համար, բնակլիմայական գոտիների ու լանդշաֆտների բազմազանություն։ Նրա պատմաճարտարապետական հուշարձանների մի մասը մտցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկի մեջ։

Պատմություն խմբագրել

 
Ֆեսի շուկա. բնական ներկերի պարկեր

1956 թվականի ապրիլի 7-ին Մարոկկոյի Թագավորությունն անկախանում է Ֆրանսիայից։ Դրանից հետո Համաշխարհային Արժութային Ֆոնդի ակտիվ մասնակցությամբ առաջիններից մեկը ձևավորվեց մարոկկոյական տուրիստական ոլորտի զարգացման ծրագիրը՝ որպես հեռանկարային ճյուղ, որ կարող էր կարճ ժամկետներում նշանակալի ազդեցություն թողնել երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերի վրա։ Այս ծրագիրը,որ հիմնվում էր մեծ մասամբ պետական աջակցության վրա, մասշտաբային տուրիստական ենթակառուցվածք ստեղծելու համար առաջարկում էր մասնավորապես մինչ այդ համարյա գոյություն չունեցող առողջարանային գոտիների ստեղծում և արագ զարգացում։ Նման առաջին գոտի դարձավ Տանժեր քաղաքը, որտեղ 1960-ական թվականների կեսերին ստեղծվեց համազգային հյուրանոցային հզորության 20%-ը։ Այս շրջանում արագ զարգացավ էքսկուրսային զբոսաշրջությունը, որտեղ օգտագործվեց Մարոկկոյի հին քաղաքների պոտենցիալը՝ Ֆես, Մարաքեշ, Մեքնաս և Ռաբաթ, որոնք ունեին արաբամուսուլմանական մշակույթին հատուկ կառույցներ։

1970-ական թվականների երկրորդ կեսին կուրորտային համալիր ստեղծվեց Ագադիր քաղաքում, որը կարճ ժամանակում առաջատար դիրք գրավեց։ Գործարար տուրիզմի կենտրոն իրավամբ դառնում է Կասաբլանկան (իսպ.՝ Casablanca կամ արաբ․՝ الدار البيضاء‎‎՝ սպիտակ տուն)՝ թագավորության խոշորագույն արդյունաբերական և առևտրական կենտրոնը[2]։

1980-ականների երկրորդ կեսին և 1990-ականների սկզբին Մարոկկո են այցելել 1-1.5 միլիոն եվրոպացիներ։ Նրանց մեծամասնությունը եկել էին Ֆրանսիայից և Իսպանիայից, իսկ Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից և Նիդերլանդներից՝ 100000-ական։ Նրանք այցելել են հիմնականում Ատլատնյան օվկիանոսի առափնյա խոշոր բնակավայրերը, մասնավորապես՝ Ագադիրը։ Զբոսաշրջիկներից մոտ 20000-ը եղել են Սաուդյան Արաբիայից։ 1990 թվականի դրությամբ զբոսաշրջության ոլորտի եկամուտները 16.5%-ով նվազեցին. դա կապված էր Իրաք-քուվեյթյան պատերազմի հետ։ 1994 թվականին՝ Մարաքեշի հարձակումից հետո, Ալժիրը փակեց Մարոկկոյի հետ ունեցած պետական սահմանը։ Եթե 1994 թվականին ալժիրցի այցելուների թիվը 70,000 էր, ապա 1995 թվականին այն հասավ 13,000-ի։ Դա այն դեպքում, երբ 1992 թվականին Մարոկկո էր այցելել 1.66 միլիոն, իսկ 1993 թվականին՝ 1.28 միլիոն ալժիրցի։

Վիճակագրություն խմբագրել

2007 թվականին զբոսաշրջության ոլորտը կարողացել է ապահովել $7.55 միլիարդ դոլարի եկամուտ։ Տուրիզմը արտասահմանյան կապիտալի երկրորդ խոշոր ուղղությունն է՝ ֆոսֆատների արդյունաբերությունից հետո։ 2010 թվականին պետության կողմից մշակվել էր զբոսաշրջության զարգացման նոր ծրագիր։ Դրա արդյունքում այցելուների թիվը մոտեցել էր 10 միլիոնի, արդյունաբերական այս ոլորտը հասցնելով ՀՆԱ-ի 20%-ին։

21-րդ դարում զբոսաշրջիկների քանակը կտրուկ աճեց. 2008 թվականին նրանց թիվը 8 միլիոն էր, իսկ 2007 թվականին եղել էր 7,4 միլիոն։ Նրանց մեծ մասը շարունակում էին լինել եվրոպացիներ, մասնավորապես՝ Ֆրանսիայից ու Իսպանիայից։ Եվրոպացիներն այցելում էին ապրիլին կամ աշնանը, բացի իսպանացիներից, ովքեր այցելում էին հունիսին և օգոստոսին։

2013 թվականին Մարոկկո էին այցելել 10 միլիոն արտասահմանցի զբոսաշրջիկներ. դա այդ տարվա առավելագույն ցուցանիշն էր Աֆրիկայի երկրների շարքում։

Պայմաններ խմբագրել

 
Լույսի աշտարակը մայրաքաղաք Ռաբաթում

Մարոկկոն գտնվում է Աֆրիկա մայրցամաքի հյուսիս-արևմուտքում։ Արևելքում սահմանակցում է Ալժիրին, հարավում՝ Մավրիտանիաին ու Արևմտյան Սահարային։ Մարոկկոյի ամբողջ հյուսիսային սահմանը ձգվում է Միջերկրական ծովի, իսկ արևմտյանը՝ Ատլանտյան օվկիանոսի երկայնքով։ Դրանք կապվում են Ջիբրալթարի նեղուցով, որն ունի հսկայական նշանակություն միջազգային առևտրում։ Այս ամենը մեծ հնարավորություններ է ստեղծում ծովային հանգստի կազմակերպման համար։

Մարոկկոն հայտնի է որպես չորս մայրաքաղաքների երկիր. դրանք են՝ Ռաբաթ (վարչական կենտրոն), Կասաբլանկա (առևտրաարդյունաբերական), Մարաքեշ (մշակութային), Ֆես (կրոնական)։ Զբոսաշրջային գոտիները Մարոկկոյում յոթն են՝ Տանժեր, Ագադիր, Մարաքեշ, Կասաբլանկա, կայսերական քաղաքներ, Ուառզազաթ, Տարֆայա[3]։

Մարոկկոն գտնվում է արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտում, ունի չոր և շոգ ամառներ, մեղմ ու համեմատաբար խոնավ ձմեռներ։ Մարոկկոյի տարածքում է գտնվում Սահարա (արաբ․՝ الصحراء‎‎, բառացի՝ անապատ) անապատը, որի ավազուտային լանդշաֆտը պայմաններ է ստեղծում սաֆարի զբոսաշրջության զարգացման համար։ Տեղումները սակավաթիվ են, ջրային հիմնական պաշարն Ատլասի լեռներից հոսող գետերն են։ Այնտեղ ձմռանը ձյուն է նստում. լեռնաշղթայի այդ մասը հայտնի է որպես «աֆրիկյան շվեյցարիա»։

Երկրի տարածքում են ստեղծվել բազմաթիվ հնագույն քաղաքակրթություններ. այն եղել է Կարթագենի (փյունիկյան), Հռոմեական կայսրության, վանդալա-ալանական, Արաբական խալիֆայության մաս, այստեղ են հիմնադրվել Ալ-Մորավիների ու Ալ-Մոհադների բերբերական պետությունները։ Այդ է պատճառը, որ Մարոկկոյում զարգացած է պատմամշակութային վայրերի այցելությունը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում են Մարոկկոյի յոթ հուշարձաններ՝ Վոլուբիլիսի ավերակները[4], Մեքնասի հին քաղաքը[5], Այթ բեն Հադդու[6], էլ-Սաուիրա[7], Ֆեսի հին քաղաքը[8], Մարաքեշի մեդինան[9], Թետուան[10], Էլ-Ջադիդա[11] և Ռաբաթ[12]։

Առանձնահատկություններ խմբագրել

 
Միջնադարյան քաղաք Ուառզազաթ

Մարոկկոյի տուրիստական ենթակառուցվածքը ստեղծվել է 1980-ական թվականների վերջին։ Այն ներառում է ավելի քան 600 հյուրանոց՝ 90 000-ից ավելի ընդհանուր տեղով։ Երկրի հիմնական տուրիստական գոտին հարավային հատվածն է՝ այսպես կոչված «Ոսկե եռանկյունին»՝ Ագադիր, Մարաքեշ և Ուառզազաթ, որտեղ տեղակայված են ոլորտի ռեսուրսների կեսից ավելին։ Ընդ որում, եթե Ագադիրը հայտնի է որպես նավահանգիստ, ապա Մարաքեշը մշակութային ու կրոնական խոշոր կենտրոն է, նախկին մայրաքաղաք։ 1980 թվականին այստեղ հիմնվել էր Մաժորելի բուսաբանական այգին, որը մեծացրել էր զբոսաշրջիկների ներհոսքն այստեղ[13]։

Մարոկկոյի զբոսաշրջային ոլորտում մեծ տեղ է գրավում սպորտը, մասնավորապես գոլֆը։ Երկիրն ունի 16 000 գոլֆային ակումբ՝ բոլոր ժամանակակից պահանջներին համապատասխան, ինչը թույլ է տալիս տարեկան 2-3 խոշոր միջազգային մրցաշարեր անցկացնել ՝ Տանժերում, Ռաբաթում և Ագադիրում։ Նման ենթակառուցվածքը կարող է գրավել և գրավում է մեծ քանակությամբ զբոսաշրջիկների գոլֆի 4.5 մլն եվրոպացի սիրահարներից, մասնավորապես նոյեմբեր-մարտ ամիսներին՝ մեղմ մարոկկոյական ձմռան ընթացքում, երբ եվրոպական դաշտերի մեծ մասը խաղի համար անպիտան են։

Մարոկկոյի տուրիստական համալիրի համար այլ մերձակա հեռանկարները գտնվում են տուրիզմի համար բարենպաստ նոր տարածաշրջանների յուրացման մեջ։ Դա ամենից առաջ վերաբերում է Կաբո-Նեգրո գոտում՝ Տետուանա քաղաքի տարածաշրջանում, Մարոկկոյի միջերկրածովյան հատվածում, որտեղ հյուրանոցների մասսայական շինարարություն է ծավալված։

21-րդ դարում թագավոր Մուհամմադ VI-ի պլան Ազուրի համաձայն, սկսվել են յուրացնել Մարոկկոյի այն շրջանները, որտեղ բարենպաստ բնակլիմայական պայմաններ կան տուրիզմի զարգացման համար, սակայն հասանելի չեն ճանապարհների բացակայության պատճառով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Middle East and North Africa 2003. — Europa Publications, Routledge, 2002. — P. 863. — ISBN 1-85743-132-4.
  2. Shackley Myra. Atlas of Travel And Tourism Development. — Butterworth-Heinemann, 2006. — P. 43–44. — ISBN 0-7506-6348-0.
  3. Hudman Lloyd E. Geography of Travel & Tourism. — Thomson Delmar Learning, 2002. — P. 367. — ISBN 0-7668-3256-2.
  4. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ, Archaeological Site of Volubilis
  5. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ, Historic City of Meknes
  6. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ, Ksar of Ait-Ben-Haddou
  7. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ, Medina of Essaouira (formerly Mogador)
  8. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ, Medina of Fez
  9. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ, Medina of Marrakesh
  10. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ, Medina of Tétouan (formerly known as Titawin)
  11. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ, Portuguese City of Mazagan (El Jadida)
  12. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ, Rabat, Modern Capital and Historic City: a Shared Heritage
  13. Reuters. Yves Saint Laurent's Ashes Scattered In Marrakesh, The New York Times (11 հունիսի 2008)